Հարցազրույց պրն. Վահագն Տատրյանի հետ

dadrian-85Պարոն Տատրյան, ահա արդեն երկար տարիներ է, ինչ հետևում ենք ձեր գործունեությանը և այն անհավասար պայքարին, որը դուք երկար տասնամյակներ վարում եք  հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Այնուամենայնիվ, մենք շատ քիչ բան գիտենք ձեր մասին, ձեր ակունքների, այն հանգամանքների մասին, որոնք դրդեցին ձեզ զբաղվել ցեղասպանության պատմությամբ:

Այո, պապս տասնիներորդ դարավերջին Կեսարիայից փախել է Անկարայից ոչ հեռու գտնվող  Չորում փոքրիկ քաղաքը: Նա հաջողակ առևտրական էր և իր երկու եղբայրների հետ ակտիվորեն մասնակցում էր Չորումի տնտեսական կյանքին: Պապս Չորումում հայկական եկեղեցի կառուցեց, իսկ հայրս` ազգային դպրոց:  Հայրս Չորումում դատական ծառայող էր` դատավոր, փաստաբան և միևնույն ժամանակ լայնամասշտաբ բարեգործական գործունեություն էր ծավալում: Իմիջիայլոց, նա երիտթուրքերի կուսակցության անդամ էր:  Բոլոր այդ պատճառներով, երբ սկսեց ցեղասպանությունը, նահանգապետը մասնավոր հրահանգ տվեց արտաքսել միայն Տատրյան ընտանիքի անդամներին, և ամբողջ ընտանիքը ուղարկվեց անապատ: Այդ ժամանակ հայրս կորցրեց տատիկին, քրոջը և առաջին կնոջը: Գործնականում Չորումի բոլոր հայերը ոչնչացված էին: Պատերազմից հետո հայրս վերադարձավ Ստամբուլ: Մի քանի տարուց` 1926 թվականին ծնվեցի ես: Մեր ընտանիքը Ստամբուլում էր ապրում, մեծ կարիքի մեջ, քանի որ կորցրել էինք մեր ամբողջ կարողությունը: Ծնվածս օրից լսել եմ սարսափելի պատմություններ անցյալ տարիների մասին և մեծացել եմ այդ պատմություններով:

Երբ՞ և ինչպես՞ դուք հայտնվեցիք Արևմուտքում:

Սկզբնական կրթությունը ստացել եմ Ստամբուլի արվարձանում գտնվող Սկյուտարի ազգային դպրոցում, որտեղ հայագիտությունը, հայերեն լեզվի դասավանդումը շատ բարձր մակարդակի վրա էին: Երրորդ դասարանում մենք արդեն ուսումնասիրում էինք գրաբարը:  Պապս /մորս կողմից/ քահանա էր: Նախնական դպրոցը ավարտելուց հետո ես ընդունվեցի Ստամբուլի Վիեննական Մխիթարյանների վարժարանը: Այնտեղ կրթական մակարդակը այնքան բարձր էր, որ դասախոսությունները կարդում էին  չորս լեզուներով` հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն և թուրքերեն: Այնտեղ ես ունեի մաթեմատիկայի հիասքանչ ուսուցիչ, Պարոն Համբարձումը, ում շնորհիվ վարժարանը  ավարտելուց հետո մաթեմատիկոս դարձա:  Մրցույթի արդյունքում  կրթաթոշակ ստացա Բեռլինի համալսարանից, որտեղ էլ ուղեվորվեցի մաթեմատիկա ուսումնասիրելու: Այն ժամանակ Եվրոպայում սովորույթ կար կիսամյակը մեկ փոխել համալսարանը: Երկու տարի Բեռլինում սովորելուց հետո ես տեղափոխվեցի Վիեննայի համալսարան: Այնտեղ ավստրիացի պրոֆեսորներից մեկը, իմանալով՝ որ ես հայ եմ, հարցրեց, թե արդյոք կարդացել եմ  Ֆրանց Վերֆելի “Մուսա լեռան քառասուն օր”-ը ստեղծագործությունը: Պատասխանեցի, որ Թուրքիայում այդ գիրքը արգելված է: Նա հորդորեց անպայման կարդալ գիրքը: Կարդացի և ցնցվեցի հայկական ողբերգության նկարագրությունից: Հետաքրքրվելով, ես կարդացի  եպիսկոպոս Բալկանյանի “Հայկական Գողգոթա” գիրքը: Չէի հավատում, որ մարդիկ ունակ են այդպիսի հանցագործությունների: Որոշեցի հրաժարվել մաթեմատիկայից  և նվիրվել հայերի ժամանակակից պատմության` մասնավորապես ցեղասպանության  ուսումնասիրությանը:

Ինչի՞ց սկսեցիք: Ինչի՞ մասին էին ձեր առաջին հրատարակված աշխատանքները:

-Քսանհինգ տարի անցկացրել եմ փնտրտուքների մեջ: Եղել եմ աշխարհի բոլոր ծայրերում, հավաքել եմ նյութեր: Հայոց ցեղասպանության ուսումնասիրության համար հատկապես հարուստ են Երուսաղեմի պատրիարքության  արխիվները:  Բոննում, Պոտսդամում, Բեռլինում, ինչպես նաև Վիեննայում պետական արխիվները ուսումնասիրելու համար  ավելի քան քսան անգամ ուղեվորվել եմ Գերմանիա: Նույնիսկ Թեհրան եմ հասել: Առաջին աշխատությունս   “Հայերի ցեղասպանությունը միջազգային իրավունքի տեսանկյունից” աշխատությունն է, որը ամերիկացի մասնագետների կողմից  լայն արձագանք ստացավ: Նրանք այսօր էլ ձեռք են բերում այն:  Աշխատությունը թարգմանվել է թուրքերեն և ֆրանսերեն և հրատարակվել է Թուրքիայում: Ասում են, նման աշխատանքներ հրեաները  առ այսօր չունեն: Հրեաների հոլոքոսթի մասին գոյություն ունի հսկա պատմական և քաղաքական գրականություն: Մինչ օրս  Ցեղասպանության իրավական վերլուծություն  իրականացվել է միայն իմ կողմից, այդ պատճառով մեծ հարգանք եմ վայելում իրավագետների շրջանում:
Այնուհետ ես հրատարակեցի իմ գլխավոր գիրքը` “Հայերի ցեղասպանության պատմությունը”: Դա հինգ հարյուր էջանոց հետազոտություն է, որն արդեն 4 հրատարակություն է ացել: Թարգմանվել է  ֆրանսերեն և հունարեն լեզուներով, ռուսերեն թարգմանությունը ավարտվել է, կթարգմանվի նաև իտալերեն: Իհարկե, ցանկալի կլիներ գիրքը թարգմանել նաև հայերեն: Բացի այդ հայոց ցեղասպանությանը նվիրված  տասնյակ գիտական հոդվածներ եմ գրել:

Հրատարակչության հետ կապված ի՞նչ պլաններ ունեք ապագայի համար:

-Ես ծրագիր ունեմ, բայց դեռ այդ մասին չեմ խոսի, քանզի  արտաքին միջամտության խնդիր կա: Իմ հաջորդ ծրագիրը` 1909-ին Ադանայում հայերի ջարդի մասին լայնածավալ աշխատություն հրատարակելն է: Այո, լուրջ աշխատանք դեռ շատ կա:  Այնքա~ն նյութ է հավաքվել: Այդ ծրագրերը ավարտելուց հետո, իմ գլխավոր գիտական խնդիրը կլինի հայոց ցեղասպանության մանրամասն ուսումնասիրությունը և վերլուծությունը, սկզբից մինչև վերջ, և դրա հրատարակությունը երեք հատորներով:

Որքանո՞վ հայտնի է, հատկապես վերջին շրջանի  ձեր փաստարկները տեղափոխում են ցեղասպանության գիտական պատմությունը իրավաբանական հարթություն և միջազգային իրավունքի մասն են դարձնում այն:

-Դրանք պետք է դառնան միջազգային իրավունքի մասն այն իմաստով, որ ցեղասպանությունը այսօր ներկայացվում է երեք կերպ: Հանցագործություն, իրականացված մարդկության դեմ, որը կարելի է դիտարկել որպես ցեղասպանություն: Ժամանակակից պատմության մեջ “մարդու իրավունքների դեմ հանցագործություն” բանաձևը առաջին անգամ օգտագործվել է 1915-ի մայսիսի 26-ին, կապված թուրքական իշխանությունների կողմից իրականացված ջարդերի հետ: Այն ժամանակ Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Ֆրանսիան միասնական հայտարարությամբ հանդես եկան, որում ասվում էր, որ թուրքերը բարբարոսաբար ոչնչացնում են հայ ժողովրդին: Դա մեծ  հանցագործություն է ուղղված մարդու իրավունքների դեմ, և պատերազմից հետո բոլոր  մեղավորները պետք է հանձնվեն դատարան:  Այնպես որ, հայերի ցեղասպանությունը սերտ կապ ունի  “հանցագործություն ընդդեմ մարդու իրավունքների” որակավորման հետ:  Օգտագործելով դա, ես ուսումնասիրեցի այդ հանցագործության պատմությունը, որը կապված է տասնիններորդ դարում Եվրոպական երկրների միջամտության հետ: Երբ Աբդուլ Համիդի ժամանակներում հանցագործություններ էին իրականացվում, եվրոպական պետությունները մշտապես խառնվում էին, հաստատելով, որ սա վայրենություն է որի հետևանքները ծանր կլինեն Օսմանյան Կայսրության համար: Այսօր դա անվանում են հումանիտար միջամտություն: Միջազգային իրավունքում մեծ տերությունների կողմից միջամտություն անելը սկիզբ առավ հայերի ցեղասպանության հետ կապված:  Ես ուսումնասիրել եմ, թե ինչ պայմաններում  Առաջին համաշխարհայինի ժամանակ, երբ թուրքերը պարտություն կրեցին, անգլիացիները, ֆրանսիացիները, իտալացիները ուզում էին դատի տալ ցեղասպանության կազմակերպիչներին և փոխանցեցին այդ գործը թուրքական ռազմական դատարանին:

Ի՞նչ արգելքներ եք ստիպված լինում հաղթահարել ձեր աշխատանքում:

-Ամենամեծ դժվարությունը ժամանակի անբավարարությունն է: Ցավոք,  շատ աշխատանք է մնացել, իսկ ժամանակը քիչ է: Երկրորդ դժվարությունը. ինձ չի հաջողվել գտնել մարդկանց, ովքեր կարող էին դառնալ իմ օգնականները: Իհարկե, գալիս են, բայց ստիպված ես լինում ամեն մանրուք բացատրելու վրա երկար ժամանակ ծախսել: Ոչ մի օգուտ այդ օգնականներից: Զորյանի ինստիտուտը արդեն քանի անգամ խոստացել է ինձ համար քարտուղարուհի գտնել: Չեմ ուզում: Հրաժարվում եմ օգնականներից, մենակ եմ աշխատում: Երրորդ դժվարությունը. ես մեծ ծրագրեր ունեմ և դրանց իրագործումը գերազանցում է  մեկ մարդու հնարավորությունները: Այնքան նյութ եմ հավաքել, որ կարող եմ հրատարակել տաս-տասնհինգ հատոր:  Վախենում եմ, որ չեմ հասցնի իրագործել բոլոր թվարկածներս: Գիտեք ինչ է նշանակում երեսուն տարի նյութեր հավաքել:  Միայն գերմաներեն լեզվով  հարյուրավոր փաստաթղթեր են հավաքվել: Ուզում եմ դրանք միացնել իրար: Փոքրիկ հոդված եմ գրել “Թուրքական բանակի զինծառայողների դերը հայերի ցեղասպանության մեջ”: Այն կարող էր հսկայական լինել. այնքան նյութ կա այս թեմայի հետ կապված: Նաև թուրք բժիշկների մասին: Ես քսանհինգ էջանոց գիտական հոդված ունեմ այդ թեմայով, իսկ նյութերը` էլի մի հսկայական գրքի համար կբավականեցնեն: “Բանտերից ազատ արձակվածների դերը հայկական ցեղասպանության գործում” թեմայով  ունեցած փաստաթղթերը առանձին հատոր կարող էի կազմել: Վախենում եմ չհասցնել դա անել: Կան նաև փոքրիկ նյութական դժվարություններ: Ես հանգստանում եմ և իմ նյութական հնարավորությունները խիստ սահմանափակ են: Ես Զորյանի  ինստիտուտի  ցեղասպանության հետազոտությունների ղեկավարն եմ, բայց աշխատում եմ կամավոր, թոշակ չեմ ստանում և երբեմն դժվարանում եմ անգամ գնել ինձ անհրաժեշտ գիրքը:
Ամերիկայում հրատարակվող գիտական գրքերը շատ թանկ են: Ես ստիպված եմ դրանք ձեռք բերել, սական Զորյանի ինստիտուտը խոստացել է վճարել դրանց համար:  Ուզում եմ անկախ լինել: Եթե ինստիտուտը ինձ նյութական օգնություն տրամադրի, ես կախված կլինեմ նրանից: Տնօրենը իր գաղափարներն ունի, իսկ ես ուզում եմ լինել բացարձակ անկախ, այնպես, որ ես Զորյանի ինստիտուտից ոչ մի ցենտ չեմ ստանում: Այլ արգելքներ չկան: Ես մինչև ուղն ու ծուծը հայ եմ, ինչը նշանակում է `համառ, էնէրգիայով լի, հետևողական և  դժվարությունների առջև երբեք չընկրկող:

Հայտնի է, որ դուք համագործակցում եք թուրք գիտնականների հետ:  Կխնդրեի պատմեք  նրանց մասին: Թաներ Ակչամի հետ համագործակցությունը շարունակվում՞ է:

-Թամերը բազմաչարչար թուրք է: Իր համոզմունքների համար, հատկապես նրա համար, որ լինելով թուրք, պաշտպանել է քրդերի իրավունքները, ենթարկվել է հետապնդումների և երկար տարիներ բանտարկված է եղել: Եվս յոթ բանտարկյալների հետ միասին նրանք ստորգետնյա ելք են փորել և փախել բանտից: Հիմա Թաները արդարացվել է և կարող է վերադառնալ Թուրքիա: Անցնելով այդ փորձությունների միջով, նա հետաքրքրվել է հայ ժողովրդի և նրա  կրած տանջանքների ճակատագրով: Երբ նա դիմեց ինձ, ես նրան  ինձ մոտ եղածներից որոշ փաստաթղթեր տվեցի: Որպես երախտագիտության նշան, նա ցանկանում է  օգտակար լինել ինձ: Այնպես որ, մենք միասին աշխատել ենք մի քանի ծրագրերի վրա:  Թաները  հայերի ցեղասպանության մասին թուրքերենով մի քանի հետաքրքիր աշխատանք է գրել: Նա  առանց տատանվելու Թուրքիայում, թուրքերենով հայտարարում է , որ այն ինչ տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ` ցեղասպանություն է : Ինձ հաջողվեց բարձրակարգ ամերիկյան համալսարանում  նրան տեղավորել  որպես դասախոս: Նա գոհ է:

Արևմուտքում ի՞ նչ տպավորություն թողեց Դորոտի Ֆորմի “Լռության պատ” հեռուստաֆիլմը, որի հիմքում ընկած է ձեր և Թաներ Ակչամի երկխոսությունը:

-Ֆիլմը շատ տպավորիչ է: Շատերը նշեցին, որ միայն հայը չէ, որ  ճշմարտությունն է ասում, թուրքն էլ է ընդունում ցեղասպանությունը և բացատրում, թե ինչպես է  եկել այդ եզրակացությանը: Լսել եմ, որ երբ ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է հոլանդական հեռուստատեսությամբ, այնքան պոպուլյար է դարձել, որ ազգային հեռուստաընկերությամբ ցուցադրվել է երկրորդ անգամ: Ամերիկայում էլ այն ցուցադրվել է մի քանի հեռուստաալիքներով:

Դուք Հոլոքոստի հարցերով էլ եք զբաղվել: Ի՞նչ ընդհանրություն կա այդ երկու հանցագործությունների միջև:

-Ես լայնածավալ հետազոտություն եմ գրել այդ թեմայով: Իհարկե, ընդհանուր շատ բան կա, բայց տարբերություններ էլ կան: Դրանցից գլխավորը այն է, որ մեր ժողովուրդը ոչնչացվել  է իր պատմական հայրենիքում, իսկ հրեաները այլ երկրներում: Հայերի դեպքում  չարագործությունների մեջ զանգվածային մասնակցություն է  ունեցել նաև հասարակ ժողովուրդը, իսկ հոլոքոսթը առանձին հանցագործենրի կողմից է իրականացվել: Հրեաները փոխհատուցում են ստացել, իսկ հայ զոհերը մոռացվել են:

Եթե Գերմանիան Երկրորդ համաշխարհայինում պարտություն չկրեր, արդյո՞ք կճանաչեր հոլոքոսթը, կվճարեր արդյոք փոխհատուցում:

-Իհարկե, ո’չ: Ես միշտ կրկնում եմ հրեաներին, որ եթե նացիստները հաղթեին, դուք նույն իրավիճակում կհայտնվեիք, որում հայերն են: Եվ ազգայնականները կհարցնեին “ինչ Հոլոքոսթի մասին է խոսքը”: Ցեղասպանության ճանաչումը ենթադրում է ուժային գերազանցություն:  Ցեղասպանության մոռացումը նույնպես ենթադրում է ուժ: Եթե նրանք ուժեղ են, կարող են իրենց թույլ տալ մոռացում և ժխտում: Եվ եթե նրանք թուլանան, ապա ճանաչման գործընթացը խիստ կթեթևանա:

Իսկ ինչո՞ւ այն ժամանակ պարտություն կրած Թուրքիան, անգամ իր ռազմական տրիբունալների բանակցությունների առկայության դեպքում  հրաժարվեց ճանաչել ցեղասպանությունը:

– Որովհետև, ի տարբերություն Նյուրնբերգյան գործընթացի, այդ տրիբունալների որոշումները մնացին միայն հայտարարություններ: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին հաղթող դաշնակիցները բաժանվեցին, նրանց միջև մրցակցություն ծագեց գաղութների բաժանման հարցում, և խորամանակ մուստաֆա Քեմալը օգտվելով դրանից, ֆրանսիացիներից ու իտալացիներից   հսկայական ռազմական օգնություն սկսեց ստանալ:  Հետո Լենինն էլ խառնվեց, սկսեց աջակցել քեմալական շարժմանը և նրանց հաջողվեց երկու տարվա ընթացքում կործանարար ռազմական պարտությունը վերածել հաղթանակի: Այդ հաղթանակի շնորհիվ թուրքերը համարձակվեցին ժխտել ցեղասպանությունը:

Ի՞նչ աշխարհաքաղաքական փոփոխություններ կստիպեն Թուրքիային ճանաչել հայոց ցեղասպանությունը:

-Եկու պայման կա, որոնց առկայությունը կարող է բերել Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանը:
Առաջին հերթին, եթե Թուրքիային հաջողվի մտնել եվրոմիություն, ապա նա ստիպված կլինի իրականացնել  ժողովրդավարական սկզբունքները` խոսքի, մտքի հրապարակումների  ազատություն: Քանի դեռ թուրք գեներալները ետնաբեմից կպարտադրեն իրենց կամքը, նույնիսկ վախ կներշնչեն վարչապետին, հայերի ցեղասպանության ճանաչման հարցը  չի կարող քննարկման առարկա դառնալ:  Ես շատ վատատեսորեն եմ տրամադրված և չեմ կարծում, որ թուրքական գեներալները, երբևէ կհրաժարվեն դրանցից և կվերադառնան իրենց զինանոցները:
Երկրորդ պայմանը, որի դեպքում հայերի ցեղասպանության ճանաչման հարցը կարող է բարձրացվել, դա Թուրքիայի թուլացումն է արտահերթ հանգամանքների  հետևանքով: Դա կարող է տեղի ունենալ քաղաքացիական պատերազմի, ներքին բունտերի, կամ տնտեսական անկման դեպքում: Երբեք պետք չէ բացառել այս հավատ ներշնչող պայմաններից ոչ մեկը:
Քանի դեռ թուրքերը ուժեղ են, ոչ մի պատճառ չունեն ճանաչել հայերի ցեղասպանությունը: Աշխարհում դեռ նման բան չի եղել, որ հանցագործը ինքնակամ, խղճի խայթ զգալով քավի մեղքը:

Ինչպես՞ եք վերաբերում հայ և թուրք պատմաբանների երկխոսությանը:

Ժամանակի անիմաստ վատնում է: Մի քիչ կզրուցեն, միասին սեղան կնստեն: Թուրքերը խնջույքների կազմակերպման, հայ-թուրքական եղբայրության համար բաժակ բարձրացնելու գործում շատ հմուտ են: Իսկ հայերը հեշտությամբ ընդունում են նման հրավերները: Լսել եմ, որ Նիկոլայ Օգանեսյանը մեկնել է Անկարա, Ռուբեն Սաֆարյանը նույնպես: Գիտեք, դրանում ինչ-որ  մի բան կա: Բոլոր ծախսերը իրենց վրա են վերցնում, հրավիրում են Ժնեվ, ընդունելություն հոթելներում և այլն. սրանք բոլորը թուրքական մեթոդներ են: Ես համաձայն չեմ, որ հայերը մասնակցեն այս ժամանակի անիմաստ կորստին, քանի որ վերջին տասնութ ամիսներին երկու անգամ զգացել  եմ այդ երկխոսությունների համը: Այդ մարդկանց հետ հանդիպումները ոչ մի իմաստ չունեն: Ես համաձայնեցի մեկնել Կոպենհագեն, քանի որ ծրագրում կար միայն  “հայոց ցեղասպանություն”, իսկ թուրքական տեսակետը բացակայում էր: Հանկարծ վերջին րոպեին հայտնվեցին թուրքերը, իբր եկել են երկխոսության: Զրպարտեցին հայերին, վիրավորեցին և գնացին: Մեզ հնարավորություն չտրվեց նրանց պատասխանել: Ես ոչ մի հույս չունեմ, որ նման երկխոսությունը ինչ-որ արդյունք կունենա:

Հարցազրույցը վարեց`Հասմիկ Գուլակյան

Թարգմանեց` Արևիկ Համբարձումյան

Բնօրինակը տես այստեղ

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn