ԳԻ ԷՌՆԵՍՏ ԴԵԲՈՐ

1931-1994

Գի Էռնստ Դեբորը ծնվել է 1931թ-ի դեկտեմբերի 28-ին Փարիզում: Ֆրանսիացի գրող, նկարիչ-ավանգարդիստ, փիլիսոփա, սոցիոլոգ և ռեժիսոր է, «Ներկայացման հասարակություն» (1967) գրքի հեղինակն է, ինչպես նաև Situationist International (SI) հեղափոխական խմբի հիմնադիրը:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընդունվել է համալսարան, սակայն շուտով թողել է ուսումը և դարձել նշանավոր գործիչ ֆրանսիական էքստրեմիստական շրջանակներում: Կազմակերպել է բազմաթիվ սկանդալային ակցիաներ, որոնցից մեկի ժամանակ էլ խափանել է Չարլի Չապլինի մամուլի ասուլիսը (երբ վերջինս Եվրոպա էր մենկնել, 1952 թ.):

1957 թվականին իր առաջին կնոջ՝ Միշել Բեռնշտեյնի և նկարիչ Ասգեր Յորնի հետ որոշում է ստեղծել նոր շարժում, որն իր մեջ կներառեր սյուրռեալիզմի, դադիզմի և մարքսիզմի գաղափարների միավորումը: Նույն թվականին հիմնվում է Situationist International-ը (SI), որի շարքերը համալրեցին մի շարք ձախ արմատական գործիչներ և նկարիչներ:

1967 թվականին լույս է տեսել Գի Դեբորի հիմանական աշխատությունը՝ «Ներկայացման հասարակությունը», որում քննադատում է ժամանակակից կապիտալիզմը, ԶԼՄ-ների դերի ուժեղացումը և զվարճանքի ինդուստրիան ժամանակակից հասարակության կյանքում:

Իր վերլուծության մեջ Դեբորը նշում է, որ կյանքի որակը ընկել է, մարդկային ընկալումները աղավաղվել են, և նաև նկատվում է գիտելիքի դեգրադացում, որը խոչընդոտում է քննադատական մտքի զարգացմանը: Նա նշում է, որ ներկայացումը խանգարում է անհատներին հասկանալու, որ ներկայացման հասարակությունը միայն մի դրվագ է պատմության մեջ, որը կարելի է տապալել հեղափոխության միջոցով:

Դեբորի նպատակը էր տպավորիչ պատկերների ազդեցության տակ գտնվող հանդիսատեսին արթնացնել ռադիկալ գործողությունների միջոցով, մասնավորապես իրավիճակների կառուցակցման տեսքով, իրավիճակներ, որոնք բերում են կյանքի, քաղաքականության, արվեստի հեղափոխական փոփոխությունների:

Դեբորի այս աշխատությունը նաև ժամանակակից սպառողական մշակույթի և ապրանքային ֆետիշիզմի քննադատություն է: Ներկայացումը հասարակության հակառակ պատկերն է, որտեղ ապրանքների միջև հարաբերությունները փոխարինել են մարդկանց միջև հարաբերություններին: Նա նշում է, որ ներկայացումը պատկերների հավաքածու չէ, այլ այն մարդկանց միջև սոցիալական հարաբերություն է, որը միջնորդվում է պատկերներով:

Նրա գաղափարները մեծ տարածում են գտել 1968 թվականի մայիսյան հեղափոխության ժամանակ:

1972 թվականին Դեբորդը հեռանում է քաղաքական կյանքից և սկսում ֆիլմեր նկարել, նոր գրքեր գրել, ինչպես նաև բազմաթիվ մեկնաբանություններ իր հիմնական աշխատությանը:  Նաև զբաղվել է հեղինակային իրավունքի հարցի քննադատությամբ:

1973 թ.-ին նկարահանել է իր հիմնական աշխատության վրա հիմնված համանուն ֆիլմը՝ «Ներկայացման հասարակությունը»:

Կյանքի վերջին տարիներին տառապել է ալկոհոլիզմով: 1994 թվականի նոյեմբերի 30-ին ինքնասպան է եղել:

 

Հիմնական աշխատանքներ

Ներկայացման հասարակություն (1967 թ.)

Թարգմանեց` Շուշան Ղահրիյան

FacebookGoogle GmailLiveJournalTwitterWordPressYahoo MessengerYahoo BookmarksMySpaceGoogle ReaderBlogger PostShare

Մեկնաբանել