Էրիկ Բեռնի տրանսակցիոն վերլուծությունը

Հեղինակ` Մարիամ Մելքումյան

mariam-melkumyan@mail.ru

Տրանսակցիոն անալիզը հոգեբանության ժամանակակից ուղղություն է, որը հիմնադրվել է 1950-ական թվականներին Էրիկ Բեռնի կողմից: Էրիկ Բեռնը ամերիկացի ժամանակակից հոգեբան և հոգեբույժ է: Ծնվել է Կանադայի Մոնրեալ քաղաքում:

Տրանսակցիոն վերլուծությունը յուրահատուկ ուղղություն է ինչպես տեսական հոգեբանության, այնպես էլ հոգեթերապևտիկ պրակտիկայում: Տրանսակցիոն վերլուծությունը հոգեվերլուծական տեսություն է, ունի թե անհատական, թե խմբային տեխնիկաններ: Բեռնը ևս կարևորում էր մարդու անգիտակցականը և մանկական տարիքը: Բեռնի կարծիքով մարդու հոգեկան կյանքը հիմնված է լարվածություն-լիցքաթափում-հավասարակշռություն սկզբունքի վրա: Մարդն անգիտակցորեն ձգտում է ներդաշնակության: Հիմնականում սա վերաբերվում է ֆիզիկական վիճակներին, որոնք սակայն փոխանցվում են հոգեկան ոլորտ:

Էրիկ Բեռնը Ֆրեյդի նման առանձնացնում էր երկու հիմնական բնազդ` լիբիդոյի և մորտիդոյի: Լիբիդո ասելով նա հասկանում էր կյանքի բնազդը /ստեղծագործ ուժերը` սեր, ինչ-որ բանի ստեղծում և այլն, իսկ լիբիդոյի ծայրահեղ վիճակը օրգազմն է, ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր, երբ մարդն ինչ-որ բան ասելուց կամ անելուց հետո  օրգազմ է ապրում: Փաստորեն ըստ Բեռնի լիբիդոյի, բնազդի իմաստը ինչ-որ բան ստեղծելն է: Մորտիդոն նույնպես շատ լայն դիապազոն ունի և իր իմաստի մեջ ներառում է ամեն ինչ, ինչ որ կապված է դեստրուկտիվ /կործանարար/ վարքի հետ: Մորտիդոյի ծայրահեղ դրսևորումը սպանությունն է: Մարդու ներդաշնակության ձգտումը բերում է ապահովության և Բեռնը նշում է, որ այս երկու բնազդներն էլ անհրաժեշտ են այդ ներդաշնակությանը հասնելու համար: Օրինակ, եթե կա լարվածություն, ապա մարդը կարող է անգամ  դեստրուկտիվ վարքով թուլացնել այդ լարվածությունը, օրինակ ափսե կոտրել, կամ ինց-որ բան պատռել և թուլացնել այդ լարվածությունը: Այսինքն այստեղ դրսևորվեց մորտիդոյի բնազդը: Նմանատիպ ձևով մարդիկ մորտիդոյի կամ լիբիդոյի  դրսևորման դեպքում տարբեր վարք են  դրսևորում, որը ոչ միստ է մարդասիրական լինում: Փաստորեն լիբիդոն կառուցողական է, ուղղված է կյանքի պահպանմանն ու զարգացմանը, իսկ մորտիդոն հակամարդկային և հակահասարակական է:

Տրանսակցիոն վերլուծության մեջ կա մի ուղղություն, որը կոչվում է կառուցվածքային վերլուծություն: Ըստ Բեռնի մեր անձը կազմված է երեք  մասերից` ենթամասերից կամ էգո-վիճակներից`

1.            Երեխա էգո-վիճակ

2.            Ծնող էգո-վիճակ

3.            Մեծահասակ էգո-վիճակ

Եվ այս երեք մասերն էլ ունեն իրենց ֆունկցիաները: Երեխան մեր կառուցվածքում մեր բնական, սպոնտան, իմպուլսիվ մասն է, որը վերաբերում է մեր երևակայությանը, ֆանտազիաներին, երազանքներին: Փոխհաարաբերությունների, դաստիարակության ընթացքում մեր երեխան կարող է փոխվել: Բեռը առանձնացնում է երեք տիպի երեխա`

1. Սպոնտան, բնական երեխա. Այս երեխան կարող է իվարքի մեջ լինել ամենաբնականը, այսինքն` այս մարդը իր մեջ պահել է երեխայի հատկությունները:

2. Հարմարվող երեխա. Երեխան կորցրել է իրեն բնորոշ սպոնտանությունը, լսող է, մեծի պես է, հարմարված է ծնողների կողմից իր առջև դրված պայմաններին:

3. Ըմբոստ երեխա. Հարմարման հանդեպ հակազդեցությունն է, երբ երեխան փորձում է պայքարել հարմարման դեմ, բայց շատ անգամ սա դառնում է ինքնանպատակ և այսպիսով երեխան կորցնում էիր բնական, սպոնտան դրսևորումները, նա լինում է ագրեսիվ, ըմբոստ և այլն: Ըմբոստությունը կարող է շատ ծայրահեղ լինել և սրա հետևանքով երեխան կարող է երբեք էլ չհասնել ներդաշնակության: Այսինքն` այստեղ պայքար է գնացել ցանկացած օրենքի դեմ: Փաստորեն երեխայի ֆունկցիան ընդհանուր ես-ի մեջ նորության, ստեղծագործելու ձգտումն է:

                Ծնող էգո-վիճակի մեջ կուտակված են այն ընդհանուր նորմերը, պահանջները, օրենքները, որոնք անհրաժեշտ են գոյատևման համար: Կարևոր է նաև, որ մեր ծնող էգոն առավել սոցիալականացված է: Ծնողը պահպանողական ֆունկցիա ք կրում իր վրա: Ծնող էգո-վիճակը դրսևորվում է այն ամենի մեջ, որ մենք գիտենք, որ պետք է անել և այն թե ինչպես դա անել` ինչպես մեզ պահել շրջապատում, ինչ վարք դրսևորել, ինչպես խոսել, ինչպես հագնվել, ինչպես ուտել և այլն: Ծնողը կարևոր է նրանով, որ նա պահպանում է այն ամենը, ինչ ստեղծված է, և նրա ռացիոնալ ֆունկցիան է պահպանել և փոխանցել այդ ստեղծվածը:

                Ծնողը լինում է երկու տիպի`

1.Հոգատար ծնող` այստեղ առկա է գեր-ուշադրություն երեխայի նկատմաբ, երբ ծնողը փորձում է ամեն ինչ անել երեխայի փոխարեն, շատ ուշադիր է նրա վարքի հանդեպ, հոգատար է, ինչը կարող է ունենալ և ծայրահեղ դրսևորում` ճնշելով երեխայի սպոնտանությունը:

2.Ավտորիտար ծնող` վերահսկող ծնող, երբ շատ հատուկ պահպանվում են այն իրավունքները, որոնք տրվում են երեխայինէ սա պետք է այսպես լինի և վերջ, ծնողի ասածը օրենք է, ճիշտ է:Այս ծնող էգոն չի ցանկանում կորցնել իր ծնողի հեղինակությունը: Նման ծնողի ազդեցությունը կարող է երեխայի մեջ արթնացնել կամ լսող, կամ ըմբոստ երեխային:

Թե ծնող, թե երեխա էգո-վիճակները դրսևորվում են որոշակի ժեստերի, բառային արտահայտություններ, պոզաների մեջ:

Մեծահասակ էգո-վիճակը մարդու ամենառացիոնալ, ամենաիմաստուն կողմն է: Մեր մեծահասակ կողմը ավելի մտազբաղ է, փորձում է հասկանալ, դատել: Մեծահասակի ֆունկցիան է գտնել այս կամ այն խնդրի ամենապրոդուկտիվ, ամենաօպտիմալ լուծումը: Սրանից ելնելով մեծահասակը լեզու է  գտնում երեխայի և ծնողի հետ: Պետք է նշել, որ այս բոլոր դրսևորումները իրադրային են, այսինքն իրադրությունն է թելադրում, փե մեր որ կողմը ինչ ուժով ակտիվանա: Եվ մեծահասակը ընտրում է, թե որ իրադրության մեջ որ էգո-վիճակը դրսևորվի: Մարդը պետք է ունենա այս բոլոր երեք դերերը, որպեսզի ավելի ճկուն լինի:

Ինչպես գիտենք տրանսակցիա նշանակում է փոխհարաբերություն, այսինքն այս տեսությունը հիմնված է փոխհարաբերությունների վերլուծության վրա: Տրանսակցիայի մեկ միավորը դա երկու էգո-վիճակների միջև փոխհարաբերությունն է: Զրույցի ընթացքում այս երկու տրանսակցիաները պարտադիր չէ, որ մնան նույնը. Դրանք կարող են փոփոխվել:Օրինակ պարտադիր չէ, որ զրույցն ընթանա ասենք մեծահասակ-մեծահասակ փոխհարաբերությունների միջև: Բեռնը նշում է, որ կան ստերեոտիպային տրանսակցիաներ:Կան նաև ժամանցային տրանսակցիաներ, որոնք կախված են մարդկանց առանձնահատկություններից:Կան պրոցեսային տրանսակցիաներ, որը կապված է պրոցեսի հետ, երբ զրույցը գնում է ինչ-որ մեկի կոնկրետ օբյեկտի շուրջ:Այս տրանսակցիաները կախված չեն մարդկանց առանձնահատկություններից: Կան  ծիսական տրանսակցիաներ, որոնց խախտման դեպքում մարդը կարող է լուրջ անհանգստանալ, երբ տվյալ իրավիճակում մենք այլ վարք ենք սպասում, բայց հանդիպում ենք լրիվ հակառակի:Պետք է նշել, որ այս երեք էգո-վիճակների միջև փոխհարաբերությունները սովորաբար ընդհարումներ չեն ունենում:Այս փոփոխություններում հիմնական ծանրաբեռնվածությունը ընկնում է մեծահասակի վրա, որը կարողանում է ցանկացած հույզերին, իմպուլսներին տալ ադեկվատ պատասխաններ, ինչի շնորհիվ էլ ընդհարումները քիչ հավանական են: Սակայն Բեռնը նշում է, որ կան նաև այսպես կոչված հատվող փոխհարաբերություններ, որոնք կարող ենք բերել ընդհարումների:Օրինակ ամուսինն կնոջն ասում է որտեղ է վերնաշապիկը, այսինքն ամուսինը տալիս է երեխայի տրասնակցիա, իսկ կինը պատասխանում է, որ ամեն օր նույն պատմությունն է, չի կարող ինքը հետևել իր իրերին, այսինքն կինը տալիս է ծնողի պատասխան և սա բերում է ընդհարման:Իսկ եթե կինը պատասխանի մեծահասակի էգո-վիճակից և պարզապես ասի, թե որտեղ է գտնվում ամուսնու շապիկը, նրանք ընդհարումից կխուսափեն:Բեռնը առանձնացնում է նաև այսպես կոչված թաքնված տրանսիակցիաներ: Բոլոր մարդկային խաղերը հիմնված են հենց այս թաքնված տրանսակցիաների վրա և Բեռնը իր տեսությունից մեկն անվանել է հենց խաղի անալիզ: Թաքնված տրանսակցիա նշանակում է ֆորմալ կերպով մեր տրանսակցիաները կատարվում են որոշակի էգո-վիճակների միջև, բայց իրանաում ենթագիտակցաբար մեր դրդապատճառները հիմնված են մեկ այլ էգո-վիճակի վրա: Սա ինչ-որ չաթով կարող է բերել պրովոկացիաների:

Այսպիսով, մեր խաղացած բոլոր խաղերը հիմնվում են թաքնված տրանսակցիաների վրա: Եվ այս տաքնված դրդապատճառները կարող են դրսևորվել մշտական, երկարատև տրանսակցիաներում, և այս դեպքում մարդկային փոխհարաբերություններում անպայման կառաջանա խնդիրներ և անհասկանալի կետեր:Բեռնը իր տրանսակցիայի մեջ տվեց մեկ այլ նեղ տեսություն` կյանքի սցենարի վերլուծություն: Կյանքի սցենարը մեզ տրվում է ծնողների կողմից մանուկ հասակից; Երեխայի համար յուրաքանչյուր վերաբերմունք, բառ, փոխհարաբերություն տպավորվում է նրա մեջ: Նա ձգտում է հասնել հենց այն մոդելին, որը ծնողը շատ հաճախ դնում է իր վրաէ որպես իր երազած երեխայի: Կամ լինում են դեպքեր, երբ ծնողները ուզում են երեխային դարձնել այնպիսին, ինչպիսին իրենց չի հաջողվել դառնալ, այսինքն նրա վրա դնել իրենց սցենարը:

Կյանքի սցենարը:  Մանկության տարիներին բոլոր մարդիկ գրում են իրենց սեփական կյանքի սցենարը: Հիմնական սյուժեն մարդիկ ստեղծում են դեռևս շատ փոքր հասակում` նախքան խոսել սովորելը: Ավելի ուշ սցենարին ավելացվում են միայն որոշակի դետալներ: 7 տարեկանում սցենարն արդեն հիմնականում գրված է լինում, իսկ դեռահասության տարիքում այն կարելի է վերանայել:  Մարդիկ չեն գիտակցում, որ իրենց համար գրում են կյանքի սցենար, բայց, այնուամենայնիվ, նույնությամբ հետևում են դրան: Առանց գիտակցեու այդ փաստը, մարդիկ իրենց կյանքը դասավորում են այնպես, որ հասնեն այն ավարտին, որը որ սահմանել էին մանուկ հասակում:

Ինչպես յուրաքանչյուր պատմություն, կյանքի սցենարը նույնպես ունի սկիզբ, ընթացք և ավարտ: Այստեղ նույնպես կան հերոսներ և հերոսուհիներ, չարագործներ և երկրորդական կերպարներ: Կյանքի սցենարը կարող է լինել կոմիկական կամ տագիկ, հետաքրքիր և ձանձրալի, ոգեշնչող և ամոթալի:

Սցենարի մասին տեսությունն առաջին անգամ մշակվել է Էրիկ Բեռնի և նրա կոլեգաների, մասնավորապես Կլոդ Ստայների կողմից, 20-րդ դարի 60-ական թթ. կեսերին: Սցենարի վերաբերյալ կոնցեպցիան ներկայումս կազմված է մի քանի հիմնական դրույթներից.

•             Սցենարը կյանքի պլանն է: Այն կազմվում է մանկության տարիներին, հետևաբար, երեխան ինքն է որոշումներ կայացնում իր սցենարի վերաբերյալ: Սցենարի ընտրության վրա ազդում են ոչ միայն արտաքին գործոններն, այլև երեխայի կամքը: Անգամ միևնույն պայմաններում դաստիարակված տարբեր երեխաները կարող են կազմել լիովին տարբեր կյանքի սցենարներ: Դրա հետ կապված Բեռնը բերում է երկու եղբայրների օրինակը, որոնց մայրն ասել էր. «Դուք երկուսդ էլ կհայտնվեք հոգեբուժարանում»: Արդյունքում եղբայրներից մեկը դառնում է հոգեկան հիվանդ, իսկ մյուսը` հոգեբույժ:

•             Սցենարը տանում է դեպի հատուցում (ավարտ):

•             Մարդն ինքն է որոշումներ կայացնում սցենարի մասին:

•             Սցենարն ամրապնդվում է ծնողների կողմից:

•             Սցենարը գիտակցությունից դուրս է գտնվում:

Ըստ բովանդակության սցենարները բաժանվում են երեք խմբի` հաղթողի, պարտվողի և ոչ հաղթողի սցենարներ:

Հաղթողի սցենար: Բեռնը բնորոշում է հաղթողին ինչպես ՙմեկն ով հասնում է իր առջև դրած նպատակներին՚: Հաղթանակի տակ հասկացվում է նաև այն, որ նպատակին հասնելու ճանապարհն ընթանում է հեշտ և հարմարավետ ձևով:

Պարտվողի սցենար: Պարտվող է այն մարդը ՙով չի հասնում իր առջև դրած նպատակին՚: Այստեղ նույնպես խնդիրը կայանում է ոչ թե նպատակին հասնելու մեջ, այլ դրան ուղեկցող հարմարավետության աստիճանի մեջ:

Բեռնը միանշանակ տարբերակեց հաղթողին և պարտվողին` ըստ իրենց նպատակին հասնելու ձգտումից, քանի որ նա ցանկանում էր ընդգծել, որ հաղթողներին չի կարելի ուղղակի հավասարեցնել նրանց, ովքեր կուտակում են փողեր և նյութական արժեքներ: Իսկ պարտվողները միշտ չէ որ պարտադիր պետք է լինեն նյութական արժեքներից զրկված մարդիկ: Խնդիրը կայանում է նրանում, որ որոշ մարդիկ մանուկ հասակում կարող են որոշել հասնել մի նպատակի, որը հնարավոր չէ իրականացնել առանց չքավորության, ինքնազրկման և անգամ ֆիզիկական վնասի: Օրինակ, երեխան կարող է որոշել. «Ինչ էլ որ ես անեմ, միևնույնն է երբեք ոչինչ չի ստացվի»և հետո սկսում է իրականացնել այդ որոշումը: Իր առջև դրված նպատակին հասնելու համար իր մոտ ոչինչ չպետք է ստացվի:

Մեկ ուրիշ երեխա կարող է որոշել. «Որպեսզի հայրս ու մայրս ինձ սիրեն, ես պետք է մահանամ» և այնուհետև ձգտում է իրականացնել այդ նպատակը:

Ոչ հաղթողի սցենար: Ոչ հաղթողի սցենար ունեցող մարդն իրենից ներկայացնում է «ոսկե միջին»: Նա լուռ կրում է իր բեռը, չի ունենում էական ձեռքբերումներ, բայց և չի էլ կրում մեծ պարտություններ: Աշխատավայրում ոչ հաղթողը չի դառնում ղեկավար, բայց նրան չեն էլ հեռացնում աշխատանքից:

Է. Բեռնը առաջարկել է մի միջոց, որի շնորհիվ կարելի է տարբերակել հաղթողին պարտվողից: Դրա համար հարկավոր է հարցնել մարդում, թե նա ինչ կանի, եթե պարտվի: Բեռնը գտնում էր, որ հաղթողը գիտի ինչ պետք է անի, սակայն չի խոսում դրա մասին: Պարտվողը չգիտի, բայց այնուամենայնիվ միայն զբաղված է հաղթանակի մասին խոսելով: Նա ամեն ինչ դնում է մեկ խաղաքարտի վրա և այդ պատճառով էլ կորցնում է:  Հաղթողը միշտ հաշվի է առնում մի քանի հնարավոր տարբերակներ և դրա շնորհիվ հաղթում է: Ոչ հաղթողը երբեմն հաղթում է, իսկ երբեմն էլ` պարտվում, սակայն ոչ առաջին և ոչ էլ երկրորդ դեպքում էական հաջողությունների չի հասնում, քանի որ չի կարողանում ռիսկի դիմել: Նա խոշոր քայլերի չի դիմում և այդ պատճառով էլ մնում է ոչ հաղթող:

Բեռնը առաջ է քաշել մի գաղափար, ըստ որի դեռևս սցենարի ձևավորման վաղ փուլում, փոքր երեխան արդեն որոշակի պատկերացումներ ունի իր և իրեն շրջապատող մարդկանց մասին: Այդ պատկերացումներն, ամենայն հավանականությամբ, պահպանվում են ամբողջ կյանքի ընթացքում: Դրանք կարելի է նկարագրել հետևյալ կերպ.

1.            Ես – OK (լավն եմ)  կամ

2.            Ես – ոչ OK (վատն եմ)

3.            Դու – OK  (լավն ես)  կամ

4.            Դու  –  ոչ OK  (վատն ես):

Եթե միավորենք դրանք բոլոր հնարավոր տարբերակներով, ապա կստացվի չորս դիրքորոշում` ինքներս մեր և այլ մարդկանց վերաբերյալ.

1.            Ես –  OK,      դու – OK

2.            Ես – ոչ OK,   դու – OK

3.            Ես –  OK,       դու –  ոչ OK

4.            Ես – ոչ OK,    դու –  ոչ OK:

Կյանքի վերաբերյալ այս չորս հայացքները ստացել են կյանքի դիրքորոշումներ անվանումը: Դրանք իրենցից ներկայացնում են այն հիմնական հատկությունները (արժեքները), որոնք մարդիկ գնահատում են իրենց և ուրիշ մարդկանց մեջ: Եթե երեխան ընդունում է այս դիրքորոշումներից որևէ մեկը, ապա իր ամբողջ սցենարը հարմարեցնում է դրան:

ՙԵս – OK, դու – OK՚ դիրքորոշումը համարվում է առողջ և պայմանավորվում է մարդկանց համագործակցությամբ` կենսական խնդիրներ լուծելիս: Մարդը գործում է  ցանկալի արդյունքին հասնելու նպատակով, և այս դիրքորոշումը միակն է, որ հիմնվում է իրականության վրա:

Եթե երեխան մանուկ հասակում ընդունում է  ՙԵս – ոչ OK,   դու – OK՚ դիրքորոշումը, ապա, ամենայն հավանականությամբ, նա իր սցենարն այնպես կխաղարկի, որ միշտ իրեն մյուսներից ցածր զգա:

ՙԵս – OK,  դու –  ոչ OK՚ դիրքորոշումը նշանակում է, որ մարդը փորձելու է իշխել ուրիշներին:

Եթե երեխան ընտրում է  ՙԵս – ոչ OK,  դու –  ոչ OK՚ դիրքորոշումը, ապա ունենալու է այնպիսի մոտեցում, որ ամբողջ աշխարհը և բոլոր մարդիկ նույնքան վատն են, ինչպես ինքը:

Այսպիսով, անձնավորության նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ են մի շարք պայմաններ, որոնք սակայն ոչ միշտ են ապահովվում և ավելի հաճախ դրանց թերկատարման դեպքում անձնավորությունը ընտրում է կյանքի սխալ ուղի, որը կործանարար է լինում ոչ միայն իր, այլև շրջապատի մարդկանց համար: Մարդկային վաճառքի արմատներև թեև շատ խորն են, բայց գնալով ավելի են խորանում, որն ահազանգող է: Մարդը ով դառնում է զոհ, կամ հենց ինքն ե բռնության ենթարկում դիմացինին լուրջ հոգեբանական խնդիրների հետ է բախվում: Բեռնի տրանսակցիոն վերլուծության համաձայն անձը կազմված է երեխա, մեծահասակ և ծնող էգո-վիճակներից: Տարբեր իրավիճակներում գերիշխող է դառնում մի էգո-վիճակը: Յուրաքանչյուր մարդ դեռևս մանկության տարիներին ձևավորում է իր կյանքի սցենարը, որը մեծահասակ ժամանակ ի կատար է ածում: Սցենարը կյանքի պլան է, որոշներն ունենում են հաղթողի, մյուսները պարտվողի սցենար: Ըստ այդմ անձավորությունը, հայտնվելով կյանքի դժվար իրավիճակում, կամ հակված է հաղթող դուրս գալ, կամ էլ պարտել, իրավիճակը չհաղթահարել:

  Օգտագործված գրականության ցանկ

  1. Берн Э. “Трансакционный анализ и психотерапия” СПб, 1992
  2. Берн Э.  «Исцеление души. Трансакционный анализ в психотерапии»  М., «Медицина», 1988
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *