Ջավախքահայերի և հայաստանյան հայերի փոխհարաբերություններն “օտարի” և “յուրայինի” համատեքստում


Էդուարդ Լևանյան

Միգրացիոն գրծընթացների պատճառով վերջին ժամանակներում բազմաթիվ մարդիկ հանդիպում են իրենց ինքնության հետ կապված խնդիրների: ՄԱԿ-ի տվյալներով այսօր 175 մլն մարդուց ավելի համարվում են միգրանտներ-էմիգրանտներ` փախստականներ, արտագնա աշխատողներ, գործարարներ, ուսանողներ և ուրիշ շատ խմբեր որոնք ապրում են իրենց երկրի սահմաններից դուրս[1]:Նրանք անընդմեջ հանդիպում են այլ էթնիկ խմբերի և անծանոթ մշակույթի, ինտերակցիայի մեջ են մտնում ընդունող հասարակության հետ` խմբային և անհատական մակարդակներում: Եվ նմանատիպ ինտերակցիաները ժամանակ առ ժամանակ կրում են պրոբլեմային բնույթ: Ինտերակցիայի կողմեը այսպես թե այնպես հանդիպում են դժվարությունների, փոխհարաբերվելով նրանց հետ, ում մշակույթը տարբերվում է նրանց մշակույթից և ում վարքը հնարավոր չէ ինտերպրետացնել:
Նույն հիմնախնդրին այսօր առնչվում են ջավախքահայերը: Դեռ խորհրդային իշխանության տարիներին Ջավախքի հայ բնակչության արտագաղթը զգալի չափերի հասավ դեպի Խորհրդային Հայաստան և նախկին ԽՍՀՄ այլ շրջաններ: Այաժմ նույնպես արտագաղթի ցուցանիշը չի նվազել, հիմնականում դեպի ՌԴ և Հայաստան:
Այսօրվա դրությամբ Հայաստանում մեծ քանակությամբ ջավախքահայեր մշտական բնակություն են հաստատել. ծավալել են մտավոր և ֆիզիկական աշխատանքային գործունեություն: Ներառվելով հասարակական կյանքի հիմնական ոլորտներում և մասնակցելով հասարակական, քաղաքական գործընթացներին` ջավախքահայերը ստիպված են հաղթահարել իրենց լիմինալ կարգավիճակը` հաջողության դեպքում ինտեգրվելով, իսկ անհաջողության` դատապարտվելով հերթական հանգրվանը որոնելու:
Ուսումնասիրվել է, թե ջավախքահայերը, որոնք բնակվում են Հայաստանում, ինչպես են ինտերակցիայի մեջ մտնում ընդունող հասաարակության հետ, ինտեգրվում` շատ թե քիչ ՙօտար՚ կամ անծանոթ մշակույթում, ինչպես են ընկալում իրենց ինքնությունը:
Հետազոտության առարկայի մասին ամբողջական պատկեր ստանալու համար ընտրվել են Հայաստանում բնակություն հաստատած ջավախքահայերը հետևյալ չափանիշներով`
–    առնվազն մինչև 16 տարեկանը բնակություն Ջավախքում,
–    երեք տարուց ոչ պակաս բնակություն Հայաստանում,
–    Հայաստանը ընտրվել է որպես մշտական բնակության վայր, այլ ոչ թե տրանզիտային կետ,
–    մարգինալացված չեն, և էականորեն չեն տարբերվում նույն կարգավիճակ ունեցող այլ էթնիկ կամ սուբէթնիկ խմբերի ներկայացուցիչներից:

Ջավախքից հեռանալու պատճառները
Սոցիոլոգիական հետազոտությանը մասնակցած ռեսպոնդենտները Հայաստանում 3-ից 30 տարվա բնակիչներ էին: Հայսատան տեղափոխվելու ամենակարևոր պատճառը կրթություն ստանալն է, ապա աշխատանք գտնելը: Մշտական տեղափոխվելու հաջորդ գործոնը ամուսնությունն է, որը մեծամասամբ նշեցին կին հարցվողները: Սակայն մինչ ամուսնանալը, նրանք նույնպես Երևան են տեղափոխվել ուսում ստանալու համար և ամուսնանալով Հայաստանի բնակիչների հետ հաստատվել են Հայաստանում:
“Արդեն 15 տարի է ապրում եմ Երևանում. սկզբից եկա ուսում ստանալու, հետո աշխատանքի տեղավորվեցի և ամուսնացա Հայաստանի բնակչի հետ”:
Քանի որ Ջավախքի բնակչության մեծամասնությունը չի տիրապետում վրացերեն լեզվին, ապա դպրոցում հայկական կրթություն ստանալուց հետո նրանց բուհ ընդունվելու հնարավորությունները սահմանափակվում է հայկական բուհերի ընտրությամբ, իսկ կրթություն ստանալով Հայաստանում ձեռք է բերվում սոցիալական ցանց, ինչը հետագայում նպաստում է աշխատանքի տեղավորմանը, որն էլ ավելի է նեղացնում հնարավորությունների շարքը. այս գործընթացը նմանվում է ձագարաձև էֆեկտի, ինչի համար Ջավախք վերադառնալու ցանկությունը փոքրանում է: Սրա հետ զուգահեռ աշխատում է ուրբանիզացիոն գործընթացը` գյուղերից կամ փոքր քաղաքներից տեղափոխվելով մեծ քաղաք մարդիկ ստանում են մեծ հնարավորությունների ընտրություն (կրթություն, աշխատանք, բժշկություն, ժամանց և այլն):
Հայաստանում բնակություն հաստատած ջավախքցիների մեծամասնությունը ցանկություն չհայտնեց վերադառնալ ծննդավայր` Ջավախք, պատճառաբանելով, որ “այնտեղ ապրելու հնարավորություն չկա, բնակլիմայական պայմանները վատ են, աշխատանք չկա”, “տուն ու տեղս այստեղ է, արդեն հիմնավորվել եմ, երեխաներս այստեղ են սովորում”, “այնտեղ աշխատանք չկա, առաջ գնալու հնարավորություն նույնպես”: Սա նույնպես պայմանավորված է սոցիալական կապիտալի ձեռքբերման, ադապտացիայի և ուրբանիզացիոն գործընթացի հետ:
Հարցվողներից շատ քչերը ցանկություն հայտնեցին վերադառնալ Ջավախք` մշտական բնակության: Նրանք պատճառաբանում էին հետևյալ կերպ` “թե աշխատանք լինի կգնամ”, ՙբարեկամներս այնտեղ են, տուն ու տեղ ունեմ”, “եթե գործ լինի կգնամ”:
Հիմնականում վերադառնալու ցանկություն ունեին այն մարդիկ, որոնք Հայաստանում չեն հասցրել կամ կարողացել ձևավորել սոցիալական ցանց և կապիտալ, այսինքն ինչ-որ չափով նաև չեն ադապտացվել:
Հայստանում բնակություն հաստատած ջավախքցիներից քչերն էին, որ Հայաստանից արտերկիր մեկնելու ցանկություն ունեին, նրանք մեկնաբանում էին` “այստեղ իմ հայրենիքն է”, “ուրիշ տեղ ես օտար եմ” և այլն: Իսկ ուրիշ երկիր մեկնել ցանկացողները պատճառաբանում էին` “ուզում եմ գնալ, ուսումս շարունակելու”, “գնամ Ռուսաստան, այնտեղ փող աշխատելու հնարավորություն կա, կարելի է բարեկեցիկ կյանքով ապրել”:
Մասլոուն մարդու պահանջմունքների բուրգին տվել է հետևյալ դասակարգումը, որը սկսվում է /բուրգի ստորին մասից/ ֆիզիոլոգիական պահանջմունքներից (ծարավ, սով), երկրորդը` անվտանգություն, երրորդը` պատկանելության և սիրո պահանջմունք, չորրորդը` հարգանքի և հաջողության հասնելու պահանջմունք, հինգերորդ` բացահայտման և ճանաչողականության պահանջմունք, վեցերորդ` էսթետիկ պահանջմունք (գեղեցկություն, հորմոնիա), և բուրգի գագաթում գտնվում է ինքնահաստատման, նպատակների իրականացման պահանջմունքը:
Ջավախքահայերի Հայաստան տեղափոխվելու գործընթացը մեկնաբանենլով Մասլոուի պահանջմունքների բուրգով, կստացվի որ ջավախքահայերի ընտրությունը գտնվում է բուրգի երկրորդ և չորրորդ մակարդակներում, ինչպես նաև բուրգի գագաթում գտնվող ինքնահաստատման և նպատակների իրականացման մակարդակում: Երկրորդ մակարդակը ենթադրում է անվտանգություն. ընտրում են Հայաստանը, քանի որ ջավախքցիները հայաստանցիների հետ ունեն ընդհանուր ազգային/էթնիկ պատկանելություն. իրենց զգում են անվտանգ և զերծ են մնում էթնիկ խտրականությունից: Չորրորդ մակարդակը պայմանավորված է հարգանքի և հաջողության հասնելու պահանջմունքի հետ. հաջողության հասնելու համար, ինչպես կրթության, այնպես էլ աշխատանքային ոլորտում պետք են լայն հնարավորություններ (ինտելեկտուալ կապիտալ, սոցիալական ցանց), ինչը փոքր բնակավայրում շատ թե քիչ անհասանելի է:“Ջավախքցի” և “հայաստանցի” ընկալումը
Փորձելով պարզել, թե ինչպես են ընկալում հայաստանաբնակ ջավախքցիները միմյանց, ստացվեց հետևյալ տվյալները:
Հայաստանում ապրող ջավախքցիները` “կաշկանդված են, անկեղծ են, միասնական են, թասիբով են, հայրենասեր են, իրար պահող են, իրար մեջ են շփվում, հայաստանցիների հետ յոլա չեն գնում”, “արտաքին տեսքով ուրիշ են` թափով են ու կարմիր”, “հյուրասեր են” և այլն: Նշեցին Հայաստանում բնակվող ջավախքցիները:
2008 թվականին Ջավախքահայերի էթնիկ ինքությունը ուսումնասիրող սոցիոլոգիական հետազոտության ժամանակ` այն հարցին, թե ինչպիսին են ջավախքահայերը, ինչ ընդհանրական բնութագիրչներ են հատուկ ջավախքահայերին, տրվել են հետևյալ պատասխանները`
1. շատ հայրենասեր են, 2.պատվոխնդիր են` թասիբով, 3.շատ ավանդապահ են, 4. մտահոգված են իրենց հայությունը պահպանելու հարցով, 5. տոլերանտ են, 6. ունեն յուրահատուկ ուտեստներ, 7. ունեն բարձր տեխնիկական մտածելակերպ, 8. ունեն մեծ հումորի զգացում, 9.հյուրասեր են, 10. առատաձեռն են:
Առաջին հինգ բնութագրիչները հանդիսանում են էթնոպաշտպան մեխանիզմներ և դա պայմանավորված է այն փաստով, որ Ջավախքում հայերը գտնվում են այլ երկրի տիրապետության տակ, իսկ վերջին հինգ բնութագրիչները յուրահատուկ են լեռնային, փոքր և համայնքային տարածքներում ապրող հայերին:
Քանի որ մարդն իր առաջնային սոցիալականացման ընթացքում ձեռք է բերում մշակութային արժեքներ և ձևավորվում է բնավորության հիմնական գծերը, ապա ջավախքցիները տեղափոխվելով Հայաստան շարունակում են պահպանել իրենց սուբէթնիկ մշակույթը:
Երբ գալիս են Ջավախքից, ձևավորում են սոցիալական ցանց, և սկզբնական շրջանում ջավախքցիների շփումը կրում է ներխմբային բնույթ, մինչև որ նրանք ադապտացվում են ՙնոր՚ միջավայրին, դա բացատրվում է որպես պաշտպանողական ռեակցիա:
Իսկ այն, թե ինչպիսին են հայաստանցիները հնչեցին հետևյալ կարծիքները` ՙէգոիստ են` բարեկամական կապերն ամուր չեն՚, ՙփոխհարաբերությունների մեջ ձևական բնույթ կա՚, ՙմեծամիտ են՚, ՙինքնավստահ են՚, ՙբարի են՚, ՙմեզ նման հայրենասեր են՚, ՙհամբերատար են՚:
Երբ անհատը հայտնվում է այլ /ՙօտար՚/ մշակույթում, որտեղ կան այլ արժեքներ, նորմեր, մշակութային տարրեր, վարքի մոդելներ, և այդ ամենը ՙնորեկի՚ համար խորթ է, ապա այն ընկնում է ՙմշակութային շոկի՚ մեջ: Վերևում նշված կարծիքներն ավելի շատ ՙմշակութային շոկի՚ արդյունք են, քանի որ այդ վարքի մոդելները նրանց համար ՙխորթ՚ են:
Ըստ հարցվողների ջավախքահայերի և հայաստանի հայերի նմանությունն այն է, որ` ՙունենք նույն ավանդույթները, կրոնը՚ և բոլոր հարցվողները շեշտեցին, որ ՙմենք հայ ենք՚:
Էթնոսի անդամները էթնիկական առանձնահատկությունները կամ այնպիսի գործոնները, ինչպիսիք են` լեզուն, կրոնը, ընդհանուր ծագումը և ընդհանուր ազգային պետականությունը, ընդհանուր արժեքային կողմնորոշումները, կենսաոճը, առանձնահատուկ սոցիալական հիմնարկները, տարծքային սահմանազատվածությունը և այլն, ընկալում են անձի էթնիկական նույնացմամբ` ՙմենք՚-ի (ՙյուրայինների՚) զգացումով: Սակայն սեփական էթնիկ խմբի լիարժեք ընկալումը տեղի է ունենում ուրիշ էթնիկ խմբերի հետ համեմատության միջոցով: Այս ընթացքում ավելի ամբողջական և գիտակցված է դառնում ՙյուրայինների՚-ի ընկալումը և սահմանազատումը այլ էթնիկ խմբերից: Էթնիկ պատկանելության գիտակցման տեսանկյունից ջավախքահայերը հայստանյան հայերին ընկալում են որպես ՙյուրայիններ՚:
Ջավախքցիները հայաստանյան հայերից տարբերվում են բարբառով, ունեն ավանդույթների և ծեսերի տոնելու մեջ որոշակի առանձնահատկություն /տարբերություն/: Իսկ նմանությունը դա առաջին հերթին ազգային մշակույթն է, էթնիկ պատկանելությունը, կրոնը: Ջավախքում կրոնական տոներն իրականանում են Հյաստանի հետ զուգահեռ, օրինակ` Սբ. Զատիկը:
Իսկ այն հարցին, թե բնակվելով Հայաստանում, Ձեզ հայաստանցի եք համարում, թե ջավախքցի, հրցվողները միաձայն պատասխանեցին` ՙջավախքցի՚, և տալիս էին հետևյալ մեկնաբանությունները` ՙարմատներս այնտեղից է՚, ՙծննդավայրս այնտեղ է՚, ՙայնտեղ եմ մեծացել՚, ՙմտածելակերպս ջավախքցու մտածելակերպ է՚:
Քանի որ ՙօտարի՚ և ՙյուրայինի՚ տարբերակումը կապված է այն բանի հետ, որ անհատը` հանդիսանալով տարբեր սոցիալական խմբերի և հանրույթների անդամ, հակադրում է իրեն և իր խմբի անդամներին այն մարդկանց հետ, որոնք հանդիսանում են այլ խմբերի անդամներ, և կարողանում է ինտերպրետացնել այն սիմվոլները, որոնք յուրահատուկ են տվյալ խմբին: Սրան զուգահեռ տեղի է ունենում նույնականացման և տարբերակման գործընթացները, որը հենց բերում է սոցիալական ինքնության ձևավորմանը, սեփական անձի ընկալմանը որպես որևէ խմբի անդամ: Հետևաբար ջավախքահայերը ինչքան էլ ՙյուրային՚ լինեն հայաստանյան հասարակությունում, այնուամենայնիվ ունեն նույնականացման և ինքնագիտակցման տարրեր, ինչը և նպաստում է որպես Ջավախքցի ինքնաընկալմանը:

Հայաստանյան հայերի և ջավախքցիների փոխհարաբերությունները
Հայաստանաբնակ ջավախքահաերի և հայասատանի հայերի միջև շփումն իրականանում է բոլոր ոլորտներում` համայնքային, աշխատանքային, կրթական, առօրյա. այսինքն չկա այնպիսի ոլորտ որտեղ երկու սուբէթնիկ խմբերը չեն շփվում միմյանց հետ, սա բերում է այն երևույթին, որ ինտեգրացիա է տեղի ունենում և երկու խմբերը ՙյուրայիններ՚ են բոլոր տեսակի փոխհարաբերություններում:
Լ. Կոզերը սոցիալական համակարգերում կոնֆլիկտի ֆունկցիաների վերաբերայլ իր թեզիսների լայն շրջանում նշել է կոնֆլիկտի հետևյալ ֆունկցիայի մասին` կոնֆլիկտն ինչքան հազվադեպ է եւ մեղմ, այնքան հավանական է որ այն կբերի համակարգի փոփոխման` ամրապնդելով ադապտացումը եւ ինտեգրումը [2]:
Եվ քանի որ ջավախքահայերը և հայաստանյան հայերը կոնֆլիկտի մեջ չեն, ապա դա նպաստում է սուբէթնիկ խմբերի ինտեգրմանը և ադապտացմանը, ինչի արդյուքում միմյանց ընդունում են որպես ՙյուրայիններ՚:
Իսկ փոխհարաբերությունների ինստիտուցիոնալ ոլորտում հայաստանաբնակ ջավախքահայերը,  որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն, խտրական են համարում այն, որ` ՙմեր ուսման վարձը հավասար է մնացած արտերկրներից եկած ուսանողների վարձին, այսինքն կրկնակի բարձր ենք վճարում՚, ՙաշխատանքի ընդունելիս աշխատավարձի պահումները մեծ է, մեզ վերաբերվում են որպես արտասահմանցու՚, ՙախր Ջավախքը Հայաստանին կից է, կարծես նրա մի մասը լինի, բայց մեզ վերաբերվում են այնպես, ասես թե օտար ժողովուրդ լինենք՚:
Եթե կենցաղային մակարդակում ջավախքահայերը և հայաստանյան հայերը միմյանց ընկալում են, որպես ՙյուրայիններ՚, ապա ինստիտուցիոնալ մակարդակում ջավախքահայերը իրենց համարում են ՙօտարներ՚, այսինքն համակարգը նպաստում է դիֆերենցացիայի ձևավորմանը, որը սահմանափակում է հնարավորությունները:
Հայաստանի հայերի հետ շփումներում ջավախքահայերը խանգարող էական երևությներ չեն առանձնացնում, միակ խնդիրը, սկզբնական շրջանում, առաջացնում  է բարբառի տարբերությունը, ինչի բացը ժամանակի ընթացքում լրացվում է: Սա բացատրվում է Ռ. Պարկի և Է. Բերդժեսի ներկայացրած սոցիալական գործընթացների հիմնական դասակարգումների կոմպրոմիսի գործընթացով, որը հարմարման ձև է, որի միջոցով անհատը կամ խումբը համաձայնվում է փոփոխվող պայմաններին և մշակույթին` նոր նպատակների հասնելու մասնակի կամ լիարժեք ընդունմամբ: Ցանկացած անհատ սովորաբար ձգտում է հասնել համաձայնության, հաշվի առնելով սեփական կարողություններն ու ուժը, ինչպես նաև, թե ինչ կարողություններ և ուժ ունի փոփոխվող միջավայրը տվյալ պարագայում [3]:
Ջավախքցիները բնակվելով Հյաստանում ադապտացվում և սկսում են ձեռքբերել Հայաստանյան հասարակությունում ընդունված արժեքները, իսկ այն զանգվածը, որն ընդիմանում է այդ արժեքներին կամ օտարվում է հասարակությունից, կամ էլ անընդհատ ընկնում է տարբեր տիպի կոնֆլիկտների մեջ:

Մշակութային բացահայտումներ և դիֆուզիա
ՙԲնակվելով Հայաստանում, ի՞նչ մշակութային նորությունների հանդիպեցիք, որը չկար ջավախքցու մոտ՚ հարցին տրվեցին հետևյալ պատասխանները` ՙթատրոնի և կինոյի առկայություն՚, ՙբարձրագույն կրթություն՚, ՙժամանցի վայրեր` ակումբներ, սրճարաններ, այգիներ՚:
Միաուղղված և կրկնվող սոցիալական գործողությունների համակցությունը, որը կարելի է առանձնացնել մի շարք այլ սոցիալական գործողություններից, կոչվում է սոցիալական գործընթաց[3]: Մարդիկ տեղափոխվում են մի բնակավայրից մյուսը, համատեղ սովորում են, արտադրում են ապրանքներ, մասնակցում են քաղաքական գործընթացների, մշակութային առիթների և շատ այլ սոցիալական գործընթացների:
Ֆունկցիոնալ տեսանկյունից Ջավախքի և Հայաստանի փոխհարաբերությունները սերտ լինելով նպաստել են ընդհանուր սոցիալական գործընթացին, ինչն էլ ավելի է անրապնդել սուբէթնիկ խմբերի մշակույթի դիֆֆուզիոն զարգացմանը և որի պատճառով լուրջ և էական մշակութային նորություններ և բացահայտումներ չնշվեցին: Եվ ինչի համար էլ ջավախքցիների դժվարություննրը Հայաստանում մշակութային բնույթ չեն կրում, դրանք հիմնականում ինստիտուցիոնալ և կենցաղային ոլորտում են` բնակարան, աշխատանք, ուսման վարձ և այլն:
Իսկ ի տարբերություն Հյաստանյան մշակույթի Ջավախքում կան մշակութային որոշակի առանձնահատկություններ, որոնց մասին հարցվողները նշեցին` ՙազգային-կրոնական տոները, օրինակ` Սուրբ Սարգիսը Ջավախքում յուրովի է տոնվում՚, ՙհարսանիքների մեջ կան մեծ տարբերություններ՚, ՙդպրոցներին Ջավախքում ավելի լուրջ են վերաբերվում՚, ՙայնտեղի խոհանոցն ավելի բազմազան է՚:
Ամենից հաճախ սոցիալական փոփոխությունները հասարակությունում տեղի են ունենում դիֆֆուզիայի միջոցով` խմբից խումբ մշակութային գծերի տարածում: Դիֆֆուզիան տեղի է ունենում ինչպես հասարակության ներսում, այնպես էլ հասարակությունների միջև: Դիֆֆուզիան հնարավոր է այն հասարակությունների միջև որոնք գտնվում են սերտ փոխհարաբերությունների մեջ: Դիֆֆուզիան նաև սելեկտիվ գործընթաց է` խումբն ընդունում է որոշ մշակութային աժեքներ և հետ է մղում մնացածը: Խոսելով մշակութային դիֆուզիայի մասին հետազոտության ընթացքում պարզվեց, որ հայաստանաբնակ ջավախքցիներից հայաստանցիները սովորել են խոհանոցային առանձնահատկություններ և բարբառային տարբերությունները:

 


Գրականություն

1.    Information kit on the United Nations Convention on migrants rights//www.portal.unesco.org
2.    Тернер Дж. Структура социологической теории, М.: «Прогресс, 1985
3.    Park R., Burgess E. Introduction to the science of sociology. Chicago, 1924

Read More