ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ

Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը որպես առանձին ստորաբաժանում գործում է 2004 թ-ի սեպտեմբերից: Փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանակներում 1986 թ-ին կազմավորված Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնից 2004 թ-ին առանձնացավ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը: Այժմ Սոցիոլոգիայի ֆակուլտետի այս երկու ամբիոններն ապահովում են շրջանավարտների որակավորումը սոցիոլոգիա, սոցիալական աշխատանք մասնագիտություններով ու կոնֆլիկտաբանություն, սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանություն և PR մասնագիտացումներով: Ֆակուլտետում 2007-08 ուս. տարվանից բակալավրիատի ուսուցումը սոցիոլոգիա և սոցիալական աշխատանք մասնագիտություններով կազմակերպվում է նաև հինգ տարի տևողությամբ հեռակա ուսուցմամբ:

Ֆակուլտետում գործում են Կիրառական սոցիոլոգիական հետազոտությունների և Հեռաուսուցման լաբորատորիաները: Հեռաուսուցման լաբորատորիան իրականացնում է Սոցիալական աշխատանք և PR մասնագիտությունների գծով մեկ տարվա դասընթացներ: Հեռաուսուցման լաբորատորիայի շրջանակներում 2008-09 ուս. տարվանից ներդրվել է օտարերկրյա ուսանողների համար սոցիոլոգիա մասնագիտության գծով մեկ տարվա հեռաուսուցման նախաասպիրանտական դասընթաց:

Ֆակուլտետին կից գործում է Տարածաշրջանային ինտեգրման և կոնֆլիկտների լուծման կենտրոն և գրադարան, որը դասախոսներին և ուսանողներին ապահովում է ժամանակակից անգլալեզու մասնագիտական գրականությամբ:

Ֆակուլտետը, ունենալով գիտահետազոտական մեծ ներուժ (գիտական կոչում ունեցող մասնագետները թվով քսաներկուսն են), իրականացրել է հայ հասարակության տարբեր ոլորտների հիմնախնդիրների ուսումնասիրությանն ուղղված մի քանի տասնյակ նախագծեր : Ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմի ակտիվ գիտահետազոտական և ուսումնամեթոդական գործունեության արդյունքները հրատարակվել են բազմաթիվ գիտական աշխատությունների տեսքով, այդ թվում նաև արտասահմանում: Յուրաքանչյուր տարի նոյեմբեր ամսին Սոցիոլոգիայի ֆակուլտետը կազմակերպում է Ֆակուլտետի տարեկան գիտաժողով և հրապարակում է տարեգիրք:

Ամբիոնների կողմից կազմակերպվող մեթոդական սեմինարներին պարբերաբար մասնակցում են ամբիոնների դասախոսները, ասպիրանտները, ինչպես նաև մասնագետներ ԱՄՆ-ից և Արևմտյան Եվրոպայից:
Ֆակուլտետի դասախոսներն իրենց որակավորումը պարբերաբար բարձրացնում են տարբեր երկրների առաջատար գիտաուսումնական կենտրոններում, մասնավորապես` ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունգարիայի, Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Շվեդիայի, ինչպես նաև ԱՊՀ երկրների հեղինակավոր համալսարաններում:

Ֆակուլտետը սերտ կապեր ունի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Միջազգային մակարդակում ֆակուլտետը համագործակցում է տարբեր գիտակրթական հաստատությունների հետ. Բեռլինի Հումբոլդի համալսարան, Մյունստերի Սոցիալական գիտությունների համալսարան, Բոխումի Ռուհռ համալսարան, Պոտսդամի համալսարան, Շվեյցարական խաղաղության ինստիտուտ, Կալիֆորնիայի պետական համալսարան, ԱՄՆ-ի Ջորջ Մեյսոնի համալսարան, Շվեդիայի Ուփսալայի համալսարան, Սարատովի պետական համալսարան: Սոցիոլոգիայի ամբիոնը Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի խմբային անդամ է:

.