Սոցիալական աշխատանք

Սոցիալական աշխատանքը հասարակության խիղճն է…

Չ. Թաուել

Սոցիալական աշխատանքի դրսևորուները կարելի է տեսնել պատմության տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր մշակույթներում: Սոցիալական աշխատանքի մասին առաջին անգամ նշվել է Ք.ա. 1750թ.ին: Այդ ժամանակ Բաբելոնում ստեղծվել են արդարության կոդեր` քաղաքացիական ակտեր, որոնք կոչ էին անում մարդկանց սիրել մերձավորներին, հոգ տանել աղքատների մասին: Սոցիալական աշխատանքը տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր մշակույթներում ունեցել է տարբեր անուններ,բայց միևնունն է ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել քրիստոնեական գաղափարները, որոնցում քննարկվում են սոցիալական հավասարությունը և անհավասարությունը, մերձավորի հանդեպ սիրո, մարդասիրության գաղափարները: Հին Հունաստանում սոցիալական աշխատանքը հայտնի էր որպես «ֆիլանտրոպիա», Հռոմում` «ազգային ավանդույթ»: Արդեն 20-րդ դարի սկզբին «Սոցիալական աշխատանք» հասկացությունը, որպես մասնագիտություն ի հայտ եկավ ԱՄՆ-ում:

Սոցիալական աշխատանքի սահմանման շուրջ կան բավականին լուրջ տարաձայնություններ: Գրականության մեջ առանձնացվում է երկու տեսակետ` սոցիալական աշխատանքը որպես գիտություն և որպես մասնագիտություն: Որպես գիտություն հիմնավորվում է նրանով, որ ինչպես այլ գիտությունները սոցիալական աշխատանքն էլ ունի իր ուսումնասիրության առարկան, տեսությունը և մեթոդները: Սակայն այս դեպքում կարծես թե նպատակը ոչ թե մարդկանց օգնությունն է այլ այդ օգնության ձևերն ու մեթոդները, արդյունավետության բարձրացման ուղիները: Սակայան սոցիալական աշխատանքը դիտվում է ավելի շատ որպես մասնագիտական գործունեություն:  Ներկայումս գոյություն ունեցող մասնագիտություններից մեկն էլ «Սոցիալական աշխատանք» մասնագիտությունն է:

Այսօր արդեն աշխարհի շատ երկրներում սոցիալական աշխատանքը որպես մասնագիտական գործունեություն դարձել է իրողություն: Ինչպես նշել է Մ. Փեյնը (Payne), սոցիալական աշխատանքը մասնագիտական գործունեություն է՝ սերված հասարակությունից և ուղղված դեպի հասարակությունը, որի մի մասը համարվում է ինքը: Սոցիալական աշխատանքը իր հասարակության արդյունքն է և կարող է հասկացվել միայն իր սոցիալ-տնտեսական և մշակութային համատեքստում:

Սոցիալական աշխատանքի օբյեկտ է համարվում մարդը, որը կարիք ունի օգնության: Բոլոր ֆունկցիաները, որոնք անհրաժեշտ են օգնություն ցուցաբերելու համար, իրականացնում են սոցիալական աշխատանքի սուբյեկտները: Սուբյեկտների թվին դասվում են բոլոր այն մարդիկ և կազմակերպությունները, որոնք իրականացնում են սոցիալական աշխատանքը և կառավարում են այն:

Համաձայն Ուիլյամ Շվարցի սահմանման` սոցիալական աշխատանքը որպես մասնագիտություն` միջնորդ է ծառայում մի գործընթացում, որտեղ անհատը և հասարակությունը ձգտում են օգնել իրար` բավարարելով ընդհանուր պահանջմունքները և փոխլրացնելով դրանք: Նրա միջնորդային մոտեցումը հիմնված է անձի և հասարակության շահերի նույնացման վրա: Քանի որ հասարակությունն իրենից ներկայացնում է մշտապես փոփոխվող բարդ գոյացություն, ուստի անձի` որպես բազմաթիվ սոցիալական  կապերի մասնակից և հասարակության լիարժեք անդամի ինքնաընկալումը երբեմն մեկուսացման, շրջափակման է ենթարկվում:

Հարիեթ Բարթլետը նշում է, որ  սոցիալական աշխատանքի կիզակետում սոցիալական գործունեությունն է, որը սահմանում է իբրև փոխհարաբերություն մարդկանց` խնդիրները հաղթահարելու ակտիվության և շրջապատի միջև:

Ուիլիամ Գորդոնը, որի հետ համակարծիք է Բարթլետը, սահմանել է, որ սոցիալական աշխատանքի կիզակետն ավանդորեն ուղղված է «մարդը և նրա կենսական վիճակը» զուգորդմանը:

Սոցիալական աշխատանքի վերաբերյալ իր դիրքորոշումն է արտահայտել ս.ա. պրոֆեսոր Մարտին Դևիսը.

  • Սոցիալական աշխատանքը անհնարին գործ է ¨ այն վերջ ի վերջո հանգեցնում է անձի զգացմունքային սպառման (burnout):
  • Սոցիալական աշխատողները ներդաշնակության կարիք ունեն, որպեսզի կարողանան հաղթահարել այլ մարդկանց կյանքում տեղ գտած համալիր խնդիրները:
  • Սոցիալական աշխատողները ավելի լավ են հասկանում իրենց այցելուների հիմնախնդիրները, քան այլ հումանիտար ծառայությունների մասնագետներ: Նրանք իրենց այցելուների հիմնախնդիրներն ավելի հեշտությամբ են տեսնում, քան այլ տեսաբաններ:

Սոցիալական աշխատանքը մի կողմից ուղղված է հասարակության յուրաքանչյուր անդամին, մյուս կողմից էլ իր հեռանկարում ունի ամբողջ հասարակությունը. այսպիսով, մասնագիտական պատասխանատվություն կրելով և՛ կլիենտների, և՛ հասարակության առջև: Այս երկակիությունից բխեցվում է սոցիալական աշխատանքի երկու հիմնական նպատակները.

1.Հասարակական ամբողջի ինտեգրացիային նպաստելը

2.Փոփոխվող աշխարհում մարդկանց հարմարեցմանը նպաստելը

Ահա այն գործառույթները, որոնք ակնկալվում է, որ պետք է իրականացնի սոցիալական աշխատանքը.

  • Սոցիալական վերահսկողություն. Սոցիալական աշխատողները հանդիսանում են հասարակության ներկայացուցիչները և օգնում են վերաբաշխել միջոցներն ու բարիքները, վերահաստատել խախտված սկզբունքները:
  • Սոցիալական աշխատանքի իստիտուտն իր մասնակցությունն է ունենում մշակութային տարրերի ստեղծման, պահպանման  ու զարգացման գործում: Սոցիալական աշխատողները մուտք են գործում տարբեր խմբեր, ընտանիքներ, համայնքներ՝ իրենց հետ տանելով իրենց մասնագիտության և գործունեության, և վերջին հաշվով, հասարակության մշակույթը:
  • Փոփոխություն. Սոցիալական աշխատողներն առաջին հերթին աշխատում են փոփոխություններ առաջացնել այն անհատների ու խմբերի մոտ, որոնք տուժում են արագ փոփոխություններից, ունեն հարմարման դժվարություններ և այլն: Այն կարող է շարժիչի դեր կատարել այն փոփոխությունների համար, որոնք սոցիալապես ցանկալի են, որոնք հասարակությունը պահանջում է:
  • Կոնֆլիկտի կարգավորում.  այս գործառույթի շնորհիվ սոցիալական աշխատողները օգնում են թուլացնել հասարակության մեջ տեղ գտած սոցիալական լարվածությունը, մեղմել հակասությունները:

Այսպիսով, սոցիալական աշխատանքը մասնագիտություն է, որն ուղղված է բնակչության զանազան խմբերի սոցիալապես երաշխավորված և անձնական շահերի ու պահանջմունքների բավարարմանը, այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք նպաստում են մարդկանց սոցիալական գործունեության ընդունակության վերականգնմանը կամ բարելավմանը:

Գրականության

  1. «Սոցիալական աշխատանքի հիմունքները»/ուղեցույց սոցիալական աշխատողների համար, ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոն, ՀՀ Սոց. ապ. նախարարություն. Եր. 2002
  2. Սոցիալական ոլորտի բառարան/Կազմ.՝ Ա. Եսայան.-Եր.: «Հույսի կամուրջ» ՀԿ, 2005
  3. Основы  социальной работы: Учеб.пособие для студ. высш. зов/Под  ред.Н.Ф.Басова-М.:Изд. центр “Академия”
  4. “Социальная работа” Теория и практика: Под. ред. Арутюнян Л.А.,Изд-во ЕГУ 1995
  5. Социальная работа/Под. общей ред. проф.. В.И. Курбатова.-Ростов и/Д: “Феникс” 1999

Նյութը պատրաստեց Սոնա Առաքելյանը

Մեկնաբանել