Հայաստանի եզդիադավանների շրջանում կրոնափոխության դեպքերի մասին
Հեղինակ`Արման Փոլադյան
Տակավին իր սկզբնավորման ժամանակներից եզդի էթնիկ-դավանանքային խումբը ենթակա է եղել հավատափոխության այլազան դրսևորումների: Իհարկե, իրողություն են հենց adawī=a’dabī առաջին հոգևոր առաջնորդների և եղբայրների` այլ կրոնական հոսանքների հետ ունեցած առնչությունները (որոնք, ի դեպ, համայնքի ձևավորման վրա ունեցել են հիմնարար ազդեցություն. բավական է նշել, որ առաջին ադավիները և ինքը` Շեյխ Ադի բին Մուսաֆիրը, մեծ ճանաչում գտած սուֆիներ էին)1 : Սակայն մեր քննարկումը վերաբերում է ձևավորված գաղափարաբանական իրողության պայմաններում բացահայտ կրոնափոխությանը : Այն հիմնականում ակնհայտ պարտադրանքի բնույթ է կրել , ինչպես մահմեդական հարևան նվաճողների պարագայում, երբ վերջիններս նպատակադրվել էին «հրով ու սրով» դարձի բերել այդ մի բուռ լեռնական աշիրեթներին2:
Բռնի իսլամացման փորձերը, որոնք սկզբնավորվել են դեռևս 12-13-րդ դարերում, երբ նոր էին կազմավորվել ադավիական առաջին լեռնաբնակ համայնքները, ուղեկցել են եզդիների պատմության շատ փուլերում:
Այլ է քրիստոնյա աշխարհի կողմից այս համայնքին «դարձի բերելու» պատմական փորձը: Վերջինս հատկանշվում է զուտ իր քարոզչական բնույթով: Այստեղ ևս չարժե կենտրոնանալ վաղ ադավիական և նեստորական համայնքների յուրատիպ հարաբերությունների վրա, որոնց անդրադառնալու փորձերը այսօր էլ առաջ են բերում նաև գիտականորեն չարդարացված հրապարակումներ: Այնպես որ, եզդիների շրջանում քրիստոնյա առաջին քարոզիչների մուտքը կարելի է թվագրել այն ժամանակահատվածով, երբ Մոսուլի շրջակայքում հայտնվեցին առաջին պապական քարոզիչները: Սկզբում դրանք ֆրանցիսկյան, ապա և դոմինիկյան, կարմելյան քարոզիչներն էին: 17-րդ դարից Սինջարի լեռներում գործունեության փորձ է ձեռնարկում Հավատի պրոպագանդա (Propaganda Fide) հաստատությունը: Սկզբնապես կաթոլիկ միսիոներներին բարեկամաբար ընդունած եզդի ցեղապետերը, հետագայում հասկանալով նրանց ժամանումների իրական նպատակը, հրաժարվում են նրանց հետ որևէ «համագործակցությունից»: Եվ պապական բանագնացները, որոնք սկզբում Հռոմին հղված իրենց նամակներում եզդի աշիրեթներին բնութագրում էին որպես «հեզ ու բարեհամբույր կռապաշտների», որոնց դժվար չի լինի «դարձի բերել», հետագայում Սուրբ Աթոռին այս կապակցությամբ տրամագծորեն հակառակն են գրում, թե` “լեռնաբնակ այս ցեղախմբերը բավական ամուր են կառչած իրենց «սուտ վարդապետությանը»:
Շարունակությունը կարող եք կարդալ հղումով` Հայաստանի կրոնները:
November 19, 2011 | Հրապարակված է Admin3-ի կողմից |
Հոդվածի բաժիններ`
Գրանշումներ`
