Սոցիալական աշխատողի դերը առողջապահության ոլորտում` բժշկասոցիալական աշխատանքի առանձնահատկությունները

Հեղինակ` Ինեսսա Ադիլխանյան

inesadilkhanian@rambler.ru

Մարդկության բոլոր խնդիրների շարքում առողջության խնդիրը կարևորագույններից մեկն է: Հարց է առաջանում` իսկ ի՞նչ է նշանակում առողջություն: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առողջությունը սահմանում է իբրև լիարժեք ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցության վիճակ: Կհամաձայնեք հավանաբար, որ առողջության և առողջապահության հարցերը փոփոխվում են համամարդկային մշակույթի զարգացմանը զուգահեռ` մնալով շատ ակտուալ մարդու կյանքի ողջ փուլերի ընթացքում` ծնունդից մինչև մահ: Մեր խնդիրն է հասկանալ, թե ինչ դեր ունի սոցիալական աշխատողը առողջ ապրելակերպի և առողջության պահպանման համար բարենպաստ պայմանների ստեղծման ապահովման գործում:

Մարդու առողջությունը ինչպես բնական, այնպես էլ հասարակական գիտությունների ուսումնասիրությունների առարկա է, օրինակ` կենսաբանության, բժշկության, սոցիոլոգիայի, հոգեբանության, փիլիսոփայության և այլն: Մարդու առողջության մասին խոսելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մարդն ունի ոչ միայն կենսաբանական սկիզբ, այլև որոշակի սոցիալական տարածությունում և սոցիալական ժամանակում ապրող արարած է: Ուստի մարդու առողջությունը պայմանավորող երկու բաղադրիչները` կենսաբանականը և սոցիալականը, գտնվում են սերտ փոխկապվածության մեջ: Մարդու սոցիալական միջավայրը, հասարակության տնտեսական բարեկեցությունը պայմանավորված են այնպիսի ժողովրդագրական ցուցիչներով, ինչպիսիք են ծնելիությունը, մահացությունը, բնակչության հիվանդությունների կառուցվածքը և այլն, որոնք հանդիսանում են հատուկ բժշկասոցիալական հետազոտությունների առարկա, որոնց հիմքի վրա էլ մշակվում են համապատասխան ծրագրեր և հետագա ռազմավարություն իրավիճակի բարելավման համար:

Հասարակության և կոնկրետ անհատի բարեկեցության բարելավման նպատակով բժշկությունը և սոցիալական աշխատանքը կիրառում են տարբեր մեթոդաբանական մոտեցումներ և տեխնոլոգիաներ: Բժշկությունը մեծ մասամբ ուսումնասիրում է մարդու օրգանիզմի ֆիզիոլոգիական և անատոմիական վիճակը, բացահայտում ֆիզիոլոգիական նորմայից շեղումները, ախտորոշում օրգանիզմում տեղի ունեցող պաթոլոգիական փոփոխությունները, որոշում դրանց պատճառահետևանքային կապերը և հիվանդությունների զարգացման մեխանիզմները: Այդ ամենի հետ համատեղ կիրառվում են օրգանիզմի առավել ամբողջական վերականգման, դրա ֆիզիոլոգիական գործընթացների կարգավորման համար անհրաժեշտ տարբեր մեթոդներ` բուժման համար:

Ի տարբերություն բժշկության` սոցիալական աշխատանքի խնդիրը այն հիմնական սոցիալական գործոնների բացահայտումն է, որոնք առավել էական ազդեցություն են թողնում մարդու առողջության, սոցիալական ադապտացիայի, և ժառանգական ծառի վրա, որոնք էլ իրենց հերթին պայմանավորում են մարդու առողջական վիճակը: Պրակտիկ դաշտում, ըստ էության, բժշկական անձնակազմը չի զբաղվում վերը նշված հարցերով և հիվանդությունը պայմանավորող սոցիալական գործոնների ուսումնասիրությամբ: Ահա այստեղ է, որ առաջ է գալիս բժշկական և առողջապահական տարբեր հաստատություններում և կազմակերպություններում սոցիալական աշխատողի կարևորման հարցը, ընդ որում առողջապահության ոլորտում սոցիալական աշխատանքը, հանդիսանալով մասնագիտական գործունեության նոր ձև, պետք է իրականացվի որակապես նոր մակարդակի վրա` այն է բժշկասոցիալական աշխատանքի մակարդակը: Բժշկասոցիալական աշխատանքը սահմանվում է իբրև բժշկական, հոգեբանամանկավարժական և սոցիալ-իրավական բնույթի միջմասնագիտական գործունեության ձև, որն ուղղված է առողջության վերականգմանը, պահպանմանը և ամրապնդմանը:

Բժշկասոցիալական աշխատանքի նպատակն է հասնել ֆիզիկական և հոգեկան դժվարություններ ունեցող անձանց առողջության, գործառնության և ադապտացիայի հնարավոր մաքսիմալ մակարդակին:

Բժշկասոցիալական աշխատանքի օբյեկտ են հանդիսանում մարդկանց տարբեր կոնտինգենտները, ովքեր ունեն արտահայտված բժշկական և սոցիալական խնդիրներ  (օր.` երկարատև և հաճախակի հիվանդները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները, սահմանափակ կարողություններ ունեցողները, միայնակ տարեցները, առանց խնամքի մնացած երեխաները, ՁԻԱՀ վարակակիրները, հիվանդության սահմանային փուլում գտնվողները և այլն), որոնք փոխադարձորեն ազդում են մեկը մյուսի վրա, և որոնց լուծումը դժվար է տալ իրականացնելով միայն որոշակի միակողմանի միջամտություններ:

Կարևոր է համարվում այն, որ բժշկասոցիալական աշխատանքը, ի տարբերություն ավանդական ձևով մատուցվող բժշկական ծառայությունների, ունի  առողջության պաշտպանության համակարգում կիրառվող միջոցների սկզբունքայնորեն այլ համակարգ: Մասնագիտական  բժշկասոցիալական աշխատանքը կարող է արդյունավետ կերպով կիրառվել սոցիալական սպասարկման հաստատություններում, ընտանիքին և երեխաներին տրվող սոցիալական օգնության տարածքային գործակալություններում, ծերունաբանական կենտրոններում, վերականգնողական և վերաինտեգրմանն ուղղված ծառայություններ մատուցող կազմակերպություններում և հաստատություններում, սոցիալական սպասարկման առկա հաստատություններում` տարբեր տիպի խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված տուն-ինտերնատներում: Կարևոր է հիշել այն հանգամանքը, որ բժշկասոցիալական աշխատանք կարող է իրականացվել ոչ միայն առողջապահական և սոցիալական սպասարկման հաստատություններում, այլև նման աշխատանքներ իրականացնելու իրավունք ունեցող ցանկացած այլ տիպի կազմապերպություններում և հաստատություններում:

Գոյություն ունի բժշկասոցիալական աշխատանքի երկու տեսակ`

1.         կանխարգելող (պրոֆիլակտիկ) և

2.         պաթոգենետիկ:

Առաջինը ենթադրում է սոմատիկ, հոգեկանև վերարտադրողական առողջության սոցիալական հիմք ունեցող խանգարումների առաջացման նախազգուշացման քայլերի ձեռնարկում, առողջ ապրելակերպի ձևավորմանն ուղղված քայլերի ձեռնարկում, ինչպես նաև քաղաքացիներին առողջապահական համակարգերի գործառնման կարգի և դրանցից օգտվելու իրավունքի մասին ինֆորմացիայի տրամադրում և տարածում: Պրոֆիլակտիկ սոցիալական աշխատանքը իր հերթին բաժանվում է երկու խմբի`

•          առաջնային կանխարգելում,

•          երկրորդային կանխարգելում:

Առաջնային կանխարգելման խնդիրն է հանդիսանում նախազգուշացնել անհատին, կամ խմբին հավանական հիվանդության ձևավորման կամ առաջացման մասին, այսինքն սոցիալ-տնտեսական վերլուծության անցկացում, բնակչության մեջ առողջ ապրելակերպի մասին պատկերացումների ձևավորում, ինչպես նաև սեփական առողջության մասին հոգ տանելու և այն պահպանելու համար անհրաժեշտ ինֆորմացիայի տրամադրում և հմտությունների ուսուցանում: Երկրորդային կանխարգելումը իրականացվում է արդեն կոնկրետ այն անձանց և խմբերի շրջանում, ովքեր կոնկրետ հիվանդության նկատմամբ առավել խոցելի են: Այն նպատակ ունի կանխելու հիվանդության հետագա զարգացումը, և նախատեսում է հիվանդությունը կրող մարդու հետ աշխատանքում  տվյալ անհատի մոտ ակտիվ կյանքի  դիրքորոշման ձևավորում, հիվանդության առաջացման և վիճակի բարելավման, հիվանդության հաղթահարման, իսկ երբեմն նաև դրա անբուժելիության մասին անհրաժեշտ ինֆորմացիայի տրամադրում, ինչը հնարավորություն կտա այցելուին ճանաչելու իր հիվանդությունը և ակտիվացնելու սեփական ռեսուրսները վերականգման նպատակով:

Վերջին ժամանակներս կանխարգելող ծրագրերի մշակման և իրագործման աճի համաշխարհային միտում է նկատվում, հայտնի են օրինակ ՁԻԱՀ-ի, թմրամիջոցների կանխարգելման ծրագրերը, այդ նպատակով կիրառվող սեռական կրթության և խնամքի միջոցառումները: Կանխարգելման ծրագրերն ունեն իրենց անշահարկելի առավելությունը` դրանք հնարավորություն են տալիս առավել քիչ ֆինանսական միջոցներ ներդնելով հասնել էական արդյունավետության, կարծում եմ անվիճելի է այն փաստը, որ հիվանդության բուժմանն ուղղված ծախսերը անշուշտ շատ ավելի մեծ են, քան կանխարգելման նպատակով կատարվող ծախսերը:

Երկրորդը իր մեջ ներառում է բժշկասոցիալական օգնության կազմակերպմանն ուղղված միջոցառումներ, բժշկասոցիալական գնահատում (էքսպերտիզա) բուն սոցիալական աշխատանքի կիրառում բժշկության և առողջապահության տարբեր ոլորտներում: Պաթոգենետիկական բժշկասոցիալական աշխատանքում գերակայող ուղղություն է համարվում այցելուների վերականգնումը: Իսկ հիմա այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում վերականգնողությունը. այն հանդիսանում է բժշկական, սոցիալտնտեսական, մանկավարժական միջոցառումների մի ամբողջական համալիր, որն ուղղված է հիվանդագին գործընթացների հնարավոր զարգացման նախազգուշացմանը, օրգանիզմի խանգարված գործառույթների լրիվ կամ մասնակի վերականգմանը, մարդու հարմարվողական ռեսուրսների և սոցիալական ակտիվության բարձրացմանը: Բժշկասոցիալական աշխատանքի վերջնական արդյունք է հանդիսանում մարդու սոցիալական ակտիվության վերականգնումը և ռեսուրսների արդյունավետ օգտագործման ձեռք բերումը: Վերականգնման գործընթացում շատ են կարևորվում իրավական, սոցիալական, և հոգեբանական շտկման բնույթի հարցերը: Հասկանալի է, որ այդ դեպքում այցելուի վերականգման գործընթացում պետք է ներգրավված լինեն տարբեր մասնագետներ, այդ պարագայում սոցիալական աշխատողը կարող է հանդես գալ ոչ միայն այցելուի հետ աշխատող մասնագետ, այլև այլ մասնագետների համագործակցությունը ապահովող մասնագետ:

Եվ վերջում կուզենայի նշել բժշկասոցիալական աշխատանքի հիմնական ուղղությունները`

•          ընտանիքի պլանավորում, մայրության և մանկության պաշտպանություն,

•          հոգեկան առողջություն,

•          նարկոլոգիա,

•          ուռուցքաբանություն,

•          ծերունաբանություն  և այլն:

Պետք է նշել, որ ոլորտներից յուրաքանչյուրն ունի իր դժվարություններն ու առանձնահատկությունները. բժշկասոցիալական աշխատանքում ներգրավված սոցիալական աշխատողի համար չափազանց կարևոր է հստակ պատկերացնել կոնկրետ ոլորտում պահանջվող տեխնոլոգիաների կիրառման սահմանները, առանձնահատկությունները: Պետք է նշել, որ շատ հաճախ, հատկապես այն ոլորտներում, որոնք զարգացման նախնական փուլում են գտնվում, սոցիալական աշխատողը կարող է ներգրավված լինել միաժամանակ և կանխարգելող, և պաթոգենետիկ մակարդակի աշխատանքներում, նման դեպքերում շատ դժվար է հստակորեն տարանջատել որտեղ են ավարտվում կանխարգելող աշխատանքները և որտեղ են սկսվում պաթոգենետիկ ուղղվածություն ունեցող աշխատանքները:

Եվ վերջում ամփոփ տեսքով կարելի է նկարագրել թմրամիջոցների կանխարգելմանը, կախվածությունից ձերբազատմանն և այցելուի վերականգմանն ուղղված քայլերը:

Թմրամիջոցների ապօրինի օգտագործման կանխարգելումը: Թմրամիջոցների ապօրինի օգտագործման կանխարգելումը ներառում է անհատական, հանրային և շրջապատող միջավայրի գործոնների վրա ազդող տարբեր միջոցառումներ, որոնց նպատակը, վերջին հաշվով, թմրամոլության կամ թունամոլության` որպես խնդրահարույց երևույթի մեղմացումն է: Այս միջոցառումները ներառում են տարբեր գործողություններ, որոնք ուղղված են առողջ և անվտանգ վարքագծի ձևավորմանն ու ամրապնդմանը:

Բնական է, որ թմրամիջոցների ապօրինի օգտագործման կանխարգելումը պետք է ուղղված լինի ինչպես նրանց օգտագործմանը նպաստող գործոնների դեմ, այնպես էլ ուժեղացնի այդպիսի օգտագործումը կանխարգելող գործոնները: Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի չարաշահման խնդիրն ինքնին լուրջ և բազմաբնույթ է, ուստի կանխարգելման գործողությունները նույնպես պիտի լինեն բազմաթիրախ և պետք է ընդգրկեն տարբեր ուղղություններ` սկսած նեղ շրջանակում անհատական շփումներից, վերջացրած լայնածավալ ազգային քաղաքականությամբ: Կանխարգելման ծրագրերի նշանակությունը: Միայն կանխարգելումն է, որ կարող է բերել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի չարաշահման նոր դեպքերի հաճախականության նվազեցման: Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի չարաշահումն արատավոր շղթայի միայն մի օղակն է: Ապացուցված է, որ դրանց պարբերաբար օգտագործումը հանգեցնում է հոգեկանև ֆիզիկական առողջության տարբեր խանգարումների, ինֆեկցիոն հիվանդությունների (ՄԻԱՎ, հեպատիտ B, C) տարածման: Այն ծանր հետևանքներ է թողնում ոչ միայն անհատի, այլ ամբողջ հասարակության և պետության վրա: Կանխարգելելով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի չարաշահումը, պակասում և կանխվում են նաև վերոհիշյալ բարդություններն ու հետևանքները: Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի չարաշահումը բերում է թմրամոլության և թունամոլության, որոնք ծանր քրոնիկ հիվանդություններ են, որ պահանջում են բուժում և վերականգնում  հիվանդի ողջ կյանքի ընթացքում և հաճախ մնում են անբուժելի: Այսպիսով, անհրաժեշտ է ավելի շուտ կանխարգելել թմրամոլության և թունամոլության առաջացումը, քան միջոցներ ձեռնարկել դրանց բուժման համար: Իհարկե, սա չի նշանակում, որ կարելի է անուշադրության մատնել թմրամոլությամբ կամ թունամոլությամբ տառապող անձանց ու չզբաղվել նրանց խնդիրներով: Կանխարգելումը և բուժումը պետք է գործեն համակցված: Պարզապես, ինչպես ասում է լատինական հին ասացվածքը` «ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել»: Պետք չէ մարդուն թողնել, որ նա ընկնի թմրամոլության ճահիճը, անտարբեր լինել, չզգուշացնել կամ միջոցներ ձեռք չառնել, և հետո, երբ նա արդեն դարձել է թմրամոլ, նոր միայն զբաղվել այդ մարդուն բուժելու գործով:

Թմրամիջոցների առաջնային կանխարգելումն ուղղված է այն երիտասարդներին, ովքեր դեռևս թմրամիջոցներ չեն օգտագործել, նպատակն է երիտասարդների շրջանում խրախուսել և ամրապնդել առողջ ապրելակերպը, բարձրացնել թմրամիջոցների և դրանց կանխարգելման երիտասարդության իրազեկության մակարդակը: Այս ամենի նպատակով կիրառվում են հետևյալ քայլերը ` տրամադրվում է հավաստի և լիարժեք տեղեկատվություն բնակչության լայն շերտերին, տրվում է ուսուցում թե երիտասարդներին, և թե նրանց հետ աշխատող մասնագետներին, երիտասարդների ներգրավում սպորտային, մշակութային խմբակների մեջ, այնպիսի հասարակական գործունեության մեջ, որը նպաստում է առողջ ապրելակերպի մասին պատկերացումների մեծացմանը: Սակայն բոլոր ձեռնարկվող քայլերը չեն ունենա բարձր արդյունավետություն, եթե չլինի համագործակցություն համայնքի, կրթական հաստատության, ոստիկանության, ծնողների և հասարակական կազմակերպությունների միջև:

Թմրամիջոցների երկրորդային կանխարգելումն ուղղված է թմրամիջոցների օգտագործման փորձ ունեցող և անբարենպաստ միջավայրում գտնվող երիտասարդներին: Նպատակն է երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի տարածում, առողջությանը վտանգ ներկայացնող ռիսկի գնահատման ունակության ձևավորում: Կանխարգելման այս փուլը իր մեջ մեծամասամբ ներառում է առաջնայինի դեպքում կիրառվող միջոցառումները, միայն այն տարբերությամբ, որ այս դեպքում ավելանում է նաև տվյալ երիտասարդին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրումը հասարակական տարբեր տիպի աշխատանքների մեջ ներգրավումը: Այս դեպքում նույնպես շատ են կարևորվում միմյանց հետ համագործակցող կողմերը` համայնքը, դպրոցը, ոստիկանությունը, ծնողները, հասարակական կազմակերպույունները, սոցիալական և հոգեբանական ծառայություն մատուցող կազմակերպությունները:

Թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձի վերականգնում կամ երրորդային կանխարգելում: Այս դեպքում թիրախային խումբ են հանդիսանում թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձիք:

Նպատակն է վերականգնել թմրամոլի առողջությունը, կանխել թմրամոլի ըմտանիքին սպառնացող ռիսկերի խորացումը և համայնքին ու ողջ հասարակությանը սպառնացող վտանգը: Այս փուլում կիրառվում բուն բժշկական միջամտություններ (դետոքսիկացիա, մետադոնային թերապիա և այլն), բացի այդ սոցիալական վերականգմանն ուղղված սոցիալ-հոգեբանական, մանկավարժական, տնտեսական աջակցության լայն ծառայությունների տրամադրում: Այս փուլում շատ է շեշտը դրվում վերականգնողական ծրագրերի վրա: Այս ամենի իրականացմանը պետք է նպաստեն ինչպես առողջապահական ոլորտի մասնագետները, այնպես էլ սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունները, առողջ ապրելակերպ քարոզող հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց հարազատները և ընտանիքի անդամները: Շատ կարևոր է հիշել մի հանգամանք` անհնար է ձեռնարկել և իրականացնել որևէ վերականգնողական ծրագիր, և ստանալ արդյունավետություն, եթե այդ բոլոր քայլերը հակառակ են թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձի կամքին, և եթե ինքն անհատապես չի եկել այն որոշման, որ ուզում է <<ՈՉ>> ասել թմրամիջոցներին:

Պատահական չէ այն հանգամանքը, որ թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց խնդիրները սկսեցին բարձրաձայնվել հենց կախվածություն ունեցողների կողմից և ստեղծվեցին անանուն թմրամոլների և անանուն հարբեցողների ինքնօգնության խմբերը: Ներկայումս նման ինքնօգնության խմբերը լայն տարածում ունեն, նույնիսկ գոյություն ունեն թմրամոլների ընտանիքների, ծնողների անանուն ինքնօգնության խմբեր: Ցավոք սրտի Հայաստանի քաղաքացին, ով ունի թմրամիջոցից կախվածություն դեռևս չի եկել այն գիտակցության, որ սեփական առողջության պահպանումը կարևոր է ոչ միայն իր համար, այլև իրեն շրջապատող մարդկանց համար, և ի վերջո հետագայում առողջ սերունդ ունենալու համար: Սակայն պետք է նշել, որ այդ խնդիրը գիտակցված չէ ոչ միայն կախվածություն ունեցող, այլև <<առողջ>>, կախվածություն չունեցող անձի կողմից: Հայաստանում դեռևս չեն ծագել ինքնակամ շարժումներ, նման պայմաններում սոցիալական աշխատողի խնդիրը  կարող է շատ ավելի բարդ լինել: Արտասահմանյան փորձից ելնելով  պետք է նշել, որ գոյություն ունեն թմրամիջոցների կախվածությունից վերականգման տարբեր մոդելներ: Առաջին քայլերից մեկն է նարկոլոգիական կենտրոնում մատուցվող ծառայություններում բժշկական մոդելի կողքին կարևորել նաև սոցիալական ուղղվածություն ունեցող մոդելները, ընդ որում, թե ամբուլատոր, թե ստացիոնար բաժիններում, բացի նարկոլոգիական կենտրոնից նույն սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրումն ապահովել հասարակական կազմակերպությունների և առողջապահական ուղղվածություն ունեցող այլ հաստատություններում, շատ են տարածված թմրամիջոցներից զերբազատվել ցանկացողների կողմից հիմնած համայնքները, որոնց ադմինիստրատիվ և կազմակերպչական տարբեր խնդիրներով զբաղվում են համայնքի նախկին թմրամոլները, այդ համայնքները կարելի է պայմանականորեն բաժանել երկու տիպի` փակ և բաց: Առաջինը ենթադրում է թմրամոլի լիարժեք իզոլացում նախկին միջավայրից որոշակի ժամանակով, համայքնի ներսում թմրամոլը կատարում է տարբեր տիպի աշխատանքներ, որոնց համար վարձատրվում է, մասնակցում համայնքային աշխատանքներին կամավոր կերպով, և այլն, այս համայնքներում գործում են խիստ կանոններ, որոնց համաձայն գեթ մեկ անգամ թմրամիջոց օգտագործելը համայնք մուտք գործելուց հետո, կարող է հանգեցնել նրան, որ տվյալ մարդը հեռացվի համայնքից: Երկրորդ տիպի համայնքները ավելի բաց են, այս համայնքի անդամը կարող է ունենալ աշխատանք, որը գտնվում է համայնքից դուրս, իր հետաքրքրությունների շրջանակը, սակայն նա նաև մասնակցում է համայնքի կյանքին, մասնակցում կազմակերպվող ինքնօգնության խմբերին, թերապիաներին և այլն: Իհարկե, միայն համայնքներով, ինքնօգնության խմբերով, և մնացած վերը նկարագրած միջոցառումներով չեն ավարտվում վերականգնողության տարբեր ձևերը, սակայն առավել ամփոփ նկարագրով փորձենք ըմբռնել մի բան, որ նախ և առաջ հակառակ թմրամոլի կամքի կատարված աշխատանքը արդյուն չի ունենա, այդ ռիսկային խմբին պատկանող մարդկանց մոտ պետք է ձևավորվի վերականգնվելու ցանկություն, իրավիճակի գիտակցում, և ողջ հասարակության համար պետք է հարցի լուծումը դառնա պահանջմունք, պետք է դաշտը ապահովել համապատասխան մասնագետներով, այդ թվում նաև սոցիալական աշխատողներով, ուստի կոչ եմ անում ձեզ ապագա սոցիալական աշխատողներ, ձեր հետագա նեղ մասնագիտացումը ընտրելիս, հիշեք, որ այս դաշտը սոցիալական աշխատողներով համալրվելու շատ մեծ կարիք ունի:

FacebookGoogle GmailLiveJournalTwitterWordPressYahoo MessengerYahoo BookmarksMySpaceGoogle ReaderBlogger PostShare

Մեկնաբանել