Պիեռ Բուրդիե. “Կախարդված կղզու արկածախնդիրները”

downloadԹարգմանեց՝ Հռիփսիմե Դայան
hp.dayan@rambler.ru

Սոցիոլոգի հետ միասին հասանք մեր հարցազրույցների շարքի տրամաբանական ավարտին, նախքան օգոստոսի 26-ին գրախանութում կհայտնվի նրա գիրքը՝ Տղամարդկային գերակայությունը (Seuil հրատ.) և սե՞րը: Ի՞նչ դեր է վերջինս խաղում կանանց ու տղամարդկանց միջև առկա ազդու հարաբերություններում:

Բուրդիեին կարդալիս հաճախ է ծագում այս հարցը: Մեզ, ովքեր կարծում էինք, որ ազատ ու անկախ անհատներ ենք, իր բոլոր գործերը շարունակ բացահայտում էին մեր սոցիալական դետերմինիզմը: Մեր մասնագիտական, էմոցիոնալ, էսթետիկ ընտրությունը, մեր թուլությունները, տառապանքները կամ երաշխիքները, մեր սոցիալական վերելքները կամ խզումները, մեր խոսելու կամ մտածելու ձևը, մեր գիտակից կամ անգիտակից հարումները համապատասխանում են սոցիալական տրամաբանությանը՝ համաձայն մեր ծագման, մեր տոհմաբանության, այն «դաշտին»,  որին պատկանում ենք… Այս ամենում հնարավո՞ր է լինի մաքուր զգացում, իսկական, սոցիալականի համար անվերծանելի սեր, որը գոյության ապահովման ամենաուժեղ շարժիչներից մեկն է:

Որքան գիտենք, Պիեռ Բուրդիեն առաջին անգամ է պատասխանում այս հարցին: Եվ եթե այո, ապա՝ միաժամանակ բուռն, զգուշավոր, ոգևորված ու իմաստուն կերպով:

Télérama. Ձեր գրքի վերջում Դուք պատկերում եք «մաքուր սեր»՝ միակ «կախարդված կղզին», ուր սեռերի միջև առկա գերակայության հարաբերությունները կարող են վերացվել: Ի՞նչ է տվյալ դեպքում նշանակում մաքրություն:

Պիեռ Բուրդիե. Մաքուր, նկատի ունեմ շուկայից, շահերից անկախ: Մաքուր սերը` արվեստ է սիրո արվեստի համար. սեր, որը չունի այլ վերջ, քանի իր վերջը: Սերն առ արվեստ և մաքուր սերը XIX-րդ դարում ի հայտ եկած սոցիալական կառուցվածքներ են: Միշտ ասում են, որ սերը սկիզբ է առնում տրուբադուրների դարից, ինչը սխալ չէ: Բայց մեզ հայտնի ռոմանտիկ սերն իսկապես բոհեմյան կյանքի արգասիքն է, և դա լիովին Ֆլոբերի «Զգացական կրթություն» ստեղծագործության սյուժեն է` մաքուր սիրո ու «նորմալ» սիրո հակադրումը…

Télérama. Ի՞նչ ասել է մաքուր սեր:

Պիեռ Բուրդիե. Ասել է թե սեր, որի նկատմամբ սոցիալապես պատժամիջոցներ են կիրառվել: Մաքուր սերը հորինվում է նկարիչների ու այն մարդկանց մոտ, ովքեր կարող են ներդրում ունենալ գրական կապիտալի, դիսկուրսի, խոսքի սիրահար հարաբերություններում… Այն ամենը, ինչ Ֆլոբերը ցույց է տալիս իր վեպում: Հանդես եկող երեք կանանցից յուրաքանչյուրը սիրո ներկայացուցիչներն են ու որոշակիացնում են իրենց մեկը մյուսի նկատմամբ: Տիկին Դամբրյոզը բուրժուական սիրո մարմնացումն է, տիկին Ամուլը` մաքուր սիրո և Ռոզանետը` ծախու ու վարձու սիրո: Մաքուր սերը սահմանվում է միաժամանակ բուրժուական սիրո դեմ, որի նպատակը կարիերան է, և ծախու սիրո, որի նպատակը փողն է: Երկուսն էլ սիրում են վարձկանների:

Télérama. Սա նշանակում է՝ մաքուր սերը սոցիալական զանցա՞նք է:

Պիեռ Բուրդիե. Այո, որովհետև այն սոցիալական կարգի խախտում է, որը պահանջում է այլ երաշխիքներ: Մաքուր սերը խենթ սերն է, իսկ ընդունելի սոցիալական սերը ենթակա է ոչ միայն կենսաբանական, այլև սոցիալական բնույթի վերարտադրման հրամայականներին:

Télérama. Այնտե՞ղ էլ կարող է սեր լինել:

Պիեռ Բուրդիե. Անշուշտ. դա էլ է սեր: Բայց ոչ խենթ սեր: Դա հարմարվողական սերն է, հասարակական նախասահմանմանը համապատասխանող սեր, l’amor fati: Սիրում են իր «խոստացածը»: Այս առումով սոցիոլոգիական վկայությունները շատ հուսահատեցնող են: Մինչդեռ, երբ վիճակագրորեն ուսումնասիրում ենք ամուսնությունները, ապա տեսնում ենք, որ դրանք միավորում են միևնույն միջավայրի կանանց ու տղամարդկանց: Այլ կերպ ասած, այդ միատարրությունը երաշխավորված ու սահմանված էր ընտանիքների կողմից. այն պատճառային ամուսնություն էր, սոցիալական պատճառ ունեցող: Այսօր տղաներն ու աղջիկները ծանոթանում են ավելի ազատ ձևով, ու միատարրությունը դեռ գործառնում է: Բեարնում ես ուսումնասիրում էի անցումը պայմանավորված ամուսնություններից ազատ ամուսնություններին, երբ  պարահանդեսը դարձավ «շուկա», որտեղ ձևավորվում էին միություններ, ինչից էլ և ամուսնություններ: Հետաքրքիր է՝  նրանք ո՛չ ընտրության, ո՛չ էլ գերիշխող մարմնի (ընտանիքի) միջամտության արդյունքն են. դրանք սեր կոչվող սոցիալական կարգերի արդյունքն են…

Հնարավոր է ունենք ամուսնալուծության բարձր տոկոս, որովհետև ամուսնության մեջ ավելորդ սպասումներ ենք ներդնում: Սա, մասնավորապես, կապված է կանանց հետ, ովքեր ավելի շատ են կախված սիրո արժեքներից, քան տղամարդիկ: Հատուկ ուզում եմ նշել ևս մեկ անգամ՝ զուտ սոցիոլոգիական դրդապատճառներից ելնելով սրանք ոչ մի ընդհանուր բան չունեն ենթադրելի կանացի «բնույթի» հետ: Հաճախ նշում են, որ կանայք ռոմանտիկ են, և դա այդպես է բոլոր միջավայրերում, բոլոր մակարդակներում, ինչպես վկայում է այն փաստը, որ կանայք ավելի ներգրավված են ընթերցանությանն ու գրականությանը:

Télérama. Այդ դեպքում մաքուր սերը կլիներ բացառություն, չափազանց եթերային: Եվ թվում է այն գոյություն ունի աշխարհի սահմաններից դուրս միայն: Մի՞թե անգամ եթե հետևենք համաշխարհային սոցիալական սահմանափակումներին, այն կմնա ամենաուժեղը:

Պիեռ Բուրդիե. Այդպես պատահում է: Գրականությունը լիքն է մաքուր սիրո հաղթանակներով: Իրականում առանց բռնության, առանց գերակայության այդ կախարդված կղզին սարսափելի խոցելի է: Մաքուր սերը խելամիտ չէ, խելամիտ՝ այսինքն համապատասխան սոցիալական իրականությանը: Դա «հրաշք» է, բազմաթիվ փակագծերով, սոցիոլոգիապես հրաշալի. քիչ հավանական է, որ տեղի կունենա, բայց այն հազարից մի հնարավորություն ունի: Կատարյալ փոխադարձությունը, փոխադարձ հիացմունքը դատապարտված են անկման… թեկուզ և որպես առօրեա կենցաղի հետևանք:

Մարդիկ չեն սիրում, երբ իրենց բացատրում են, որ իրենք ցանկանում են պահպանել «բացարձակը»: Գտնում եմ՝ ավելի լավ է իմանալ: Շատ տարօրինակ է, որ այդքան վատ ենք յուրացնում ռեալիզմը: Իր էությունում սոցիոլոգիան շատ մոտ է իմաստություն ասվածին: Այն սովորում է խուսափել խաբկանքից: Նախընտրում եմ ազատվել կեղծ կախարդանքներից` հիանալու իրական «հրաշքներով»՝ իմանալով, որն դրանք արժեքավոր են, քանզի փխրուն են:

Télérama. Եթե վերացնեինք տղամարդկային գերակայության բոլոր դրսևորումները, ինչպիսի՞ն կլիներ կանանց ու տղամարդկանց միջև հնարավոր դերը, գայթակղումը (որը, ըստ Ձեզ, սեռական գերակայության ոչ բացահայտ ճանաչումն է), էակների միջև խաղը, անգամ` հմայքը:

Պիեռ Բուրդիե. Որոշ մտավորականներ պաշտպանում են քաղաքավարության ֆրանսիական ավանդույթը, անհանգստանալով տեսնել անհետացման եզրին գտնվող տղամարդ/կին ներկա հարաբերության այսօրվա հիասթափությունը: Նման վերաբերմունքը, որը հաճախ ուղեկցվում է ֆեմինիզմի նկատմամբ լցված չարակամությամբ, ինձ ընդհանրապես դուր չի գալիս, որովհետև սա հին գաղափարներին անդրադառնալու ժամանակակից մոտեցում է: Դա հետաքրքիր չէ, ու նաև սխալ: Կարո՞ղ է գենդերային հարաբերությունների կամ, ընդհանրապես, սեռական հարաբերություններ միջև առկա պարզությունը ոչնչացնի ցանկացած կախարդանք: Չեմ կարծում: Սա կազատեր հարաբերությունները նրանից, ինչն իրենց խանգարում է՝ անբարեխղճությունից (սարտրյան իմաստով «ստել ինքդ քեզ»), ստից, անհասկացվածությունից:
Աստված գիտի՝ շատ լավատես չե՞մ արդյոք, բայց, որոշ դեպքերում խորհրդանշային գերակայության ազդեցությունների վերլուծությունը կլինիկական առաքինություն ունի: Սա վերացնում է այն սահմանափակումները, որոնք մարդիկ վերցնում են իրենց վրա, որովհետև վերջիններս սոցիալական «ծրագրերում» խաղում են նախապես ձևավորված դերեր: Մեկը տղամարդ, մյուսն էլ կին ձևավորելու համար:

Télérama. Տեսնելով «Վիագրա» հաբի հաջողությունը, կարծում ենք, որ այն վաղը տեղի չի ունենա, քանի որ առնականությունը մնում է արժեք ու տառապանք

Պիեռ Բուրդիե. Տառապանք, որովհետև արժեք է: «Վիագրա» հաբի հաջողությունը ընդամենը տեսանելի ապացույցն է բժիշկների կամ հոգեվերլուծաբանների պրակտիկայում վաղուց հայտնի փաստի:

Հատկապես տղամարդիկ կարող էին հեշտացնել իրենց կյանքը: Բավական երկար ժամանակ տղամարդկային դերն ինձ համար անտանելի էր՝ բլեֆ անողի, ամենագետ ցուցամոլի, էքզիբիցիոնիստի առումով: Եթե տղամարդ/կին հարաբերությունները (որոնք նաև վերարտադրվում են միասեռականների դեպքում) զրկված լինեին այդ ներկայացումից, տղամարդիկ ավելի ազատ կշնչեին: Տղամարդկային թվերն ուղղակի սպանիչ են:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *