Ֆուտբոլային ինքնությունը որպես այլ սոցիալական ինքնությունների շրջանառման միջոց

Առհասարակ խոսելով ֆուտբոլային ինքնության սոցիալական կողմի մասին առաջին հերթին անհրաժեշտ է տարանջատել բոլոր այն խմբերը, որոնք հանդիսանում են տվյալ սպորտաձևի ոչ անմիջական մասնակիցները դիտորդները: Այս համախմբությունը կրում է ոչ համասեռ բնույթ և բաղկացած է երեք  խմբերից:

Դրանք են

1.            ՙ Hooligans ՚ խումբը, որը հանդիսանում է առավել ակտիվ և ագրեսիվ խմբավորում, որին բնորոշ է հակասոցիալական վարքի արտահայտումը ֆուտբոլային խաղերին և դրանց առնչվող ժամանակահատվածներում: Սրանք իրենցից ներկայացնում են տիպիկ հակամշակույթ, որն ունի իր ՙ չգրված օրենքները՚, որոնք պարտադիր բնույթ են կրում բոլոր անդամակիցների համար, իսկ որպես սանկցավորում կիրառվում է խմբից հեռացումը: Այս խմբի ներսում առկա է դերային խիստ դիֆֆերենցացիա, որին համապատասխանում են որոշակի գործառույթներ: ՙHooligans՚-ը բնութագրվում է իր փոքր չափերով և անհատականացվածությամբ: Վերջինս կարող է կրել ինչպես անվանական, այնպես էլ կարգային բնույթ:

2.            Երկրպագուների խմբեր: Սրանք  ձևավորվում են որոշակի տարածական սկզբունքի հիման վրա, քանի որ այս դեպքում ապահովվում է երկրպագուների միջև հաղորդակցական կապը: Հետագայումª ընդլայնվելու ընթացքում, այն սկսում է ներառել նորանոր անդամների: Վերջինս կարելի է դասել ենթամշակույթների շարքում: Այն ունի իրեն բնորոշ սիմվոլիկան և ատրիբուտները և ներքին կանոնակարգը: Այս ենթամշակույթն ունի հիերարխիկ բնույթ, որի տարանջատիչ հատկանիշներն են հանդիսանում ՙմեկնումների՚ թիվը և թիմային նվիրվածությունը: ՙՄեկնումները՚ կարող են լինել ինչպես երկրի ներսում, այնպես երկրից դուրս:  Երկրից դուրս ՙմեկնումների՚ թիվը որոշիչ դեր է կատարում հիերարխիկայում որոշակի դիրք գրավելու համար:

3.            Չկազմակերպված երկրպագուների խմբեր կամ այսպես կոչված ՙ աջակիցների՚ խումբ: Սրանց համար երկրպագուների խումբը, իսկ երբեմն նաև ՙhooligans՚-ը հանդիսանում են ռեֆերենտ խումբ: Չունենալով կենտրոնացված կառավարման օրգան և հնարավորություն չունենալով իր վրա ընդունել առաջին երկու խմբերի ամբողջական սիմվոլիկան և ատրիբուտներըª այս խումբը բռնում է ոչ թե տարածական կամ ՙթշնամական՚ ինքնության ձևավորման ուղին, այլ հիմնվում  և հիմնական տարածում է ստանում ինֆորմացիոն հոսքերի արդյունքում:

Թիմային աջակիցները, չհանդիսանալով որոշակի ֆորմալ ենթամշակույթի անդամներ, ամեն դեպքում ներառվում են որոշակի սոցիալական ցանցերի մեջ, մասնակցում են ֆանատների կոլեկտիվ գործողությունների մի մասին և այդ կերպ դուրս չեն մնում առավել ցանկալի ռեֆերենտ խմբին բնորոշող հատկանիշներից:

Այս խումբը, ի տարբերություն նախորդ խմբերի, չունի տարածական և թվային սահմանափակումներ:

Աշխատանքը հիմնականում կենտրոնանում է աջակիցների խմբի ուսումնասիրման վրա, քանի որ վերջիններս մեծ հետաքրքրություն են ներկայացնում իրենց տարածվածությամբ և տարանջատիչ հատկանիշներով:

Դրանք կարելի է դիտարկել որպես սոցիալական ինքնություն ունեցող ուրույն խմբեր, որոնց կարելի է բնութագրել սոցիալական ինքնությանը բնորոշ բոլոր չափորոշիչներով: Վերջիններս առավել լավ հասկանալու համար անհրաժեշտ է անդրադարձ կատարել սոցիալական ինքնության մասին գոյություն ունեցող մոտեցումներին:

Սոցիալական ինքնության ուսումնասիրման մեջ մեծ ավանդ են ունեցել սոցիալական ինքնության տեսության հիմնադիրներ Հենրի Թաջֆելն ու Ջոն Թըրները 1970-ական թվականներին:

Թաջֆելը սահմանում է սոցիալական ինքնությունը. ՙորպես անհատի գիտելիքն այն մասին, որ նա պատկանում է որոշակի սոցիալական խմբիª հիմնվելով խմբային անդամակցության որոշակի էմոցիոնալ և արժեքային կարևորության վրա՚:

Տեսությունը նշում է, որ ինքնաներառող ցանկացած տիպի սոցիալական կատեգորիա, որի օրինակ կարող է հանդիսանալ նաև ֆուտբոլային աջակիցների   խումբը, ապահովում է կատեգորիզացված սոցիալական  սահմանում, որն իր հերթին հանդիսանում է ՙես-կոնցեպցիայի՚ մի մասը: Անհատը ընդունում է այս կատեգորիան որպես սոցիալական ինքնություն, որը ոչ միայն նկարագրում, այլև նաև վերագրում է ատրիբուտների մի շարք, որոնք հանդիսանում են տվյալ խմբի մի մասը:

Այս ամենն իրականացվում է համապատասխանաբար երկու հիմնական գործողությունների միջոցովª կատեգորիզացում և ինքնահագեցում: Ինքնահագեցումն ապահովում է, որ ձևավորվեն խմբային սահմաններըª ստեղծելով խմբային նորմատիվ և կարծրատիպային գործողությունների և ընկալումների շարան: Հիմք ընդունելով վերոնշյալըª իրականացվում է անհատների բաշխում համապատասխան խմբերի: Կատեգորիզացման գործընթացը, որը խթանում է այդ բաշխումը, ապահովում է, որ ներխմբային կարծրատիպերը և նորմերը հիմնականում համապատասխանեն տվյալ խմբին առաջադրված պահանջներին:

Բացի վերոնշյալ գործընթացներից որպես հավելում հանդես են գալիս նաև համեմատումը և հոգեբանական տարբերակումը: Մենք համեմատում ենք մեր խումբը այլ խմբերի հետ, տեսնելով մեր խմբի բոլոր դրական կողմերը և փորձում ենք բացառել բացասական կողմերի գիտակցումը: Հոգեբանական տարբերակման գաղափարի հիմքում ընկած է այն փաստը, որ անկախ առկա համեմատականներին, մենք միշտ փորձում ենք լինել տարբեր դիմացի խմբից և միևնույն ժամանակ դրականորեն համեմատելի այլ խմբերի հետ:

Աջակիցների դեպքում յուրահատուկ կերպով է կատարվում կատեգորիզացման գործընթացը: Քանի որ այստեղ բացակայում են որոշակիացված խմբային նորմերն ու կանոնները, խմբի  յուրաքանչյուր անդամ, կամ դրա մի մասը, հնարավորություն է ստանում որոշել տվյալ ինքնություն  ունենալու կամ չունենալու հարցըª ելնելով իրավիճակից: Տվյալ պարագայում որպես որոշիչ գործոն հանդես են գալիս խմբային սուբյեկտիվ ընկալումներն այն մասին, թե հատկապես ինչպիսի տարրերից է բաղկացած իրենց ինքնությունը:

Ինքնահագեցման գործընթացը տեղի է ունենում անուղղակիորեն: Ելնելով այն հանգամանքից, որ ֆուտբոլային ինքնությունը շատ հաճախ ասոցացվում է այլ տիպի ինքնությունների հետ, ինչպիսիք են ազգային, կրոնական, քաղաքական ինքնությունները, ապա ինքնահագեցումը սկսվում է իրականացվել ելնելով այդ տարանջատիչ ինքնություններից: Որպես վառ օրինակներ այստեղ կարող են ծառայել ֆուտբոլային թիմերի տարանջատումը կաթոլիկ և բողոքական թիմերի Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում, հիմնական ազգաբնակչության և էթնիկ փոքրամասնության արտահայտումը Հորդանանում և Իսրայելում համապատասխանաբար պաղեստինյան և արաբական փոքրամասնությունների ձևով կամ էլ ավստրալական թիմերում եվրոպական ինքնության արտահայտումը եվրոպացի միգրանտների համար:

Ինչ վերաբերում է խմբային համեմատմանը և հոգեբանական տարբերակմանը, ապա վերջիններս առավել թույլ արտահայտում են  գտնում այստեղ: Սա պայմանավորված է այն գործոնով, որ աջակիցները, հանդիսանալով չկազմակերպված խմբավորում, չունեն որոշակի պատասխանատվություն իրենց թիմային գործողությունների համար և ցանկացած իրավիճակում կարող են դիտարկել ֆուտբոլային խաղը որպես հավասարակշիռ պայքար, որն ավարտվեց ոչոքիիով կամ անգամ  որոշակի բացասական գնահատական տալ իրենց աջակից թիմինª մեղադրելով նրանց անհաջող արդյունքների հասնելու մեջ:

Ֆուտբոլային ինքնությունը շատ գրեթե բոլոր ժամանակաշրջաններում սերտորեն կապված է էղել տարածական ինքնության հետ: Ի սկզբանե կարելի է ասել դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ֆուտբոլային թիմերը ձևավորվում են որոշակի խոշոր քաղաքների շուրջ և հետագայում միայն տարածում ստանում ոչ տեղային թիմային աջակիցների տեսքով: Սա իր վառ արտահայտումն է գտել հատկապես մրցակից երկրների կամ քաղաքների թիմերի աջակիցների միջև առկա թշնամական վերաբերմունքի մեջ: Այս միտումը սակայն կորցրեց իր արդիականությունը որոշակի երկրներում, քանի որ այստեղ առավել խոշոր քաղաքների թիմերը սկսեցին իրենց թիմային խաղով զիջել զարգացող քաղաքների թիմերին, ինչպես եղավ իտալական Հռոմի ՙՌոմա՚ թիմի հետ:

Այս պարագայում եթե երկրպագուների դեպքում խոսք կարող է գնալ պարզապես իրենց թիմին նվիրվածության և տարածական ինքնության համատեղ արտահայտման երևույթի մասին, ապա աջակիցները այստեղ  չունենալով խիստ կապվածություն իրենց թիմի հետ  սկսում են հենվել տարածական ինքնության վրաª մի կողմ թողնելով իրենց ֆուտբոլային ինքնությունը:

Ֆուտբոլային ինքնության արտահայտման մեխանիզմներն ու միջոցները առավել ակնհայտ են դառնում, երբ դրանց դիտարկվում են Բենեդիքտ Անդերսոնի տեսության ներքո:

Բենեդիքտ Անդերսոնի կողմից առաջարկվող տեսությունը առանձնանում է իր ինքնության մասին յուրահատուկ մեկնաբանմամբ, որն ի սկզբանե կողմնորոշված է եղել դեպի ազգային ինքնությունը և որպես նպատակ է ունեցել բացահայտելու ազգայնականության հիմքերը:

Բազում գիտնականներ գտնում են, որ վերջինիս կողմից առաջարկվող ՙերևակայելի հանրույթներ՚ հասկացությունը հնարավոր է կիրառել տարաբնույթ ենթատեքստերում և որ այն տարածելի է տարբեր խմբերի վրա:

Իր աշխատությունում Անդերսոնը ազգը ներկայացնում է որպես ՙերևակայելի հանրույթ՚: Տվյալ պարագայում հանրույթ ասելով, նա մատնանշում է, որ որոշակի խմբի անդամներ ունեն ընդհանուր հատկանիշներ, որոնք էականորեն տարբերակում են տվյալ խմբին այլ խմբերի անդամներից: Հանրույթների սահմանումը հնարավոր է իրականացնել հիմնվելով մի շարք չափորոշիչների վրա, ինչպիսիք են համապատասխանաբար էթնիկ, սոցիալական, կրոնական, քաղաքական կամ ազգային բնութագրիչները: Գործընթացներն ընթանում են ինտեգրման և դիֆֆերենցացման գործընթացներ սկզբունքներով, այլ կերպ ասած տեղի են ունենում ներառում և բացառում:

Որպես տեսության, ֆուտբոլային ինքնության ասպարեզում, կիրառելիության հիմնավորում կարելի է մատնանշել Անդերսոնի կողմից առաջարկվող այն գաղափարը, որ ՙերևակայելի հանրույթների՚ առաջացումը պայմանավորված է առաջին հերթին ԶԼՄ-ների միջոցով տվյալ երևույթի մեկնաբանմամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆուտբոլը լայնորեն հեռարձակվում և լուսաբանվում է հեռուստաալիքներով և մամուլով, ինչպես նաև էլեկտրոնային սոցիալական ցանցերի միջոցով ֆուտբոլային աջակիցների և երկրպագուների միջև կապի հաստատում և ընդլայնում է տեղի ունենում, ապա այսպիսով ապացուցվում է ֆուտբոլային ինքնության տարածվածության գաղափարը:

Անդերսոնի տեսության կենտրոնական տարրն է հանդիսանում այն պնդումը,որ չնայած անհատը ինչ-որ կերպ իր վրա կրում է ինքնության որոշակի տարրեր, որը բնորոշում է որոշակի սոցիալական խմբավորումը, ավելի քան հավանական է,որ նա ուղղակի անհատական կապ չունենա այդ խումբը ներկայացնող անդամների գերակշիռ մեծամասնության հետ: Ահա թե ինչու է տվյալ խումբն անվանվում հատկապես երևակայելի:

Ընդունված է համարել,որ կոնկրետ թիմի երկրպագուները կարող են անձնական շփումների մեջ չգտնվել տվյալ թիմի երկրպագուների ողջ բանակի հետ, մինչդեռ շատերի համար սա հանդիսանում է ոչ էական գործոն: Նրանց համար այն գիտելիքը,որ իրենք ձևավորում են սոցիալական փոխկապված ցանցի մի մասը, որից էլ բաղկացած է սոցիալական խումբը, բավարար է, որ նրանց մոտ առաջանա հպարտության և մասնակցության զգացումները: Համաձայն Անդերսոնի այս զգացումները կարող են ծնվել անգամ  անհատների այն գիտակցության հիման վրա, որ իրենց նման մարդիկ, այսպես կոչված ՙերևակայելի հանրույթը՚ կազմող կորիզը, մեծաթիվ է:

Անդերսոնը մշակել է նաև ներխմբային և արտախմբային պատկանելիության գաղափարըª ներկայացնելով Ուրիշի կերպարը ինչպես անհատական, այնպես էլ խմբային, հանրույթային մակարդակում: Կոլեկտիվ ուրիշի սահմանազատումը տեղի է ունենում ինչպես էական բնութագրիչների, այնպես էլ հավելյալ բնութագրիչների հիման վրա: Հիմնական միտքը հետևյալն է. ՙ Ինչքան տարբեր են տեսակետները և ինչքան մոտ է դիֆֆերենցացման հիմքը հանրութակերտ բնութագրիչին, այդքան առավել բացասական կլինի Ուրիշների խմբի հետ փոխազդեցությունը՚:

Երկրպագուների դեպքում իրավիճակը կարող է երկու ընթաց ստանալ: Մի դեպքում, եթե հակառակորդ թիմը հանդիսանում է տվյալ թիմի ոչ ընդգծված մրցակից, ապա երկրպագուներն անգամ կարող են որոշակի հարգանք ցուցաբերել տվյալ թիմի նկատմամբ: Մյուս դեպքում ՙուլտրա՚ թիմերի երկրպագուները անգամ եթե մրցակից թիմը խաղում է ոչ թե իրենց թիմի, այլև մեկ այլ թիվի հետ ընտրում են բացասական համեմատման ռազմավարությունը:  Որպես առաջին դեպքի օրինակ կարող է ծառայել 70-ական թվականներին Թբիլիսիի ՙԴինամոյի՚ խաղը Հայաստանում, որին հայ երկրպագուները դիմավորեցին հոտնկայս:

Ուրիշների հետ փոխազդեցությունն ընթանում է ելնելով անհատի կողմից իր խմբային ինքնության արտահայտման մակարդակից: Տարբեր մարդկանց մոտ որոշակի թիմի աջակից հանդիսանալը կարող է իրեն նկարագրել որպես տվյալ թիմի երկրպագու, իսկ մեկ այլ դեպքում պարզապես մարզադաշտին մոտ ապրող մարդ, որին ֆուտբոլային խաղերի հաճախումը թույլ է տալիս արտահայտել իր սոցիալական ինքնությունը:

Ինչպես նշում է սպորտի սոցիոլոգիայի վառ ներկայացուցիչ Շորը, անհատն իր կյանքի ընթացքում բազում դերեր է ստանձնում և այդ իսկ պատճառով տարբեր ժամանակահատվածներում սոցիալական ինքնության արտահայտման տարբեր տարրեր կարող են հանդիսանալ գերակշռող տվյալ անհատի մոտ:

Նմանապես անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը,որ ֆուտբոլային աջակիցները կարող են համարել իրենց համասեռ խումբ ըստ էական հատկանիշների, բայց իրականում բավականին տարբերվել միմյանցից ոչ միայն այն հատկանիշներով, թե տվյալ ակումբի որ կողմերի հետ են իրենք նույնականացնում իրենց, այլ թե ինչպես են իրենք մեկնաբանում ակումբն ինքնին:

Ամեն դեպքում կարելի է ասել,որ ֆուտբոլային ինքնությունը հանդիսանում է մի միջոց, որի օգնությամբ անհատի ինքնությունը կազմող մնացյալ տարրերը կարողանում են վերահաստատվել և շրջանառվել:

Ֆուտբոլային ինքնության արտահայտումը ինչպես և այլ ցանկացած տիպի ինքնություն իր արտացոլումն է գտնում որոշակի սիմվոլների և ատրիբուտների միջոցով:

Ինչպես արդեն նշվեց աջակիցները սովորաբար ընտրական կերպով են ընկալում թիմային սիմվոլներն ու ատրիբուտները:

Առհասարակ որոշակի խմբի հետ նույնականացման գործընթացի արդյունքում որոշակի սոցիալական ինքնություն ունեցող խումբ ունենում է սիմվոլիկայի 4 խոշոր խումբª 1. սեփական խմբի/թիմի սիմվոլիկա 2. ընկերական խմբի/թիմի սիմվոլիկա 3. հակառակորդ խմբի/թիմի սիմվոլիկա 4.այն խմբի/թիմի սիմվոլիկա, որի հետ տվյալ խումբը որոշակի առնչություն չի ունենում: Այսինքնª կարելի է ասել,որ սիմվոլիկայի տարբեր տիպերը ասոցացվում են տարբեր տիպի էմոցիաների հետª ընկերականից ընդհուպ մինչև թշնամական:

Խոսելով սիմվոլների և սիմվոլիկայի մասին, առաջին հերթին անհրաժեշտ է նշել գույների որոշակի կոնկրետ հավաքի և հաջորդականության մասին: Յուրաքանչյուր ֆուտբոլային թիմ որոշակի գունային համադրման միջոցով արտահայտում է իր ինքնությունը, որը սկսվում է կրկնօրինակվել երկրպագուների և աջակիցների կողմից: Որպես արդյունք շատ հաճախ գունային որոշակի հաջորդականությունները սկսում են ասոցացվել անմիջապես թիմերի հետ:

Աջակիցների և երկրպագուների համար շատ կարևոր է տվյալ հարցում որոշակի կայունության ապահովումը, քանզի դրանց փոփոխությունները ստիպում են երկրպագուներին նաև փոփոխություններ իրականացնել ատրիբուտների շրջանում, որը շատ հաճախ կարող  է  հանգեցնել կոնֆլիկտների երկրպագուների շրջանում: Մինչդեռ աջակիցների համար սա կարող է անգամ հանգեցնել որոշակի հետաքրքրության կորստի  տվյալ թիմի նկատմամբ: Օրինակª Ռուսաստանում մոսկովյան ՙՏորպեդո՚ թիմը ասոցացվում էր իրենց մարզադաշտի հետ: Երբ այս թիմի բաժնետոմսերի մեծամասնությունն անցավ ՙԼուժնիկի՚ թիմի ներկայացուցիչների ձեռքը, նրանք որոշեցին թիմի ներքին խաղերն անցկացնել ՙԼուժնիկի՚ մարզադաշտում և թիմն էլ համապատասխանաբար վերանվանվեց ՙՏորպեդո-Լուժնիկի՚: Սա բերեց մի իրավիճակի, որ երկրպագուների ու աջակիցների մի մասը սկսեցին երկրպագել երկրորդ դիվիզիոնում պայքարող ՙՏորպեդո-ԶԻԼ՚ թիմինª համարելով այն հանրահայտ տորպեդյան ֆուտբոլիստներիª հատկապես Ստրելցովի անունը բարձր պահող և իրական իրավահաջորդ հանդիսացող թիմ:

Ատրիբուտների տարանջատումը տեղի է ունենում 3 հիմնական խմբիª 1.ՙմարտական խմբերի՚ª  hooligan’s ատրիբուտներ 2. ֆան-խմբերի ատրիբուտներ 3. համընդհանուր աջակիցների ատրիբուտներ: Առաջին երկուսի առանձնահատկությունը կայանում է նրանում,որ առաջին երկուսը չեն ներկայացվում վաճառքում, այլ այդ ատրիբուտների համախմբությունը պատրաստվում է պատվերով: Շատ հաճախ այն կրում է համարակալման սիմվոլիկա, որը հատկապես բարձրացնում է վերջինիս անհատականության մակարդակը:

Այս տիպականացման հետ է կապված կանոնների շարքը, որոնք նախորոշում են նրա վարքը, հատկապես վերաբերմունքը իր և հակառակորդ թիմի սիմվոլիկային և ատրիբուտներին: Որոշակի թիմի ատրիբուտի կրումը վերջինիս կրողի վրա որոշակի պատասխանատվության և պարտականնություններ կարող է վերագրել: Սիմվոլիկայի կրումը կարող է  հանդիսանալ կրողի նկատմամբ ինչպես դրական, այնպես էլ բացասական վերաբերմունք:

Համընդհանուր աջակիցների ատրիբուտների վաճառքն իրականացվում է ազատ վաճառքով, բայց յուրաքանչյուր ատրիբուտի ռանգը տարբեր է լինում: Քանի որ վաճառքում առկա է  զանազան ատրիբուտների ամբողջություն, և այն պարբերաբար փոփոխության է ենթարկվում, ապա առավել հեղինակային է հանդիսանում այն ատրիբուտը, որն առավել վաղ է թողարկվել, անգամ ցանկալի է, որ այդ արտադրանքը տվյալ պահին ավարտվել է:

Հիմնական ատրիբուտների շարքում են ընդգրկված թիմային շարֆերը, վերնաշապիկները, գլխարկները, նշանակները, դրոշները և այլն: Վերջիններս հանդիսանում են որոշակի համընդհանուր տարածված տարբերանշաններª թիմային աջակիցների տարբերակման համար:

Ֆուտբոլային սիմվոլները և ատրիբուտները հիմնականում կրում են վիզուալ բնույթ և դրանց միջոցով հնարավոր է տարանջատել մի տիպի աջակիցներին/երկրպագուներին այլ թիմի ներկայացուցիչներից:

Հիմնական առանձնահատկությունը սակայն կայանում է նրանում,որ ի տարբերություն երկրպագուների, որոնք կարող են նմանատիպ սիմվոլներ և ատրիբուտներ կրել նաև այլ միջավայրերում, ապա աջակիցների մոտ սա սահմանափակվում է լոկ խաղերի կամ դրա հետ ասոցացվող միջոցառումների ժամանակ դրանց կրումը:

Եթե ընդունենք այն հանգամանքը, որ մարդկանց էթնիկ կամ ազգային ինքնությունը հնարավոր է ինչ-որ կերպ գուշակել որոշակի արտաքին բնութագրիչների հիման վրա, ապա նույնը չի կարելի ասել որոշ ինքնությունների մասին, որոնք հնարավոր չէ տարբերակել դեմ-առ-դեմ զրույցի ժամանակ:  Ֆուտբոլային ինքնությունը աջակիցների մակարդակում կրում է նմանատիպ բնույթ:

Սա մի կողմից կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ նրա համար, որ կոնկրետ խմբի մոտ ցանկություն առաջանա առավել լավ հասկանալ հակադիր խմբի խմբային ինքնության բաղադրիչները:

Արդեն իսկ առկա սիմվոլների և ատրիբուտների ամբողջականությունը բերում է նրան, որ խաղին եկող աջակիցների և հատկապես երկրպագուների մոտ արդեն իսկ ձևավորվում է որոշակի մշակույթ, որն արտահայտվում է նրանց վարքում խաղերին նախապատրաստվելիս:

Շատ հաճախ, երբ խոսք է գնում այն մասին,որ ֆուտբոլային երկրպագուներն ու աջակիցները մարզադաշտ են գալիս խաղից մի քանի ժամ առաջ, թյուր կարծիք է ձևավորվում այն մասին, որ աջակիցները գալիս են որոշակի նախապատրաստական աշխատանքներ տանելու համար:

Իրականում դրա հիմնական պատճառ է հանդիսանում այն,որ աջակիցները իրենց թիմին աջակցելու համար փորձում են դիմավորել մարզադաշտ մտնող ֆուտբոլիստներին: Սակայն վերջինիս պատճառ կարող է հանդիսանալ նաև որոշակի էական նշանակություն ունեցող խաղի գործոնը, քանի որ սովորաբար տեղի է ունենում լրացուցիչ տոմսերի վաճառք, որը հանգեցնում է  ՙկանգնած՚ աջակիցների թիմերի ձևավորմանը, այսինքնª համապատասխան տեղի համար կարող է առաջանալ որոշակի մրցակցություն:

Այս գործոնը կարող է նաև հիմք հանդիսանալ նրա համար, որ թիմերի աջակիցները փորձեն արտահայտել իրենց տարբերությունները մնացյալ աջակիցներից: Սա հիմնականում արտահայտվում է ձայնարկումների, հիմների, երգերի միջոցով:

Հիմնականում թիմերի համար ոչ թե գրվում են առանձին երգեր, այլև վերցվում են առավել հայտնի և մեծ հասարակայնություն վայելող երգեր և դրանց հիման վրա էլ ձևավորվում են նոր երգերը: Սա ևս մեկ անգամ ապահովում է աջակիցների ֆուտբոլային ինքնության ամրապնդմանը, քանի որ արդեն իսկ առկա է երգի ժողովրդականությունը, և այն երգելու համար ոչ մի հետագա պարտավորվածություն չի առաջանում:

Ձայնարկումները հիմնական տարանջատվում են միմյանցից իրենց տևողությամբ: Սրանք  կարող են ներառել վանկարկումներ և բառակապակցություններ, որոնք ունենում են հանգավորվող ռիթմեր և բառային վերջավորումներ: Վերջիններիս կարելի է բաժանել նաև համապատասխանաբար ոգևորիչների, որոնք ուղղված են թիմին, թիմի առանձին անդամին, մարզչին, կամ տվյալ թիմը ներկայացնող տեղանվանը կամ էլ լինել պարսավանքիª ուղղված խաղի դատավորներին, հակառակորդ թիմին և այլն:

Ինչ վերաբերում է լեզվական առանձահատկություններին, ապա որոշ գիտնականներ գտնում են,որ ֆուտբոլային ժարգոնը հիմնականում ձևավորվում է ոչ թե այլ բառերի ներառմամբ,այլև ընտրվում են բառեր, որոնց տրվում է այլ իմաստավորում, որը կարող է տարբերվել տարբեր ենթատեքստերում: Այսինքնª շատ բառեր և բառակապակցություններ սկսում են կրել իմաստային հավելյալ բեռնում:

Սա առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով,որ այս սպորտաձև մեծ տարածվածություն ունի և հիմնականում ունենալով երկրպագուներ և աջակիցներ տարբեր երկրներում առաջադրել է մի շարք տերմիններ, որոնք ժամանակի ընթացքում ինտերնալիզացվել են:

Մյուս կողմից շատ հաճախ այդ  նոր իմաստավորումների շարքը համալրվում է որոշակի իրադարձությունների հիման վրա, այսպիսովª անհրաժեշտություն է առաջանում անընդհատ տեղեկացվածություն ապահովել աջակիցների շրջանում:

Որպես լեզվական սիմվոլների արմատաստեղծ բաղադրիչներ շատ հաճախ կարող են հանդիսանալ նաև տվյալ ֆուտբոլային թիմերի առավել ակտիվ և հանրաճանաչ ֆուտբոլիստների անունները:

Հիմնականում սակայն տերմինները ձևավորումից հետո թարգմանվում են այլ լեզուներª պահպանելով տվյալ երկրների լեզվական  վերջավորությունների առանձհատկությունները:

Ֆուտբոլային ինքնության ձևավորման մեջ էական նշանակություն ունի ՙմենք և նրանք՚ կոնցեպցիայի ընկալումը:  Վերջինիս նպաստում է հատկապես ֆուտբոլային մրցակցությունը: Այստեղ ձևավորվում է որոշակի թշնական վերաբերմունք որևէ այլ թիմի աջակցի նկատմամբ: Սա հատկապես վառ է արտահայտվում, երբ ֆուտբոլային ինքնությունը կապվում է մի շարք հավելյալ գործոնների առկայության հետ:

Դրանք  կարող են արտահայտվել երեք հիմնական ձևերով.

1.            Միևնույն քաղաքում գործող թիմերի աջակիցների և երկրպագուների միջև: Նմանատիպ լարվածության վառ օրինակներ կարող են հանդիսանալ Միլանի ՙՄիլան՚ և ՙԻնտեր՚, Հռոմի ՙՌոմա՚ և ՙԼացիո՚, Մադրիդի ՙՌեալ՚ և ՙԱտլետիկո՚, մոսկովյան ՙՍպարտակ՚ և ՙԲԿՄԱ՚ թիմերի և նրանց աջակիցների միջև առկա լարվածությունը: Այս փաստի առկայությունը հնարավոր է բացատրել նախ տարբեր տիպի ռեսուրսների համար ընթացող պայքարով, ինչպես նաև այս թիմերի աջակիցների միջև անընդհատ անխուսափելի փոխազդեցությունները:

2.            Ավանդական մրցակից-քաղաքների և մրցակից-երկրների թիմերը: Գրեթե բոլոր երկրներում էլ առկա են քաղաքներ կամ շրջաններ, որոնց հարաբերությունները պատմականորեն վատ են դասավորվել կամ էլ այդ քաղաքները որոշակի հասարակական ոլորտներում եղել են մշտական մրցակիցներ: Առավել հայտնի նմանատիպ թիմերից կարելի է առանձնացնել ՙՌեալ Մադրիդն՚ ու ՙԲարսելոնան՚ կամՙՌեալ Մադրիդն՚ ու ՙԲիլբաոն՚, որոնց դեպքում տեղի է ունենում ոչ միայն քաղաքային, այլև ազգային հատկանիշի հիման վրա խտրականացում: ԽՍՀՄ-յան շրջանում կարելի է առանձնացնել Ռուսաստանը և Ուկրաինան ներկայացնող թիմերը, մինչդեռ այժմ Ռուսաստանում նման երևույթ առկա է երկրի պաշտոնական մայրաքաղաքը և երկրորդ քաղաքը ներկայացնող ª Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի թիմերի միջև:

3.            Երբ ֆուտբոլային թիմերի հարաբերությունները ընդունում են սկզբունքային բնույթ: Հաճախ պատահում է, որ որոշակի թիմեր տարբեր մրցաշարերում անընդհատ մրցում են միմյանց հետ և եթե մրցակցությունն ընթանում է լարված պայքարում, ապա սա կարող է լարվածություն ձևավորել այդ թիմերի աջակիցների միջև: Սա իր սրման գագաթնակետին է հասնում հատկապես այն ժամանակ, երբ որևէ թիմի անդամ որոշակի անարգալից վերաբերմունք է ցուցաբերում հակառակորդ թիմի որևէ խաղացողի նկատմամբ:

Սա իր հերթին կարող է հանգեցնել որոշակի ընդհարումների որոշակի թիմի երկրպագուների ու աջակիցների և հակադիր թիմի երկրպագուների և աջակիցների միջև:

Նմանատիպ ընդհարումները շատ են ֆուտբոլային պատմության մեջ: Դրանցից է օրինակ 1985 թվականին ՙՅուվենտուս՚-ՙԼիվերպուլ՚ խաղի ընթացքում տեղ գտած ընդհարումը, որի արդյունքում զոհվեցին տասնյակ աջակիցների և երկրպագուներ: Նաև 1987 թվականին ԽՍՀՄ-ում տեղի ունեցավ ամենալայնամասշտաբ ընդհարումը ֆուտբոլային ՙԴինամո՚ և ՙՍպարտակ՚ թիմերի միջև, որին մասնակցել էին շուրջ 800 աջակիցներ:

Հաճախ պատահում է նաև, որ պայքար է առաջանում այն դեպքերում, երբ որոշակի թիմ, որն ընդունված է համարել համեմատաբար թույլ կարողանում է որոշակի խաղի ժամանակ հաղթել առավել ուժեղ մրցակցին, ապա պարտվող թիմի երկրպագուների և աջակիցների, բայց հատկապես  ՙhooligans՚ խմբի ներկայացուցիչների մոտ առաջանում է ագրեսիա հակառակորդ թիմի ներկայացուցիչների նկատմամբ և սա կարող է ևս հանգեցնել որոշակի ընդհարման, հատկապես եթե թույլ թիմի աջակիցների թիվը մի քանի անգամ ավելի սակավ է,քան ուժեղ թիմինը:

Ուշադրություն դարձնելով այն դեպքերին երբ խնդիր չի առաջանում մեծամասնական և փոքրամասնական խմբեր ձևավորելու հարցում, մենք ունենում ենք մի իրավիճակ, երբ տեղի է ունենում ինքնության արտահայտման հավասար հնարավորություն  բոլոր խմբերի համար: Սա ակնհայտ է ոչ միայն ֆուտբոլում, այլև ցանկացած տիպի սպորտային իրադարձությունում, որտեղ առկա թիմային աջակիցները կարողանում են ցուցադրել իրենց ինքնության տարրերը որոշակի վարքի միջոցով:

Սակայն որոշ դեպքերում դիֆֆերենցացման չափորոշիչը հանդիսանում է ոչ էական: Սա կարող է հանգեցնել որոշակի կոնֆորմիզմի թիմերը ներկայացնող խմբերի համար, անգամ բերելով որոշակի թիմերի աջակիցների միջև ՙբարիդրացիական՚ հարաբերությունների հաստատմանը: Այստեղ կարող է խոսք գնալ նրա մասին, որ ընդունված է համարել, որ որոշ թիմեր չեն հանդիսանում մրցակիցներ և շատ հաճախ անգամ մրցաշարային խաղերն անց են կացվում ՙընկերական հանդիպումների՚ ձևաչափով:

Նման թիմերի համախմբող գործոն կարող է հանդիսանալ հատկապես ընդհանուր ՙթշնամի՚ թիմի առկայության գաղափարը, որը ստիպում է այս թիմերի երկրպագուներին և աջակիցներին համախմբված կերպով պայքարել հակառակորդ բանակի ներկայացուցիչների դեմ: Որպես նմանատիպ օրինակներ կարող են հանդես գալ ինչպես արդեն իսկ նշված ՙ Բարսելոնայի՚ և ՙԲիլբաոյի՚ համախմբվածությունը ընդդեմ ՙՌեալ Մադրիդի՚, այն էլ ռուսաստանյան իրականության մեջ ՙԶենիթի՚ և ՙՍպարտակի՚ հակամարտությունը ՙԲԿՄԱ՚-ի աջակիցների հետ:

Հետաքրքրական է հատկապես դիտարկել ֆուտբոլային խաղի բուն ընթացքում տեղի ունեցող ինքնության արտահայտման գործողությունները:

Այսպիսով ֆուտբոլային խաղը կարելի է դիտարկել որպես ամենաարդյունավետ միջոցը սեփական ինքնության տարրերի շրջանառման համար: Այստեղ այլընտրանքային խմբերի ներկայացուցիչները գտնվում են հարաբերականորեն մոտ տարածությունում, միևնույն ժամանակ սակայն չի խախտվում նրանց մոտ առկա սոցիալական տարածության գաղափարը: Միևնույն ժամանակ երկու կողմն էլ արտահայտված է մարդկանց հարաբերականորեն ստվար խմբերի միջոցով: Սա հնարավորություն է տալիս թիմային աջակիցներին գտնվել հարաբերականորեն առավել ապահով միջավայրում և վարվել համաձայն այնպիսի վարքային նմուշների, ինչպիսիք նրանք իրենց երբեք թույլ չէին տա  կիրառել այլ միջավայրերում: Սա կարող է ներառել սկսած երգելուց, գոռալուց և սուլելուց, մինչև անպատվելը:

Մյուս կողմից անհրաժեշտություն է առաջանում նշել այն հանգամանքը, որ եթե որոշակի խմբեր կրում են ինչ-որ չափով փակ բնույթ և նրանցում ներառվելը հանդիսանում է որոշակի խտրական հատկանիշների առկայության պարտադրումը խմբի անդամներին, ապա ֆուտբոլայի աջակիցների խումբը բաց է տարբեր տիպի անհատների համար: Սա ևս մի կողմից նպաստում է նրան, որ տարբեր ենթամշակույթներ ներկայացնող անձինք կարողանան միառժամանակ գտնվել միևնույն թիմի աջակիցների խմբում և անգամ հաշվի չառնել իրենց տարբերությունները:

Սոնա Նահապետյան

ԵՊՀ, Սոցիոլոգիայի ֆակուլտետ, Սոցիոլոգիայի ամբիոն,4-րդ կուրս

Գրականության ցանկ

  1. Илле А  “Футбольный фанатизм в России Фан-движение и субкультура футбольных фанатов”, Москва 2008
  2. Abrams, D., & Hogg, M. (1990). “An introduction to the social identity approach. D. Abrams & M. Hogg (Eds.) (pp. 1-9)., In Social identity theory: Constructive and critical advances , London: Harvester Wheatsheaf.
  3. Anderson, B. (1991). “Imagined communities” (pp. 1-28)., Verso: London.
  4. Shore, C. (1993). Ethnicity as revolutionary strategy: Communist identity construction in Italy. In S. Macdonald (Ed.), Inside European identities: Ethnography in Western Europe. (pp. 27-53). Oxford: Berg.
Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *