ՄԱՐԳԱՐԵՏ ՄԻԴ

1901-1978

 Ամերիկացի մարդաբան Մարգարետ Միդը ծնվել է 1901 թվականին Ֆիլադելֆիայում: Հայրը Փենսիլվանիայի համալսարանի Ուորտոնի բիզնես դպրոցի պրոֆեսոր էր, իսկ մայրը՝ սոցիոլոգ, ով աշխատում էր իմիգրանտների հետ: Սկզբում Միդը ցանկանում էր մասնագիտանալ հոգեբանության ոլորտում: Չնայած որ հետագայում նա անդրադարձավ ազգագրությանը, հոգեբանությունը շարունակում էր մեծ դեր ունենալ իր գործունեությունում: Միդը այն մարդն էր, ով միավորեց ազգագրությունը և հոգեբանությունը. նրան անվանում էին «լավագույն ազգագրագետը բոլոր հոգեբաններից և լավագույն հոգեբանը բոլոր ազգագրագետներից»:

1923 թվականին Միդը ստանում է բակալավրի կոչում Բեռնարդի Քոլեջում: 1924 թվականին պաշտպանում է մագիստրոսական դիսերտացիան արդեն Կոլումբիայի համալսարանում, իսկ 1929 թվականին՝ ստանում փիլիսոփայական գիտությունների թեկնածուի կոչում:

Նրա գիտական հայացքների վրա մեծ ազդեցություն են ունեցել անտրոպոլոգներ Ռութ Բենեդիկտը և Ֆրանց Բոասը, ում հայացքներից ազդված 1925 թվականին Միդը ուղևորվում է Սամոա, որտեղ հավաքում է հսկայական նյութ սամոացի երեխաների և անչափահասների սոցիալականացման մասին, բացի այդ ուսումնասիրում է տարբեր տարիքային խմբերի միջև փոխհարաբերությունները ավանդական և ժամանակակից հասարակություններում: Այդ տվյալները հետագայում տեղ են գտնում նրա «Հասունացումը Սամոայում» /«Coming of Age in Samoa»/ աշխատությունում, որում նա գալիս է այն եզրահանգման, որ ավանդական հասարակություններում բացակայում է միջսերնդային կոնֆլիկտը, ինչպես նաև չկան դժվարություններ անչափահասների սոցիալականացման գործընթացում:

Իր հետագա աշխատություններում նա շարունակում է զարգացնել Ֆրանց Բոասի հայացքները՝ նշելով, որ մարդու մեջ չկա ոչինչ անփոփոխ, որը միայն իրեն հատուկ կլինի, այլ ընդհակառակը, ամեն ինչ ձևավորվում է սոցիալ-մշակութային գործոնների ազդեցությամբ:

1944 թվականին հիմնադրում է Համեմատական մշակութաբանության ինստիտուտը, որտեղ շարունակում է ուսումնասիրել տարբեր մշակույթ կրողների սովորույթները, վարքը և ցույց տալիս մշակութային տարբերությունները տարբեր ազգերի մոտ, ինչպես նաև մշակույթի դերը մարդու վարքում:

Նա Ռութ Բենեդիկտի հետ կազմակերպում է ազգային բնավորության տիպերի ուսումնասիրություն, որը ուղղված էր մշակութային կարծրատիպերի հաղթահարմանը: «Սեռը և բնավորությունը երեք պրիմիտիվ հասարակություններում» /«Sex and Temperament in Three Primitive Societies»/ աշխատությունում ներկայացրել է տղամարդկանց և կանանց փոխհարաբերությունները և նրանց դերը հասարակությունում, որը, ըստ նրա, պայմանավորված էր ոչ միայն բնածին սեռային տարբերություններով, այլև արտացոլում է տարբեր հասարակությունների կենսակերպերի յուրահատկությունները: Այս աշխատությունում նա ևս մեկ անգամ հաստատում է բիհևորիզմի հիմնադրույթը, որ մարդկային վարքը ուսուցանված է:

Միդը ընդհանուր առմամբ հեղինակել է 44 գիրք և 1000-ից ավելի հոդվածներ:

1956 թվականին Միդը դառնում է Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի/ World Federation of Mental Health/ նախագահ, իսկ 1974 թվականին Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի/ American Association for the Advancement of Science/ նախագահ:

Նա որպես ղեկավար նաև աշխատել է Ամերիկյան անտրոպոլոգիական ասոցիացիայում/ The American Anthropological Association/ և Գիտական խորհրդատվության ամերիկյան ասոցիացիայում/ The American Association for the Advancement/ of Science:

Ամուսնացել է 3 անգամ տարբեր անտրոպոլոգների հետ: Ունեցել է մեկ աղջիկ՝ Մերի Քեթրին Բեթսոնը, ով ևս անտրոպոլոգ էր:

Մահացել է քաղցկեղից 1978 թվականին Նյու Յորքում:
1979 թվականին հետմահու արժանացել է ԱՄՆ նախագահի ազատության մեդալին /Presidential Medal of Freedom/:

 Հիմնական աշխատանքների ցանկ

  1. «Հասունացումը Սամոայում» («Coming of Age in Samoa», 1928)
  2. «Հասունացումը Նոր Գվինեայում»  («Growing Up in New Guinea», 1930)
  3. «Սեռը և բնավորությունը երեք պրիմիտիվ հասարակություններում» («Sex and Temperament in Three Primitive Societies», 1935)
  4. «Տղամարդը և կինը»  («Male and Female», 1949)
  5. «Շարունակականությունը մշակութային էվոլյուցիայում» («Continuities in Cultural Evolution», 1964)

  Թարգմանեց` Օֆելիա Գրիգորյան

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *