1988թ-ի Սումգաիթի ցեղասպանության ուսումնասիրության մեթոդաբանական հարցերի շուրջ

Հեղինակներ`

Վարդուհի Գաբոյան ,Արշալույս Հակոբյան

varduhi_gaboyan92@mail.ru ; aka-aka92@mail.ru

Սումգայիթը ցույց տվեց, որ բազմազգ պետությունում, որտեղ ազգերի միջև բարեկամությունը հավերժ սուրբ էր համարվում, մարդկանց կարող են սպանել միայն նրա համար, որ նրանք այլ ազգ են ներկայացնում:  

Սումգայիթի դեպքերը իրենց դրսևորումը գտան ԽՍՀՄ փլուզման մայրամուտին: 1980-ականներին երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամի պատճառով սրվել էին ազգային հարցերը, ուժգնացել հանրապետությունների անջատողական ձգտումները:

Տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում իրականացվում էր հակահայկական քաղաքականություն: Նպատակը մեկն էր՝ մարզը, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության օրինակով, լիակատար հայաթափել և բնակեցնել ադրբեջանցիներով: Դա է պատճառը, որ Լեռնային Ղարաբաղում տևականորեն ոտնահարվում էին հայ բնակչության մարդկային իրավունքներն ու ազգային արժանապատվությունը: Կյանքի տարրական պայմանների բացակայությունը արագացնում էր բնակչության արտագաղթն իր պատմական հայրենիքից:

Այսպիսով, երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը և Գորբաչովյան «վերակառուցման» ծրագրի ձախողումը սկիզբ դրեցին Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելուն ուղղված շարժման: 1988թ-ին ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանը, երկրի սահմանադրությանը համապատասխան, որոշում ընդունեց դիմել Ադրբեջանի և Հայաստանի ԽՍՀ-ների գերագույն խորհուրդներին` ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին, որն արդյունքում մերժվեց կենտրոնական իշխանության կողմից [2; 37]: ԼՂԻՄ-ի՝ Հայաստանին միանալու պահանջով Ղարաբաղում և Հայաստանում տեղի ունեցող ցույցերը հայերի նկատմամբ բռնության իրականացման պատճառ դարձան: Ադրբեջանը, չկարողանալով քաղաքական մեթոդներով կասեցնել շարժումը, մի ծրագիր մշակեց, որը ենթադրում էր բիրտ ուժի և բռնության կիրառում: Ընդ որում, դա իրականացվելու էր ԽՍՀՄ կենտրոնական իշխանության լուռ համաձայնության պայմաններում:

Նույն թվականի փետրվարի 26-ին Սումգայիթում ադրբեջանցիները ցույց էին կազմակերպել ի պատասխան տեղի ունեցող իրադարձությունների: Փետրվարի 28-ին ցույցը շարունակվեց՝ վերածվելով ամբոխի: Սկսվեց Սումգայիթում ապրող հայերին ոչնչացնելու և նրանց այնտեղից դուրս հանելու ադրբեջանական ծրագրի իրագործումը (նշենք, որ ադրբջանցիների խոսքերով հաջորդը Ղարաբաղի հայերն էին լինելու) [6]:

10-50 հոգանոց ավազակախմբերը հարձակվում էին մի քանի ալիքներով. կային 3 տեսակ խմբեր` առաջին խումբը գորգոռում էր, աղմուկ հանում ու հեռանում, երկրորդ խումբը կողոպտիչներ էին, իսկ երրորդը՝ սպանում էր մարդկանց (հայերին):

Ադրբեջանական խմբերը զինված էին գործարաններում նախապես սրված մետաղյա խողովակի կտորներով: Սա թույլ է տալիս ենթադրել, որ բռնության ալիքը առնվազն պարզունակ ձևով պլանավորված էր: Գործողության կանխամտածվածության մասին է վկայում այն, որ նախօրոք ջարդարարներին տրվել էին հայերի ցուցակները և հասցեները [6]: Բացի այդ նշենք նաև, որ դեռևս փետրվարի  21-ի երեկոյան Աղդամում տեղի էր ունեցել կուսակցական ակտիվի նիստ, որտեղ էլ  կոչեր էին հնչել ներխուժել Լեռնային Ղարաբաղ ու ամեն ինչ հողին հավասարեցնել: Դեռևս Սումգայիթից առաջ` հունվարի կեսերին, Ադրբեջանի մամուլում տպագրված Զիա Բունիաթովի և ուրիշների հակահայ բազմաթիվ հոդվածներ և նամակներ ուղարկվել էին Հայաստանի իշխանություններին, որոնցում զգուշացվում էր, թե Ադրբեջանում  «կկազմակերպվի 1915 թիվ» [2; 53]:

Սա համապատասխանում է Գ. Սթենթոնի ցեղասպանության կազմակերպման չորրորդ փուլին[1]: Այն իրենից  ներկայացնում է իշխանական և տնտեսական լծակներ ունենալու առումով մեծամասնական խմբի կողմից ցեղասպանական գործողության ծրագրի մշակում, մասնավորապես հանցագործ խմբերի կազմում (հիմնականում կամավոր հիմունքներով) [14]: Մի շարք հեղինակներ ցեղասպանության` իրենց կողմից տրված սահմանումներում նույնպես կարևոր են համարում գործողության կազմակերպված, կանխամտածված և համակարգված լինելը այն ցեղասպանություն որակելու համար (այդպիսի հեղինակներից են` Պ. Դրոսթը, Ջ. Պորտերը, Լ. Հորովիցը, Ս. Կացը և այլոք [12]):

Նրանք ունեին նաև զոհին տարբերակելու մեթոդներ, ինչպիսին է, օրինակ, «Ֆունդուկ» բառի արտասանությունը: Քանի որ հայերն ու ադրբեջանցիները արտաքնապես  միմյանց շատ նման էին, իրար հետ խոսում էին ռուսերեն և հայերից շատերն էլ տիրապետում էին ադրբեջաներենին, դժվար էր նրանց տարբերակել: Հետևաբար, «ադրբեջանցիները կանգնեցնում էին ավտոմեքենաներն ու ավտոբուսները և հայ որոնում ու բոլորին ստիպում էին արտասանել «ֆունդուկ» բառը» [6]: Համարվում էր, որ հայերը ունակ չեն ճիշտ արտաբերելու դրա առաջին հնչյունը: Սա ցույց է տալիս Գ. Սթենթոնի խորհրդանշման փուլի առկայությունը, երբ տվյալ խմբի դասակարգումն ու խորհրդանշումն ուղեկցվում է ատելությամբ [14]: Այս տեսանկյունից նշանակալի է նաև հետևյալ դեպքը, երբ հայերը մի բակում քառասունք էին նշում հարձակման համար ազդանշան է դառնում հոգեհացի սեղանին հացի առկայությունը (ադրբեջանցիների մոտ նման սեղանին հաց դնելն արգելվում է): Այս ամենը խոսում է այն մասին, որ հայերը, որպես փոքրամասնական խումբ, որպես թիրախ նախօրոք սահմանվել էին ադրբեջանցիների կողմից:

Գիտական սահմանումներում ցեղասպանությունը մեկնաբանվում է, որպես մեծամասնության կողմից փոքրամասնության նկատմամբ իրականացված գործողություն, որի վերջնական նպատակը տվյալ խմբին մասնակի կամ ամբողջական ոչնչացնելն է: Մեծամասնությունն այն խումբն է, որը տվյալ տարածքի կամ կազմավորման շրջանակներում ունի իշխանական լծակներ ու տնտեսական ռեսուրսներ, իսկ խումբը, որը զուրկ է նշված միջոցներից և մեծամասնության կողմից ընդունվում է որպես ցածրակարգ, համարվում է փոքրամասնություն: Տվյալ դեպքում ղեկավար կուսակցության անդամները ադրբեջանցիներ էին (կուսակցության ղեկավարը Ջահանգիր Մուսլիմզադեն էր), իսկ հայերը համարվում էին փոքրամասնություն, քանի որ չունեին իշխանական, տնտեսական ռեսուրսներ (նրանք հիմնականում բանվորներ էին, ովքեր ապրում էին շատ վատ պայմաններում և իշխանական շրջանակներում չունեին մասնակցություն) [4]:

Հարկ է նշել նաև խմբի խոցելիության մասին, ինչը, որպես ցեղասպանության կարևոր բաղադրիչ, նշվում է Վ. Դադրյանի և Ի. Չերնիի սահմանումներում. «Խոցելիությունը ցեղասպանության որոշման գլխավոր գործոն է», «Ցեղասպանությունը տեղի է ունենում ոչ թե բացահայտ ճանաչված թշնամու զինված ուժերի դեմ, զինված գործողությունների ընթացքում, այլ զոհի իրական խոցելիության և անպաշտպանվածության պայմաններում») [11]: Սումգայիթում հայերը ոչ միայն փոքրամասնություն էին, այլև անպաշտպան էին և խոցելի: Նրանց վրա հարձակումը տեղի ունեցավ ոչ թե բացահայտ հայտարարելուց հետո, ոչ թե հայտարարված պատերազմի պայմաններում (ինչպես Խոջալուում), այլ առանց զգուշացնելու: Իսկ տեղի ոստիկանները, որոնց մեջ ընդամենը մեկ հայ է նշվում, նույնիսկ չփորձեցին կանխել հայերի դեմ կատարվող բռնի գործողությունները: Խորհրդային իշխանությունը մի քանի օր անց միայն արձագանքեց և դուրս բերեց հայերին Սումգայիթից (Մ. Գորբաչովին հարցրին այս դեպքի մասին, նա պատասխանեց՝ «Մենք ուշացանք»):

Սումգայիթի ջարդերի զոհերի թիվը մինչ օրս հստակեցված չէ, պաշտոնական տվյալներով սպանվելէ 27 հայ և 6 ադրբեջանցի, իսկ հարյուրավոր անպաշտպան հայեր ծանր վիրավորվել են: Ոչ պաշտոնական տվյալներով զոհերի թիվը հասնում է մի քանի տասնյակի, նույնիսկ մինչև հարյուրների, իսկ վիրավորներինը` 200-ի: 1988թ. գարնանը Հայկոմկուսի կենտկոմում ստացված մի փաստաթղթում նշված է, որ Սումգայիթում սպանվել են ոչ թե 26 հայ, այլ ավելի քան 400, և խեղվել ու տուժել են մոտ 1000 հոգի, որոնց շարքում` մեծ թվով կանայք, ծերեր և երեխաներ: Թաքցնելու համար դիակները տարվել են Բաքու, հանրապետության այլ քաղաքներ, իսկ շատերն էլ նետվել են ծովը [2; 53]: «Անհնար էր փողոց դուրս գալ, օրերով մարդիկ մնում էին առանց հացի, առանց սննդի: Խուժանը հետապնդում էր հայերին` տեղահան ու ջարդ ու փշուր անելով նրանց տան դռները, մտնում էր տնից տուն, թաղամասից թաղամաս, հաճախակի են դառնում բնակարանների հրկիզումները, թալանը, հայ կանանց ու աղջիկների առևանգման ու բռնաբարության դեպքերը» [4]:

Նկարագրվածը համապատասխանում է ցեղասպանության` Գ. Սթենթոնի առաջարկած 8 փուլերից նախավերջինին` ոչնչացմանը: Իսկ վերջին` մերժման փուլի առկայությունը ապացուցում են հետևյալ փաստերը` ադրբեջաբցիները սկսեցին խոսել այն մասին, որ հայերն իրենք են ծրագրել Սումգայիթի ջարդերը`Ադրբեջանը վարկաբեկելու և հայ ազգայնական շարժումը խթանելու նպատակով: Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի նախագահ, պատմաբան Զիա Բունիաթովը գրում է. «Սումգայիթի ողբերգությունը ամենայն մանրամասնությամբ նախապատրաստվել է հայ ազգայնականների կողմից» [6]: Նույնիսկ ծայրահեղականները Սումգայիթում բարձրացրել են «Սումգայիթի հերոսներին» փառաբանող պաստառներ (սա էլ մերժման մի ձև է):

Հայ-ադրբեջանական կոնֆլիկտային հարաբերությունների մեջ անբաժանելի տեղ է զբաղեցրել և զբաղցնում է ադրբեջանցի պատմագիրների կողմից իրական փաստերն ու իրադարձությունները խեղաթյուրված ներկայացնելը: Նույնիսկ Ադրբեջանի պատմագրությունը ամողջությամբ ստեղծված է համարյա կեղծիքի վրա: Զիա Բունիաթովի գլխավորությամբ մի շարք ադրբեջանցի պատմագիրների կողմից դեռևս խորհրդային տարիներին պատմության կեղծարարությանը դիմելու փորձեր են արվել: Նրանց հիմնավորմամբ ադրբեջանցիների նախնիները եղել են աղվանները (մինչդեռ իրականում փոքրասիական ժողովուրդներն էին), Ադրբեջանը նախկին «Ատրպատականն» է (համանուն տարածքը իրանական երկրամասն է), իսկ Սյունիք, Արցախ, Հայոց Ուտիք աշխարհները ադրբեջանական տարածքներ են:

Եթե նրանց հաջողվել է այլ ձևով ներկայացնել իրենց սեփական պատմական դիմագիծը, ապա հայ ժողովրդի, առավել ևս իրենց ոխերիմ թշնամու պատմությունը խեղաթյուրելը այնքան էլ դժվար գործ չէ: Բնականաբար, գլխավոր նշանակետը Արցախն էր իր անցյալով ու ներկայով: Ադրբեջանցի պատմագիրների թեթև ձեռքով Արցախի մելիքությունները ներկայացվեցին որպես աղվանական կազմավորումներ: Ադրբեջանցիները նույն կերպ են գործել նաև Սումգայիթի և Խոջալուի դեպքերում՝ դիմելով կեղծարարության: Նրանք ժխտում էին իրենց արարքը և հանցագործությունը վերագրում էին հայերին` «ադրբեջանցիների ցեղասպանություն» իրականացնելու համար: Սրա վառ ապացույցներից է 1990 թ. Բաքվում խորհրդային բանակի գործողությունների արդյունքում զոհված ադրբեջանցիների վերագրումը հայերին: Եվ բոլոր այն դեպքերում (Բաքու, Կիրովաբադ, Սումգայիթ), որտեղ հայկական ջարդերի մասին խոսք է գնում, բոլորը ադրբեջանցիների կողմից մեկնաբանվում է իբրև հայերի կողմից կազմակերպված վայրագություններ, որտեղ ադրբեջանցիներ սպանվեցին: Ադրբեջանցի կեղծարարների քարոզչության ոգով ստեղծվում են նոր «հիշողության վայրեր», ինչպիսիք են «Խոջալուի ցեղասպանությանը» նվիրված հուշարձանը, Շեհիդների ծառուղին և այլն: 1998թ. Նախագահ Հ. Ալիևի հրամանով մարտի 31-ը հռչակվեց ադրբեջանցիների «ցեղասպանության օր», որի իրականցման համար մեղադրվում էին հայերը [5; 26]:

Մինչև հիմա էլ շարունակվող հայ-ադրբեջանական այս անգամ արդեն տեղեկատվական պատերազմի բաղկացուցիչ մասն է կազմում Հայաստանի և Ադրբեջանի պատմությունների՝ ադրբեջանցիների կողմից խեղաթյուրման գործընթացը: Ինչպես նշում է Ա. Աթանեսյանը, ադրբեջանական պատմամշակութային կեղծարարությունները ուղղված էին հետևյալ հիմնական նպատակներին.

1. Ներկայացնել Ադրբեջանի պատմությունը ժամանկագրական շատ ավելի մեծ տիրույթում, քան այն իրականում կա` դրանով իսկ հիմնավորելով Ադրբեջանի պետականության «հին» լինելու նորաստեղծ առասպելը:

2. Ներկայացնելով Ադրբեջանի «հին» լինելը` ի ցույց դնել ադրբեջանցիների` Կովկասում տեղացի, բնիկ լինելու հանգամանքը:

3. Ներկայացնելով տարածաշրջանում ադրբեջանցիների բնիկ լինելու առասպելը` իբրև փաստ, հիմնավորել տարածքների պատկանելությունն արդի Ադրբեջանի Հանրապետությանը, ներառյալ Հայաստանի և Արցախի տարածքները: [5; 16]:

ՄԱԿ 1948թ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայում ցեղասպանությունը սահմանվում է որպես հետևյալ գործողություններից ցանկացածը` կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ.

    1. Այդ խմբի անդամների սպանությունը. ինչպես պարզ դարձավ ադրբեջանցիների գործողությունները ուղղված էին էթնիկ փոքրամասնության (հայերի) լրիվ կամ մասնակի ոչնչացմանը և սրա արդյունքում տեղի ունեցան սպանություններ, իսկ հայերի գործողությունները ուղղված էին թշնամու դեմ հայտարարված պատերազմի պայմաններում:

    2. Այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը. ադրբեջանցիները գազանաբար էին վերաբերվում հայերի նկատմամբ և մոտ 200 հայ ծանր վիրավորվեց:

    3. Որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծում, որոնք ուղղված էին նրա լրիվ կամ մասնակի ոչնչացմանը:

    4. Այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացում. ծննդատներում սպանվում էին հայ երեխաներ:

    5. Երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսը [15]:

Այսպիսով, միջազգային իրավունքի համաձայն` Սումգայիթի դեպքը նույնպես որակվում է որպես ցեղասպանություն:

Եթե փորձենք տալ ցեղասպանության մեր սահմանումը, որն իր մեջ ներառում է տարբեր սահմանումների կարևոր կետեր, ապա վստահ կարող ենք ասել, որ ադրբեջանցիները ցեղասպանություն են իրականացրել Սումգայիթում` «Ցեղասպանությունը իշխանական լծակներ և տնտեսական ռեսուրսներ ունենալու առումով մեծամասնություն համարվող  խմբի (ադրբեջանցիների) կողմից որևէ փոքրամասնության (տվյալ դեպքում էթնիկ փոքրամասնության` հայեր) կանխամտածված, կազմակերպված ու համակարգված (նախօրոք գիտեին հայերի հասցեները, անջատել էին հեռախոսները, գործում էին կոնկրետ խմբերով) ոչնչացումն է, այդ փոքրամասնության բռնի արտաքսումը (18000 հայ հեռացան Ադրբեջանից), քաղաքական, տնտեսական հնազանդեցումը (կողոպտում էին հայերին, նույնիսկ կարծիք կա, որ հայերին ճնշելով փորձում էին լուծել բնակարանային խնդիրներ, բացի այդ հայերը այստեղ սոսկ բանվորներ էին, քաղաքական առումով կարող ենք ասել, որ ադրբեջանցիները հալածում ու կոտորում էին հայերին` նրանց վախեցնել ու նպատակով կապված Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ): Այսպիսով ադրբեջանցիները ունեին քաղաքական և տնտեսական պատճառներ իրականացնելու համար հայերի ցեղասպանությունը: Եթե գլխավորը համարենք տնտեսական գործոնը ապա նույնիսկ կարող ենք ասել, որ ցեղասպանությունը ուտիլիտար էր, որի սկզբունքը հետևյալն է`«ոմանք պետք է մեռնեն, որ մյուսները լավ ապրեն», իսկ եթե առաջնայնությունը տանք քաղաքական պատճառին, ապա այս ցեղասպանությունը կարելի է որակել որպես մենաշնորհային:

Ադրբեջանական ԽՍՀ պետական այրերից և ոչ մեկը քրեական կարգով իրենց համապատասխան պատիժը այդպես էլ չստացան, դեռ ավելին, սպանված ջարդարարներն ու հանցագործները հայտարարվեցին «ազգային հերոսներ»: Իսկ Մոսկվան չցանկացավ բացահայտել հանցագործությունների կազմակերպիչներին: Այդ ժամանակվա ԽՍՀՄ գլխավոր դատախազ Ա. Սուխարևի կողմից ոչ մի արձագանք չեղավ, փաստորեն, նրա լռությունը Բաքվում տեղի ունեցած վայրենի իրողությունը արդարացնում ու պաշտպանում էր [5; 25]: Թվում էր, թե հրապարակայնորեն կդատապարտվեն ոճրագործ ցեղասպանները, այնինչ 94 մեղադրյալների վերաբերյալ 30 քրեական գործերը մնացին անորոշ վիճակում: Մոսկվայում քննվեց ընդամենը մեկ գործ, և դատարանը միայն մեկին դատապարտեց մահվան, իսկ մնացյալը գործերի ճակատագիրն առ այսօր հայտնի չէ [5; 25]:    Սումգայիթյան դեպքերը համապատասխան քաղաքական գնահատական չստացան, այլ դարձան հետագա բռնության էսկալյացիայի պատճառ որպես քաղաքական և միջազգային խնդիրների բռնի լուծման մեթոդ ոչ միայն Ադրբեջանում, այլև ԽՍՀՄ-ի այլ շրջաններում. հատկապես ընգծենք Թբիլիսիի, Աբխազիայի Մերձբալթիկայի Ֆերգանայի օրինակները  [10; 12]:
 

Oգտագործված գրականության ցանկ

  1. Աբրահամյան Հ., Հայ Ժողովրդի Պատմություն, Երևան, 2004
  2. Աբրահամյան Հ., Մարնտչող Արցախը  1917-2000 թթ. Գիրք Գ 1985-2000, Երևան, 2007
  3. Դանիելյան Կ., Արցախը չսանձված նժույգ, Երևան, 2001
  4. Հակոբյան Թ., Կանաչ և սև, Երևան, 2008:
  5. Հանրապետական գիտաժողովի հիմնադրույթներ, Պատմություն և մշակույթ, Ընդդեմ կեղծիքի և ոտնձգության, Երևան, 2011, 4-6 մայիս
  6. Դե Վաալ Թ., Սև այգի: Հայաստանն ու Ադրբեջանը՝ խաղաղության և պատերազմի միջով, Երևան, 2007:
  7. Խոջաբեկյան Վ.,Արցախը փորձության ժամին, Երևան, 1991:
  8. Бабанов Игорь,
  9. Григорян Вл, “Армения-1988-1989”, Ереван, 1999
  10. Общество «Знание» Армянской ССР, «Сумгаит…Геноцид…Гласность», Ереван, 1990
  11. Chalk, F., Jonassohn, K., The History and Sociology of Genocide: Analyses and Case Studies, Yale University Press, New Haven & London, 1990.
  12. Jones, A., Genocide: a Comprehensive Introduction, Routledge, Taylor & Francis Group, London and NY, 2006.
  13. Problems of Genocide: Proceedings of the International Conference on “Problems of Genocide”, The Zoryan Institute of Canada, Inc., Toronto, 1997.
  14.  http://www.genocidewatch.org/images/8StagesBriefingpaper.pdf
  15.  http://www.hrweb.org/legal/genocide.html


[1] Ըստ Գ. Սթենթոնի ցեղասպանությունը մի գործընթաց է, որը զարգանում է ութ փուլերով, և չնայած փուլերը հաջորդում են իրար, սակայն ավելի վաղ փուլերը շարունակում են գործել ամբողջ ընթացքում [14]:

FacebookGoogle GmailLiveJournalTwitterWordPressYahoo MessengerYahoo BookmarksMySpaceGoogle ReaderBlogger PostShare

Մեկնաբանել