“Բառեր և իրեր”

Հեղինակ` Մարինա Գալստյան

galstyanmarina@gmail.com

Միշել Ֆուկոն ֆրանսիացի տեսաբան է, որին դասում են կառուցվածքաբանության կամ, ավելի ճիշտ, պոստկառուցվածքաբանության ներկայացուցիչների շարքերին: Սակայն ինքը Ֆուկոն իրեն չէր համարում կառուցվածքաբան: Իր տված հարցազրույցներից մեկի ժամանակ նա ասում է, որ կառուցվածքաբանության շարքին հեղինակներին դասում են կողքից դիտարկողները, այսինքն` դա գնահատական է, որ տրվում է այս կամ այն հեղինակին: Սույն Էսսեն փորձ է համառոտ ներկայացնել ֆուկոյի հիմնական գաղափարները, որոնք տեղ են գտել «Բառեր և իրեր» գրքում:

«Բառեր և իրեր» աշխատությունը լույս է տեսել 1966թ. Ֆրանսիայում: Այն «Խենթություն և անմտություն »/«Безумие и неразумие» և «Կլինիկաների առաջացում»/ «Рождение клиник»  աշխատությունների հետ միասին կազմում է տրիո, որոնք իրենց մեջ ամփոփում են Ֆուկոյի կառուցվածքաբանական հայացքները: Այս բոլոր աշխատությունները նպատակ ունեն նկարագրել աշխարհընկալման և մտածողության այն համընդհանուր կառուցվածքները, որոնք պայմանավորում են մշակութային և հասարակական այս կամ այն երևույթների ի հայտ գալը: «Բառեր և իրեր» աշխատությամբ սկիզբ դրվեց եվրոպական կառուցվածքաբանության երրորդ սերնդին, որտեղ լեզուն ծառայում է ոչ այնքան որպես մեթոդաբանական սխեմաների աղբյուր, որքան որպես մշակույթի այն արտադրանքների կարգավորվածության, փոխադարձ չափման աղբյուր, որոնք պարտրաստի ձևով թվում են ոչ չափելի, այդ թվում նաև առանձին ժամանակաշրջանի գիտության մեջ տարբեր գաղափարների և կարծիքների:

Այս գրքի շրջանակներում Ֆուկոն հետազոտում է այն պատմականորեն փոփոխվող կառուցվածքները, նրա խոսքերով պատմական ապրիորները, որոնք պայմանավորում են կարծիքների, տեսությունների և գիտությունների հնարավոր լինելու պայմանները կոնկրետ պատմական ժամանակաշրջանում և դրանք անվանում են էպիստեմա: Ըստ նրա յուրաքանչյուր էպիստեմայի կարգավորող սկզբունքը բառերի և իրերի հարաբերակցությունն է: Եվրոպական մշակույթի մեջ Ֆուկոն առանձնացնում է 3 էպիստեմաներ`

  1.   վերածնունդ`16-րդ դար` բառը իր է,
  2.   դասական` 17-18-րդ դարեր` բառը իրի մասին պատկերացում է,
  3.   ժամանակակից` 19-րդ դարից մինչ մեր օրերը` բառը բառ է:

Առհասարակ և այս գրքում մասնավորապես, Ֆուկոն մեծ ուշադրություն է դարձրել կարգի ձևավորման խնդրին: Ըստ Ֆուկոյի կարգի ձևավորման համար անհրաժեշտ է տարրերի համակարգ, այսինքն`

  • սեգմենտների որոշում, որոնց միջև կարող են ի հայտ գալ նմանության և տարբերության, փոփոխությունների տիպեր, ձևեր, որոնք կրում են այդ սեգմենտները,
  • շեմ, որից բարձր իրերը տարբեր են, իսկ ցածր` նման:

Կարգը, ըստ Ֆուկոյի, իրերի միջև դասավորվածությունն են ստեղծում, այն ներքին օրենք է, որ առկա է իրերի միջև:

Ըստ հեղինակի, յուրաքանչյուր մշակույթում կարգավորող կոդերի և կարգի մասին դատողությունների միջև գտնվում են կարգի մաքուր պրակտիկա և նրա կեցության միջոցներ: Ֆուկոն տվյալ գրքում, որ նա անվանում է հետազոտություն, նպատակ ունի վերլուծելու հենց այդ պրակտիկան: Նա ձգտում է ցույց տալ, թե ինչպես է այդ պրակտիկան ձևավորվել Ֆրանսիայի մշակույթում 16-րդ դարից սկսած; ինչպես է ֆրանսիական մշակույթը ֆիքսել կարգի տարրերի առկայությունը, կարգի ինչպիսի դրսևորումներն են ձևավորվել, կապվել տարածության և ժամանակի հետ, որպեսզի ձևավորել գիտելիքի դրական հիմք: Այս հետազոտությունը Ֆուկոն նշում է, որ չի կարելի համարել գիտելիքի և գաղափարների պատմություն, այլ այն հետազոտություն է, որի նպատակն է պարզել, թե ինչից ելնելով են հնարավոր դարել ճանաչողությունը և տեսությունը, կարգի որ? տարածությամբ է գիտելիք հաստատվել: Դիտարկվում է գիտելիքի պատմության պայմանները, գիտելիքի հնարավոր լինելու պատմական պայմանները: Մի խոսքով, Ֆուկոն ուզում է պատասխանել հետևյալ հարցին` ինչպես է հնարավոր գիտելիքը կոնկրետ պատմական ժամանակաշրջանում: Պատասխանելու համար այս հարցին Ֆուկոն ձեռնարկում է լայնամասշտաբ հնէաբանական հետազոտություն, այստեղ է, որ դրսևորվում է այս հետազոտության և գիտելիքի պատմության միջև եղած տարբերությունը: Ֆուկոն գրում է, որ պատմությունը ենթադրում է անընդհատություն, իսկ այս հետազությունը ցույց է տալիս, որ մարդկության պատմության մեջ, կամ գոնե ֆրանսիական մշակույթի պատմության մեջ կան ընդհատություններ, որոնք այդ պատմությունը տանում ե այլ ուղղությամբ, քան նախկինում: Այնպես որ Ֆուկոն կատարում է հնէաբանական հետազոտություն իր նպատակին հասնելու համար, այսինքն` այստեղ հնէաբանությունը  հանդես է գալիս որպես մեթոդ, որը հնարավորություն է տալիս Ֆուկոյին հասնելու իր նպատակին, որն է` Ֆրանսիայի մշակույթի նմուշների ուսումնասիրության հիման վրա դուրս բերել այն պատմա-սոցիալական պայմանները, որոնք հնարավոր են դարձրել գիտելիքի, գիտության գոյությունը տվյալ ժամանակաշրջանում:

 ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Այս էպիստեմային հատուկ է իրերի և բառերի միջև հարաբերակցությունը նմանության տեսքով: Ֆուկոն առանձնացնում է նմանության 4 ձևեր, որ առկա են եղել իրերի և բառերի միջև վերածննդի էպիստեմայի շրջանակներում:

  1. Հարմարվածություն կամ բերվածություն: Հարմարեցված են այն իրերը, որոնք մոտենալով իրար, հարևան դառնալով, նմանվում են: Մեկի վերջը մյուսի սկիզբն է: Մոտ լինելով իրերը նմանվում են իրենց հատկություններով և ձեռք են բերում ընդհանուր հատկություններ` ավելի նմանվելով:
  2. Մրցակցություն: Նմանության ձև է, որ ազատ է տարածությամբ պայմանավորված սահմանափակութուններից: Մրցակցության շնորհիվ աշխարհով մեկ ցրված իրերը հաղորդակցվում են, տարածության մեջ իրարից հեռու գտնվող իրերը կարող են առանց իրար մոտենալու նմանվել միմյանց:
  3. Անալոգիա: Այստեղ համատեղվում են նախորդ երկուսը: Անալոգիայի միջոցով դիտարկվող նմանությունները ոչ թե իրերի նմանությունն են, այլ իրերի հարաբերութունների ավելի նուրբ նմանություններն են:
  4. Համակրություն: Եթե անալոգիան հաղթահարում է տարածությունը, նաև շարժման մեջ է դնում իրերը` առաջ բերելով իրարից հեռու գտնվող իրերի մերձեցում, ապա համակրանքը շարժունության սկիզբն է. այն ծանր իրերը մոտեցնում է երկրի ծանրությանը, իսկ թեթևները մղում դեպի եթեր, բույսի արմատները մղում է դեպի ջուրը: Ավելին, համակրանքը, մոտեցնելով իրար իրերը, նաև ներքին շարժում է առաջ բերում` տեղափոխելով իրերի հատկությունները: Համակրանքը օժտված է նմանեցնելու հատկությամբ: Նմանեցնելով իրար իրերը` նա փոխում է դրանք, որ վերջիններս օտար են դառնում նրանից, ինչ եղել են: Համակրանքը փոխում է իրերը նմանության ուղղությամբ: Դրան հակառակ գոյություն ունի հակակրանք, ինչի շնորհիվ աշխարհում ոչ մի բան ոչ մի բանի ուղղակի կրկնությունը չէ, ինչի շնորհիվ իրերը նմանվելով միմյանց համակրանքի շնորհիվ կուլ չեն տալիս միմյանց, պահպանում են իրենց անկրկնելիությունը:

Նախանշան: Ըստ Ֆուկոյի չկա նմանություն առանց նախանշանի: Նմանության աշխարհը նախանշանների աշխարհն է: Նախանշանը խոսում էանտեսանելիի մասին: Աշխարհը նմանվում է խոսող մարդու, որտեղ լեզվի ֆունկցիան ընձեռնված է նախանշաններին: Նմանությունները նախանշաններ են պահանջում, այնպես որ ոչ մեկը և ոչ մյուսը չէին կարող նկատվել, եթե նմանությունը ապակոդավորման համար բավարար նշաններ չունենար: Նշանը հնարավոր է նմանության միջոցով այն բանի հետ, ինչին մատնանշում է: Սակայն նշանը նույնական չէ այն բանի հետ, ինչին նշված է:Նշանակողը և նշանակվողը նման են, բայց ոչ համընկնող: Սրանում է արտացոլվում այն փաստը, որ 16-րդ դարի գիտելիքում նմանությունը ամենաունիվերսալ, ակնհայտ, բայց և թաքնված տարրն է, որը պայմանավորում է ճանաչողության ձևը: Տարածված էր մագիան, պայծառատեսությունը, բժշկությունը բույսերի միջոցով` Պարացելսիոս:

16-րդ դարում իմաստը փնտրել նշանակում էր ի հայտ բերել այն, ինչին նմանակում է նշանը, նշանների օրենքը փնտրել նշանակում էր բացահայտել իրերը, որոնք նման են: Իրերի բնույթը չի տարբերվում իրենց նմանակներից, այսինքն` նշաններց, հետևաբար պետք է ոչ թե ճանաչել, այլ ներթափանցել նշանների մեջ, որպեսզի ճանաչել իրերը: Ճանաչումը նույնացվում էր ներթափանցման հետ, որը դրսևորվում էր պայծառատեսության առկայության փաստում: Լեզուն նշանների համակարգ էր:                                                                                                             

Դասական էպիստեմա

Ֆուկոն ուսումնասիրություններ է կատարում գիտական երեք ոլորտների` կենսաբանական, լեզվաբանական և տնտեսագիտական, զարգացման ուղղությամբ: Դասական փուլում առաջին երկուսին համապատասխանում էին բնական պատմությունը և համընդհանուր քերականությունը: Ինչ վերաբերվում է տնտեսագիտական ոլորտին այն հանդես էր գալիս հարստության վերլուծությամբ, որն էլ դասական փուլի տնտեսավարման հիմքն էր:

Անպատճառ հարստության վերլուծությունը առաջացավ և զարգացավ այլ ձևով  և զարգացավ այլ տեմպերով, քան համընդհանուր քերականությունը և բնական պատմությանը, քանզի փողի մասին պատկերացումները ձևավորվում են գործնականում և կապված են ինստիտուտների գործառնության հետ, սակայն երեքի դեպքում էլ հիմքը նույն ֆունդամենտալ գիտելիքն է: Այսպիսով` մշակույթում տվյալ ժամանակաշրջանում առկա է միայն մեկ էպիստեմա, որը պայմանավորում է ցանկացած գիտելիքի համար հնարավորության պայմանները:

XVI դարում տնտեսագիտական միտքը գրեթե ամբողջությամբ զբաղված էր գնի և փողի իրային բնույթի հարցերով: Գների հետ կապված հարցը անդրադառնում է թանգացման հարցերին կապված ամերիկյան ոսկու հոսքի հետ, իսկ մյուսը` էտալոնի բնույթի հարցն էր: Այս երկու խնդիրները միմյանց հետ կապված են, քանի որ մետաղը հանդես էր գալիս որպես նշան, որը չափում է հարստությունը, քանի որ հենց ինքն էլ հարստություն է:

Համապատասխան դասական էպիստեմային ինչպես բառը ուներ նույն ռեալությունը, ինչ որ այն արտահայտում էր, ինչպես կենդանի օրգանիզմների հատկանիշները գրված էին նրանց օրգանիզմների վրա, այնպես էլ նշանները, որոնք  մատնանշում էին և չափում հարստությունը, պետք է իրենց մեջ դրանց իրական նշանը կրեին: Այսպիսով` մետաղը ուներ գին, այդ իսկ պատճառով չափում էր բոլոր գները, և, վերջապես, դա հնարավորություն է տալիս փոխանակման մեջ մտնելու: XVII դարում այս հատկանիշները վերագրվում էին դրամին, սակայն դրա հիմքը ոչ թե առաջին հատկանիշն էր, այլ վերջինը` փոխանակման: Այդ հեղաշրջումը հանդես է գալիս որպես արդյունք այն պրակտիկ գործողությունների և  տեսակական ընդհանրացումների, որոնք տարածված էին XVII դարում և անվանում են մերկանտելիզմ տերմինով: Այն դնում է մետաղադրամի և հարստության միջև ոչ թե համանմանության, այլ հորինված  համապատասխանության նշան:

Այսպիսով` համապատասխան այս ժամանակաշրջանի մտածողությանը հարստությունը հարստության է, քանի որ մենք այն գնահատում ենք որպես այդպիսին, ինչպես որ գաղափարները այն են, ինչ որ կան, քանի որ մենք դա այդպես ենք պատկերացնում:

XVII-XVIII դարերում մարդիկ մտածում են հարստության, բնության և լեզվի մասին`  չօգտագործելով այն ժառանգությունը, որը նրանց թողել են անցյալից և ոչ այն ուղղությամբ, որը նոր է բացվելու. նրանք իմաստավորում են իրականությունը` ելնելով այն ընդհանուր կառուցվածքից, որը նրանց տալիս էեն ոչ թե մեթոդները և հասկացությունները, այլ առավել խորը մակարդակի վրա  պայմանավորում են լեզվի, բնության էակների,  իրերի կեցության ձևը. այդ կեցության ձևը պատկերացման կեցության ձևն էր: Դասական էպիստեմայի վախճանը գալիս է, երբ պատկերացումը դուրս է մղվում, այն այլևս չի կարողանում մեկնաբանել իրականությունը, այն դառնում է սահմանափակ, կառավարելի դրսից ազատության, կամքի կամ ցանկության միջոցով: Ժամանակակից փուլում հանդես է գալիս կամքը կամ ուժը, որը վկայում է դասական էպիստեմայի ավարտի մասին: Մարկիզ դե Սադի աշխատությունները արտահայտում էին դասական էպիստեմայի վախճանը:

Ժամանակակից էպիստեմա

Դասական փուլում գիտելիքի հիմքը կարգն էր, իսկ ժամանակակից փուլում պատմականությունը, որոնք կազմում են նաև կեցության հիմքը:

Համապատասխան իր կողմից ուսումնասիրվող երեք ոլորտներին Ֆուկոն ներկայացնում է դրանցում կատարվող փոփոխությունները: Տնտեսկան ոլորտում այդ փոփոխությունները արտահայտվում են Ա.Սմիթի աշխատություններում, նա շեշտադրում է աշխատանքի ուսումնասիրությունը պատմականության կոնտեքստում: Կենսաբանական ոլորտում փոփոխությունները արտահայտվում են նրանում, որ սկսում են ուսումնասիրվել օրգանական կառուցվածքները, որոնք բնորոշ են բոլոր օրգանիզմներին: Լեզվաբանական ոլորտում սկսում են կարևորել ֆլեքսիաների ուսումնասիրությունը, այսպիսով` հիմա լեզուն ունի ներքին մեխանիզմ, որը բնորոշ է բոլոր լեզուներին:

Այսպիսով նոր փուլում գիտելիքը փոխում է իր բնույթն ու ձևը, այդ ամենը իր արտահայտումն է գտնում տնտեսական ոլորտում Ռիկարդոյի, լեզվաբանական ոլորտում Բոպպի, կենսաբանական ոլորտում Կուվյեի աշխատանքներում:

Ռիկարդո. նորամուծությունը այն էր, որ արտադրության պրոցեսի մեջ առաջնայինը աշխատանքն էր, քանզի դա պայմանավորում է աշխատանքի ողջ գործընթացի հիմքը: Տնտեսագիտությունը հիմնվում է  անթրոպոլոգիայի վրա, որը վկայում է մարդու վերջավոր բնույթի մասին, որը կարող է հաղթահարվել միայն աշխատանքի միջոցով, պատմությունը հնարավոր է դարձնում բարիքների պակասը լրացնելու: Այժմ մարդը ունի պահանջմունքներ ոչ թե իր պատկերացման ոլորտում, այլ աշխատում է դրանք հաղթահարելու ուղղությամբ:

Կուվյե.  նրա մոտ ուսումնասիրությունների հիմքը դառնում է կյանքը, ամեն ինչի սկզբնաղբյուրը հանդիսանում է կյանքը: Կյանքը դառնում է հիմնական ուժ, որը, դուրս գալով բոլոր իրական  և հնարավոր իրերի սահմաններից, ամեն ինչի գոյության հիմքն է: Այն դառնում է կեցության և ոչ կեցության հիմքը: Օրգանները սկսում են ուսումնասիրվել դրանց կատարած գործառույթների տեսանկյունից: Հատկանիշը կորցնում է անմիջական կապը պատկերացումների հետ, քանի որ հատկանիշը կապված է կառուցվածքի և որևէ ֆունկցիայի հետ:

Բոպպ. բառը ժամանակակից փուլում, որպեսզի ինչ որ բան արտահայտի, պետք է ներկայացվի այն հիմնավորող  և սահմանափակող քերականական ամբողջականության մեջ: Այն ուսումնասիրվում է կառուցվածքի տեսանկյունից, որը բնորոշ է բոլոր լեզուներին: Առաջնայինը ոչ թե բառն է, այլ լեզուն: Լեզուն այլևս չի դիտվում որպես պատկերացումների համակարգ, այլ անկախ իրողություն: Լեզվի հիմքը ոչ թե ժողովրդի քաղաքականությունն է, այլ ժողովրդի կամքը, ուժը: Այսպիսով` լեզուն դառնում է օբյեկտ:  XIX դարում լեզուն ինքն իր մեջ է ամփոփվում: Այն դառնում է ճանաչման օբյեկտ այլ օբյեկտների հետ մեկտեղ: Լեզուն ունի հետևյալ առանձնահատուկ նշանակությունները այլ օբյեկտների համեմատ.

1.         այն ցանկացած գիտության ճանաչման հիմքն է,

2.         այն լինելով նշանակալի պատմական իրողություն, դառնում է ավանդույթների, ժողովրդի ոգու պահեստը, դրա հիշողությունը: Արտահայտելով իրենց միտքը` մարդիկ կարծում են, որ իրենց խոսքը իրենց է ենթարկվում, չգիտակցելով, որ հենց իրենք են ենթարկվում լեզվի օրենքներին:

3.         առաջանում է գրականությունը նոր իմաստավորմամբ:

Լեզվի ուսումնասիրությունը կարող է հարստացնել մեր գիտելիքը ցանկացած ոլորտում: Առաջին անգամ լեզուն որպես անկախ իրողություն հանդես եկավ XIX դարում, դրա փիլիսոփայական հարցադրումը կատարեց Նիցշեն. ո՞վ է խոսում:

Ժամանակակից էպիստեմայի ձեռք բերումը եղավ մարդը: Մարդը դառնում է ինչպես ուսումնասիրության օբյեկտ, այնպես էլ սուբյեկտ:  Սկսում է կարևորվել մարդու ուսումնասիրությունը բոլոր ասպեկտներով, ուստի ձևավորվում է մարդաբանությունը: Կանտը ձևակերպում է հետևյալ հարցը. ի՞նչ է մարդը: Այդ հարցը արծարծվում է XIX դարի ողջ ընթացքում: Սակայն, նմանատիպ հարցադրումները` չստանալով իրենց պատասխանը, ենթարկվում են վախճանի: Այս ժամանակաշրջանը Ֆուկոն անվանում է անթրոպոլոգիական քուն:

Այսպիսով` այս ժամանակաշրջանի մտածողության պահանջին համապատասխան ձևավորվում են հումանիտար գիտությունները` հիմնվելով կենսաբանական, տնտեսագիտական և լեզվաբանական մոդելների վրա, որոնց ուսումնասիրության կենտրոնում մարդն է: Ֆուկոն, հետազոտելով հումանիտար գիտությունները, նշում է, որ դրանք ոչ միայն կեղծ գիտություններ են, այլ գիտություններ չեն ընդհանրապես, քանզի դրանց գոյությունը հնարավոր է միայն կենսաբանության, լեզվաբանության և տնտեսգիտության հետ կապի միջոցով: Ֆուկոն նշում է, որ էպիստեմայի սկզբնական շրջանում հումանիտար գիտություններում գերիշխում էր կենսաբանական մոդելը, այնուհետև դրան հաջորդում է տնտեսական մոդելը և միտում է նկատվում, որ հիմա հաստատվում է լեզվաբանական մոդելը:

Ֆուկոն իր աշխատանքի վերջին մասում ենթադրություն է անում, որ մարդը, որը նոր ձեռք բերում էր գիտության մեջ, վերանալու է գալիք էպիստեմայում, ինչպես ծովափին ավազի վրա պատկերված մարդու դեմքը:

Օգտագործված գրականություն

  1. М. Фуко “Слова и вещи: Археология гуманитарных наук “ М., «Прогресс», 1977 ,
FacebookGoogle GmailLiveJournalTwitterWordPressYahoo MessengerYahoo BookmarksMySpaceGoogle ReaderBlogger PostShare

Մեկնաբանել