ԹԵՈԴՈՐ ԱԴՈՌՆՈ

1903-1969

Գերմանացի սոցիոլոգ, փիլիսոփա և երաժշտագետ Թեոդոր Լյուդվիգ Վիզենգրունդ Ադոռնոն ծնվել է 1903 թվականին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում: Մանուկ տարիներից ունեցել է հետաքրքրություն երաժշտության հանդեպ, ինչին մեծապես նպաստել է մայրը: Ի դեպ, մի քանի տարի հոր ազգանունը կրելուց հետո նա սկսում է հանդես գալ մոր ազգանվամբ:

1921 թվականին Ադոռնոն ընդունվում է Ֆրանկֆուրտի համալսարան՝ իր ողջ ներուժը կենտրոնացնելով փիլիսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության և երաժշտության տեսության ուսումնասիրման վրա և արդեն 1924 թվականին ստանում փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան: Իսկ երաժշտական կրթությունը հետագայում շարունակում է Վիեննայում: Մի շարք երաժշտական ստեղծագործությունների հեղինակ է՝  ներառյալ մի քանի օպերաների:

1931 թվականին իր ընկեր Մաքս Հորկհեյմերի հետ հիմնադրում է Ֆրանկֆուրտի սոցիալական հետազոտությունների ինստիտուտը: Ունեցած քաղաքական դիրքորոշումների պատճառով 1934 թվականին արտաքսվում է Օքսֆորդ, հետագայում՝ Նյու Յորք և կարողանում միանալ ինստիտուտի աշխատանքներին այնտեղ:

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում Ադոռնոն ծանոթանում է էմպիրիկ հետազոտությունների մեթոդներին և իր համագործակիցների հետ իրականացնում սոցիոլոգիական և հոգեվերլուծական հետազոտություններ անձի տիպերի մասին, որոնք տեղ են գտնում իր «Ավտորիտար անհատականությունը» /«The Authoritarian Personality»  աշխատությունում:

Ադոռնոն լքում է ԱՄՆ-ն 1949-ին և վերադառնում Ֆրանկֆուրտ: Այնտեղ նա Հորկհեյմերի հետ վերաբացում է ինստիտուտը և 1959 թվականից ղեկավարում այն:

1956 թվականից աշխատում է Ֆրանկֆուրտի համալսարանում՝ փիլիսոփայության և սոցիոլոգիայի պրոֆեսոր: Ադոռնոն փիլիսոփայության նպատակը տեսնում էր ոչ թե «համընդհանուրի կառուցակցումը», այլ «յուրահատուկի բացահայտումը»:

Սոցիոլոգիայում Ադոռնոն հայտնի է որպես քննադատական տեսության ներկայացուցիչ: Իր աշխատություններում հանդես է եկել ֆենոմենոլոգիայի, էքզիստենցիալիզմի և նեոպոզիտիվիզմի քննադատությամբ, ինչպես նաև այն պնդումներով, որ սոցիոլոգիան չի կարող միայն տեսական դիսցիպլին լինել. այն նաև կարիք ունի էմպիրիկ հետազոտությունների:

Տեոդոր Ադոռնոն հայտնի է ոչ միայն իբրև գիտնական այլ նաև երաժիշտ: Նա, ստանալով երաժշտական կրթություն, հետագայում երաժշտական կատարումների հեղինակ է դառնում, որոնց թվում են մի շարք օպերաներ և ֆորտեպիանոյի համար նախատեսված բաժիններ: Երևի թե հենց այդ պատճառով էլ Ադոռնոն մեծ հետաքրքրություն էր տածում երաժշտության սոցիոլոգիայի հանդեպ, որին նվիրված բազմաթիվ էսսեներ ունի գրված: Դրանք հետագայում ամփոովեցին համանուն` «Երաժշտության սոցիոլոգիա», գրքում:

1969 թվականի ամռանը Ադոռնոն մեկնում է Շվեյցարիա, որտեղ էլ մահանում է սրտի կաթվածից:

 Հիմնական աշխատանքների ցանկ

  1. Ադոռնո Թ. և Հորկհեյմեր Մ. «Լուսավորականության դիալեկտիկա» /«Dialectic of Enlightenment», 1947
  2. «Ավտորիտար անհատականությունը»/ «The Authoritarian Personality», 1950
  3. «Երաժշտության սոցիոլոգիա»/ «Sociology of Music»,
  4. «Բարոյականություն և ոճ. մտորումներ վնասված կյանքից»/«Minima Moralia: Reflections from Damaged Life», 1951
  5. «Նեգատիվ դիալեկտիկա»/ «Negative Dialectics», 1966
  6. «Էսթետիկ տեսություն»/ «Aesthetic Theory», 1970

Թարգմանեց` Օֆելյա Գրիգորյան

 

FacebookGoogle GmailLiveJournalTwitterWordPressYahoo MessengerYahoo BookmarksMySpaceGoogle ReaderBlogger PostShare

Մեկնաբանել