Ադրբեջանի` խորհրդային իրավահաջորդությունից հրաժարվելու հիմնապատաճառները

    Հեղինակ` Գևորգ Տեր Հովհաննիսյան

gevorgterhovhannisyan@gmail.com

Ադրբեջանի` խորհրդային իրավահաջորդությունից հրաժարվելու պատճառների համակարգային ուսումնասիրությունը և դրա հիմքում ընկած առանձնահատկությունների ու դրանք պատճառավորող գործոնների վերհանումը, պարզաբանումն ու մասնագիտական վերլուծությունն  առանձնակի կարևորություն է ներկայացնում ոչ միայն պատմական և քաղաքագիտական, այլև միջազգային իրավունքի շրջանակներում: Վերոգրյալն առավել արդիական և հրատապ են հնչում Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների հայկական (և ոչ միայն) տարածքների, Ադրբեջան պետության հստակ սահմանների իրավականորեն ամրագրման և նրա` ներկայում և հետագայում աշխարհաքաղաքական դերի փոփոխության իմաստավորման համատեքստում: Հոդվածում ներկայացվում է  իրավահաջորդության հրաժարման հետևյալ հիմնադրույթները`

●    Արցախյան հիմնախնդիր,

●    Նախիջևանի և հայկական այլ տարածքների  նկատմամբ ծավալապաշտական նկրտումներ

●    ԱԽՍՀ-ում  հայկական ջարդերի և հայերի գույքի բռնազավթում

● Խորհրդային Ադրբեջանի տարածքում բնակվող էթնիկ փոքրամասնությունների զտման քաղաքականություն

   Ադրբեջանի իրավահաջորդության պատճառները հասկանալու, դրանց առավել չպարզաբանված կողմերը վերհանելու և ուսումնասիրելու համար նախ և առաջ հարկ է հասկանալ իրավահաջորդության էությունը, առանձնահատկությունները, դրա դերն ու նշանակությունը պետությունների և նրա սահմանների ձևավորման, պետությունների միջև փոխհարաբերությունների իրավականորեն կարգավորման համատեքստում:
Իրավահաջորդությունը որոշակի տարածքի միջազգային հարաբերությունների համար պատասխանատու մեկ պետությունը մեկ այլ պետությամբ փոխարինելու արդյունքում իրավունքների ու պարտականությունների անցումն է մեկից մյուսին: Իրավահաջորդության հարցը ծագում է, երբ`

-         մեկ պետությունը բաժանվում է երկու և ավելի նոր պետությունների,

-         երկու և ավելի պետություններ միավորվում են մեկ նոր պետության կազմում,

-         պետության տարածքի մի մասում ստեղծվում է նոր պետություն

-         մի պետությունը մտնում է մեկ այլ պետության կազմի մեջ,

-         մի պետության տարածքի մասն անցնում է մեկ այլ պետության[1 էջ 76]:

   Խորհրդային լիակատար իրավահաջորդությունից հրաժարվել են նախկին ԽՍՀՄ բոլոր 15 միութենական հանրապետությունները` այդ թվում և Ադրբեջանը`1992 թ.-ին Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի հանրապետության միջև ստորագրված համաձայնագրով[2], ըստ որի իրավանախորդ Խորհրդային Ադրբեջանը հրաժարվում է իրեն բաժին ընկնող պետական պարտքից`(ընդհանուր պարտքի 1,64%) միաժամանակ զիջելով Խորհրդային Միության միակ լիակատար իրավահաջորդ ՌԴ –ին ԽՍՀՄ ակտիվներում իր բաժնեմասը: Սակայն Ադրբեջանը հրաժարվում է խորհրդային իրավահաջորդությունից առհասարակ: Հիշեցնենք, որ միջազգային իրավունքում տաբերակվում է իրավահաջորդության հետ կապված իրավիճակների հանդեպ դրսևորվող երկու հիմնական մոտեցում`
1. լիակատար իրավահաջորդություն, այսինքն, իրավանախորդ պետության բոլոր իրավունքների և պարտականությունների ընդունումն` առանց որևէ վերանայման,

     2.  զրոյական իրավահաջորդություն կամ tabula rasa (մաքուր տախտակ)` իրավունքների և պարտավորությունների լրիվ վերանայումը[1 էջ 76]:

Խորհրդային իրավահաջորդությունից հրաժարվելու հիմնական պատաճառները մեր կարծիքով հետևյալներն են`

   Արցախյան հիմնախնդիրը. 1918թ.-ի մայիսի 27 –ին Անդրկովկասյան Սեյմի մահմեդական պատգամավորների արտակարգ նիստը միաձայն որոշեց ստանձնել Ադրբեջանի կառավարումը` իրեն հռչակելով Ադրբեջանի ժամանակավոր Ազգային Խորհուրդ[3 с 204]` Մ. Ռասուլզադեի նախագահությամբ: Ստեղծվեց նաև գործադիր մարմին` Ֆ. Խան Խոյսկու գլխավորությամբ: Մայիսի 28-ին ընդունված անկախության հռչակագրի առաջին կետը սահմանում էր. «Այսուհետ Ադրբեջանի ժողովուրդները հանդիսանում են ինքնիշխան իրավունքների կրողներ, իսկ Ադրբեջանը` բաղկացած արևելյան և հարավային Անդրկովկասից` լիիրավ անկախ պետություն» [4 сть1]: Ահա այսպես կայացավ Անդրկովկասի արևելքում նոր թուրքական պետության ստեղծման գաղափարն ու նախագիծը[5 с 14], և հենց հռչակագրի առաջին իսկ կետով պաշտոնապես սկիզբ դրվեց ԱԴՀ տարածքային նկրտումների առաջին փուլին:

   Լեռնային Ղարաբաղը այդ ժամանակահատվածում վարչականորեն մտնում էր Ելիզավետպոլի, Ջևանշիրի, Շուշիի, Կարյանգինի գավառների կազմի մեջ: Վարչական բաժանումն այնպես էր կատարվել, որ գավառներն աշխարհագրորեն տարածվում էին արևմուտքից արևելք` յուրաքանչյուրը ներառելով հատվածներ Արցախի լեռնային և դաշտային մասերից: Արդյունքում հայ բնակչության թիվը կազմում էր 165.000` 59.000 մահմեդականի դիմաց[6 թ 6-9]: Ստեղծված միջազգային և տարածաշրջանային բավականին բարդ և դժվարին պայմաններում 1918թ.-ի մայիսի վերջին Թիֆլիսում Հայոց Ազգային Խորհրդի և Մահմեդական Ազգային Խորհրդի միջև սկսվեցին ձախողման մատնված բանակցությունները, որոնց անմիջապես հետևեցին օգոստոս-սեպտեմբեր ամիսներին տեղի ունեցած Արցախի հայերի I և II համագումարները[7 էջ166-169], որով մերժվեց ընդունել ԱԴՀ իշխանությունը Արցախում: Հայկական կողմի ջանքերն ի զորու չէին որևէ փոփոխություն մտցնելու ստեղծված դրությունում և դրան նոր ազդակ հաղորդեց արտաքին ազդեցիկ միջամտությունը: Այսպես, 1918թ ի դեկտեմբերի 7 ին տեղի ունեցավ ԱԴՀ խորհրդարանի բացումը, ստեղծվեց նոր կառավարություն` Խոյսկու գլխավորությամբ, որին անմիջապես հետևեց Անգլիական զորքի հրամանատար Թոմսոնի հետևյալ հայտարարությունը. «Նկատի ունենալով  ադրբեջանական կոալիցիոն կառավարության ձևավորումը` դաշնակիցների հրամանատարությունը լիակատար աջակցություն կցուցաբերի այդ կառավարությանը` Ադրբեջանի սահմաններում որպես միակ տեղական օրինական իշխանություն» [8]: Հիշեցնենք 1918 նոյեմբերին անգլիական զորքի Բաքու մուտքի մասին`արդեն ԱԴՀ համաձայնությամբ, և դաշնակիցներ ասելով` խոսքը գնում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՄԲ-ի մասին: Փաստորեն սրանով փաստացի ԱԴՀ-ն ճանաչվեց 3 տերությունների կողմից և ավելի վաղ Թուրքիայի կողմից(խոսքը գնում է Բաթումի պայմանագրով ԱԴՀ-ի ճանաչման, ԱԴՀ 5 երկաթուղիների` Թուրքիայի վերահսկողությանն անցնելու և մի շարք առևրտրատնտեսական պայմանագրերի մասին): Առերևույթ կարող է թվալ, թե ԱԴՀ-ն ստացավ միջազգային ճանաչում և դարձավ միջազգային իրավունքի առանձին սուբյեկտ, սակայն դա այդքան էլ այդպես չէ, քանի որ միջազգային իրավունքը կարգավորող և ոչ մի փաստաթղթում չկա հստակություն այն մասին, թե քանի պետություն պետք է ճանաչի նորանկախ պետությանը, որ վերջինս ձեռք բերի իրավասուբյեկտիվություն: Նշվածի վառ ապացույց է հանդիսանում 1920թ. դեկտեմբերին Ազգերի Լիգայի միաձայն որոշումը` ԱԴՀ-ին կազմակերպության մեջ չընդգրկելուն` մասնավորապես այն հիմնավորմամաբ, որ ԱԴՀ-ն չունի հստակ ամրագրված սահմաններ հարևաններ Հայաստանի և Վրաստանի հետ: Այդուհանդերձ ԱԴՀ շարունակում էր իր` տարածաշրջանային հարևան պետությունների հողերի  նկատմամբ զավթման քաղաքականությունը, որն այս անգամ կարծես թե հաջողվում է: Արցախում հայերի զանգվածային բռնություններից ու ջարդերից խուսափելու համար աշնանը տեղի ունեցավ արցախահայության III համագումարը, որով էլ ճանաչվեց ԱԴՀ իշխանությունը[9 էջ730]: Սրան հաջորդեց 1919թ. ի փետրվարին Արցախի Հայոց Ազգային Խորհրդի IV, V, գարնանը VI համագումարները, որով ԱԴՀ իշխունությունը չէր ճանաչվում: Բայցևայնպես, 1919թ.-ի օգոստոսի 12-ի Շոշ գյուղում տեղի ունեցած VII համագումարով կրկին ճանաչեցին ԱԴՀ իշխանությունը: Վերջին` 1919 օգոստոսի 22 ի VIII համագումարում[6 գ.563 թ29-35] որոշում ընդունվեց ոչ միայն չճանաչել ԱԴՀ իշխանությունը, այլև պահանջել պարբերաբար կրկնվող սպանությունների և բռնությունների դադարեցում: ԱԴՀ-ի հաջորդ հաջողված դիվանագիտական քայլը ամբողջացավ 1919թ. ի հունվարին 15-ին, երբ ԱԴՀ կառավարությունը, գեներալ Թոմսոնի թողտվությամբ և աջակցությամբ, հիմնադրեց Զանգեզուրի, Կարյագինի, Շուշիի և Ջևանշիրի գավառներն ընդգրկող գեներալ-նահանգապետություն` Խոսրով Բեկ-Սուլթանովի գլխավորությամբ [6 գ.243  թ100-102]:  

Ամփոփելով ԱԴՀ` Արցախը զավթելու քաղաքականությունը` անհրաժեշտ է ներկայացնել նաև Խորհրդային Ադրբեջանի դիրքորոշումը հայկական տարածքի նկտմամբ: Այսպես, տարածաշրջանային երկրների խորհրդայնացումից անմիջապես հետո` 1920թ.-ի նոյեմբերի 30-ին, Ադրբեջանական ԽՍՀ-ն պաշտոնապես հռչակեց հայկական հողերի` Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի հանդեպ տարածքային նկրտումներից հրաժարվելու մասին` հօգուտ եղբայրական Հայկական ԽՍՀ-ի, որն իրավականորեն ամբողջացավ 1921թ.-ի հունիսի 3-ի ՌԿ/բ/Կ Կովբյուրոյի միաձայն որոշմամբ: Սրան անմիջապես հետևեց միջազգային հանրության արձագանքը, որտեղ ողջունվեց Ադրբեջանի կողմից տարածքների վերադարձի ճիշտ քայլը: Եվ արդեն 1920թ.- դեկտեմբերից Հայաստանի Հանրապետության տարածքային կազմը` այդ թվում Ղարաբաղը, ներառնված էին Ազգերի Լիգայի մի շարք պաշտոնական փաստաթղթերում[10]: Այդուհանդերձ 1921թ.ի հուլիսի 5-ին հրավիրվում է Կովբյուրոյի պլենումի արտահերթ նիստ, որտեղ Ստալինի ճնշման ներքո ընդունվում է իրավական ուժ չներկայացնող որոշում. «Լեռնային Ղարաբաղը թողնել ԱԽՍՀ սահմաններում` նրան ընձեռելով մարզային լայն ինքնավարություն` Շուշի քաղաքում վարչական կենտրոնով», իսկ 1923թ.ի հունիսի 7 ի դեկրետով ձևավորվեց ԼՂԻՄ-ը:
Հաշվի առնելով ԱԴՀ 1918-1920թթ.-ի Արցախն ադրբեջանացնելու հաջողությամբ իրականացրած քաղաքականությունը և խորհրդայնացման սկզբնափուլում տանուլ տված դիվանագիտությունն ու Արցախի վիճելի լինելու համատեքստում բոլոր գործոնների առկայությունը, կարծում ենք, որ հիմնավոր պատճառ է հանդիսանում հրաժարվելու խորհրդային իրավահաջորդությունից և հռչակվելու ԱԴՀ իրավահաջորդ:

   Նախիջևանի և հայկական այլ տարածքների  նկատմամբ ծավալապաշտական նկրտումներ. ԱԴՀ-ի  զավթման գործունեության ակտիվացումը պաշտոնապես և իրավականերեն մեկնարկեց 1918թ. նոյեմբերին Շարուր-Նախիջևանում, Օրդուբադում, Երևանի գավառի հարավում Արաքսի(Արզադյան) Հանրապետության հռչակմամբ[11 p229], որին անմիջապես հաջորդեց նոյեմբերի 30-ին Կարսում գումարված մեծ համաժողովը` մահմեդակնների մասնակցությամբ, որտեղ որոշում ընդունվեց ձևավորել «Ազգային Մուսուլմանական Շուրա» [12 s80] անունով տեղական կառավարություն: Վերջինս ամբողջացավ 1919թ.-ի հունվարի 17-18 Հարավ-արևմտյան Կովկասի ժամանակվոր ազգային կառավարության ստեղծմամբ, որի սահմանները տարածվում էին Բաթումից մինչև Նախիջևան[12 s.85-86]: Այստեղ առանձնակի կարևորվում է Ադրբեջանի սահուն դիվանգիտությունը, որի դրսևորումը եղավ այն, որ Կարսի և Բաթումի, Արդահանի, Շարուր-Նախիջևանի, Օրդուբադի, Սարդարապատի, Ախլցխայի և Սուրմալուի տարածքները ներառող Հարավ-արևմտյան Կովկասի ճանաչման պահանջը` իբր մեծամասնություն կազմող մահմեդականների իքնորոշման իրավունքի հիման վրա, բավարարվեց. դաշնակիցները`անլգլիական զորքի հրամանտարի գլխավորությամբ, դե-ֆակտո ճանաչեցին Հարավ-արևմտյան Կովկասի իշխանությունը և կանխեցին հայ գաղթականության վերադարձը:  Հայկական կողմի անհաջողության մատնված անհամաձայնություններն ու բողոքները հանգեցրին նրան, որ 1919թ-ի ամռանը տեղի ունեցան ԱԴՀ առաջին զիված հարձակումները Զանգեզուրի վրա: Բայցևայնպես նոյեմբերի 23 ին Թիֆլիսում ստորագրված համաձայնագրի[6 գ50 թ360] համաձայն` հիմնված Հասկելի ծրագրային դրույթների վրա, Զանգեզուրում և Շարուր-Նախիջևանում ժամանակավոր խաղաղություն հաստատվեց, վերականգնվեցին Հայոց Ազգային Խորհրդի իրավունքները:

    Համեմատության կարգով հարկ է նկատել, որ խորհրդայնացումից հետո միայն` 1921թ մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի և այն գրեթե նույնությամբ կրկնող 1921թ.-ի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի համաձայն Նախիջևանի մարզը կազմում է ինքնավար տերիտորիա` Ադրբեջանի խնամակալության ներքո: Այսպիսով, հաշվի առնելով ԱԴՀ մասամբ հաջողված քաղաքականությունը Նախիջևանի, Զանգեզուրի և հայկական վերոգրյալ այլ տարածքների նկատմամբ, խորհրդայնացումից հետո Նախիջևանի հանձնումը Ադրբեջանի խնամակալությանը, որն ուղեկցվեց միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ, հիշեցնենք, որ այդ ժամանակ ո’չ ՌՍՖՍՀ(առաջին միջազգային ճանաչումը ՄԲ-ի կողմից 1924թ. [13 p491]), ո’չ Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովը, ո’չ Հայաստանն ու Ադրբեջանը չէին հանդիսանում միջազգային իրավունքի առանձին սուբյեկտ[14 էջ37], կարծում ենք, որ հիմնավոր պատճառ է հանդիսանում հրաժարվելու խորհրդային իրավահաջորդությունից և հռչակվելու ԱԴՀ իրավահաջորդ:

     ԱԽՍՀ-ում  հայկական ջարդերի և հայերի գույքի բռնազավթում. 1988-1990 թթ., ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող միտումնավոր շահարկումների արդյունքում, Ադրբեջանի երեք ամենամեծ քաղաքներում` Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում (այժմ Գյանջա) տեղի ունեցան զանգվածային ջարդեր, բռնություններ` վերջին հաշվով ցեղասպանություն`ադրբեջանահայերի նկատմամբ: Մեկնարկը տրվեց փետրվարի 27 ին Սուգմայիթում, այնհուտեև շարունկավեց Բաքվում և Կիրովաբադում, որոնց զոհ գնացին և վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ, բռնագրավվեց հայերի շարժական և անշարժ գույքը:  Այս ամենը տեղի էր ունենում ադրբեջանական իշխանությունների բացահայտ թողտվությամբ և գիտությամբ, որի հիմնական նպատակը Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը խոչընդոտելն էր: Զուգահեռականներ անցկացնելով 1918-20թթ. –ի և ԱԽՍՀ-ում հայկական ջարդերի և գույքի բռնագրավման միջև, որին զոհ գնաց մոտ 30.000 հայ` անհրաժեշտ է նկատել, որ ԱԴՀ-ն այս կամ այն կերպ կարողացավ ոչ միայն խուսանավել պատժից, այլև միջազգային հանրությանը համոզեց իր անմեղության մեջ` միևնույն ժամանակ պնդելով հայերի կողմից իրականացված բռնությունների մասին մահմեդականների նկատմամբ: Եվ որքան էլ, որ մարազմատիկ և զավեշատալի է հնչում, ԱԴՀ-ն ստեղծեց Ելիզավետպոլի ու Բաքվի նահանգներում հայերի կողմից մահմեդականների նկատմամբ իրականցրած «ցեղասպանության» մասին փաստական նյութեր հավաքագրող «արտակարգ հետաքննական հանձնաժողովներ»[15 էջ14]: Սրանով Ադրբեջանը կարողացավ շեղել միջազգային հանրության ուշադրությունը հայերի նկատմամբ իրագործված եղեռնագործությունից, որը չկարողացավ անել խորհրդային վերջին տարիներին, երբ 1988թ. հուլիսի 7-ին Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունված բանաձևում դատպարտվում էր Արցախում 80% բնակչություն կազմող հայերի հանդեպ բռնությունները: Ահա և վերոգրյալը, ըստ Մեզ, ադրբեջանահայերի զանգվածային բռնությունների ու գույքի բռնագրավման համատեքստում, հիմնապատճառ է հանդիսանում հրաժարվելու համար խորհրդային իրավահաջորդությունից:

   Խորհրդային Ադրբեջանի տարածքում բնակվող էթնիկ փոքրամասնությունների զտման քաղաքականություն. Ադրբեջանի` խորհրդային իրավահաջորդությունից հրաժարվելու կարևոր առանձնահատկություններից է խորհրդային տարիների ընթացքում ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարած քաղաքականությունը: Այսպես, 1936թ-ին Լեզգիստանում լեզգիները 96% էին կազմում, 2009թ.-ի տվյալներով Կուսարի և Կուտկաշեն շրջաններում նրանք փոքրամասնություն են կազմում և միայն Խաչմասի, Իսմայիլի և Վարդաշենի շրջաններում է պահպանվել ժողովրդագրական հավասարակշռությունը: Փաստորեն խորհրդային իշխանության տարիներին Լեզգիստանի հարավային տարածքների Ադրբեջանին բռմնակցմամբ` խախտվեց լեզգիների ազգային միասնությունը[16 с238], որի հիմնական նպատակն էր ազգին սեփական տարածքից արմատապես կտրելը` քոչվորների վերաբնակեցման հաշվին և նրանց թուրքացումը:

     1926թ.-ի մարդահամարի տվյալներով` Խորհրդային Ադրբեջանի բնակչությունը կազմում էր 1 մլն. 241հազար 758 մարդ` որից 80.624-ը թալիշներ, իսկ 1931թ.-ին` 89.398 մարդ չհաշված Լենքորանի 11.688 թալիշներին: Հաշվի առնելով թալիշների երկարակեցությունն ու բազմազավակության ավանդույթը, պետք էր, որ ժողովրդագրական աճ նկատվեր, սակայն 1970թ.-ի մարդահամարի տվյալներով` Ադրբեջանում թալիշներ չկային, և սա այն դեպքում, երբ ոչ պաշտոնական թվերով նրանց թիվը անցնում էր մոտ կես միլիոնը:
1923թ.-ի օգոստոսի 6 ի ադրբեջանական կառավարության որոշումով ստեղծված Կարմիր Քուրդիստանի ինքնավար մարզի բնակչության 72% քրդեր էին, որոնց թվաքանակը 1926թ. ի մարդահամարի տվյալներով կազմում էր 44.193 մարդ: Եվ ահա քրդերի արագ բազմացման պայմաններում մեկնարկում է նրանց ժողովրդագրական անկումը. այսպես, 1936թ. 6000, 1959թ.`1500, իսկ 1979թ. ի մարդահամարի պաշտոնական տվյալների համաձայն քրդեր չկային:
1926թ. ի տվյալներով` թաթերի քանակաը կազմում էր 28.444, 1959թ. ին`5900, 1970թ. ին` 14.200 և 1979թ. ին 8800 մարդ: Այստեղ նկատվում է, որ ի տարբերություն մյուս էթնիկ խմբերին` թաթերը չեն վերացել և այսօր էլ ոչ պաշտոնական տվյալներով` կազմում են քառորդ միլիոն, գրեթե բոլորն էլ պահպանել են մայրենի պարսկերեն լեզուն և կապը Իրանի հետ: Անհետացել են նաև 1926թ ի տվյալներով Ադրբեջանում ապրող պարսկալեզու 27.000 լեռնային հրեաները[17]:

     Ամփոփելով` հարկ է նշել, որ Ադրբեջանը, խորհրդային իրավահաջորդությունից հրաժարվելով և իրեն ԱԴՀ իրավահաջորդ հռչակելով, մի կողմից խուսափում է խորհրդային տարիների(միգուցե իր համար կործանարար տեսլականով հղի) քաղաքականության պտուղները հավաքելուց, մյուս կողմից փորձում է դառնալ այն պետության իրավահաջորդը, որին որոշ չափով հաջողվել էր հասնել որոշակի դիվանագիտական, տարածքային և գույքային ձեռքբերումների: Այստեղ կենսական կարևորություն է ներկայացնում ներկայիս Ադրբեջանի տարածքային նկրտումները Իրանի հյուսիս-արևմտյան Ատրպատականի նկատմամբ, որը մեկնարկել էր և այսօր էլ նոր թափ է առել արդեն այլ ձևաչափով, հենց 1918թ. ի հռչակումից, երբ Իրանը բողոքի նոտա էր հղել ԱԴՀ կառավարությանը: Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ լինելով` Ադրբեջանի նկրտումները Ատրպատականի նկատմամաբ չեն կարող ստանալ իրավական հիմնավորում, քանի որ ԽՍՀՄ-ն ուներ հստակ սահման Իրանի հետ: Եվ չնայած այն հանգմանքին, որ ԱԴՀ-ն չընդգրկվեց Ազգերի Լիգա, չդարձավ առանձին միաջզագային իրավունքի սուբյեկտ և կամ այդ ժամանկահատվածում ստորագրված փստաթղթերը չունեին իրավական հիմք: Եվ դա ռիսկային բնույթ է կրում  միջազգային իրավունքի պետությունների ճանաչման կոնստուիտիվ և դեկլարատիվ դրսևորումների շրջանակներում, որոնց կանոնակարգման հիմնական մեխը կայանում է նրանում,  որ անգամ ԱԴՀ իրավական կարգավիճակի պայմաններում միգուցե կարելի է հասնել դրական արդյունքի` իրավականորեն նախկինը վերականգնելու և ճանաչելու համատեքստում:

Աղբյուրներ և գրականություն

  1. «Միջազգային Իրավունք» Վ. Քոչարյան Երևան 2002թ.
  2. «Соглашение между Российской Федерацией и Азербайджанской Республики об урегулировании вопросов правопреемство в отношении внешноего государственного долга и активов бышего Союза ССР» Москва 1992г
  3. «Азербайджанское национальное движение» А. Балаев Баку 1998
  4. Деклариция Независимости АДР 28 мая 1918
  5. «Карабаxский конфликт ключевие понятия и xроника» А. Манасян Нораванк Ереван 2005г
  6. Հայաստանի Ազգային Արխիվ, ֆ.200, ց.1
  7. ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդին կից գլխավոր արխիվային վարչություն, 1989թ
  8. Наше время, #1 1918г.
  9. «Լեռնային Ղարաբաղ 1917-1920թթ.» Ե. Իշխանյան Երևան 1999թ.
  10. 1921թ. փետրվարի Ազգերի Լիգայի գլխ. Քարտուղարի հուշագիր, 1920թ. ի դեկտեմբերի 18ի Ազգերի Լիգայի վեհաժողովի 30-դ նիստում ընդունված բանաձև, Ազգերի Լիգայի Ֆրանսիական ծառայության կողմից տեղեկատվություն ՀՀ մասին` 1921 ապրիլի 4, Ազգերի Լիգայի անդամ պետությունների համար 1921թ.ի մարտի 4ին վերջնագիր-տեղեկանք
  11. Republic of Armenia» R.G. Hovhanisyan Berkley Los-Angeles London, University of California press 1996
  12. «Kars Milli-Islam Şurası» Cem-Ender Arslanoğlu 5.11.1919-17.1.1919 ve Cenubigarbi Kafkas Hük,metli Muvakkata-I Milliyesi 18.ocak-13.nisan.1919, Ankara, Azerbaycan Kültür Derneği Yayinları, 1986
  13.  “Survey of International Affairs 1924” Toynbee A.J London 1926
  14. «Հայրենատիրություն Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները և հարակից հարցեր» հոդվածների ժողովածու Արա Պապյան Երևան 2012թ
  15. «Ադրբեջանի հայակահայկական քարոզչությունը 1918-20թթ.» պատմություն և քաղաքագիտություն Յ.Ղուլյան Լրաբեր Հասարակական Գիտությունների Երևան 2008
  16. Советская Большая Энциклопедия Москва 1938г. том 36
  17. Մարդահամարի բոլոր պաշտոնական տվյալները վերցվել են` Всесоюзная перепись населения 1926, 1931,1936,1959, 1970, 1979 годов Москва. ИЗД. ЦСУ Союза ССР

FacebookGoogle GmailLiveJournalTwitterWordPressYahoo MessengerYahoo BookmarksMySpaceGoogle ReaderBlogger PostShare

Մեկնաբանել