Մարդու բնությունն ու նրա բնավորությունը ըստ Է.Ֆրոմմի

Հեղինակ` Տաթև Կարապետյան

tatevkarapetyan@mail.ru

  1. Մարդկային տեսակի ընդհանուր բնութագիրը

 Ցանկացած մարդ հանդիսանում է ամբողջ մարդկության ներկայացուցիչը: Յուրաքանչյուր առանձին անհատ տիրապետում է իրեն տարբերակող առանձնահատկությունների և այդ իմաստով նա բացառիկ է, բայց միևնույն ժամանակ նրանում առկա են ընդհանուր առմամբ մարդկային տեսակին բնորոշ բոլոր գծերը: Նրա անհատականությունը պայմանավորված է մարդկային գոյության յուրահատկություններով,  որոնք ընդհանուր են բոլոր մարդկանց համար: Այդ իսկ պատճառով մարդկության ընդհանուր բնութագրի ուսումնասիրությունը պետք է առաջնային լինի մարդկային անհատականության բնութագրիչների և անձի ուսումնասիրության նկատմամբ:

Մարդու կենսաբանական անկատարելությունը

Մարդկային գոյությունը կենդանականից տարբերակող առաջին նախանշանն ունի բացասական բնույթ, այն է` շրջակա միջավայրին ադապտացվելու գործընթացների բնազդային կարգավորման անբավարարությունը: Կենդանիները փոփոխվող պայմաններին ադապտացվում են իրենց փոխելու, այլ ոչ թե շրջակա միջավայրի փոփոխման ճանապարհով:  Նման կերպ նա ապրում է բնության հետ կատարյալ ներդաշնակության մեջ, բայց ոչ բնության հետ պայքարի բացակայության իմաստով, այլ այն իմաստով, որ նրան ընձեռված հնարավորությունները նրան դարձնում են աշխարհի դիմացկուն և անփոփոխ մասնիկ. կենդանին կամ ընտելանում է աշխարհին կամ մահանում:

Մարդու ծագումը կարելի է կապել էվոլյուցիայի գործընթացի այն պահի հետ, երբ բնազդների միջոցով ադապտացիան հասել էր մինիմալ մակարդակի:  Մարդու առաջացումը ուղեկցվել է նոր որակների առաջացմանբ, որոնք իրեն տարբերում են կենդանուց: Դա իրեն` որպես առանձին, ինքնուրույն էակի գիտակցումն է, դա անցյալը հիշելու և ապագան պլանավորելու, կանխատեսելու հնարավորությունն է, սիմվոլների և նշանների օգնությամբ տարբեր առարկաներ և գործողություններ իմաստավորելու հնարավորությունն է, դա աշխարհի բանական ըմբռնումն ու ընկալումն է, դա նրա երևակայության հնարավորությունն է, ինչը թույլ է տալիս նրան հասնելու առավել խորը իմացության, քան հնարավոր կլիներ միայն զգացմունքային ընկալման մակարդակում: Մարդը բոլոր կենդանիներից ամենաանօգնականն է, բայց այդ կենսաբանական անօգնականությունն է հենց նրա ուժի հիմքը, յուրահատուկ մարդկային որակների զարգացման հիմնական պատճառը:

Էկզիստենցյալի և պատմականի դիխոտոմիան մարդու մեջ

Ինքնագիտակցությունը, բանականությունը և երևակայությունը խաթարեցին “հարմոնիան”, որով բնութագրվում էր կենդանիների գոյությունը:

Օժտված լինելով  ինքնագիտակցությամբ` մարդը գիտակցում է իր անօգնականությունը և գոյության սահմանափակությունը: Նա կանխատեսում է իր վերջը` մահը: Նա երբեք չի ազատվի իր գոյության երկակիությունից. նա չի կարող ազատվել իր հոգուց, եթե նույնիսկ ցանկանա, և չի կարող ազատվել իր մարմնից, քանի դեռ ողջ է, նրա մարմինը ստիպում է ցանկանալ կենդանի լինել:

Բանականությունը միաժամանակ մարդու և բարիքն է, և անեծքը. նա ստիպում է մշտապես լուծել անլուծելի երկակիության խնդիրը:

Մարդը միակ էակն է, որը ընդունակ է զգալ ձանձրույթ, դժգոհություն, վերապրել դրախտից վտարված լինելը, այսինքն այնպիսի էակ, որի համար սեփական գոյությունը հանդիսանում է մի խնդիր, որից նա ի վիճակի չէ ազատվել: Նրա  կոչումն է  շարունակ կատարելագործել բանականությունը, քանի դեռ նա չի դարձել բնության ու իր տերը:

Պատմության դինամիկան կապված է հենց բանականության առկայության հետ, որը ստիպում է մարդուն զարգանալ: Այնուամենայնիվ  զարգացման յուրաքանչյուր ձեռքբերված աստիճան թողնում է նրան չբավարարված և մատնում է նրան խառնաշփոթի և հենց այդ շփոթվածության զգացումն էլ դրդում է նրան նոր որոնումների և որոշումների: Նա պետք է հաշիվ տա ինքն իրեն սեփական գոյության իմաստի մասին:

Մարդկային բնության երկակիությունը ծնում է դիխոտոմիաներ, որոնք ես անվանում եմ էկզիստենցիալ, քանի որ դրանք արմատավորված են հենց մարդու գոյության մեջ` հանդիսանալով այնպիսի հակադրություններ, որոնք մարդը ի վիճակի չէ հեռացնել, բայց որոնց նա արձագանքում է տարբեր կերպ` կախված ինչպես սեփական  բնավորությունից, այնպես էլ այն մշակույթից, որին նա պատկանում է:

Ամենահիմնարար էկզիստենցիալ դիխոտոմիան կյանքի և մահվան միջև դիխոտոմիան է: Այն, որ մենք պետք է մահանանք, անխուսափելի և անփոփոխ փաստ է յուրաքանչյուր մարդու համար: Մարդը գիտակցում է մահվան անխուսափելիությունը, և այդ հանգամանքը խորապես ազդում է նրա ողջ կյանքի վրա: Մարդը փորձել է ժխտել կյանքի և մահվան դիխոտոմիան տարբեր իդեոլոգիաների միջոցով, օրինակ` անմահության քրիստոնեական կոնցեպցիայի օգնությամբ, որն ընդունելով հոգու անմահությունը, դրանով իսկ ժխտում է մահվամբ ընդհատվող կյանքի ցավալի իրողությունը:

Մարդու մահակնացու լինելու փաստը ծնում է նաև մեկ այլ դիխոտոմիա. Չնայած յուրաքանչյուր մարդ հանդիսանում է բոլոր մարդկային պոտենցյալ հնարավորությունների կրողը` նրա կյանքի կարճատևությունը թույլ չի տալիս նրան ամբողջապես իրացնել բոլոր հնարավորությունները նույնիսկ  առավել բարենպաստ պայմանների առկայությամբ: Մարդու կյանքը ողբերգական հակասության մեջ է մտնում մարդու անհատական պահանջների հետ` իրացնելու իր բոլոր հնարավորությունները: Այստեղ նույնպես տարբեր իդեոլոգիաներ ձգտում են թուլացնել կամ վերացնել  հակասությունը` պաշտպանելով թեզիսն այն մասին, որ կյանքը շարունակվում է մահվանից հետո, կամ որ կյանքի իմաստը ոչ թե սեփական հնարավորությունների առավել ամբողջական իրացման մեջ է, այլ սոցիալական ծառայության և հասարակական պարտքի կատարման մեջ:

Մարդը միայնակ է, բայց և միևնույն ժամանակ ներքաշված է մեծաքանակ կապերում: Նա միայնակ է, քանի որ հանդիսանում է յուրահատուկ էություն, ամբողջապես տարբերվող մյուս բոլորից: Նա պետք է մնա մենակ, երբ անհրաժեշտ է դատողություններ անել կամ էլ որոշումներ ընդունել` առաջնորդվելով միայն սեփական բանականությամբ: Բայց  և այնպես, նա չի կարող հաղթահարել միայնակությունը, չի կարող կապի մեջ չմտնել այլ մարդկանց հետ:

Էկզիստենցիալ պլանի դիխոտոմիաներից արմատապես տարբերվում են անհատական և հասարակական կյանքում բազմաթիվ պատմական հակասություններ, որոնք չեն հանդիսանում մարդկային գոյության անհրաժեշտ բաղկացուցիչ, բայց ստեղծվում են մարդու կողմից և նրա կողմից էլ լուծվում են: Օրինակ, ներկայումս գոյություն ունեցող հակասությունները տեխնիկական միջոցների առատության և բացառապես խաղաղ նպատակներով դրանց օգտագործման անհնարինության միջև, ինչը սկզբունքորեն լուծելի է: Դա անփոփոխ հակասություն չի, սակայն մարդկային իմաստության և խիզախության թերացման հետևանք է: Իսկ օրինակ սրկատիրության ինստիտուտը Հին Հունաստանում կարող է անլուծելի հակասության օրինակ հանդիսանալ, ինչի հաղթահարումը հնարավոր դարձավ միայն շատ ավելի ուշ` պատմական զարգացման գործընթացում մարդկանց հավասարության ապահովման համար նյութական հիմքի ստեղծման միջոցով:

Էկզիստենցյալ և պատմական հակասությունների միջև տարբերությունները հասկանալը շատ կարևոր է:

 Մարդկային բանականության լավագույն հատկանիշներից մեկը կայանում է նրանում, որ բախվելով հակասությանը` բանականությունը չի կարող մնալ պասիվ: Հակասությունը հաղթահարելու ձգտումը բերում է նրան շարժման: Ամբողջ մարդկային առաջընթացը պարտական է այս փաստին: Ներդաշնակացումը կամ ըստ էության հակասությունների առկայության ժխտումը անհատական կյանքում ռացիոնալացման ֆունկցիա է և իդեոլոգիական ֆունկցիա` հասարակական կյանքում:

Այսպիսով` եթե մարդը պատմական հակասությունները ոչնչացնում է իր գործունեության արդյունքում, ապա էկզիստենցիալ հակասությունները նա ի զորու չէ վերացնել: Խնդրի միակ լուծումն է նայել ճշմարտության աչքերին, գիտակցել սեփական միայնակությունը, ընդունել պատասխանատվությունը սեփական անձի նկատմամբ և համաձայնել, որ միայն սեփական ջանքերով կարող է իմաստավորել իր կյանքը: Անվստահությունը հենց այն պայմանն է, որը ստիպում է մարդուն զարգացնել իր հնարավորությունները: Մարդը փորձում է իր պատկերացումներում ստեղծել աշխարհի համընդգրկուն պատկերը, որի շրջանակներում ձգտում է ստանալ աշխարհում իր իրական տեղի և այն հարցի պատասխանը, թե ինչ պետք է նա անի:

Գոյություն ունեն պրիմիտիվ համակարգեր, ինչպիսիք են անիմիզմը և տոտեմիզմը, որոնցում բնության հետ մարդու միավորման և նրա գոյության իմաստավորման դերում հանդես են գալիս բնության մեջ առկա առարկաները կամ նախնիները: Մենք կարող էինք այս բոլոր համակարգերն անվանել կրոններ, եթե չլիներ այն հանգամանքը, որ “կրոն” տերմինը վերաբերում է թեիստական համակարգերին, որոնց կենտրոնական հասկացությունն է հանդիսանում Աստված: Այդ իսկ պատճառով, չունենալով ավելի լավ բառ` ես այդպիսի համակարգերը կանվանեմ “կողմնորոշման և երկրպագության սխեմա”:

Քանի որ կողմնորշման և երկրպագության նկատմամբ պահանջմունքը մարդկային գոյության անբաժան մասն է, պարզ է դառնում նաև այդ պահանջմունքի էությունը: Իրականում չկա մարդկային էներգիայի ուրիշ, առավել ուժեղ աղբյուր: Մարդն ազատ չէ “իդեալներ” ունենալու կամ չունենալու ընտրության մեջ, սակայն նա ազատ է տարբեր իդեալների միջև իր ընտրության մեջ: Բոլոր մարդիկ “իդեալիստներ” են և ձգտում են ավելիին, քան ֆիզիկական բավարարվածությունն է:

2. Անձ

 Բոլոր մարդիկ նման են միմյանց գոյության ընդհանրության ուժի և էկզիստենցիալ պլանում գործող ներքին դիխոտոմիաների շնորհիվ, սակայն յուրաքանչյուր մարդ առանձնահատուկ է և յուրաքանչյուրը միայն իրեն հատուկ ճանապարհով է լուծում իր առջև ծառացած խնդիրները:

Անձ ասելով ես հասկանում եմ ինչպես ժառանգված, այնպես էլ ձեռքբերովի հոգեկան որակների ամբողջություն, որոնք բնորոշ են առանձին վերցված անհատին և դարձնում են այդ անհատին անկրկնելի, յուրահատուկ: Ի ծնե և ձեռքբերովի որակների միջև տարբերությունը համանման է մի կողմից խառնվածքի, տաղանդի, ինչպես նաև ֆիզիկական որակների, և մյուս կողմից բնավորության միջև տարբերություններին:

Խառնվածք

Հիպոկրատը տարբերակում էր խառնվածքի չորս տիպ` խոլերիկ, սանգվինիկ, մելանխոլիկ և ֆլեգմատիկ: Սանգվինիկ և խոլերիկին հատուկ են ռեակցիաներ, որոնք բնութագրվում են հուզականությամբ և հետաքրքրությունների արագ փոփոխմամբ: Ֆլեգմատիկ և մելանխոլիկ խառնվածքները, ընդհակառակը, բնութագրվում են կայուն, բայց դանդաղացող հուզականությամբ: Հիմոկրատի համաձայն այս չորս ռեակցիաների տիպերը կապված են տարբեր սոմատիկ առանձահատկությունների հետ:

Անհրաժեշտ է տալ հստակ տարբերակում բնավորության և խառնվածքի միջև, հակառակ պարագայում  այս հասկացությունները շփոթելը կդադարեցնի ինչպես բնավորությունների, այնպես էլ խառնվածքների  ուսումնասիրության զարգացումը:

Խառնվածքը վերաբերում է արձագանքման ոճին, միջոցին այն կառուցվածքայինացված է և անփոփոխ. Բնավորությունը ձևավորվում է մարդու կենսափորձի հիման վրա, հատկապես վաղ մանկության շրջանում, և կարող է հանդուրժել նոր կենսափորձի և կանխազգացման ազդեցությամբ կատարված որոշակի փոփոխություններ: Եթե մարդը, օրինակ, խոլերիկ խառնվածք ունի, ապա նրա արձագանքման ոճը կլինի “արագ և ուժգին”: Բայց իրավիճակներում, որոնցում նա   դրսևորում է նմանատիպ ռեակցիա, կամ այն թե ինչին է նա արձագանքում, նման կերպ կախված է նրա բնավորությունից:

Կ. Գ. Յունգի խառնվածքի հասկացություններն օգտագործելիս, ավելի կոնկրետ անձի  ինտրովերտության և էկստրավերտության հետ կապված, մենք հաճախ տեսնում ենք հասկացությունների շփոթմունքը: Նրանք ովքեր նախընտրում են էկստրավերտ տիպը, ձգտում են նկարագրել ինտրովերտներին որպես դանդաղկոտ և նևրոտիկ, և ընդհակառակը, նրանք ովքեր նախընտրում են ինտրովենտներին, էկստրովերտներին ներկայացնում են որպես անկայուն և անխորաթափանց: Սխալը կայանում է նրանում, որ խառնվածքին մի տիպը ասոցացվում է “լավ” անձի, իսկ մյուսը “վատի” հետ: Այստեղից պարզ է դառնում, թե էթիկայի համար որքան կարևոր նշանակություն ունի խառնվածք և բնավորություն հասկացությունների տարբերակումը:

Բնավորություն

Բնավորության դինամիկ կոնցեպցիան

Բիհեյվիորիստական կողմնորոշվածություն ունեցող հոգեբանների համար բնավորության գծերը մնում են որպես հոմանիշ վարքի ձևերին: Այս տեսանկյունից բնավորությունը սահմանվում է որպես “տվյալ անհատին բնորոշ վարքի” տիպ:

Ֆրեյդը զարգացրել է ոչ միայն այդ ուղղությունը, այլև բնավորությունը` որպես վարքի հիմքում ընկած ձգտումների համակարգ դիտարկող տեսությունը: Ֆրեյդյան դինամիկ կոնցեպցիան գնահատելու համար օգտակար կլինի բնավորության գծերի և վարքի գծերի համեմատումը: Այսպես, օրինակ, “համարձակ լինելո” վարքային գիծը կսահմանվի որպես վարք, որն ուղղված է որոշակի նպատակի հասնելուն` անկախ հարմարավետությունից, ազատությունից կամ կյանքից զրկվելու ռիսկից: Այնուամենայնիվ, եթե մենք ուսումնասիրենք նմանատիպ վարքի գծերի մոտիվացիաները,  հատկապես անգիտակցական մոտիվացիաները,  մենք կհայտնաբերենք, որ վարքի գծերը ներառում են բազմաթիվ այլ, լիովին անհամապատասխան բնավորության գծեր: Որպես օրինակ` համարձակ վարքը կարող է մոտիվացված լինել ամբիցիաներով, այնպես որ մարդը որոշակի իրավիճակում իր կյանքը ռիսկի կենթարկի միայն այն բանի համար, որպեսզի բավարարի համընդհանուր հիացմունքը օբյեկտ լինելու իր անհագ ծարավը:

Ինչպես ասել է Բալզակը, բնավորության ուսումնասիրությունը կապված է այն ուժերի ուսումնասիրության հետ, որոնք “մոտիվացնում են մարդկանց արարքները”: Այն, թե ինչպես մարդը գործում, զգում, մտածում էապես որոշվում է նրա բնավորության յուրահատկությամբ և ոչ թե ուղղակի հանդիսանում է այս, կամ այն իրավիճակին նրա ռացիոնալ պատասխանների արդյունք:

Ֆրեյդը ենթադրում էր, որ սեքսուալ մղումները հանդիսանում են բնավորության էներգետիկ աղբյուր:

Կենսագործունեության ընթացքում մարդը  աշխարհի հետ փոխկապակցվում է երկու ձևով. 1. ձեռքբերելով և օգտագործելով առարկաներ և 2. հարաբերություններ կառուցելով այլ մարդկանց հետ: Առաջինը ես կանվանեմ ասսիմիլիացիայի գործընթաց, իսկ երկրորդը` սոցիալականացման գորընթաց: Կապի երկու ձևերն էլ հանդիսանում են “բաց”,  և ոչ թե պայմանավորված են բնազդներով, ինչպես կենդանիների մոտ է:

Կողմորոշումները, որոնց ադյունքում մարդը միակցում է իրեն աշխարհին, կազմում են հենց նրա բնավորության էությունը. Այստեղից էլ բնավորությունը կարելի է սահմանել որպես (հարաբերականորեն կայուն) ձև, որում կենտրոնանում է մարդու էներգիան, ասսիմիլիացիայի և սոցիալականացման գործընթացների շնորհիվ: Բնավորությունը կարող է դիտարկվել նաև կենդանիների մոտ բնազդային ապարատին փոխորինող:

Մարդկային արժեքների և գաղափարների նկատմամբ բնավորությունը կատարում է ընտրողական ֆունկցիա: Մարդկանց մեծամասնությանը թվում է, թե նրանց գաղափարները կախված չեն նրանց էմոցիաներից և ցանկություններից, այլ իրենցից ներկայացնում են իրականության տրամաբանական իմաստավորման արդյունք, որ նրանց վերաբերմունքը աշխարհի նկատմամբ հաստատվում է նրանց գաղափարների և դատողություների միջոցով, այնինչ իրականում վերջիններս են հենց հանդիսանում մարդկանց բնավորության արդյունք: Սրա հետ մեկտեղ բնավորությունը հանդիսանում է հասարակությանը մարդու ընտելանալու հիմնական հիմք: Երեխայի բնավորությունը ձևավորվում է ծնողների բնավորության ազդեցությամբ: Ծնողները և նրանց դաստիարակման մեթոդները իրենց հերթին որոշվում են հասարակության և մշակույթի սոցիալական կառուցվածքվ:

Մենք պետք է կարողանանք տարբերենք սոցիալական բնավորությունը անհատականից, որը տարբեր է բոլոր մարդկանց համար, նունիսկ նրանց, ովքեր պատկանում են ընդհանուր մշակույթին: Այս տարբերությունները ծնվում են մասամբ ծնողների ֆիզիկական և հոգեկան կողմնորոշումներից, մասամբ շրջակա միջավայրից, որում երեխան մեծանում է:

Հաջորդիվ ներկայացված են տարբերությունները կողմնորոշումների ոչ արտադրողական ձևերի և արտադրողական կողմնորոշումների միջև:

Բնավորության տիպեր. ոչ արտադրողական կողմնորոշումներ

Ռեցեպտիվ կողմնորոշում

Մարդը, ով ունի ռեցեպտիվ կողմնորոշումներ, ենթադրում է, որ  “բոլոր բարիքների աղբյուրը” գտնվում է արտաքին աշխարհում և կարծում է, որ ցանկալին ձեռք բերելու միակ ուղին  արտաքին աշխարհից ստանալն է, լինի դա ինչ որ  նյութական իր կամ ինչ որ զգացմունք, սեր, գիտելիք, հաճույք: Այս դեպքում սիրելու խնդիրը գրեթե բացառապես լուծվում է հետևյալ կերպ. “սիրված լինել”  և ոչ թե սիրել: Եթե այսպիսի մարդիկ խելացի են, ապա նրանք կլինեն լավագույն ունկնդիրները, քանի որ նրանց կողմնորոշումը կապված է գաղափարների կլանման և ոչ թե դրանց ստեղծման հետ: Այդպիսի մարկանց հատկանշանակն է փնտրել այնպիսի մեկին, որը իրեն կտա իրենց անհրաժեշտ ինֆորմացիա, ինքնուրույնաբար այն ստանալու համար մինիմալ ջանքեր գործադրելու փոխարեն: Եթե նրանք կրոնական են, ապա Աստծո նրանց ընկալումը այնպիսին է, որ այն ամենն ինչ նրանք ակնկալում են, ակնկալում են ստանալ Աստծուց, այլ ոչ թե սեփական գործունեության արդյունքում:

Քանի որ նրանք շատերի օգնության կարիքն են զգում իրենց ապահով զգալու համար, նրանք ստիպված են դրսևորել նվիրվածություն բազմաթիվ մարդկանց նկատմամբ: Սրա հետևանքով նրանք մեծապես կախված են դառնում ուրիշներից: Այս անօգնականությունը երևում է հատկապես այն գործերում, որոնք իրենց բնույթով պահանջում են ինքնուրույնություն, իսկ ավելի կոնկրետ` որոշումներ կայացնելը և դրանց համար պատասխանատվություն կրելը: Ինչ վերաբերում է միջանձնային հարաբերություններին նրանք խորհուրդ են հարցնում հենց այն մարդկանցից ում վերաբերյալ պետք է կայացնեն այս կամ այն որոշումը:

Ռեցեպտիվ կողմնորոշում ունեցող մարդիկ սիրում են ուտել և խմել: Որպեսզի հաղթահարեն անհանգստությունը, կամ դեպրեսիան, նրանք մշտապես ինչ որ բան են ուտում և խմում: Առավել ընդգծված և արտայտիչ է նրանց դեմքին բերանը. շուրթերը   հեռացված են այնպես, կարծես նրանք անընդհատ պատրաստվում են ուտելիք ընդունել:

Նմանատիպ մարդիկ որոշակի վստահություն են զգում կյանքի նկատմամբ, սակայն տագնապի և նույնիսկ խելագարության վիճակի են հասնում, երբ “նրանց օգնության աղբյուրը” գտնվում է վտանգի մեջ: Նրանք հաճախ անկեղծորեն ցանկանում են օգնեն մյուսներին, բայց դա ենթադրում է որոշակի օգնություն նաև նրանց կողմից, ում դա ուղղված է լինելու:

Էկսպլուատատորային կողմնորոշում

Էկսպլուատատորային կողմնորոշումը ռեցեպտիվի նման հիմնվում է այն դրույթի վրա, որ բոլոր բարիքների աղբյուրը գտնվում է մարդկանցից դուրս, որ այն ինչ նա ցանկանում է ստանալ նա պետք է փնտրի դրսում և ոչ թե հասնի սեփական ուժերով: Նրանց միջև տարբերությունը կայանում է նրանում, որ էկսպլուատատորային կողմնորոշմամբ մարդիկ չեն ակնկալում օգնությունը մյուսներից որպես պարգև, այլ խլում են ուժով կամ խափեությամբ:

Սիրո և զգացմունքների ոլորտում այս մարդիկ ունեն կլանելու և գողանալու միտում: Նրանք ցուցաբերում են հետաքրքրվածություն միայն այն մարդկանց նկատմամբ ումից կարելի է ինչ որ բան խլել: Նույնը դրսևորվում է նաև ինտելեկտուալ գործունեությունում:  Նմանատիպ մարդիկ ձգտում են ոչ թե ստեղծել գաղափարներ, այլ գողանալ դրանք: Իրերը, որոնք կարող են խլել ուրիշներից, միշտ թվում են նրանց ավելի գրավիչ և ավելի լավ, քան նրանց սեփականը: Նրանց կարգախոսն է “գողացվածը միշտ ավելի քաղցր է”: Այս կողմնորոշման պարզ օրինակ կարող են հանդիսանալ կլեպտոմանները, որոնց դուր են գալիս միայն գողացված ապրանքները, չնայած, նրանք կարող են դրանք գնել:

Նրանք հաճախ թունավոր նկատողություններ են անում ուրիշների հասցեին: Ուրիշների հետ հարաբերություններում նրանք դրսևորում են թշնամանք և ձգտում են մանիպուլացիայի ենթարկել: Ցանկացած մարդ նրանց համար հանդիսանում է էկսպլուատացիայի օբյեկտ և ընկալվում է միայն օգտակարության տեսանկյունից: Ռեցեպտիվ կողմնորոշմամբ մարդկանց հատուկ վստահելիության և լավատեսության փոխարեն, այս մարդիկ կասկածամիտ են, ցինիկ, և դրսևորում են նախանձ և խանդ: Քանի որ նրանց բավականություն են պատճառում միայն այն իրերը, որոնք նրանք խլում են ուրիշներից, որպես կանոն, նրանք չեն գնահատում այն, ինչ իրենք ունեն և գերագնահատում են այն, ինչով ոժտված են մյուսները:

Կուտակային կողմնորոշում

Ցանկացած նոր բան, ինչը կարելի է ստանալ դրսից, բնավորության այս տիպը կրող մարդկանց մոտ անվստահության զգացում է առաջացնում: Այս մարդկանց անվտանգությունը հիմնված է արդեն կուտակածի ավելացման և պահմանման վրա այն դեպքում, երբ ծախսերը ընկալվում են նրանց կողմից որպես սպառնալիք: Նրանց ժլատությունը միաձև է տարածվում և՛ փողերի, և՛ զգացմունքների, և՛ մտքերի վրա: Սերը նրանց համար տիրելն է. Նրանք չեն տալիս սեր, ձգտում են տիրապետությունը հաստատել իրենց զուգընկերոջ նկատմամբ:

Այս մարդկանց կարելի է ճանաչել նույնիսկ միմիկաների և ժեստերի միջոցով: Նրանք քչախոս են և նրանց ժեստերը փաստում են նրանց ներփակվածության մասին: Այս մարդկանց մյուս հատկանշական գիծը կարգ ու կանոն հաստատելու հակումն է: Այս տիպի մարդու համար իրերում, մտքերում և զգացմունքներում միշտ դասավորվածություն են լինում: Արտաքին աշխարհը նրանց համար միշտ պարունակում է ներթափանցման վտանգ, այդ իսկ պատճառով կոկիկությունը նշանակում է այդ վտանգից ազատվելու միջոց` որոշակի տարածություն պահպանելու ճանապարհով: Այն ամենը, ինչը պատկանում է ոչ իր աշխարհին, նրան թվում է վտանգավոր “կեղտոտ”: Ինչ վերաբերում է իրերին, դրանք պետք է գտնվեն ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում: Չափից դուրս պունկտուալությունը, որը նույնպես աշխարհի կողմից վտանգներից խուսափելու միջոց է, այս կողմնորոշումներ բնորոշ գիծ է: Եթե արտաքին աշխարհը նրանց կողմից ընկալվում է որպես դրան տրամաբանակ պատասխան հադես է գալիահ: Մշտական “ոչ” – ը գրեթե մեխանիկական, պաշտպանողական ռեակցիան է: Նրանց համար կործանումն ու մահը պատկերանում են ավելի իրական, քան կյանքը և աճը: Նրանց բարձրագույն արժեքներն են կարգ ու կանոնը և անվտանգությունը, կարգախոսն է` “չկա ոչ մի նոր բան այս լուսնի ներքո”: Այս կողմնորոշումը ունեցող մարդիկ ունեն ինքնատիպ արդարության զգացում, որը ըստ էության կարող է արտահայտվել հետևյալ բառերով` “իմը իմն է, ձերը` ձերը”:

  Շուկայական կողմնորոշում

Որպեսզի հասկանանք շուկայական կողմնորոշման էությունը անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ժամանակակից հասարակությունում տնտեսական ֆունկցիայի վրա` որպես ժամանակակից մարդու մոտ այս տիպի բնավորության զարգացման հիմք և գլխավոր պայման:

Բնավորության կողմնորոշվածությունը, որին հատուկ է իրեն և այլ մարդկանց վերաբերվելը որպես ապրանք, որի արժեքը որոշվում է փոխանակման արժեքով, ես կանվանեմ շուկայական կողմնորոշում:

Մեր ժամանակներում շուկայական կողմնորոշումը շատ արագ զարգանում է նոր շուկայի զարգացման հետ զուգընթաց, այն է` “անձի շուկա”: Գնահատման սկզբունքը նույնն է և՛ ապրանքների շուկայի, և՛ անձերի շուկայի համար. մի տեղում վաճառվում են ապրանքներ, մյուսում` անձինք: Հաջողությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան լավ են մարդիկ կարողանում իրենց վաճառել շուկայում, իսկ դա կախված է այն բանից, թե որքան գրավիչ կլինեն նրանք, էլեգանտ հագնված և այլն: Հետո կարևորվում է այն, թե ինչ ընտանիքից են նրանք և ճանաչում են արդյոք կարևոր մարդկանց:

Այն փաստը, որ հաջողության հասնելու համար բավական չէ միայն ունենալ բարձր որակավորում և համապատասխան տեխնիկական միջոցներ, այլ պետք է նաև մրցունակ դառնալու համար ինչ-որ բանով “գերազանցել մյուսներին”, ձևավորում է մարդու մոտ որոշակի վերաբերմունք սեփական անձի նկատմամբ: Այնուամենայնիվ, քանի որ հաջողությունը մեծապես կախված է ինքն իրեն վաճառելու ունակությունից, մարդը զգում է իրեն ապրանք, կամ միաժամանակ և՛ վաճառող, և՛ ապրանք: Մարդն այլևս հետաքրքրված չէ ո՛չ սեփական  կյանքով, ո՛չ սեփական երջանկությամբ, նա շահագրգռված է միայն այն բանով, որ չկորցնի վաճառվելու հնարավորությունը:

Մարդը պետք է անձերի շուկայում լինի նորաձև, իսկ դրա համար պետք է իմանա, թե ինչպիսի անձինք ավելի շատ պահանջարկ ունեն: Հաջողության հասնելու համար մարդը վարքի առավել կոնկրետ մոդելները ստանում է այլ աղբյուրներից: Ամսագրերը, թերթերը, գովազդային հոլովակները և առավելապես ֆիլմերը հանդիսանում են անձի ցանկալի տիպի ձևավորման միջոց: Եթե մարդը հասնում է հաջողության, ապա ընկալում է իրեն որպես արժանի անձ, իսկ եթե ոչ` համարում է իրեն անհաջողակ և նույնիսկ ոչնչություն: Այդ իսկ պատճառով մարդը ստիպված է անընդհատ և անդադար պայքարել հաջողության համար և այդ ճանապարհին ցանկացած խոչընդոտ լուրջ սպառնալիք է հանդիսանում նրա ինքնահարգանքի զգացման համար, բացասական արդյունքի դեպքում աօգնականության, չկայացվածության և անլիարժեքության զգացում առաջացնում:

Շուկայական կողմնորոշման դեպքում, մարդն իր ուժերը և հնարավորությունները դիտարկում է որպես իրենից օտարված ապրանք: Դրա հետ մեկտեղ նրա ինքնաիդենտիֆիկացման զգացումը տատանվում է այնպես, ինչպես ինքնահարգանքի զգացումը. այն կախված է դերերի ամողջությունից, որոնք մարդը սիպված է խաղալ` “ես այնպիսինն եմ, ինչպիսին դուք ուզում եք ինձ տեսնել”: Մյուսների նկատմամբ վերաբերմունքը ոչնչով չի տարբերվում սեփական անձի նկատմամբ վերաբերմունքից, մյուսները նույնպես ընկալվում են որպես ապրանք: Մարդկանց միջև տարբերությունը ձևավորվում է շատ կամ քիչ գրավիչ լինելու գնահատականների, ինչպես նաև ընդհանուր չափանիշի` շուկայում նրանց գնի հիման վրա: Մարդկանց միջև փոխհարաբերությունները անխուսափելիորեն դառնում են մակերեսային, քանի որ մարդիկ փոխազդում են արդեն ոչ թե որպես անձեր, այլ փոխադարձաբար փոխանակվող ապրանքներ:

Ռեցեպտիվ, կուտակային և էկսպլուատորային կողմնորշումներն ունեն մեկ ընդհանուր գիծ. լինելով դոմինանտ մարդկային փոխհարաբերությունների ձև` դրանցից յուրաքանչյուրը հանդես է գալիս որպես մարդուն բնորոշ յուրահատուկ գիծ: Իսկ շուկայական կողմնորոշման դեպքում ցանկացած ժամանակ մարդու մոտ զարգանում են այն որակները, որոնք կարող են վաճառվել շուկայում առավել մեծ հաջողությամբ: Այստեղ մարդու բնավորության մեջ չկա մշտական դոմինանտ գիծ, սակայն այդ բացը շատ արագ կերպով կարող է լրացվել տվյալ պահին պահանջվող ցանկացած որակով: Շուկայական կողմնորոշմամբ անձը պատք է լինի ազատ և ազատված ցանկացած անհատական առանձնահատկություններից:

Վերը նկարագրված կողմնորոշումները ոչ մի կերպ չեն կարող գոյություն ունենալ մեկը մյուսից անկախ, ինչպես դա կարող էր թվալ: Բոլոր կողմնորոշումները հանդիսանում են մարդկային կենսաապահովման մաս և այս կամ այն կողմնորոշման դոմինանտող դերը մեծապես կախված է այն մշակույթի առանձնահատկություններից, որոում ապրում է մարդը:

Պրոդուկտիվ կողմնորոշումը, ինչի մասին ես պատրաստվում եմ խոսել, բնավորության այն տիպին է պատկանում, որի համար մարդու ողջ պոտենցիալին համապատասխան աճը և զարգացումը հանդիսանում են այն նպատակը, ինչին ուղղված են իր բոլոր ջանքերը:

Արտադրողական կողմնորոշումներ

Ընդհանուր բնութագիրը

Մարդը ոչ միայն կարող է արտադրել, այլև պետք է արտադրի, որպեսզի կարողանա ապրել: Անձի “պրոդուկտիվ” կողմնորոշումը նրա ֆունդամենտալ հատկանիշն է, իսկ ավելի կոնկրետ` գործունեության բոլոր ոլորտներում աշխարհի հետ հարաբերակցվելու միջոցն է: Արտադրողականությունը ողջ ուժերը կիրառելու մարդու ունակությունն է` իրացնելով նրանում առկա հնարավորությունները:

Որպեսզի խուսափենք հնարավոր թյուրիմացությունից ինչին կարող է հանգեցնել “արտադրողականություն” տերմինը, նպատակահարմար կլիներ պատասխանել այն հարցին, թե ինչ չպետք է հասկանալ արտադրողականություն ասելով: Սովորաբար “արտադրողականություն” տերմինը ասոցացվում է ստեղծագործականություն հասկացության հետ: Բայց անձը կարող է  ընկալել, զգալ, տեսնել, և մտածել արտադրողականորեն` չունենալով տաղանդ: Արտադրողականությունը հարաբերություն է, որին տիրապետում է ցանկացած մարդ, եթե նրա մոտ առկա չեն էմոցիոնալ և հոգեկան շեղումներ:

Արտադրողականություն տերմինը կարելի է հեշտ շփոթել նաև “ակտիվություն”   հասկացության հետ: Չնայած այս տերմինները կարող են հանդես գալ որպես հոմանիշներ` “ակտիվություն” տերմինը ժամանակակից կիրառությունում հաճախ նշանակում է արտադրողականության ուղղակի հակադրություն: Ակտիվությունը հաճախ սահմանվում է որպես վարք, որը էներգիայի ծախսման ճանապարհով` գոյություն ունեցող իրավիճակում հանգեցնում է փոփոխությունների: Որպես ոչ արտադրողական ակտիվության ծայրահեղ օրինակ` կարելի է բերել մարդու այն գործողությունները, որոնք իրականացվում են հիպնոզի ազդեցությամբ: Այն հանդիսանում է այնպիսի իրավիճակ բնութագրող օրինակ, որում մարդը կարող է լինել ակտիվ, բայց ոչ իրական գործող, նրա ակտիվությունը նրա վրա ազդող այնպիսի ուժերից ծագող պարտադիր արդյունք, որոնք չեն կառավարվում նրա կողմից: Ոչ արտադրողական ակտիվության մյուս ձևը հիմնված է ենթարկվածության վրա, կամ կախված է հեղինակությունից: Մարդը ցուցաբերում է ակտիվություն հենց այն պատճառով որ դա պահնջում է հեղինակությունը, անում է այն ինչ ցանկանում է հեղինակությունը:

Ենթարկման ակտիվությանը նման է ոչ արտադրողական ակտիվության ևս մեկ ձևի, որը այսպես կոչված մեխանիկական ակտիվությունն է: Այս դեպքում մենք չենք հայտնաբերում ուղղակի կախում անմիջական հեղինակությունից, ավելի շուտ կախում անանուն հեղինակությունից, որը արտահայտվում է հասարակական կարծիքի, մշակությաին մոդելների, առողջ մտածողության, կամ “գիտության” տեսքով: Մարդու ակտիվության առավել ուժեղ աղբյուրներից են իռացիոնալ կրքերը: Մարդը, որը ենթարկվում է կրքերին, ակտիվ է, բայց ոչ արտադրողական:  Արտադրողականությունը մարդու կողմից իր պոտենցիալ հնարավորությունների և ուժերի իրացումն է: Բանականության ուժով մարդը հնարավորություն ունի ներթափանցելու երևույթների խորքը, հասկանալու նրանց էությունը: Սիրո ուժով նա կարող է հաղթահարել արգելքները, որոնք բաժանում են մարդկան միմյանցից: Երևակայության ուժով նա կարող է պատկերացնել դեռևս գոյություն չունեցող երևույթներ, պլանավորել և իրականացնել դրանք:

Կյանքի հանդեպ վերաբերմունքը կարող է լինել երկու տիպի. Ռեպրոդուկտիվ, որը նշանակում է իրականությունը միշտ միևնույն կերպով ընկալումը, և գեներատիվ, որը նշանակում է աշխարհի վերաձևավորվող ընկալում մարդու մտավոր և էմոցիոնալ ուժերի ինքնաբուխ ակտիվության օգնությամբ: Ցանկացած մարդու հատկանշական են աշխարհի նկատմամբ վերաբերմունքի երկու ձևերը: Մարդը կարող է ընկալել որևէ իրականություն այնպես ինչպես այն կա, բայց նա ի վիճակի չէ նրանում ինչ որ նոր բան ներմուծել: Այսպիսի մարդը “ռեալիստ է”: Նա տեսնում է այն, ինչ կարելի է տեսնել երևույթի արտաքին դրսևորումից, բայց ի վիճակի չէ ներթափանցել երևութականի սահմաններից այն կողմ, տեսնել անտեսանելին: Նա տեսնում է մասնիկները, բայց ոչ ամբողջը, ծառերը, բայց ոչ անտառը:

Մյուս կողմից մարդը, որը կորցրել է իրականությունը տեսնելու հնարավորությունը, հոգեկան հիվանդ է: Մարդը, որը տեսնում էիրականությունում գոյություն չունեցող առարկաները, որոնք ամբողջությամբ նրա հիվանդ երևակայության արդյունքն են հանդիսանում, տառապում է հոլյուցինացիայով:

“Ռեալիստը” տեսնում է իրերի միայն արտաքին մասը, միայն երևութական աշխարհը: Հոգեկան հիվանդը ի վիճակի չէ տեսնել աշխարհն այնպես այնպես ինչպես գոյություն ունի այն իրականում,  նա ընկալում է աշխարհը միայն որպես իր ներաշխարհի սիմվոլ և արտացոլանք: “Ռեալիզմը” թեպետ թվում է հոգեկանության ուղղակի հակադրություն, սակայն այն իրականում լրացնում է դրան: “Ռեալիզմի” և հոգեկանության հակադրությունը իրականում հանդիսանում է արտադրողականությունը: Նորմալ մարդը ընկալում է աշխարհը միաժամանակ և՛ այնպես ինչպես այն կա, և՛ հարստացնելով այն սեփական ուժերով ու հնարավորություններով: Եթե այս երկու հնարավորություններից մեկը գերակայում է, մարդը հիվանդ է: Արտադրողականությունը երկու ոչ թե երկու հնարավորությունների գումարն է, կամ կոմբինացիան, այլ ինչ որ նոր բան, որը ծագում է դրանց փոխազդեցությունից: Մարդու ողբերությունը մասնակիորեն կայանում է նրանում, որ նրա զարգացումը երբեմն ավարտվում է. եթե առավել բարենպաստ պայմաններում մարդը իրացնում է իր հնարավորությունների մի մասը, կամ եթե նա մահանում է:

Արտադրողական սեր և մտածողություն

Մարդկային գոյությունը բնութագրվում է նրանով, որ մարդը միայնակ է և առանձնաված աշխարհից, բայց նա չկարողանալով հանդուրժել իզոլիացիան, նա ստիպված է փնտրել կապեր և միավորվել այլ մարդկանց հետ: Մարդկային գոյության պարադոկսը կայանում է նրանում, որ մարդը միևնույն ժամանակ փնտրում է և՛ մտերմություն, և՛ անկախություն, միավորում մյուսների հետ և սեփական յուրահատկության պահպանում: Չնայած սերը և բանականությունը ընդամենը աշխարհընկալման տարբեր ձևերն են և նրանցից ոչ մեկը գոյություն չունի առանց մյուսի`  նրանք արտացոլում են տարբեր ուժեր` էմոցիաներ և մտածողություն, այդ իսկ պատճառով պետք է դիտարկվեն առանձին:

Սիրո արտադրողականության գաղափարը ամբողջովին տարբերվում է այն բանից ինչը հաճախ անվանում են սեր: Դժվար թե գտնվի այնպիսի բառ, որը կլինի ավելի երկիմաստ, քան “սեր” բառը: Դրանով արտահայտում են գրեթե ցանկացած զգացմունք` բացառությամբ ատելության և զզվանքի: Մարդիկ կարծում են, որ նրանք սիրում են, երբ գայթակղվում են ինչ որ մեկով: Իրենց կախվածությունը նրանք անվանում են սեր և տիրապետումը նույնպես: Նրանք ենթադրում են, որ չկա ավելի հեշտ բան, քան սիրելն է և որ ամբողջ դժվարությունը կայանում է միայն համապատասխան զուգընկեր գտնելու մեջ, և որ սիրո մեջ անհաջողությունները կապված են հենց այդպիսի մարդկանց որոնումների ձախողման հետ: Ի հակադրություն այս ամենի` սերը միանգամայն յուրահատուկ զգացմունք է և չնայած այն բանին, որ ցանկացած մարդ հնարավորություն ունի սիրելու, ոչ բոլորն են կարողանում հեշտությամբ իրացնել այդ հնարավորությունը: Իրական սերը փոխկապված է արտադրողականության հետ, այդ իսկ պատճառով ճիշտ կլինի սեր անվանել միայն արտադրողական սերը: Չնայած սիրո օբյեկտները տարբեր են և տարբեր կարող է լինել ինտենսիվությունը, այնուամենայնիվ գոյություն ունեն ընդհանուր հատկանիշներ, որոնք հատուկ են արտադրողական սիրո բոլոր ձևերին: Դրանք են` հոգատարությունը, պատասխանատվությունը, հարգանքը և ճանաչողությունը:

Հոգատարությունը և պատասխանատվությունը նշանակում են, որ սերը գործունեություն է և ոչ թե կիրք, մարդուն կլանող աֆֆեկտ: Սերը գոյություն չունի առանց պատասխանատվության: Պատահական չէ, որ պատասխանատվություն և պատասխան բառերը ունեն միևնույն արմատը, այսինքն` պատասխանատու լինել նշանակում է պատրաստ լինել պատասխանելու:

Մայրական սերը արտադրողական սիրո`հասկանալու համար առավել մատչելի օրինակն է, նրա ամբողջ էությունը հոգատարության և պատասխանատվության մեջ է: Մայրական սերը կախված չէ պահանջներից, որոնք պետք է երեխան կատարի, որ իրեն սիրեն: Զարմանալի չէ, որ մայրական սերը արվեստում և կրոնում հանդիսանում է բարջրագույն սիրո սինվոլ:

Սովորաբար կարծում են, որ սիրահարվածությունը սիրո բարձրագույն գագաթնակետն է այն դեպքում, երբ իրականում այն ապագա սիրո սկիզբն ու հնարավորությունն է: Ենթադրում են, որ սերը մարդկանց ձգող գաղտնի ուժերի արդյունք է, ինչ որ մի բան`տեղի ունեցող ինքն իրեն, առանձ մեր ջանքերի: Իրականում այստեղ խորհրդավոր ոչինչ չկա, ուղղակի մարդու միայնակությունը, սեքսուալ անբավարարվուծությունը դասվում են նրա հեշտ սիրահարվող, բայց այդ սիրահարվածությունը այնքան հեշտ է վերանում, որքան որ առաջանում է: Մարդիկ անհանգստացած են սեփական գրավչության խնդրով` մոռանալով, որ գրավիչ լինելու էությունը սիրելու նրանց սեփական ունակությունն է: Արտադրողական սերը ենթադրում է հոգատարությունմյուս մեկ այլ մարդու նկատմամամբ, պատասխանատվություն նրա կյանքի համար, ոչ միայն ֆիզիկական գոյության, այլ նրա բոլոր հնարավորությունների` աճի և զարգացման առումոբ: Այսպիսով հոգատարությունը և խնամքը սիրո անբաժան հատկանիշներից են, սակայն առանց հարգանքի և սիրած մարդուն ամբողջովին ճանաչելու ձգտման, սերը վերածվում է այդ մարդու նկատմամբ գերակայության և նրան որպես իր վերաբերելը: Հարգանքը վախ չէ, այն նշանակում է մարդուն իր առանձնահատկություններով և անկրկնելիթյամբ տեսնելու ունակությունը:

Արտադրողական մտածողության գործընթացում մարդու միտքը որոշվում է ելնելով առարկայի նկատմաբ ունեցած նրա հետաքրքրությունից: Առարկան, լինելով մարդ կամ ինչ-որ ուրիշ բան, միայն այն ժամանակ է դառնում մտածողության օբյեկտ, երբ դառնում է հետաքրքրության օբյեկտ: Սակայն արտադրողական մտածողությունը բնորոշվում է նաև օբյեկտիվությամբ, առարկան այնպիսին տեսնելու հնարավորությամբ, ինչպիսին այն կա իրականում, այլ ոչ թե ինչպիսին մենք կուզենայինք տեսնել:

Արտադրողական մտածողության մեկ այլ ասպեկտը երևույթի ամբողջական ըմբռնման հնարավորությունն է: Ուսումնասիրվող իրականության որոշակի ֆրագմենտը դառնում է կենտրոնական, սակայն դա չի նշանակում, որ այն դառնում է իզոլացված: Սակայն օբյեկտիվությունը ընդհանրապես այն չէ, ինչ հասկացվում է “գիտական” օբյեկտիվության ներքո` հետաքրքրվածության, մասնակցության բացարձակ բացակայություն: Ինչպես կարելի է երևույթի խորը պատճառներն ու կապերը հասկանալ, եթե չլինի հետաքրքրություն, որը հանդես կգա մոտիվի դերում: Իրոք, մտածողությունը, որը ուղղված չէ հետաքրքրություններին, դառնում է անարդյունավետ և աննպատակ:

Արտադրողական աշխատանքը, սերը, մտածողությունը հնարավոր են միայն այն դեպքում, երբ մարդն ի վիճակի է անհրաժեշտության դեպքում հանգիստ լինել և համաձայնության մեջ գտնվել ինքն իր հետ:

 3. Անհատական և սոցիալական բնավորություն

Բնավորության կառուցվածքի խնդիրը իր նշանակությամբ դուրս է գտնվում առանձին անհատի շրջանակներից, եթե միայն հաջողվի ցույց տալ, որ ազգերը, սոցիալական հանրույթները, կամ դասակարգերը տվյալ հասարակությունուն ունեն իրենց բնորոշ բնավորության յուրահատուկ կառուցվածք, չնայած անհատները տարբերվում են բազմաթիվ ցուցանիշներով: Անհատական բնավորության նման “սոցիալական բնավորությունը” կարելի է սահմանել որպես յուրահատուկ միջոց, ինչի օգնությամբ էներգիան ուղղվում է որոշակի ուղղությամբ: Այստեղից կարելի է ենթադրել, որ եթե տվյալ հասարակության անդամների մեծամասնությունը կենտրոնանա միևնույն ուղղության վրա, նրանք կտիրապետեն միևնույն մոտիվացիաներին, ընկալունակ կլինեն միևնույն գաղափարների և իդեալների նկատմամբ:

Սոցիալական բնավորություն հասկացության միջոցով բնութագրվում է բնավորության կառուցվածքի միջուկը, որը հատուկ է տվյալ մշակույթը ներկայացնողների մեծամասնությանը, որպես հակակշիռ անհատական բնավորության, ինչի շնորհիվ միևնույն մշակույթին պատկանող մարդիկ տարբերվում են միմյանցից:

Չնայած որ սոցիալական կառուցվածքները, իհարկե, փոխվում են պատմական զարգացման արդյունքում` նրանք հարաբերականորեն կայուն են կոնկրետ պատմական ժամանակահատվածի համար. ցանկացած հասարակություն կարող է գոյություն ունենալ` գործելով միայն սեփական յուրահատուկ կառուցվածքի շրջանակներում: Սոցիալական բնավորության ֆունկցիան կայանում է նրանում, որ տվյալ հասարակության ներսում առկա մարդկային էներգիան ձևավորի և ուղղվի տվյալ  հասարակության շարունական գործառնմանը:

Կարելի է կարծել, որ հասարակության կառուցվածքը և սոցիալական համակարգում անհատի ֆունկցիան որոշում են սոցիալական բնավորության բովանդակությունը: Հարկ է նշել, որ սոցիալական բնավորությունը այն հիմքն է, որից առանձին գաղափարները և իդեալները ստանում են իրենց ուժն ու գրավչությունը: Սոցիալական բնավորությունը միջանկյալ է կապող օղակն է սոցիալ-տնտեսական կառուցվածքի և հասարակությունում տիրող գաղափարների և իդելների միջև:

Օգտագործված գրականության ցանկ

  1. Э. Фромм “Суть и природа человека” ,  “Избаранные работы” М.,1992

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *