Ֆիլիպ Գ. Զիմբարդո

Մայիս 1997

Աղանդներն օրեցօր ավելի են տարածվում:

Նրանք խե՞նթ են, թե՞ ինչ-որ քննադատական մոտեցումներ ունեն:

Ֆիլիպ Զիմբարդոն Ստենֆորդի համալսարանի նշանավոր սոցիալական հոգեբան է, ով վերջերս առաջադրվել է որպես Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահի թեկնածու: Սույն հոդվածը աղանդների վերաբերյալ Զիմբարդոյի ուսումնասիրությունն է, որը ներկայացված է սոցիալական գործընթացների ազդեցության տեսանկյունից:

Հոդվածում նա մասնավորապես գրում է. <<Կարևոր չէ, թե ինչ է անում աղանդի այս կամ այն անդամը. որոշակի հանգամանքներում ես և դուք նույնպես կարող ենք գայթակղվել և ներգրավվել այդ նույն բանն անելու մեջ: Հասարակ, նորմալ, զարգացած անհատների մեծամասնությունը կարող է գործել անբարոյական, անօրինական, իռացիոնալ, ագրեսիվ և ինքնադեստրուկտիվ այնպիսի արարքներ, որոնք կարող են հակասել սեփական արժեքներին կամ անհատականությանը: Այս դեպքում արտաքին ուժերի կողմից մանիպուլացված իրավիճակներն ազդում են անհատի վարքի վրա>>:

<<Դրախտի դարպասներ>> աղանդի անդամները (21 կին և 18 տղամարդ) մարտի 23-ին մասսայական ինքնասպանություն գործեցին…

Նման տարօրինակ և անսպասելի վարքը մարդիկ հաճախ շտապում են բացատրել ինքնասպանություն գործողների խառնվածքով` խնդիրը վերագրելով նրանց արատավոր անհատականությանը: Երբ ինչ-որ մեկի վարքը հակասում է նորմալ և ընդունելի վարքի մասին մեր պատկերացումներին, նրան սկսում ենք անվանել մազոխիստ, չարք, հիմար, շեղված, տարօրինակ, միամիտ և այլն:

Հենց այսպիսի բնութագրումներ կարելի էր հանդիպել մամուլում և հասարակության արձագանքներում <<Արևային տաճարի միաբանություն>> աղանդի անդամների խմբակային ինքնասպանության ժամանակ` Եվրոպայում և Կանադայում << Վերապատվելի Ջիմ Ջոնսի>> ,<<Մարդկանց տաճար>>-ի անդամների ինքնասպանությունների, ինչպես նաև Դեվիդ Քորեշի հետևորդների ինքնաողջակիզման դեպքերի ժամանակ: Այդպիսի կարծիքներ էին հնչում նաև, երբ <<Օմ Շինրիկյո>> խմբի մի քանի ճապոնացի հետևորդներ իրենց գազով խեղդամահ արեցին:

Ապագայում այպսիսի դեպքեր դեռ էլի կլինեն, քանի որ այսօր աղանդներն արագորեն տարածվում են ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում:

Խուսափում կարծրատիպերից

Մարդկանց այս <<կեղծ>> բացատրությունները բարոյականության տեսանկյունից տրված գնահատականներ են, որոնք պայմանավորված են նախկինում տեղի ունեցած նմանատիպ դեպքերին տրված գնահատականներով: Մարդիկ հաճախ հարցի քննումը սխալ տեղից են սկսում, այնինչ` խնդրի էության որոնումը պետք է սկսել հիմքից: Ի՞նչն էր այդ խմբում այդքան գրավիչ, որ բազմաթիվ մարդիկ գայթակղվում և կամավոր միանում էին դրան: Մենք նաև ցանկանում ենք պարզել, թե ավանդական հասարակությունը ինչ պահանջմունքներ չէր բավարարում, որ փորձում էր բավարարել այդ խումբը: Նման այլընտրանքային մոտեցումը վերլուծական ֆոկուսը զոհերին անմտորեն մեղադրելուց, դատապարտելուց, նրանց աննորմալ համարելուց տեղափոխում է դեպի բազմակողմանի ուսումնասիրություն այն հիմնական ուժերը, որոնք ձևավորում են մարդկային վարքը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդը թուլություն ունի ուրիշի իշխանության տակ գործելու (սա կարող է պայմանավորված լինել որոշակի իրավիճակներով, անտեսանելի, նուրբ ուժերով, որոնք ղեկավարում են մարդկանց գործողությունները)` պետք է սկսել ուղիներ որոնել պայքարելու այն ճնշումների դեմ, որոնք հաճախ կործանարար ազդեցություն կարող են ունենալ մեզ կամ մեր ծանոթների վրա:

<<Դրախտի դարպասներ>> աղանդի անդամների կարծրատիպացված խմբային անհատականության ցանկացած վերլուծություն չէր համապատասխանում խմբի անդամների անհատական նկարագրի վերլուծությանը: Միանգամայն տարբեր էին խմբի անդամների դեմոգրաֆիկ տվյալները` տարիք, ընդունակություններ, հետաքրքրություններ, կարիերա, մինչև նվիրվելը մի գաղափարախոսության, որը ենթադրում է կատարյալ հնազանդություն և <<կառավարելի>> կյանք, որ կավարտվի  հավիտենական անցումով` մահվամբ:

Անհատների տիպերի բազմազանությունն ակնհայտ էր տարբեր աղանդներում, որոնք ուսումնասիրել եմ վերջին տասնամյակների ընթացքում:

Նույնն են <<հավաքագրող>> խոստումները, ազդեցության միջոցները և խմբի գործադրած ճնշումը, որի ազդեցությամբ անհատի ազատ կամքի դրսևորումն ու քննադատական մտածողությունն աստիճանաբար տեղի են տալիս: Իմ և իմ կոլեգաների իրականացրած հոգեբանական հետազոտությունների վրա հիմնվելով` առանձնացրել եմ հետևյալ դրույթները, որոնցից մի քանիսին առավել մանրամասն կանդրադառնամ.

  • Ոչ ոք երբևէ չի միանում ինչ-որ աղանդի: Մարդիկ միանում են իրենց համար հետաքրքիր խմբերի, որոնք խոստանում են բավարարել առաջնային և հիմնարար պահանջնմունքներ[1]: Այդ խմբերը վերածվում են աղանդի այն ժամանակ, երբ դրա անդամներին սկսում են համարել խաբեբաներ, արատավոր ու վտանգավոր մարդիկ, ում գործելակերպը հակասում է հասարակության հիմնական արժեքներին:
  • Աղանդները բացահայտում են հասարակության <<թերի արժեքներն ու գործառույթները>> և փորձում <<լրացնել>> դրանք: Աղանդը հնարավորություն է տալիս <<ախտորոշելու>>` որտեղ և ինչպես է հասարակությունը <<կորցնում>> իր անդամներին:
  • Եթե դու չես ապրում-պայքարում հանուն ինչ-որ բանի, ապա դու կարող ես կործանվել հանուն ինչ-որ բանի:
  • Քանի որ մարդկության հիմնարար արժեքները փոփոխվում, աղավաղվում և կորչում են արագորեն զարգացող մեր մշակույթում, մարդիկ սկսում են հավատալ պատրանքներին և անիրական խոստումներին և յուրացնել դրանք` առանց ստուգելու, ճշտելու, վերլուծելու:
  • Կարևոր չէ, թե ինչ է անում աղանդի այս կամ այն անդամը. որոշակի հանգամանքներում ես և դուք նույնպես կարող ենք գայթակղվել և ներգրավվել այդ նույն բանն անելու մեջ: Հասարակ, նորմալ, զարգացած անհատների մեծամասնությունը կարող է գործել անբարոյական, անօրինական, իռացիոնալ, ագրեսիվ և ինքնադեստրուկտիվ այնպիսի արարքներ, որոնք կարող են հակասել սեփական արժեքներին կամ անհատականությանը: Սա հնարավոր է այն դեպքում, երբ արտաքին ուժերի կողմից մանիպուլացված իրավիճակները ազդեն անհատի վարքի վրա:
  • Մարդկանց <<հավաքագրելու>>, նրանց մեջ գաղափարներ <<ներարկելու>> և ազդեցություն գործելու համար օգտագործվող մեթոդները մարդու միտքը կառավարելու արտառոց մեխանիզմներ չեն, այլ ինտենսիվ կիրառվող սոցիալական ազդեցության երկրային հնարքներ, որոնք իրականացվում են ազդեցության սոցիալական ագենտների[2] միջոցով` գործողությունները նախօրոք համաձայնեցնելով մասնագետների խմբի հետ:

Գրավչությունը

Հարց է առաջանում` ինչով են աղանդները գրավում մարդկանց:

Պատկերացրեք, որ Դուք մի խմբի անդամ եք, որտեղ կարող եք գտնել անկեղծ ընկերություն, ձեռք բերել հոգատար ընտանիք, ապահովություն, անվտանգություն, գտնել Ձեր ինքնությունը, ակնկալել և ստանալ անկեղծություն հարաբերություններում: Այդ խմբում հարգում են Ձեր ներդրումները, Ձեր սոցիալական դիրքը, և Ձեր յուրաքանչյուր օրը համակարգված է: Դուք ձեռք եք բերում նոր հմտություններ, <<զարգացնում>> Ձեր անհատականությունը և աշխարհայացքը: Այդ խմբում հանցագործություն կամ բռնություն չկա, իսկ ձեր առողջ կենսակերպը ենթադրում է նաև, որ դուք չեք հիվանդանա:

Ձեր առաջնորդը կխոստանա բժշկել ցանկացած հիվանդություն, կանխատեսել ապագան, ինչպես նաև շնորհել անմահություն, եթե, իհարկե, դուք իսկական հավատացյալ եք: Բացի այդ, Ձեր խմբի գաղափարախոսությունը հոգևոր-կրոնական յուրահատուկ կենսակերպ է (որոշ աղանդներ շեշտը դնում են սոցիալական, քաղաքական կամ անհատական ոլորտների վրա), որին հետևելու դեպքում կբարելավվի համամարդկային վիճակը երկրի վրա կամ տիեզերքի մեկ այլ վայրում:

Ո՞վ կընկրկի նման գրավչությունների առջև`… մեզանից շատերը… եթե մեզ ներգրավի մեկը, ում վստահում ենք, եթե գտնվենք մեզ ծանոթ միջավայրում, և վերջապես, եթե չբավարարված պահանջմունքներ ունենք:

Աղանդների մեջ ներքաշողները հաճախ հենց ընտանիքի անդամներն են, ընկերները, ծանոթները, հարևանները, կոլեգաները, ուսուցիչները կամ էլ` հիանալի պատրաստված մասնագետ-հավաքագրողները: Նրանք մարդկանց հաճախ <<որսում են>> ոչ թե օդանավակայաններում կամ փողոցներում, այլ այնպիսի վայրերում, որոնք ծանոթ են պոտենցիալ զոհին, որտեղ զոհը զգում է իրեն, ինչպես <<տանը>>` դպրոցում,  սրճարանում, աշխատավայրում, մարզադաշտում, եկեղեցում, դասախոսությունների, ճաշկերույթների ու սեմինարների ժամանակ: <<Դրախտի դարպասներ>> աղանդի փորձը ցույց տվեց, որ մարդկանց այժմ <<որսում են>> նաև համացանցի միջոցով:

1980 թվականի ուսումնասիրությունների ժամանակ ես և Հարթլին [C. Hartley] հարցումներ անցկացրինք Սան Ֆրանցիսկոյի Բեյ հատվածի բարձր դասարանների 1000 աշակերտի հետ, որոնց ընտրել էինք պատահականության սկզբունքով: Աշակերտների 54%-ն ասաց, որ իրենց ամենաքիչը մեկ անգամ փորձել են ներքաշել աղանդի (հարցվածներն իրենք էին այդպես բնորոշում) մեջ, իսկ 40%-ը նշեց, որ ունեցել է 3-ից 5 շփում այնպիսի մարդկանց հետ, ովքեր քարոզել են միանալու այս կամ այն խմբի: Այն ժամանակ աճող սերնդին համացանցային մեխանիզմներով աղանդի մեջ ներքաշելու միջոցները դեռևս կիրառություն չունեին:

Ի՞նչն է մեզ դարձնում ավելի խոցելի աղանդի մեջ ներքաշվելու համար: Պատկերացրեք մեկին, որ իր կյանքի ինչ-որ անցումային փուլում է գտնվում` ամուսնալուծվել են ծնողները, նա տեղափոխվել է նոր քաղաք կամ նոր երկիր, կորցրել է աշխատանքը, դուրս է մնացել դպրոցից, վերջ է դրել սիրային հարաբերություններին, հիասթափվել և հրաժարվել է կրոնից: Այս ամենին ավելացրեք նաև այն, որ նրա համար աշխատանքը ձանձրալի և տափակ, կրթությունը` անիմաստ, կառավարությունը` խաբեբաների խումբ, ինչպես նաև` սոցիալական կյանքը բացակայում է կամ հաճախ հակասում ընդունված նորմերին և արժեքներին, ընտանիքի անդամների հետ մոտ չէ, իսկ ընկերները շատ զբաղված են իրեն ժամանակ տրամադրելու համար:

Աղանդները խոստանում են բավարարել անհատական այդ բոլոր պահանջմունքները, ինչպես նաև խոստանում կոմպենսացնել սոցիալական ձախողումների հարվածները` ստեղծելով սոցիալական մեկ այլ միջավայր, որն ավելի ապահով է, առողջ, կանխատեսելի և վերահսկելի: Նրանք կփորձեն <<վերացնել>> անհատի մեկուսացումն ու օտարումը, որը հասարակությունում սովորաբար առաջանում է սոցիալական մոբիլության[3], տեխնոլոգիաների զարգացման, մրցակցության, մերիտոկրատիայի[4], տգիտության, կենցաղային և աշխատանքային անմարդկային պայմանների հետևանքով:

Որպես կանոն` աղանդի առաջնորդներն առաջարկում են բավականին պարզ լուծումներ առօրյա բազմաթիվ խնդիրներ լուծելու համար: Նրանք առաջարկում են երջանկության, հաջողության, փրկության հասնելու պարզ ճանապարհներ: Պետք է միայն հետևել նրանց պարզ կանոներին, ընդհանուր կենսաոճին և ենթարկվել խմբի ներսում արված բաժանումներին ու ներքին կանոններին: Ի վերջո, յուրաքանչյուր նոր անդամ իր ներդրումն է ունենում առաջնորդի իշխանության կայացման գործում` <<վաճառելով>> իր ազատությունը ապահովության և անվտանգության պատրանքի դիմաց: Սա <<հաղթանակ-հաղթանակ>> առևտուր է նրանց համար, ովքեր չեն կարծում, թե ազատությունը կյանքում ինչ-որ բան փոխելու` իրենց տրված ուժն է: Սա հիմնականում վերաբերում է ամաչկոտ մարդկանց: Ամաչկոտությունը դեռահասների շրջանում շատ է տարածված: Վերջերս իմ հետազոտական խումբը և դոկտոր Բ. Կարդուչչին Կալիֆորնիա և Ինդիանա նահանգներում հետազոտություն անցկացրին քոլեջի տարիքի դեռահասների շրջանում, որի արդյունքում պարզվեց, որ նրանց 50%-ը տառապում է քրոնիկ ամաչկոտությամբ (սոցիալական հմտությունների պակաս, ցածր ինքնագնահատական, անհարմարության զգացում սոցիալական տարբեր իրադրություններում և այլն): Քանի որ աղանդներին միացողների թիվն օրեցօր աճում է, առողջ հասարակության մոդելը պատկերացնելը դառնում է այն հիմնական միջոցը, որը հնարավորություն է տալիս հասկանալու, թե սոցիալական պաթոլոգիան ինչպես կարող է ազդել Ամերիկայի դեռահասների և երեխաների շրջանում ամաչկոտության տարածման վրա:

Անցումային փուլում գտնվող հասարակությունը

Մեր հասարակությունը գտնվում է մի յուրահատուկ անցումային փուլում. մի կողմից գիտությունը և տեխնոլոգիան մեծ առաջընթաց են ապրում, իսկ մյուս կողմից հակագիտական գաղափարներն ու արժեքները սկսում են արագորեն տարածվել: Կոնգրեսն ու հոգևոր հայրերն ակտիվորեն քարոզում են ընտանեկան արժեքներ, մինչդեռ ամուսնալուծությունների թիվը աճում է` կապված երեխայի կամ կնոջ նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի հետ: Գերհզոր պատերազմներում ատոմային զենքի կիրառման հետևանքով մեռնելու վախն այսօր փոխարինվում է փողոցային հանցագործությունների և դպրոցականների շրջանում լայն սպառում ունեցող թմրադեղերի նկատմամբ վախով: Հարուստների, իշխանություն ունեցողների և աղքատների, թույլերի միջև տնտեսական անդունդն օրեցօր խորանում է: Սոցիալական այսպիսի տեղաշարժերն ու փոփոխությունները ստեղծում են ինտելեկտուալ քաոս, որը ստիպում է շարքային քաղաքացուն դժվարությամբ հավատալ, վստահել կամ պայքարել հանուն ինչ-որ բանի:

Եվ ահա այս դժվարին իրավիճակում, փոփոխությունների այս բարդ շրջանում աղանդի առաջնորդը ամուր կանգնած է և ունի պարզ ուղեցույցներ` կոնկրետ բաներ մտածելու, զգալու, ինչպես նաև վարվելու, արձագանքելու վերաբերյալ: <<Հետևե’ք ինձ, որովհետև ես գիտեմ խոհեմության, անվտանգության և փրկության ճանապարհը>>,- հայտարարում է Մարշալ Էփլուայթը աղանդի այլ լիդերների հետ` կրկնելով միևնույն խոսքերը հոգևոր երգչախմբում: Եվ շատերն են հետևում:

Ինչո՞վ են աղանդները վտանգավոր: Դա մասամբ կախված է աղանդի տեսակից, քանի որ դրանք հիմնականում տարբեր են անդամների թվով, նպատակներով, թաքնված հատկանիշներով և այլն: Որոշ աղանդներ իշխանություն ձեռք բերելու կամ փող աշխատելու բիզնեսով են զբաղվում: Նման աղանդները կարիք ունեն անդամների, ովքեր հանգանակություններ կանեն, կդառնան անվճար աշխատուժ` կմուրան գումարներ և կորսան նոր անդամների: Այս աղանդները <<Դրախտի դարպաս>>-ի պես կործանարար ազդեցություն չունեն. դրանց վտանգավորությունը միայն խաբեբայությամբ, դրամաշորթությամբ, անդամների շահագործմամբ է պայմանավորված: Նման դեպքերում հաճախ ստիպում են անձանց դրամական մեծ ներդրումներ կատարել` վճարել տասանորդ, ստորագրել կյանքի ապահավագրության կամ սեփականության, գույքի վերաբերյալ փաստաթղթեր, վճարել ստուգումների կամ վերապատրաստման դասընթացների համար և այլն:

Վտանգավոր է նաև մարդու աշխատանքային ռեսուրսների շահագործումը (ամբողջ օրը գումար մուրալ, նոր անդամներ հավաքագրել, անվարձահատույց կամ փոքր պարգևների դիմաց աշխատել, ծառայություններ մատուցել և այլն):

Աղանդների մեծամասնությունը պահանջում է, որ անդամները խզեն նախկին բոլոր սոցիալական կապերը` հատկապես ընտանիքի և ընկերների հետ: Սա անհատին ամբողջական կախման մեջ է դնում աղանդից: Սրանով լուծվում է անհատի ինքնանույնականացման և ճանաչելիության, ընդունված լինելու հարցը, իսկ աղանդի պարագայում` սոցիալական հզորացման խնդիրը:

Ուղեղի այսպիսի <<լվացումը>> շատ վտանգավոր է և կարող է հանգեցնել նրան, որ աղանդի անդամները ենթարկվեն անգամ ինքնասպանություն գործելու կամ աղանդի թշնամիներին ֆիզիկապես վերացնելու հրահանգներին:

Ցանկացած լիդերի խելագարություն հետագայում վերածվում է նորմալ վարքի, քանի որ խումբը որոշ ժամանակ անց ընկալում է այն որպես <<նորմալ>> վարք, և ուստի հիմարությունը դառնում է ընդունելի, իսկ անմիտ ու տրամաբանորեն չշաղկապվող դատողությունները մի քանի կապող օղակների շնորհիվ վերածվում են հավատքի` համոզմունքերի կայուն համակարգի, գաղափարախոսության, որն իր հետևորդներին պատրաստ է պաշտպանել մինչև մահ:

Հետաքրքիր է նաև այն, որ աղանդները մտքի կառավարման և սոցիալական ազդեցության շատ պարզունակ միջոցներ ու ռազմավարություն են կիրառում: Դրանք բոլորին հայտնի սոցիալ-հոգեբանական տարբեր սկզբունքների` համաձայնեցման, հնազանդության, համոզելու, ռեակտիվ հակազդեցության, մեկուսացման, էմոցիոնալ մանիպուլացման համադրումներ են:

Մարդու գիտակցության կառավարման համար աղանդները սովորաբար կիրառում են նույն հնարքները, սակայն երբեմն ավելի ինտենսիվորեն, համառորեն` երկար ժամանակ հատկացնելով և ավելի շատ ուղղություններ ընդգրկելով: Ահա մեկ այլ բնորոշ գիծ`աղանդները ջանում են փակել աղանդից դուրս գալու բոլոր դռները` ապացուցելով, որ եթե անհատը դուրս գա աղանդից, լուրջ վնասներ կկրի`ձեռք կբերի բազմաթիվ ֆոբիաներ, կձախողվի և կմեկուսանա:

Ո՞րն է լուծումը

<<Դրախտի դարպասներե>> աղանդի անդամների կոլեկտիվ ինքնասպանությունը աղանդների թեման դարձրեց թերթերի առաջին էջի թեմա: Չնայած աղանդների մեթոդներն արտասովոր են, այնուամենայնիվ աղանդները արտասովոր երևույթ չեն: Դրանք մեր հասարակության` լուսանցքից դուրս մնացած ծայրերն են և հասարակության համար կենսական հաղորդագրություն են կրում, ստիպում են մտորել այդ բացերի վերաբերյալ: Սա անհրաժեշտ է անել, եթե ցանկանում ենք, որ հետագայում կանխվեն նման ողբերգական դեպքերը, և մեր երեխաներն ու հարևանները չմիանան նման դեստրուկտիվ խմբերի, որոնք այսօր երևում են հորիզոնում:

Ո՞րն է լուծումը: Լուծումը պարզ է: Միակ բանը, որ պետք է անենք` մի <<այլընտրանքային, կատարյալ աղանդ>> ստեղծելն է: Այսինքն, պետք է գտնենք ուղիներ դարձնելու հասարակությունն այնպիսին, ինչպիսին խոստանում է աղանդը: Պետք է փորձել գրավիչ դարձնել հասարակությունը, սակայն առանց խաբեության, իրականությունն աղավաղելու ու պոտենցիալ դեստրուկցիայի: Ո’չ տղամարդը և ո’չ կինը ինքնամեկուսացված կղզիներ չեն, ոչ էլ` աշխարհով մեկ պտտվող ճանապարհորդներ, ովքեր չեն պատկերացնում երկրագնդի կենտրոնը: Այդ կենտրոնը գտնելը, սոցիալական կապեր տարածելը, մարդկության <<միջուկը>> հարստացնելը պետք է լինի մեր առաջնային նպատակներից մեկը:

Սույն հոդվածը (14 էջ) տպագրվել է Ամերիկյան հոգեբանների ասոցիացիայի կողմից 1997թ-ի մայիսին: Հեղինակային իրավունքները պաշտպանված են. հոդվածը կարող է վերատպվել Ամերիկյան հոգեբանների ասոցիացիայի թույլատվությամբ:

Թարգմանիչ Գայանե Հարությունյան
http://pyuniq.livejournal.com/

Խմբագիր Բորիս Օհանյան

———————————
[1] Հիմնարար պահանջնմունքներ ասելով` նկատի ունենք հոգեբան Մասլոուի առաջարկած պահանջմունքների բուրգը, որտեղ նա ներկայացնում է պահանջմունքները վարից վեր ուղղությամբ` ֆիզիոլոգիական, անվտանգության և պաշտպանության, սիրելու և սիրված լինելու, հարգանքի և ընդունված լինելու, ինքնաակտուալիզացման: Նա, փաստորեն, առանձնացնում է պահանջմունքների հիերարխիա. յուրաքանչյուր պահանջմունք կարող է բավարարվել միայն այն դեպքում, երբ դրանից ներքև գտնվող պահանջմունքներն արդեն բավարարված են: Յուրաքանչյուր հաջորդ պահանջմունքի բավարարումը նշանակում է, որ նախորդ պահանջմունքներն արդեն բավարարված են: [թարգմանչի կողմից]

[2] Սոցիալական ագենտ ասելով` նկատի ունենք ցանկացած միջոց (անհատ, խումբ կառույց), որով հնարավոր է այս կամ այն կերպ ազդեցություն գործել: Սոցիալական ագենտի օրինակ են ԶԼՄ-ները: [թարգմանչի կողմից]

[3] Սոցիալական մոբիլությունը` անհատի կամ սոցիալական խմբի տեղաշարժն է հասարակության ներսում: Տարբերակում են ուղղահայաց և հորիզոնական մոբիլություն: Ուղղահայաց մոբիլության դեպքում անհատի տեղափոխվում է մի հարթությունից մեկ այլ հարթություն, փոփոխվում է նրա դիրքը հասարակությունում: Հորիզոնական մոբիլությունը ենթադրում է անհատի տեղաշարժ միևնույն հարթությունում, որը չի հանգեցնում դիրքի փոփոխության:

[4] Մերիտոկրատիան համակարգ է, որում անհատի դիրքը հասարակությունում որոշվում է նրա կարողություններով, <<արժանիքներով>>: Սա նաև <<արժանի>>` խելացի, կրթված մարդկանց իշխանությունն  է հասարակությունում:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *