Պատերազմի սոցիետալ հետևանքները

Սոնա Նահապետյան
sona.nahapetyan@gmail.com

Ի՞նչ է իրենից ներկայացնում պատերազմը: Որպեսզի առավել լավ հասկանանք պատերազմի համակարգային մոտեցումը և որպեսզի կոնֆլիկտի համակարգային կառավարումը և կանխարգելման  ռազմավարությունները առավել լավ ձևավորվեն, իրագործվեն և գնահատվեն, անհրաժեշտ է  ձևավորվել պատերազմի սոցիետալ  և համակարգային հետևանքները գնահատելու չափումներ: Սա հնարավորություն կտա առավել լավ տեղեկանալ սոցիալական կոնֆլիկտների և գլոբալ մասշտաբում նաև  քաղաքական բռնության վերաբերյալ:
Գոյություն ունեն մի շարք չափումներ, սակայն քանակական չափումների պարագայում կիրառվում են մի շարք բաղկացուցիչներ: Դրանք են իրադարձության, տևողության, վնասների չափումները:
Հետևելով այդ մեթոդաբանությանը կարելի է առանձնացնել մի շարք հայտնի գործոններ,  որոնց հիման վրա կարելի է որոշել պատերազմի ուժգնությունը: Դրանցից առավել էականներն են
  • Մարդկային ռեսուրսները, որը ներառում է անմիջական և անուղղակի զոհերը, անմիջական և անուղղակի վիրավորները, սեռական հանցանքներն ու բռնաբարությունը:
  • Մարդկային տեղաշարժերը, որը ներառում է բոլոր առողջա-հոգեբանական գործոնները, որոնք կապված են մարդկային կամավոր, հարկադրական և ստիպված տեղաշարժերի` ընդհուպ մինչև էթնիկ զտումների հետ:
  • Սոցիալական ցանցի վնասումը և քայքայումը, որի պարագայում խախտվում են  միջանձնային շփումները, վերանում են այնպիսի սոցիալական երևույթներ, ինչպիսիք են վստահությունը, խրախուսումը, սոցիալական համագործակցությունը և այլն:
  • Միջավայրի որակի անկում, որը կապված է ինչպես ընդհանուր առմամբ էկոհամակարգի հետ, այնպես էլ մասնակիորեն կարող է ազդել բերքատվության, ջրային ռեսուրսների, կենսաշխարհի և բուսաշխարհի  վերացման, մթնոլորտի աղտոտման վրա:
  • Ենթակառուցվածքի վնասում, որը կարող է վերաբերել ինչպես նյութական և մեխանիկական ենթակառուցվածքի,այնպես էլ ռեսուրսների և պահուստների վրա, որոնք կապված են տվյալ երկրի անվտանգության հետ:
  • Կենսամակարդակի փոփոխություն, որը ենթադրում է հիմնարար պահանջմունքների անտեսում, կյանքի գեղագիտական որակի անկում, սոցիալական անարդարություն, ցածր ինքնագնահատական և այլն:
Ուսումնասիրելով հետևանքների այս բոլոր խմբերը` Մոնթի Մարշալն առաջարկել է դրանց որոշակի համադրումներ և ըստ այդմ դասակարգել է պատերազմները, որոնք տեղ են գտել 1945 թվականից մինչև 2000 թվականները համապատասխանաբար 10 կատեգորիաների կամ խմբերի:
  1. Խումբ 10. Ոչնչացում և բնաջնջում: Սա ենթադրում է ինտենսիվ, համակարգված և անխտրական սկզբունքների հիման վրա մարդկային ռեսուրսների կամ ֆիզիկական ենթակառուցվածքի վնասում՝ անդառնալի արդյունքներով: Այստեղ սոցիալական ինքնությունը հանդիսանում է  ոչնչացման հիմնական թիրախը: Նման պատմական դեպքեր կարելի է համարել Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների համար նախատեսված համակենտրոնացման ճամբարները և դրան հաջորդող ճապոնական դեպքերը:
  2. Խումբ 9.Համաշխարհային պատերազմ: Մարդկային ռեսուրսների զանգվածային, մեխանիզված ոչնչացում, որի ժամանակ սոցիետալ և ոչ սոցիետալ պատերազմական հետևանքները նկատելի են ողջ բնակչության շրջանում, իսկ հետևանքները կրում են երկարաժամկետ բնույթ: Պատերազմող կողմի երկու հասարակություններն էլ  հանդիսանում են թիրախներ, իսկ կողմերը, զբաղեցնելով մրցակից դերեր, հանդիսանում են գործող և միաժամանակ հակազդող կողմեր: Պատմական օրինակներ են հանդիսանում Գերմանիան և ԽՍՀՄ-ը Երկրորդ Համաշխարհայինի տարիներին:
  3. Խումբ 8.Ժամանակակից պատերազմ: Սա նման է Համաշխարհային պատերազմին, սակայն այստեղ հետևանքները միջնաժամկետ են, խաղաղ բնակչությունը միշտ չի հանդիսանում թիրախային խումբ, սակայն նրանց մեծ մասն այնուամենայնիվ անմասն չի մնում բռնի գործողություններում ներգրավվելուց: Պատմական օրինակներ են հանդիսանում Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի դեպքերը 1914-1918 թթ.:
  4. Խումբ 7. Լայնամասշտաբ պատերազմ: Այստեղ ոչնչացման տեխնոլոգիաները հագեցած են, սակայն ռեսուրսներն ու տարածվածությունը սահմանափակ են,  և շատ հաճախ որոշ ժամանակ անց անհրաժեշտ են լինում նոր ռեսուրսներ, հետևապես նաև այլ կողմի միջամտություն: Պատմական օրինակներ են  Վիետնամի 1958-1975թթ., Կամբոջայի 1975-1979թթ դեպքերը:
  5. Խումբ 6. Խոշոր պատերազմ: Սա իր նկարագրով հիմնականում համընկնում է լայնամասշտաբ պատերազմի հետ, սակայն այստեղ ռեսուրսների սահմանափակությունն առավել ակնհայտ է, ինչպես նաև զոհերը չեն հասնում մեկ միլիոնի: Այս տիպին բնորոշ օրինակներ են հանդիսանում էթնիկ զտումները: Պատմական օրինակներ են Եթովպիայի 1974-1991թթ., Իրան-Իրաքի 1980-1988թթ. և Բոսնիայի 1992-1995թթ իրադարձությունները:
  6. Խումբ 5. Նյութական պատերազմ: Այստեղ ոչնչացման տեխնոլոգիաները բարձրակարգ են, սակայն նպատակակետերը սահմանափակ են և ոչ այնքան ուրվագծված: Պատերազմի լուծմանն ու կոնֆլիկտի հարթմանը խոչընդոտում են որոշակի հստակ հիմնախնդիրներ: Պատերազմը հիմնականում կրում է տեղական բնույթ: Զոհերի թիվը տատանվում է 100 000- 500 000-ի միջև: Պատմական օրինակներն են հանդիսանում Գվատեմալայի 1966-1996թթ., Լիբանանի 1975-1991թթ., Շրի Լանկայի և Սոմալիի 80-ական թթ.-ից մինչ այժմ ընթացող պատերազմները:
  7. Խումբ 4.Լուրջ պատերազմ: Տեխնոլոգիաներն այստեղ առավել խղճուկ են, թիրախները` սահմանափակ: Կազմակերպող խումբը հստակ չէ, բացակայում է հստակ կառավարումն ու  կարգապահությունը: Պատերազմը կարող է ունենալ բավականին մեծ մասշտաբներ, սակայն իրական տուժողների թիվը փոքրաթիվ է , իսկ պատերազմը չի կրում ինտենսիվ բնույթ: Զոհերի թիվը 50-100 000-ի շրջանում է տատանվում: Պատմական օրինակներ են հանդիսանում  Իսրայելա-արաբական կոնֆլիկտը 1967-1970թթ. և Լիբիայի 1990-1997թթ. դեպքերը:
  8. Խումբ 3. Լուրջ քաղաքական բռնություն: Այստեղ հիմնականում պայքար է գնում որոշակի սահմանափակ նյութական ռեսուրսի կամ իշխանության համար: Այս պարագայում գործում են մի շարք ոչ մեծաթիվ ռազմական խմբեր, որոնց միջև էլ տեղի են ունենում ընդհարումները: Այս պատերազմների հետևանքները հիմանականում ազդում են ոստիկանության, զինուժի, ղեկավարների վրա: Զոհերի թիվը տատանվում է 10 000- 50 000: Պատմական օրինակներ են  Չիլիի 1974-1976թթ., Թուրքիայի 1984թ դեպքերը:
  9. Խումբ 2.Սահմանափակ քաղաքական բռնություն: Այս տիպի պատերազմներները նման են նախորդին, սակայն գործողություններն այստեղ առավել հստակ են և սահմանափակ ներգրավվածություն են պահանջում: Զոհերը տատանվում են 3000-10 000: Պատմական օրինակներ են հանդիսանում  Կուբայի 1957-1959թթ., Հյուսիսային Իռլանդիայի 1969-1994թթ. դեպքերը:
  10. Խումբ 1.Ցուցադրական քաղաքական բռնություն: Այստեղ հիմնական շեշտադրումը դրվում է ուժի ցուցադրման վրա: Զինված խմբերը համեմատաբար փոքր են, բռնության ներգրավվածությունը ևս: Զոհերի թիվը չի անցում 2000-ից: Պատմական օրինակներ են ԱՄՆ-ում 1965-1968թթ. թաղամասային բնակիչների միջև ընդհարումները, Արգենտինա-Միացյալ Թագավորության միջև Ֆոլկլենդյան կղզիների համար մղվող պայքարը 1982թ.-ին և Մոլդովայի 1991-1997թթ. իրադարձությունները:

Monty. G. Marshall “Measuring  the Societal Impact of War” in “From Reaction to Conflict Prevention: Opportunities for the UN System”, Hampson, Fen Osler and Maloni David M.(eds.), Boulder, CO,Lynne Reinner Publisher 2002

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

One thought on “Պատերազմի սոցիետալ հետևանքները

  1. Շատ հետաքրքիր հոդված է: Շնորհակալություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *