Էթիկական խնդիրները մասնակցային հետազոտություններում

“Աբստրակցիան մահ է էթիկայի համար, քանի որ էթիկան գործ ունի կենդանի կյանքի և կենդանի վերաբերմունքի հետ”-Ա. Շվեյցեր

Ցանկացած հետազոտություն կարիք ունի էթիկական ուղղեցույցի քանի որ այն մի կողմից պաշտպանում է հետազոտության սուբյեկտներին, մյուս կողմից ուղղորդում հետազոտողներին, մատնանշելով, թե ինչպես վարվել հետազոտության այս կամ այն իրավիճակում [105][1]: Մասնակցային հետազոտություններում էթիկական խնդիրների ու էթիկական կոդեքսի մասին խոսելուց առաջ նախ սահմանենք` ինչ ասել է մասնագիտական  էթիկա: Մասնագիտական էթիկա ասելով հասկանում ենք այն բարոյական սկզբունքների ամբողջությունը, որով պետք է առաջնորդվի հետազոտողը հետազոտության ամբողջ ընթացքում: Մասնակցային հետազոտություններում էթիկայի հարցը բավական արդիական է ու կարևոր, որովհետև հետազոտությունների այս տիպը ենթադրում է սերտ համագործակցություն ու ինտենսիվ փոխազդեցություն հետազոտողների ու մասնակիցների միջև: Քանի որ փոխազդեցությունները  երկարատև են ու ինտենսիվ, շատ հաճախ առաջանում են իրավիճակներ, որոնց լուծումը մանսագիտական  էթիկայի պահպանումն է:

Մասնակցային հետազոտություններում էթիկական խնդիրները կարելի բաժանել երկու մակարդակի: Նախ էթիկական խնդիրներ, որոնք առաջանում են հետազոտողի ու հետազոտության մասնակիցների միջև, այսինքն` տեղաբնիկների միջև: Կարելի է առանձնացնել նաև հետազոտող-հետազոտող հարաբերություններում էթիկական խնդիրներ, թերևս ավելի մեծ կարևորություն են ստանում հետազոտողների ու տեղաբնիկների միջև ծագած էթիկական խնդիրները: Մասնակցային հետազոտություններում էթիկական խնդիրները առնչվում են մի քանի հիմնական կետերի հետ ու բխում են մասնակցային հետազոտությունների առանձնահտակություններից[2] [306]: Այսպիսով էթիկական խնդիրները կարելի է խմբավորել հետևյալ խմբերի մեջ:

Կողմնապահություն -Էթիկային առնչվող այս կետը կապված է հետազոտության մասնակիցների ընտրության ու ձայնի “տրամադրման” հետ: Հետազոտողները չպետք է կողմնապահություններ անեն ինչպես մասնակիցների ընտրության, այնպես էլ մասնակիցների ձայնի բարձրացման դեպքում: Մասնակցային հետազոտությունները նպատակ ունեն հետազոտություններում ավելի շատ լոկալ մարդկանց ներառել, օգտագործել նրանց կենսափորձը ու գիտելիքը իրականությունը բարեփոխելու համար: Այդ իսկ պատճառով ցանկացած մասնակցի կարծիքը, գիտելիքը ու փորձը հետազոտողի կողմից  պետք է գնահատվի ու հաշվի առնվի: Հետազոտողը չպետք է վեր դասի իր կարծիքը մասնակիցների կարծիքներից միայն այն պատճառով որ ինքը հետազոտող է, իսկ նրանք պարզապես տեղացի մարդիկ: Հետազոտողը նաև պետք է հաշվի առնի, որ հետազոտության մեջ կարող են ներգրավված լինել տարբեր սոցիալական ստատուսի, գենդեռի, տարիքի, կրոնական հավատալիքների անձիք, եվ անգամ դա չպետք է ազդի  մասնակիցներից մեկի նկատմամբ կողմնապահ լինելու վրա, հատկապես եթե խոսքը գնում է այն դեպքերի մասին, երբ մասնակիցներից ոմանք համայնքում ավելի շատ իշխանություն են ունենում քան մյուսները:

Խոցելիություն ու պաշտպանվածություն- մասնակցային հետազոտություններում կարևոր է հիշել, որ հետազոտությունը իրականացվում է ոչ թե մասնակիցների վրա, այլ մասնակիցների հետ: Ինչն արդեն ենթադրելի է դարձնում, որ հետազոտողը պետք է հասկանա, որ գործ ունի ոչ թե պարզապես ինչ-որ փաստերի, թվերի ու փաստաթղթերի հետ, այլ կենդանի մարդկանց հետ: Հետազոտողը պետք է հարգի նրանց զգացմունքները, հաշվի առնի, որ հետազոտության ավարտից հետո մասնակիցները շարունակելու են իրենց կյանքը նույն համայքնում: Այդ պատճառով գիտակցի, որ ինչպես հետազոտության ընթացքում, այդպես էլ դրանից հետո պատասխանատու է այդ մարդկանց համար: Խոսքը գնում է հետազոտողի այնպիսի վարքի մասին, որը հետագայում կարող է ազդել մասնակիցների “ընդունման” վրա համայնքում հետազոտությունից հետո: Այս խնդրի հետ սերտորեն առնչվում է հատկապես տրամադրված տեղեկատվության հրատարակման, օգտագործման ու անանունության պահպանման խնդիրը: Հետազոտողը պետք է իրավունք ունենա հրապարակելու ստացված տեղեկատվությունը, նշելու աղբյուրը, հղումներ կատարելու և այլն: Եթե նյութերը հրապարկվում են առանց աղբյուրի թույալտվության սա համարվում է էթիկայի խախտում: Բայց քանի որ հետազոտողի համար արդյունքների հրապարակումը կարևոր և առաջնային խնդիրներից մեկն է լինելու հետազոտության ավարտի պես, հետազոտողի առջև ծառանում է խնդիր, որից խուսափելւո համար աշխատանքային թիմը հետազոտության մասնակիցներին պետք է նախապես տեղեկացնի արդյունքների հրապարակման, անանունության պահպանման խնդիրների և ընթացակարգերի  հետ: Վեր նշված կանոնների խախտումը կարող է հանգեցնել մասնակիցների անպաշտպանվածությանը, մեկուսացմանը, ճնշմանը որոշ մարմինների կամ նույն տեղաբնիկների կողմից հատկապես այն դեպքերում, եթե մասնակիցները մարգինալ խմբերի են պատկանել:

Հոգեբանական ու ֆիզիկական  վնաս- հետազոտության ընթացքում ինչպես հետազոտողը այդպես հետազոտության մանակիցները բախվում են մի շարք ռիսկերի, որոնք հավանական են դարձնում մասնակիցների մոտ հոգեբանական ու/կամ ֆիզիկական, նյութական վնասների առաջացմանը: Այստեղ հետազոտողի ֆունկցիան այնքանով է կարևոր, որ նա պետք է հետազոտության նախագծման փուլում գնահատի այդ ռիսկերի ի հայտ գալու հավանականությունը, և փորձի հասցնել դրանց առաջացումը մինիմալի: Հետազոտությունը այնպես պետք է նախգծված լինի, որ դրա ավարտի, հետազոտական միջամտության դեպքում ոչ մի անհատ կամ խումբ չբախվի թվարկված վնասներից ոչ մեկի հետ: Ցավոք միշտ չէ, որ հնարավոր է լինում կանխատեսել հետազոտության արդյունքները, այնուամենայնիվ, հետազոտողը պատասխաանատու պետք է գտնվի և փորձի զերծ պահել հետազոտության մասնակիցներին տարբեր տիպի վնասներից:

Անհատական գործոն- հետազոտությունը այնպես պետք է նախագծված լինի, որպեսզի հետազոտության ոչ մի մասնակից չհայտնվի այնպիսի իրավիճակում, որտեղ պետք է դեմ գնա իր իսկ արժեքներին, իր էթիկական կանոններին: Իսկ հետազոտողը պետք է հարգի տեղացի մարդկանց մշակույթը, նրանց արժեքներն ու հայացքները: Կարևոր է նաև, որ հետազոտողը կարողանա ըմբռնումով մոտենալ մասնակիցների կարծիքներին և չպարտադրի ու չգնահատի իրավիճակը իր իսկ պրիզմայի տեսանկյունից:

Այսպիսով պարզ է դառում, որ մասնակցային հետազոտություններում էթիկական կաննոների պահպանությունը ոչ թե պարզապես անիմաստ քմահաճույք է, այլ խիստ կիրառական նշանակություն ունեցող խնդիր, որից կախված է ինչպես հետազոտության ընթացքը, որովհետև էթիկական նորմերով է ռեգլամենտացվում հետազոտող-մասնակից հարաբերությունները, այլ նաև հետազոտության արդյունքների հրապարակումը, և նույն համայնքում հետազոտություններ անցկացնելու հեռանկարն:

Հեղինակ` Գայանե Հարությունյան

gayane.harutyunyan@yahoo.com


[1] A. Macaulay, T. Perlorier  «Participatory research with ative community of Kahnwake creates innovative code of research ethics» , Canadian Journal of Public health, 1998,

[2] Caitlin Cahill, Farhana Sultana and Rachel Pain “Participatory research: Politics, practices,  institutions» 2007; ACME, Editorial Collective, 2007, 304-318

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *