ԳԱԲՐԻԵԼ ՏԱՐԴ

ամբոխ1843-1904

Ժան Գաբրիել Տարդը ֆրանսիացի սոցիոլոգ և քրեագետ է, արևմտյան սոցիոլոգիայում սուբյեկտիվ-հոգեբանական ուղղության հիմնադիրներից մեկը:

Ծնվել և կյանքի մեծ մասն անց է կացրել Ֆրանսիայի հարավում գտնվող Սարլա քաղաքում, իրավաբանների ընտանիքում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղական ճիզվիտական դպրոցում, որն ավարտելով ստանում է բակալավրի աստիճան 1860 թ-ին: Հետագայում պլանավորել էր ուսումը շարունակել պոլիտեխնիկական ուղղությամբ, սակայն առողջական խնդիրների պատճառով ստիպված էր կանգնել իրավունքի ուսումնասիրության վրա հարազատ Սարլայում: Իրավաբանական կրթությունը ավարտել է Փարիզում 1866 թ-ին:

Հետո վերադառնում է Սարլա և շարունակում ընտանեկան ավանդույթը: 1867թ-ին հարազատ քաղաքում նշանակվում է դատավորի օգնական, երկու տարի անց դառնում Սարլայի ժամանակավոր դատավոր, իսկ 1875-ից 1894-ին՝ հիմնական դատավոր:

Այս ամենից բացի զբաղվում էր նաև գիտությամբ: Տարդի առաջին աշխատանքները նվիրված էին կրիմինալոգիային: Այս թեմայով մի քանի աշխատանքներ նրան լուրջ հետազոտողի հեղինակություն բերեցին: Կրիմինալոգիայից բացի Տարդը սկսեց նաև սոցիոլոգիայով զբաղվել: Հայտնի է, որ իր սոցիոլոգիական տեսությունը Տարդը մշակել էր դեռ 1870-ականներին, սակայն երկար ժամանակ դրանք չէր հրապարակում:

Միայն մոր մահից հետո՝ 1984 թ-ին, նա կարողացավ ամբողջությամբ նվիրվել գիտությանը: Լքելով Սարլան՝ մեկնեց Փարիզ, որ զբաղեցնի Ֆրանսիայի Արդարադատության նախարարության քրեական վիճակագրության բաժնի տնօրենը:

1896 թ-ին սկսվում է Տարդի ուսուցչական գործունեությունը, որը դառնում է նրա հիմնական զբաղմունքը: 1898 թ-ին լույս է տեսնում իր գլխավոր գիրքը՝ «Սոցիալական օրենքները»: 1900 թ-ին դառնում է պրոֆեսոր Ֆրանսիայի առաջատար համալսարաններից մեկում:

Իր սոցիոլոգիական գործունեությունը Տարդը սկսել է նույն ժամանակ, ինչ Դյուրկհեյմը: Ֆրանսիական դպրոցի այս երկու հիմնադիրները առաջին հայացքից շատ ընդհանրություններ ունեին՝ երկուսն էլ իրենց տեսությունները ստեղծել են վիճակագրական տվյալների հիման վրա, հետաքրքրվում էին սոցիալական նորմերի բնույթով, մեծ ուշադրություն էին դարձնում համեմատությանը՝ որպես գիտական ուսումնասիրման մեթոդի: Սակայն նրանց կոնցեպցիաները արմատապես տարբերվում էին: Դյուրկհեյմի տեսություններում առաջնահերթությունը տրվում էր հասարակությանը, որը ձևավորում է անհատին: Դրան հակառակ՝ Տարդը շեշտը դնում էր մարդկանց փոխհարաբերությունները ուսումնասիրելու վրա, որոնց արդյունքը հասարակությունն է: Նա ակտիվորեն հանդես էր գալիս սոցիալական հոգեբանության՝ որպես գիտության ստեղծման տեսանկյունից, որը պետք է դառնար սոցիոլոգիայի հիմքը:

Տարդի կարծիքով, հասարակության զարգացման համար հիմք է ծառայում անհատների սոցիալ-կոմունիկցիոն գործունեությունը նմանակման (իմիտացիայի) տեսքով: Հենց այս հիմնային հասկացությունն էր, որն օգտագործում էր ֆրանսիացի սոցիոլոգը՝ սոցիալական իրականությունը նկարագրելու համար: Նա հասարակությունը դիտում էր որպես նմանակման գործընթաց, որի տակ հասկանում էր որոշ մարդկանց կողմից մյուսների վարքի պարզ կրկնօրինակումն ու կրկնումը: Կրկնօրինակման և կրկնման գործընթացները վերաբերում են գոյություն ունեցող պրակտիկային, հավատքին, դրվածքին և այլն, որոնք վերարտադրվում են սերնդեսերունդ նմանակման շնորհիվ: Այս գործընթացը նպաստում է հասարակության ամբողջության պահպանմանը:

Մեկ այլ կարևոր հասկացություն, որի միջոցով հեղինակը բացատրում է հասարակության զարգացումը, հայտնագործությունն է կամ նորարարությունը: Այն Տարդի կողմից դիտվում է որպես ադապտացիայի գործընթաց շրջակա միջավայրի փոփոխվող պայմաններում: Այն նորը, որը առաջանում է հասարակությունում, նա համարում էր փոքրաթիվ օժտված անհատների գործունեության արդյունք: Լեզուն, կրոնը, արհեստը, պետությունը ըստ Տարդի անհատ-նորարների ստեղծագործության արդյունքն են: Հեղինակը կարծում է, որ բոլոր հիմնական սոցիալական ինստիտուտները առաջացել են այն պատճառով, որ հասարակ մարդիկ, որոնք ունակ չեն ստեղծելու ինչ-որ նորը, սկսել են նմանակել արարիչ-նորարարներին և օգտագործել նրանց հայտնագործությունները:

Այսպիսով, ըստ Տարդի, նորարարները և իրենց ստեղծածները սոցիալական էվոլյուցիայի հիմնական շարժիչն են հանդիսանում: Պետք է նաև նշել, որ ոչ բոլոր նորարարություններն են, որ ընդունվում են, այլ միայն նրանք, որոնք ներգրվում են արդեն գոյություն ունեցող մշակույթին և չեն հակասում դրան: Տարբեր նորարարությունների պայքարը առաջացնում է ընդդիմություն, որի արդյունքում էլ՝ տարբեր տիպի վեճեր, կոնֆլիկտներ:

Տարդի հետազոտություններում առանձնակի տեղ է զբաղեցնում ամբոխի և հանրության ուսումնասիրությունը: Նա այն կարծիքին էր, որ 19-րդ դարը ոչ թե ամբոխի, այլ հանրության դար է: Հակադրելով այս երկու հասկացությունները, նա շեշտում էր նեղ ֆիզիկական կոնտակտի անհրաժեշտությունը մարդկանց միջև այն դեպքում, երբ խոսքը գնում է ամբոխի մասին, իսկ մտավոր կապերի առկայությունը՝ հանրության դեպքում: Նրա կարծիքով հանրության ձևավորման ճանապարհին մեծ դեր են խաղում զանգվածային լրատվական միջոցները:

 

Հիմնական աշխատանքները

  1.   Կարծիք և ամբոխ, (L’opinion et la foule)1901, տե’ս` այստեղ
  2.  Նմանակմանօրենքները(Les lois de l’imitation), 1890
  3. Էսսեներիհավաքածու  (Essais et melanges sociologiques), 1895
  4. Հանցագործամբոխ (La foule criminelle), 1892
  5. Սոցիալականտրամաբանություն (Logique sociale), 1895

Թարգմանեց` Շուշան Ղահրիյան

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *