Բլոգգերն իբրև CNN էֆֆեկտի դրսևորում

Հեղինակ` Գայանե Հարությունյան

Սույն աշխատանքը նվիրված է բլոգգերի տեսական ուսումնասիրությանը CNN էֆֆեկտի տեսության պրիզմայի ներքո: Աշխատանքում նախ ներկայացված են “CNN էֆֆեկտ” տեսության որոշ հիմնադրույթներ, որոնք թույլ կտան վերլուծել և հասկանել բլոգոսֆերայի որպես կոմմունիկացիոն նոր մեխանիզմի արդիականության և զարգացման արագ տեմպերի պատճառները հայ իրականությունում:

CNN էֆֆեկտի տեսությունը վերջին ժամանակներում առավել լայն տարածում ունեցող տեսություններից մեկն է: Տեսությունն առաջ եկավ այն ժամանակ, երբ անհրաժեշտություն առաջացավ տարբեր մայրցամաքներում տեղի ունեցող բուռն պատերազմական գործողությունները “պատշաճ/ցանկալի” կերպով ներկայացնել հանրությանը: Այս տեսությունը փորձում էր պատասխանել այն հարցին, թե ինչու էր կոմմունիկացիայի մի ձևը առավել արդյունավետ քան մեկ այլը:

CNN էֆֆեկտի տեսությունը, դիտարկելով ժամանակակից կոմմունիկացիոն միջոցները` հեռուստատեսությունը, ռադիո, օն-լայն նորություններ և այլն, առանձնացնում է դրանց բնորոշ մի քանի հատկանիշ: Շնորհիվ հենց այդ առանձնահատկությունների դրանց կողմից հերարձակվող տեղեկատվությունը դառնում է էլ ավելի տպավորիչ, հետևաբար նաև ավելի արդյունավետ սոցիալական դիրքոշումների ձևավորման տեսնակյունից:

Առանձնահատկությունների շարքում կարելի նշել.

  • “Հիմա և  այստեղ/ Live” – Այս սկզբունքը ենթադրում է, որ տեղի ունեցած իրադարձությունը լուսաբանվում է իր կոնտեքստի մեջ` այն ժամանակում և այն վայրից, որտեղ  և տեղի է ունենում, դրանից չկտրվելով: Լուսաբանումը տեղի է ունենում իրադարձության զարգացման զուգահեռ: Սա  թույլ է տալիս խոսել դեպքի ներկայացման օբյեկտիվությունից ու չեզոքությունից. այն վերափոխելու ժամանակ պարզապես չկա:
  • Իրական դեպքեր և դեմքեր– այս սկզբունքը կարելի է ասել, որ բխում է նախորդ սկզբունքից. Եթե իրադարձությունը ներկայացվում է իր կոնտեքստից չկտրված, հետևաբար ներկայացվող կերպարներն նույնպես իրական պետք է լինեն: Այսպիսով սա նույնպես հնարավորություն է տալիս ավելի օբյեկտիվ նայել իրողությանը: Հենց սրա շնորհիվ մարդիկ դադարում են “թատրոն” նայել հեռուստատեսությամբ, այլ տեսնում են իրական կյանքում ապրող իրենց նման սովորական մարդկանց:
  • I-reporter– Այժմ ոչ միայն ժամանակակից տեխնոլոգիաներն այլ նաև հեռուստատեսություններն և էլեկտրոնային Զլմ-ը թույլ են տալիս յուրաքանչյուր մարդու դառնալ իրենց թղթակից, իրենց մի մասնիկ: Յուրաքանչյուր ոք, լինելով ինչ-որ դեպքի ականատես, կարող է ստեղծել նորություն, պատրաստել ռեպորտաժ և տեղադրել այն ինչ-որ ԶԼՄ-ում: Այսպիսով, ստացվում է, որ ԶԼՄ-ը և հասարակությունը լուծվում են միմյանց մեջ. Ժամանակին գոյություն ունեցող վարկածը` ԶԼՄ-ը սպասարկում են որոշակի էլիտայի շահերը,  հերքվում է և դառնում է ոչ ակտուալ:
  • Քաղաքական ցենզուրայի բացակայություն– Վերոհիշյալ կետերի իրականացումը հանգեցնում է այն մտքի, որ լսարանին մատուցվող տեղեկատվությունը չի ենթարկվում ոչ մի տեսակի խմբագրման, խեղաթյուրման, հետևաբար իրականությունը այնպիսին է ինչպիս կա` ինչպիսին ներկայացվում է ԶԼՄ-ի միջոցով:

Այսպիսով, նշված կետերը ստեղծում են այնպիսի հասարակական ընկալումներ, համաձայն որոնց նման ձև ունեցող կոմմունիկացիաների միջոցով տեղեկատվությունն մաքսիմալորեն մոտեցած է օբյեկտիվ իրականությանը, ուստի այն խմբագրված ու խեղաթյուրված չէ: Այդ պատճառով լիովին վստահելի է, ինչն էլ իր հերթին  նպաստում է հմապատասխան սոցիալական դիրքորոշումների ձևավորմանը լսարանի մոտ:

Այնուամենայնիվ, գոյություն ունեն մի շարք հեղինակներ, որոնք, հիմնվելով ռեալ պատմական փորձի` Վիետնամի պատերազմի, Սոմալիի քաղաքացիական պատերազմի վրա, ցույց են տվել, որ անգամ նման առանձնահատկությունների դեպքում հերարձակվող տեղեկատվությունը խեղաթյուրումից ապահովագրել հնարավոր չէ հատկապես պատերազմական և ետպատերազմական ժամանակահատվածում: Թերևս կարևորը ոչ թե փաստերի համապատասխանելիությունն է իրականությանը, այլ այն թե ինչպես են դրանք ընկալվում հասարկության կողմից: Համաձայն Վ. Թոմասի թեորեմի “ Եթե իրավիճակը սահմանվում է իրական, ապա այն իրական է, նաև իր հետևանքներով”: Այսպիսով` անկախ իրականության ինչպիսի լինելուց, եթե հասարակությունը ինչ-ինչ պատճառներով համարում է բլոգոսֆերան ավելի վստահելի քան ավանդական մեդիան, հասարկությունը կգործի ելնելով հենց այդ համոզմունքից:

Իրականում նշված առանձնահատկությունները դառնում են ծայր աստիճան կարևոր պատերազմական կամ անցումային վիճակում գտնվող հասարակությունների համար, որտեղ առկա է տեղեկատվության լեգիտիմության հիմնախնդիրը: Հասարակությունում, նման խնդրի առկայության ժամանակ, որպես կանոն նկատվում է վստահության ցածր մակարդակ հատկապես պետական մարմինների նկատմաբ, ինչը պայմանավորված է լինում հաճախ դրանց ոչ ֆունկցիոնալ գործառնությամբ: Արդյունքում ստացվում է, որ սոցիալական տարբեր կառուցվածքներ անընդհատ կարիք ունեն ապացուցելու իրենցից դուրս եկող տեղեկատվության համապատասխանելիությունը իրականությանը: Այս պարագայում ճգնաժամի հաղթահարման լավագույն ձևերից մեկը տեղեկատվության տարածումն է ոչ թե “վերևից ներքև”  սխեմայի համաձայն,  այլ հակառակը ներքևում գտնվող տարրերի ներգրավվում ու դրանց միջոցով տեղեկատվության տարածում: Տե’ս սխեմա 1.

Սխեմա 1. Տեղեկատվական հոսքերի վերահսկման տրամաբանություն պատերազմական իրավիճակում

Պետություն

ԶԼՄ-ներ

Հասարակություն

Սխեմայում պատկերված է անցումային կամ պատերազամական իրավիճակում գտնվող հասարակություններում տեղեկատվական հոսքերի կառավարման մեխանիզմը:  Բայց ինչպես նշվեց անվստահության մթնոլորտի ձևավորման արդյունքում նման սխեման չի կարող երկար ժամանակ աշխատել: Ինչպես օրինակ Հայաստանում մարտի 1-ի դեպքերից հետո հեռուստադիտողների մի որոշ զանգված չէր հավատում մի շարք հեռուստաալիքների կողմից տարածվող տեղեկատվությանը, հետևաբար նրանց գործունեությունն անարդյունավետ էր: Նման պարագայում այլընտրանքային կոմմունիկացիոն ուղիների անհրաժեշտություն է առաջանում: Այս պարագայում հասարակությունը սկսում է հավատալ “իրենից մեկին”, որովհետև այդ տեղեկատվությունը չի վերահսկվում 3-րդ ուժի կողմից, և բխում է իր` հասարակության, շահերից: Նման զարգացումների դեպքում, երբ տեղեկատության պակաս է զգացվում, լայն տարածում է  գտնում ոչ ավանդական մեդիան` հատկապես բլոգգերը:

Բլոգգերի առկայությունը ինչ-որ իմաստով փոփոխում է տեղեկատվական հոսքերի կառավարման տրամաբանությունը, որը կարելի է պատկերել հետևյալ սխեմայի տեսքով.

Սխեմա 2. Տեղեկատվական հոսքերի կառավարման տրամաբանության փոփոխություն

Հասարակություն

Ոչ ավանդական մեդիա

ԶԼՄ-ներ

Պետություն

Այս պարագայում հասարակությունից առանձնանում են որոշ տարրեր, որոնք վերածվում են տեղեկատվության նոր աղբյուրի` ոչ ավանդական մեդիայի` վարելով բլոգգեր, ֆորումներ, սոցիալական ցանցեր, : Քանի որ որոշ պետական կառույցները այդ թվում նաև որոշ ԶԼՄ-ն անվստահելիություն են ներշնչում, այս տարրերը, իրենց վրա մասնակիորեն ստանձնելով ավանդական մեդիայի ֆունկցիաները, վերածվում են նոր կառուցվածքի և ի հակադրություն ԶԼՄ-ի ձեռք են բերում մեծ հեղինակություն և վստահելիություն: Նման ոչ ավանդական մեդիան որոշ երկրներում ինստիտուցիոնալիզցավելով էլ ավելի մեծ ազդեցություն է ձեռք բերում, այն դառնում է ավանդական ԶԼՄ-ների ցիտման աղբյուր, երբեմն անգամ պետական մակարդակում որոշումների ընդունման վրա ներազդելու միջոց:

Բլոգգերի լայն տարածումը, ընդ որում ինչպես ընթերցողների այնպես էլ բլոգ վարողների շրջանակներում, հնարավոր է բացատրել նախ տեղեկատվական վակուումի ու այն հաղթահարելու փորձերի միջոցով:  Այսպես, բլոգգերի տարածում Հայաստանում նույնպես կապված էր տեղեկատվական վակուումի հետ մարտի 1-ի դեպքերից հետո: Սրա մասին թույլ է տալիս դատել վիճակագրությունը` բլոգգերի բացման ամսաթիվը: Փաստորեն, քաղաքական վերոնշյալ իրադարձությունները ակտիվացրեցին հայկական բլոգոսֆերան` տեղեկատվության այլընտրանքային աղբյուր ստեղծելով:

Այն հարցին, թե արդյոք բլոգգերը հանդիսանում են CNN էֆֆեկտի դրսևորում, փորձ էլ ենք բացահայտել էմպիրիկ հետազոտության միջոցով:

Երևանում պատահական ընտրանքով ԵՊՀ ուսանողների շրջանում (N=70) անցկացված հարցման ընթացքում պարզվեց է, որ ուսանողների 60% ընթերցում է բլոգգեր այն պատճառով, որ համարում է դրանք անաչառ ու օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր: Հարցվողների 20%-ը տեղյակ է, բայց չի ընթերցում բլոգգեր մի շարք պատճառներով` բլոգգերի անհասանելիություն, ինտերնետի բացակայություն, տեղեկատվական այլ միջոցների նախապատվություն:  Հարցվողների 20%-ը չգիտի` ինչ է բլոգը:

Այն հարցին, թե ինչու են ընտրել հենց բլոգգերը որպես տեղեկատվության աղբյուր,  հարցվողները պատասխանել են հետևյալ կերպ. հարցվողների 30%-ը որպես հիմնական պատճառ նշել է “բլոգգերների արագ արձագանքը տեղի ունեցող փոփոխություններին”. “…օրվա անցուդարձը իմանալու համար էլ ավելի լավ բան չկա…”[1]: Ըստ այս հարցվողների չնայած որ հայկական բլոգոսֆերան խիստ քաղաքականացված է, դրա հետ մեկ տեղ, շատ տարաբնույթ տեղեկատվություն է օրվա կտրվածով հայտնվում, և այն կարդալով այլ տեղեկատվական ալիքներից  օգտվելու անհրաժեշտությունը  վերանում է:

Հարցվողների 40%-ը բլոգգերներին համարել է քաղաքականությունից դուրս, հետևաբար քաղաքական նպատակներ չհետապնդող, այդ իսկ պատճառով շահագրգռված իրականությանը համապատասխանող տեղեկատվություն տարածել: Հարցվողներից մեկը տիպիկ բնորոշում տվեց “… сам себе режиссер, ինչ ուզում գրում են, դրա համար ավելի վստահելի են, նրանց վրա պետական ճնշում չկա…”: Այստեղ խոսքը գնում է նյութի խմբագրման և ցենզուրայի բացակայության մասին, ինչը բլոգգերում ըստ հարցվողների ընկալման բացակայում է: Ըստ հարցվողների բլոգերում գործում է խմբագրման միայն մեկ սկզբունք` բարոյական մեխանիզմներ, ինչն էլ ավելի ծանրակշիռ է դարձնում տեղեկատվությունը:

Մնացած 30%-ը որպես հիմնական պատճառ նշել է, որ բլոգգերի միջոցով բավարարում են իրենց հետաքրքրությունների շրջանակը, ինչ ավանդական մեդիայի շրջանականերում անել դժվարանում են: Բլոգգերն ընձեռնում են նոր գիտելիք ստանալու, կիրառելու այն ու դրանով կիսվելու լայն հնարավորություններ:

Հետաքրքիր էր նաև պարզել հարցվողների վստահության պատճառը բլոգգերի վերաբերյալ: Հարցվածների ճնշող մեծամասնությունը որպես վստահության պատճառ նշել է բլոգգերների չեզոքությունը քաղաքական դաշտում, և նրանց ցանկությունը իրականությունը բարեփոխելու: Հարցվածների 15%-ը վարում է բլոգ` այդպիսով հանդիսանալով բլոգային համակարգի մի մասնիկ, վստահում է դրանց միջոցում տեղադրված տեղեկատվությանը: 5%-ը ունի ընտանիքի անդամ/ընկեր/բարեկամ, ով վարում է բլոգ, և վստահելով այդ անձնաց վստահում է, նաև, բլոգգերի միջոցով տարածվող տեղեկատվությանը:

Այսպիսով, եթե համեմատենք CNN էֆֆեկտի առանձնահատկությունները և  ստացված պատասխանները կտեսնենք, որ դրանք որոշ կետերով համընկնում են:

Գրականություն

  1. S.Livingston “Clarifying the CNN Effect: an examination of mass media effects according to military intervention” www.hks.harvard.edu/presspo/publications/r18_livingston.pdf
  2. M. Belknap “The Cnn effect strategic enabler or operational risk?” www.iwan.org.uk/psyops/resources/cnn-effect/belknap_m_h_o1.pdf

[1] Նման ֆորմատով այսուհետև նշվելու է մեջբերումներն էմպիրիկ նյութից:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

One thought on “Բլոգգերն իբրև CNN էֆֆեկտի դրսևորում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *