Սիտուացիոնիստների վերաբերյալ Անրի Լըֆեբրի չխմբագրված զրույցը Քրիստին Ռոսի հետ

Ֆրանսերենից թարգմանեց՝ Հռիփսիմե Դայան

hp.dayan@rambler.ru

Անրի Լըֆեբրի «Առօրյա կյանքի քննադատություն» աշխատությունը հանդիսացել է սիտուացիոնիստների[1] հետ համատեղ գործունեության ընթացքում ձևավորված հարթակ: 1983թ. Քրիստին Ռոսին տված և չխմբագրված այս հարցազրույցում Անրի Լըֆեբրը պատմում է, թե ինչ թեմաների շուրջ ծավալվեց այդ շփումը՝ քաղաքը չափչփելու նոր ձևեր, քաղաքայինը վերափոխելու անհրաժեշտություն և Փարիզի Կոմունան որպես տոնի հռչակում: Ի թիվս Ամստերդամի, Ստրասբուրգի, Նավարենի և Փարիզի 1968թ. մայիսին COBRA[2] խմբից Լըֆեբրը պատկերեց «սիտուացիոնիստական» ժամանակաշրջանի մի մեծ պատկեր՝ ներկայացնելով նրանց քաջությունն ու նրանց աղանդավորությունը: Հարաբերությունների խզման և բարեկամության պատմության միջև  Լըֆեբրը վերադառնում է տեսական, արտիստիկ, ռազմական նորամուծությունների մի հաջորդականության, որոնք ցնցեցին հեղափոխական տեսությունն ու պրակտիկան:

Քրիստին Ռոս. Ե՞րբ վերսկսվեց ձեր բարեկամությունը սիտուացիոնիստների հետ:

Անրի Լըֆեբրը. Այն վերսկսվեց COBRA խմբում: Հենց նրանք միջնորդ հանդիսացան ճարտարապետներից բաղկացած մի խումբ մարդկանց՝ մասնավորապես Կոնստանտի (Նիվենհեյս)՝ ճարտարապետ Ամստերդամից, հետո  Ասգեր Յորնի՝ նկարիչ, և այլոց, Բրյուսելից եկած մարդկանց հետ համագործակցության համար: Դա ծագումով հյուսիսային երկրներից մարդկանց մի խումբ էր, որն ուներ նշանակալից նկրտումներ և ցանկանում էր վերածնել արվեստը, թարմացնել կյանքի նկատմամբ արվեստի ազդեցությունը: Սա չափազանց ակտիվ և հետաքրքրական մի խումբ էր, որը ձևավորվեց 1950-ական թթ., և COBRA-ի ոգեշնչման աղբյուրը  «Առօրյա կյանքի քննադատությունը»  գիրքն էր: Ահա,  թե ինչով է բացատրվում իմ վաղեմի կապը նրանց հետ: Խմբի առանցքը Կոնստանտ Նիվենհեյսն էր` ուտոպիստ ճարտարապետ, որը շատ վաղ կազմեց պլաններ ուտոպիական քաղաքի վերաբերյալ:  Նոր Բաբելոն[3], ահա թե որն էր իրական մարտահրավերը, որովհետև բողոքականների շրջանում Բաբելոնը  չարի մարմնավորումն է: Նոր Բաբելոնը պետք էր բարու մարմնավորումը լիներ, բայց և որը վերականգնում էր անիծված քաղաքի համբավը: Նոր Բաբելոնի պլանը թվագրվում է 1950 թվականով: 1953թ.  Կոնստանտ Նիվենհեյսը գրում և հրատարակում է մի տեքստ «Իրավիճակի ճարտարապետության համար» վերնագրով: Դա այն հիմնական տեքստն է, որը բխում է մտքից, որ ճարտարապետությունը թույլ կտա վերափոխել առօրյա իրականությունը: Այստեղ է ընկած «Առօրյա կյանքի քննադատություն» աշխատության հետ կապը` ստեղծել մի ճարտարապետություն, որն ինքնին թույլ կտա հորինել նոր իրավիճակներ:  Այդ տեքստը մեկնման կետն է մի ամբողջ հետազոտության, որը զարգանում է հետագա տարիներին, քանի որ Կոնստանտը շատ հայտնի է, և նա provo[4]  շարժման առաջնորդներից մեկն էր:

 Քրիստին Ռոս. Ուրեմն ուղիղ կա՞պ կար Կոնստանտի և provo շարժման ներկայացուցիչների միջև:

Անրի Լըֆեբրը. Այո, իհարկե: Կոնստանտը նրանց մտքերի գեներատորն էր, գլխավոր մեկը, ով ցանկանում էր վերափոխել կյանքն ու քաղաքը: Նրանց կապն ուղիղ էր. նա նրանց ռահվիրան էր: Պետք է հասկանալ նաև, որ դա էր դարաշրջանի կոնտեքստը: Քաղաքական տեսանկյունից 1956թ. շատ կարևոր տարի էր, որովհետև դա ստալինիզմի վերջն էր: Պահպանվել է ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի Խրոշչյովի ելույթը, որտեղ ոչնչացվում է Ստալինի կերպարը: Ելույթ, որը կքննարկվեր ու կվիճարկվեր. Ֆրանսիայում կպնդեն, որ այն կեղծ էր, ամերիկյան գաղտնի գործակալության կողմից հնարված մի կեղծիք: Իրականում, դա լիովին նախորդի փոխարինորդն էր, որը հաջորդեց Ստալինին որոշ հանկարծիական փոփոխություններից հետո և որը լիովին ոչնչացրեց իր նախորդի կերպարը: Հետևաբար պետք է հասկանալ այս պատկերացումը, այդպես չէ՞: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տարիներ շարունակ Ստալինի կերպարը դոմինանտ էր: Եվ կոմունիստական շարժումը մնաց որպես հեղափոխական շարժում: Հետո՝ 1956-57թթ. վերջին, հեղափոխական շարժումը դուրս եկավ կազմակերպված կուսակցության շրջանակներից, մասնավորապես Ֆիդել Կաստրոյի հետ միասին: Սիտուացիոնիզմը առանձնացված չէ: Այն ծնունդ է առնում Հոլլանդիայում և Փարիզում և կապվում է համաշխարհային մասշտաբի մի շարք իրադարձությունների հետ:  Մասնավորապես պետք է նշել  այն փաստը, երբ Ֆիդել Կաստրոն հաջողացրեց  կոմունիստական շարժման և աշխատավորական շարժման շրջանակներից դուրս հեղափոխական հաղթանակ տանել: Եվ ես ինքս 1957թ.-ին,  պետք է որ հիշեմ, իմ միջամտությունները  հրապարակեցի որպես մանիֆեստ «Հեղափոխական ռոմանտիզմ» վերնագրով, որը կապված էր Կաստրոյի և այն բոլոր շարժումների հետ, որոնք ես զգում էի ամենուր՝  շատ քիչ  կուսակցություններից դուրս: Այդ պահին ես դուրս եկա կոմունիստական կուսակցությունից: Զգացի, որ կուսակցություններից ու կազմակերպված շարժումներից դուրս շատ բան կա տեսնելու, ինչպես օրինակ արհմիությունները: Կազմակերպությունից ու ինստիտուտներից դուրս պատրաստվում էր տեղի ունենալ մի ինքնաբերականություն: Սա էր 1957թ. հրատարակված գրքի միտքը: Սա է այն տեքստը, որը հիմք դրեց սիտուացիոնիստների հետ հարաբերություններին, քանզի նրանք որոշակի կարևորություն մտցրին՝ հետագայում հարձակման տեղ թողնելով: Իհարկե, գործի մեջ ներգրավված քննադատներ էլ կային: Միանշանակ համաձայնություն չկար նրանց հետ, բայց դա հիմքն էր որոշակի միության, որը տևեց չորսից հինգ տարի, որովհետև անդադար հանդիպում էին:

Քրիստին Ռոս. Ուրեմն, այս պահին դուք աշխատում եք «Առօրյա կյանքի քննադատություն» աշխատության երկրորդ հատորի վրա՞:

Անրի Լըֆեբրը. Այո, ես արդեն աշխատում եմ դրա վրա: Փարիզի Կոմունայի վերաբերյալ նույնպես մի ծրագիր կա, որը ստեղծման ճանապարհին է:

Քրիստին Ռոս. Միևնույն ժամանակ երկու գրքի վրա էլ աշխատո՞ւմ եք:

Անրի Լըֆեբրը. Ճիշտ այդպես, երկուսը միասին՝ խառնաշփոթ վիճակում: Սա այն պահն էր, երբ ես դուրս եկա կուսակցությունից: Շատ  պատմություններ կան դրա հետ կապված: Այդ ժամանակ նաև Ալժիրում պատերազմը նոր էր սկսվել: Ես համալսարանում չէի, այլ CNRS[5]-ում հետազոտության ղեկավար էի, և քիչ էր մնացել պաշտոնանկ արվեի ալժիրցներին օգնելու և հրովարտակներ ստորագրելու համար, ճիշտ է թույլ, բայց այնուամենայնիվ, ալժիրցիներին ուղղված ինչ-որ աջակցություն ցուցաբերելու համար: Այս ամենը սաստիկ  խմորման մի պահ էր: Անգամ Ֆրանսիայում  ալժիրցիների աջակցությունը չէր անցնում կուսակցության կամ արհմիության միջոցով. այն ինստիտուտներից դուրս էր տեղի ունենում: Կոմունիստական սոցիալիստական կուսակցությունը դիմադրեց Ալժիրի պատերազմին, աջակցեց ալժիրցիներին միայն  չնչին չափով և առերևույթ: Փաստորեն, կուսակցությունը նրանց շատ քիչ օգնեց, և հետո ալժիրցիները դրա կարիքը շատ զգացին: Մի խոսքով, ընդդիմությունը կուսակցության մեջ, հետո  կուսակցությունից դուրս  սատարեց ալժիրցիների շարժումը:

Ի դեպ, կան մի քիչ ծայրահեղական՝ ավանգարդին հարող շարժումներ, ինչպես Իզիդոր Իզուի օրինակը, լետրիզմը[6]: Նրանք նույնպես ունեն համաշխարհային մասշտաբի մեծ ամբիցիաներ: Սակայն պրակտիկորեն դա շատ հեշտ է: Դա չի արտահայտվում այն փաստով, որ Իզիդոր Իզուն կճոռոմախոսեր, որ դադայիստական պոեմները մի շնչով արտասանված հնչյունների խումբ են, ընդհատված և իմաստից զուրկ բառերի մի կույտ: Նա սա բարձրաձայնում էր սրճարաններում: Այսպես էր վաստակում իր ապրուստը: Շատ լավ հիշում եմ մեր մի քանի հանդիպումները Փարիզում: Բայց սա ցույց է տալիս Ֆրանսիայի կյանքի խորքում տեղի ունեցող որոշակի խմորումը, որն արտահայտվել էր  1958թ.  դը Գոլի իշխանության վերադառնալով,այն է՝   ժողովրդավարություն, ճգնաժամ զուգահեռ Ալժիրի պատերազմին, խմորումներ կուսակցությունից դուրս: Կոմունիստական կուսակցությունը ցուցաբերեց խորքային անկարողություն՝ չհասկանալով ստալինիզմը, չանելով ոչինչ ալժիրցիների համար և միայն քիչ ընդդիմանալով գեներալ դը Գոլի իշխանության գալուն, բավարարվելով դը Գոլին անվանել ֆաշիստ, որն այնքան էլ ճիշտ չէր: Դը Գոլը ցանկանում էր կարգավորել Ալժիրի հարցը: Միայն նա էր ի զորու այդ անելու, հետևաբար, դա էլ նրան նկատելի դարձրեց: Բայց այս ամենով հանդերձ՝  կա մի մեծ համեմատելի խմորում նրա հետ, ինչը 1936թ.-ի ծնունդը եղավ:

Քրիստին Ռոս. Արդյո՞ք սիտուացիաներ կառուցելու սիտուացիոնիստների տեսությունը բավականաչափ անմիջական առնչություն ունի Ձեր սեփական տեսության հետ, որը կյանքի պահերի տեսությունն է:

Անրի Լըֆեբրը. Այո, դա մեր համաձայնության հիմքն էր: Գիշերներ տևած քննարկումների ժամանակ նրանք ինձ ասացին. «Այն, ինչ դու անվանում ես «պահեր», մենք կոչում ենք «սիտուացիաներ»», բայց մենք ավելի հեռուն ենք գնում: Դու  պահեր ասելով հասկանում ես այն, ինչ ներկայացվում է պատմության ընթացքում՝  սերը, պոեզիան, միտքը: Մինչդեռ մենք ցանկանում ենք նոր պահեր կերտել»:

Քրիստին Ռոս. Բայց իսկապես, ինչպե՞ս կատարել այդ անցումը  «պահի» և գիտակից կառուցման միջև:

Անրի Լըֆեբրը. Նոր պահի միտքը, նոր սիտուացիայի միտքն արդեն իսկ ներկայացված էր Կոնստանտի՝  1953թ. լույս տեսած «Իրավիճակի կառուցվածքի համար» տեքստում: Քանի որ իրավիճակի ձևը  մի ուտոպիական կառուցվածք է, որը ենթադրում էր մի նոր հասարակություն: Սակայն Կոնստանտի գաղափարը այն էր, ինչը որ պետք է ձևափոխեր հասարակությունը ոչ թե շարունակելու համար ապրել ձանձրալի, այլ ստեղծելու համար լիովին մի նոր բան, այսինքն՝ սիտուացիաներ:

Քրիստին Ռոս. Որտե՞ղ է գտնվում «քաղաքն» այս նոր իրավիճակների կառուցման գործում:

Անրի Լըֆեբրը. «Նոր սիտուացիաները» երբեք պարզ չեն եղել: Երբ խոսում էին այդ մասին, ես միշտ բերում էի սիրո օրինակը, չնայած նրանք երբեք կողմանկից չէին դրան: Ասում էի. «Անտիկ աշխարհը ծանոթ էր կրքոտ սիրահարվածությանը, բայց ոչ անհատական, միանձնյա սիրուն: Դա հոգեբանական, ֆիզիկական, տիեզերական կրքի մի տեսակ էր, որը նկարագրված է Անտիկ աշխարհի պոետների մոտ: Բայց մեկ անձին ուղղված սիրո դրսևորումն ի հայտ եկավ Միջին դարերում իսլամական, քրիստոնեական և հատկապես ֆրանսիական ավանդույթների միախառնման  հետ միասին: Անհատական սերը  Դանթեի և Բեատրիչեի պատմությունն է, որը  բացատրվում է “La vita nova” տեքստում՝ նոր կյանք,  Տրիստանի և Իզոլդայի սերն է՝ ողբերգական սեր, որը նրբակիրթ ասված սերն է Ֆրանսիայի հարավում: Իմ երկրում՝ Նավարանի կողքին, հավանաբար Ձեզ ցույց եմ տվել, պահպանվել է Գաստոն Ֆեբուսի աշտարակը, որն առաջին արքայազն-տրուբադուրն էր, ով մեկ անձին ուղղված սիրո երգեր էր երգում: «Երբ երգում եմ, ինձ համար չեմ երգում, այլ  իմ ընկերուհու, ով կողքիս է»,- սա արդեն անհատական սեր է ՝ ավելի ողբերգական, քան անտիկ ժամանակների սերը, որը երբեք մելոդրամայի չի վերածվել: Կարմիր թելով դարաշրջանների միջով անցնում է ողբերգական, անհատական սերը՝ «Կլեվի արքայադստեր», վեպերի, պիեսների, Ռասինի, Բերենիայի և վերջապես ամբողջ գրականության միջով:

Քրիստին Ռոս. Պե՞տք է  սիտուացիոնիստների համար սիտուացիաների կառուցման գաղափարը կապ ունենա ուրբանիզմի հետ:

Անրի Լըֆեբրը. Այո, դա այդպես էր: Ես նրանց ասում էի՝ անհատական սերը ստեղծեց նոր սիտուացիաներ, բայց դա մեկ օրում չեղավ, այլ զարգացում ապրեց: Դե իսկ նրանց գաղափարը երևի դա է, որը կրկին կապվում է Կոնստանտի փորձառության հետ: Կարող էին ստեղծել նոր սիտուացիաներ, օրինակ՝ կապի մեջ դնելով կուսակցությունները՝  քաղաքի՝ միմյանցից հեռու թաղամասերը, որն էլ հենց դրեյֆի առաջին զարգացումն էր: Դա արվեց Ամստերդամում  ռադիոհաղորդչի ի հայտ գալու սկզբին: Կար մի թիմ, որը գնում էր քաղաքի տարբեր մասերը և կարողանում հաղորդակցվել քաղաքի մեկ այլ մասում բնակվող մարդկանց հետ:

 Քրիստին Ռոս. Իսկ սիտուացիոնիստնե՞րը: Նրանք է՞լ էին այդ տեխնիկայից օգտվում:

Անրի Լըֆեբրը. Կոնստանտն ամեն դեպքում, այո, օգտվում էր: Սակայն գոյություն ունի նաև միասնական ուրբանիզմի սիտուացիոնիստական փորձառություն: Միասնական ուրբանիզմը ձևավորվել էր քաղաքի տարբեր մասերի հետ հաղորդակցության արդյունքում: Նրանք փորձ էին ձեռք բերում, բայց ես ներկա չէի: Ես լսում էի նրանց երկար զրույցները: Եվ նրանք օգտվում էին հաղորդակցման բոլոր միջոցներից, սակայն ռադիոհաղորդիչը չգիտեմ, թե որ թվականին օգտագործվեց: Միայն գիտեմ՝ այն կիրառվեց գիտափորձերի ժամանակ Ամստերդամում և Ստրասբուրգում:

 Քրիստին Ռոսս. Ճանաչո՞ւմ էիք այդ մարդկանց այդ շրջանում:

Անրի Լըֆեբրը. Նրանք իմ ուսանողներին էին, սակայն հարաբերությունները նրանց հետ նույնպես ծայրահեղ դժվար էին  կառուցվում: Երբ 1958 կամ 59 թ. եկա Ստրասբուրգ, Ալժիրյան պատերազմի գագաթնակետն էր, և մնացի այնտեղ երեք շաբաթ կամ մեկ ամիս՝ տեսա մի խումբ ժամանող տղաների: Նրանք Ստրասբուրգի ապագա սիտուացիոնիստներն էին: Նրանք ինձ ասացին. «Պարոն, մենք Ձեր աջակցության կարիքն ունենք: Վոգեզյան լեռներում պատարստվում ենք պարտիզանական շարժում նախաձեռնել և հենց այնտեղ էլ ռազմական բազա ենք տեղադրելու, որտեղից էլ և կառավարելու ենք ամբողջ երկիրը: Գնացքները գծերից դուրս ենք հանելու»: Ես պատասխանեցի. «Բայց գիտեք բանակը, ոստիկանությունը… բնակչության աջակցությունը, դուք դրա վրա վստահ չեք….Գնում եք աղետին ընդառաջ»: Այդպիսով, նրանք շարունակեցին  իրենց անարգել՝ ասելով, որ ես դավաճան եմ: Հետո՝  ինչ-որ ժամանակ, շաբաթներ անց, եկան ինձ տեսնելու և ասացին. «Այո, դուք իրավացի եք,  դա հնարավոր չէ: Հնարավոր չէ Վոգեզյան լեռներում, անտառում պարտիզանական շարժում սկսել, բայց մենք մեկ այլ ծրագիր կյանքի կկոչենք»: Դե, ես ինձ լավ էի զգում նրանց հետ նույնիսկ այն բանից հետո, երբ նույն խմբի անդամները դարձան սիտուացիոնիստներ: Բայց գիտեք, նրանց հետ շատ դժվար էր շփվել , որովհետև չնչին   բանի համար հունից դուրս էին գալիս: Մուստաֆա Խայաթին՝ «Թշվառությունն ուսանողական միջավայրում» բրոշյուրի հեղինակը, լքեց խումբը:

 Քրիստին Ռոս. Ինչպիսի՞ն էր բրոշյուրի ազդեցությունը ու դրա տարածումը: Որքա՞ն կազմեց դրա տիրաժը:

Անրի Լըֆեբրը.  Այն մեծ հաջողություն ունեցավ: Բայց սկզբում այն տարածվեց միայն Ստրասբուրգում, հետո Գի Դեբորն ու մյուսները տարածեցին նաև Փարիզում: Ուսանողների շրջանում այն տարածվեց տասնյակ 1000-ավոր օրինակներով, անկասկած: Սա մի շատ լավ բրոշյուր էր, շատ լավ պատրաստված: Հեղինակը՝ Մուստաֆա Խայաթին,  շատ առաջ չգնաց, քանզի ազգային հողի վրա կարող էր թշնամիներ ձեռք բերել: Երկակի քաղաքացիություն չունեցավ,  մնաց թունիսցի: Ես նրանց շատ էի հանդիպում Փարիզում 1957-1958թթ. վերջին և տեսնում Կոնստանտին Ամստերդամում: Հենց այդ պահին  զարգացավ provo-ների շարժումը, որը շատ հզոր դարձավ Ամստերդամում. այն էր՝ պահպանել քաղաքացիական կյանքն անվնաս, արգելել, որպեսզի քաղաքը պատռվի ,մասերի բաժանվի, ավտոճանապարհներով, խոչընդոտել, որպեսզի այն բաց լինի մեքենաների համար: Նրանք ցանկանում էին, որպեսզի քաղաքը պահպանվի և վերափոխվի՝ փոխանակ նմանվի մեքենաների, ցանկանում էին նաև թմրադեղ. թվում էր, թե դրանց վրա էին նստած նոր սիտուացիաներ հնարելու համար: Երևակայությունը սերմանվում էր LSD[7]-ի կողմից: Այդ ժամանակ LSD-ն  էր տարածված:

 Քրիստին Ռոս. Վերադառնանք միասնական ուրբանիզմին: Դա քաղաքի թաղամասերը միմյանց հետ կապելու մի ձև էր, որոնք հոմոգեն չեն. յուրաքանչյուր թաղամաս պահպանում էր իր հստակ ասպեկտները, այո՞:

Անրի Լըֆեբրը.  Այո, ճիշտ այդպես, նրանք չմիախառնվեցին, դեռևս մեկ ամբողջ են, սակայն վերջինս էլ, այսպես ասած, մասերի է բաժանված և միայն վիրտուալ վիճակում են գտնվում: Միտքն այն է, որպեսզի դարձնենք մեկ ամբողջական համակարգ՝ մեկ շարժման, վերափոխման մեջ:

Նոր Բաբելոնի սխեմաները տեղափոխվեցին Համազգային ազգային թանգարան: Դրանք Կոնստանտի արվեստանոցում էին, որը գտնվում էր կիսաքանդ աղյուսե մի շենքում: Այդ արվեստանոցից ինձ համար ամենացնցողը ահռելի մեծ ապակյա վանդակն էր, մի իգուան:

 Քրիստին Ռոս. Ահա և մի նոր իրավիճակ: Արդյո՞ք Կոնստանտի ծրագիրը ենթադրեց աշխատանքի ավարտը:

Անրի Լըֆեբրը.  Այո, ինչ-որ չափով դա էլ հենց սկզբնակետն էր` արդյունավետ աշխատանքի լիովին մեքենայացում, ուստի և հասանելիություն: Նա նրանցից մեկն էր, ով հարցն առաջ քաշեց:

 Քրիստին Ռոս. Եվ սիտուացիոնիստները նո՞ւյնպես:

Անրի Լըֆեբրը.  Այո:

 Քրիստին Ռոս. Լավ, իսկ դուք միևնույն հարթության վրա՞ եք դնում Ձեր աշխատանքը:

Անրի Լըֆեբրը.  Այդ հարթության վրա՝ այո, բայց Լաֆարգի հետ նույն հարթության վրա՝ ոչ:  Կարծում եմ, որ սկզբնակետն էր «Վաղը» գիտաֆանտաստիկ վեպի շները:  Դա ամերիկացի հեղինակ Քլիֆորդ Սիմակի ստեղծագործությունն է, որում ամբողջ աշխատանքն արվում է ռոբոտների կողմից: Մարդիկ չեն կարող հանդուրժել այս իրավիճակը: Նրանք մահանում են, քանզի չափից դուրս շատ են սովոր աշխատելուն: Նրանք մահանում են, և շներն օգտվում են իրավիճակից: Ռոբոտներն աշխատում են նրանց համար, կերակրում նրանց և այլն: Իսկ շները կատարելապես երջանիկ են, որովհետև նրանք աշխատանքից, սովորության համաձայն, չայլանդակվեցին: Հիշում եմ քննարկումների ժամանակ այս վեճի միջոցով իմ խաղացած դերը: Չեմ հիշում, թե երբ գիրքը լույս տեսավ Ամերիկայում: Ինձ թվաց, որ դա նման ազդեցություն ու նման աղմուկ հանած առաջին գիտաֆանտաստիկ վեպերից մեկն էր, բայց հնարավոր է, որ միայն ազդեցություն: Ամեն դեպքում դա էր Կոնստանտի սկզբնակետը՝ աշխատանքից ազատ մի հասարակություն: Եվ դա Լաֆարգի՝ ծուլության արդյունքն էր  իրավաբանության ուղղությամբ, բայց  այդ թվականներին թարմացված, սկիզբ առած մեքենայացման հեռանկարով:

Հետևաբար, բուռն քննարկումներն ու հեղափոխական շարժման ամբողջական փոփոխությունը  ծավալվեց դասական կազմակերպությունների կողքին 1956-1957թթ.: Մյուս կողմից էլ հնչում էր փոքր խմբերի ձայնը, որոնք սկսում են ազդեցություն թողնել:

Քրիստին Ռոս. Անգամ նման միկրոհասարակության գոյությամբ, ինչպիսին սիտուացիոնիստնե՞րն էին, մի նոր սիտուա՞ցիա են ներկայացնում:

Անրի Լըֆեբրը. Ինչ-որ չափով: Բայց վերջիվերջո այլևս չպետք է չափազանցնել: Միայն նրանք  քանի՞ հոգի էին: Գիտեք, որ Միջագետքի սիտուացիոնիստները տասից ավել երբեք չեն հաշվվել: Եվ դեռ էլի…երկու կամ երեք բելգիացի, երկու կամ երեք հոլլանդացի, ինչպես Կոնստանտը: Սակայն նրանք միանգամից հեռացվեցին: Գի Դեբորը հետևեց Անդրե Բրետոնի օրինակին: Նրանք դուրս հանվեցին խմբից: Ես երբեք այնտեղից դուրս չեկա: Կկարողանայի, բայց ես ինձ դեռ զսպում էի՝  ճանաչելով Գի Դեբորի բնավորությունն ու պահվածքը, և ձևը, որով նա ընդօրինակում էր Անդրե Բրետոնին՝ բացառելով բոլորին՝ պահպանելու ներքին այդ մաքուր և կարծր կորիզը: Վերջապես, միջազգային սիտուացիոնիստներից էին Գի Դեբորը, Ռաուլ Վանեգեմը և Միշել Բերնստայնը: Նրանք  ունեին քիչ թե շատ արտաքին մասնիկներ, որոնցից մեկն էլ ես էի, և հետո կար Ասջեր Յորնի պես մեկը: Նա էլ դուրս հանվեց խմբից, խեղճ Կոնստանտը՝ նույնպես: Ո՞ր ենթատեքստի ներքո: Նրանց ձեռք չէր տալիս: Նա ճարտարապետ էր, բայց դուրս հանվեց խմբից, որովհետև մեկը, ով աշխատում էր նրա հետ Գերմանիայում կառուցեց մի եկեղեցի. Կոնստանտի բացառումը ՝ ի նպաստ աղետալի հետևանքի: Դա  դատարկ բան էր և  իսկապես կոչված էր իրավիճակը պահպանել բյուրեղի պես մաքուր: Գի Դեբորը հետևեց Անդրե Բերտոնի օրինակին  ծայրահեղորեն դոգմատիկ մոտեցմամբ: Ընդ որում, դոգմատիզմ առանց դոգմայի, որովհետև սիտուացիոնիզմի տեսությունը, սիտուացիայի ստեղծումը շատ արագ անհետացավ՝  իր տեղը զիջելու առկա աշխարհի քննադատությանը, և հենց այդտեղ, ի դեպ, հայտնվեցին   «Առօրյա կյանքի քննադատության» հետ միասին:

Քրիստին Ռոս. Ինչպե՞ս սիտուացիոնիստների հետ ընկերությունը փոխեց կամ ոգեշնչեց քաղաքի վերաբերյալ մտորումները:

Անրի Լըֆեբրը.  Մեկը մյուսի անխուսափելի հետևանք էին, համադրություն: Քաղաքի վերաբերյալ իմ խորհրդածությունների աղբյուրները լիովին տարբեր էին: Իմ երկրում երկար ժամանակ ուսումնասիրում էի գյուղատնտեսական հարցեր: Եվ մի օր տեսանք, թե ինչպես են բուլդոզերները գալիս, կտրում ծառերը. այդտեղ նավթ գտան: Իմ երկրում կան նավթահորեր և այնտեղ էր՝ Լաք-Մորանում,  Եվրոպայի ամենամեծ գործարաններից մեկը: Այդպիսով, ես պատկերացրեցի այնտեղ  կառուցել մի նոր քաղաք, ուր առաջներում եգիպտացորենի դաշտեր էին և կաղնու անտառներ: Կամաց-կամաց ես թողեցի գյուղատնտեսական թեման՝ ինքս ինձ ասելով. «Ահա և մի նոր բան, որը կընդլայնվի»: Բացի այդ ես չէի սպասում նման դաժան ուրբանիզացիա, ինչպես որ եղավ: Նոր քաղաքն անվանվեց Լաք-Մուրան: Նույն վայրկյանին, քանի որ գիտական ուսումնասիրություն էի անում, մարդկանց ուղարկեցի դեպքի վայր՝ հետևելու հետագա զարգացմանը: Ցանկացա անգամ մի գիրք գրել , որն այդպես էլ չգրեցի, ինչպես և բազում ծրագրեր՝  վերնագրված «Քաղաքի ծնունդը»: Դա էր սկզբնակետը: Բայց միևնույն ժամանակ հանդիպեցի Գի Դեբորին, Կոնստանտին, իմացա, որ Ամստերդամի provo շարժման հետևորդները հետաքրքրվում էին քաղաքի հարցով: Արդեն չգիտեմ, թե քանի անգամ եղա Ամստերդամում տեսնելու, թե ինչ է կատարվում:  Այսպիսով հետևում էի շարժումների ձեռք բերած ձևին, եթե դրանք քաղաքական բնույթ էին ստանում: Ամստերդամի քաղաքապետարանի խորհրդում կային ընտրված provo անդամներ: Չգիտեմ որ թվականին՝ քաղաքապետարանի ընտրության ժամանակ, նրանք մեծ հաղթանակ տարան: Հետո դեգրադացվեց, անկում ապրեց: Մի խոսքով, ամեն ինչ միասին էր տեղի ունենում: Այնուհետև 1960թ. վերջին տեղի ունեցավ մի մեծ ուրբանիզացիոն շարժում: Ընդ որում, մյուսները հրաժարվեցին միասնական ուրբանիզմի տեսությունից, քանի որ վերջինս իմաստ ուներ միայն Ամստերդամի պես պատմական քաղաքի համար, որն աշխատում է նորանալ, վերափոխվել: Բայց այն պահին, երբ պատմական քաղաքը պայթեց ծայրամասերում, արվարձաններում, ինչպես եղավ Փարիզում և ամեն տեսակ վայրերում, ինչպես որ շարունակվեց Սան Ֆրանցիսկոյում, տեղի ունեցավ Լոս Անջելեսում, միասնական ուրբանիզմի տեսությունը կորցրեց իր իմաստը: Եվ ես հիշում եմ մի շատ բուռն քննարկում Գի Դեբորի հետ: Նա ասում էր. «Ուրբանիզմը դառնում է գաղափարախոսություն»: Մի պահից սկսած դա այդպես էլ կար, երբ պաշտոնապես կար ուրբանիզմի դոկտրին: Ինձ թվում է՝ Ֆրանսիայում ուրբանիզմի օրենսգիրքը թվագրվում է 1961թ., բայց դա բացարձակապես չի նշանակում, որ քաղաքի հարցը լուծում է ստացել: Ընդհակառակը:

Եվ հետո կարծում եմ անգամ «շեղումը», «շեղման» փորձերը կամաց-կամաց մոռացվեցին: Վստահ չեմ, թե ինչ կերպով դա տեղի ունեցավ, որովհետև այն պահն էր, երբ խառնվել էի նրանց հետ: Այս ամենից հետո գոյություն ուներ Ֆրանսիայի սոցիալական և քաղաքական կոնտեքստը: Կային նաև միջանձնային հարաբերություններ,կան ծայրահեղորեն խճճված մի շարք պատմություններ: Ամենախճճվածն այն էր, երբ եկան իմ տուն՝ Պիրինեյան թերակղզի, և մենք մի հրաշալի ճամփորդություն կատարեցինք: Փարիզից եկանք մեքենայով,  կանգ առանք Լասկոյի քարանձավներում, որը որոշ ժամանակ անց փակվեց, տարվեցինք Լասկոյի քարանձավների խնդրով, հետո էլ այլևս չխորացանք այդ թեմայով: Կար անգամ գրեթե մի անհասանելի նավթահոր, և  այս ամենը լրացված էր պատկերներով: Ինչպե՞ս էր այդ պատկերազարդումն արվել: Եվ ո՞վքեր էին դրանց հեղինակները, որովհետև դրանք արված չէին տեսանելի լինելու համար: Սա  այն գաղափարն է,երբ  պատկերը  սկսեց քննադատական տեսանկյունից դիտարկվել :

Որքան շատ եկեղեցիներ այդ երկրամասում ունեն գետնադամբարան, հատկապես Սենտ Սավնում: Մենք անցանք դրա մոտով, ուր եկեղեցու թաղերին կային, որմնանկարներ և պատկերներով լի գետնադամբարաններ: Շատ դժվար էր թափանցել դրա խորքերը, քանզի այնտեղ լիովին մութ էր: Էլ ի՞նչ նկարներ, որ նախատեսված չեն տեսնված լինելու: Եվ ինչպե՞ս են դրանք արվել: Դա բուռն քննարկման թեմա էր: Վերջապես, նրանք անկում ապրեցին: Սարլայում մի լեգենդար խրախճանք կազմակերպեցինք: Հազիվ էի կարողանում կառավարել այդ ամենը. օրինախախտում ունեցա, քիչ էր մնում ձերբալակվեինք, որովհետև 120 կմ/ժ արագությամբ գյուղը կտրեցի անցա: Մի քանի օր ավել ինձ մոտ մնացին. մշակում էին մի ծրագրային տեքստ, որը պահպանեցին մինչ շաբաթվա վերջ: Նրանց ասում էի. «Հավաքեք այն տպագիր ձևով». այն ձեռագիր էր: Եվ քանի որ ես օգտվում էի տեքստից, նրանք ինձ գրագողություն մեջ մեղադրեցին: Իրականում դա ևս մեկ լիովին անազնիվ դեպքերից էր: Տեքստը, որը ծառայում էր «Համայնք»-ը գրելու համար նրանց և իմ՝ մեր համատեղ աշխատանքի արդյունքն էր: Իսկ Կոմունայի գաղափարը՝ որպես տոն, սկսեցի բանաճերում կիրառել՝ խորհրդակցելով Միլանում Ֆելտրինելլի Հիմնադրամի հետ «Կոմունայի» չխմբագրված տարբերակի վերաբերյալ: Դա մի ամսագիր է Կոմունայի մասին: Նա, ով պատրաստում է այդ ամսագիրը, ով, ի դեպ, աքսորվեց և ով աքսորից մի քանի տարի անց՝ 1880թ. մոտ վերադարձրեց ամսագիրը, պատմեց, թե ինչպես 1871 մարտի 18-ին Տիերի զինվորները եկան փնտրելու գործիքները, որոնք Մոնմարտրում էին և Բելվիլի բարձրունքներին՝ լեռնային հատվածներում: Եվ ահա  կանայք, որոնք շատ լավ ժամին էին արթնացել, լսեցին աղմուկը, դուրս եկան փողոց ու շրջապատեցին զինվորներին: Այդ կանայք շրջապատեցին զինվորներին՝ զվարճանալով, ծիծաղելով, նրանց եղբայրաբար ընդունելով, հետո փնտրեցին մի սրճարան, այն առաջարկեցին զինվորներին, և վերջիններս, որ եկել էին գործիքները փնտրելու, տարվեցին ժողովրդի կողմից: Սկզբից դուրս եկան կանայք, հետո՝ տղամարդիկ, ժողովրդական տոնակատարության մթնոլորտ էր:  Եվ վերջապես նրանք պատմում են, որ բացարձակապես ոչ մի հերոս էլ չկար, որ պետք էր զենքով գալ զինվորների դեմ, որոնք եկել էին գործիքներ փնտրելու: Դա բացարձակապես այդպես տեղի չունեցավ: Հենց դուրս եկած մարդիկ էին, որ տանում  էին: Շատ լավ եղանակ էր, գարնան 1-ին օրը՝ մարտի 18-ը՝ մի արևոտ օր, կանայք վաղ առավոտյան դուրս են գալիս, գտնում զինվորներին, նրանց գրկում. փարիզյան ժողովրդական տոնակատարություն է: Հետո Կոմունայի հերոսների տեսաբաններն ինձ ասացին. «Սա վկայություն է. չեն կարող գրել պատմություն վկայության հիման վրա»: Եվ կրտսեր սիտուացիոնիստ ընկերները նույնպես այդ ժանրում ինչ-որ բան գրեցին: Նրանց գրածները չեմ կարդացել, ես իմ գործն եմ անում: Կային մտքեր՝ ծագած համատեղ զրույցների ընթացքում, ընդհանուր կազմված տեքստեր: Այնուհետև  աշխատեցի «Կոմունա»-յի վրա: Շաբաթներ ու ամիսներ շարունակ աշխատում էի Միլանում՝ Ֆելտինելլի ինստիտուտում: Գտա չհրապարակված փաստաթղթեր, օգտվեցի դրանցից, որը միանգամայն իմ իրավունքն էր: Գրագողության մեղադրանքն ինձ ուղղակի խենթացնում է: Ես միշտ նման կարգի անախորժության եմ բախվել,սակայն չգիտեմ, թե իրենց պարբերականում ինչ էր գրված, ինձ նեղություն չտվեցի այն կարդալ: Հասկանում եմ, որ կեղտի մեջ էի ընկել:

 Դա մի քիչ սրտիս վրա ծանր նստեց ՝ ոչ շատ, բայց մի քիչ: Միասին աշխատում էինք Նավարանում գիշեր-ցերեկ, քնում առավոտյան ժամը իննի մոտ: Դա նրանց սովորությունն էր. պառկում էին առավոտվա կողմ, քնում ամբողջ ցերեկը, ոչինչ չէին ուտում: Ախ, դա ահավոր է: Այդ ամբողջ շաբաթ ես տառապում էի՝ ոչինչ չես ուտում, միայն խմում ես՝  ամենաքիչը հարյուրավոր շշեր դատարկում մի քանի օրում՝ հինգ օրում, և  խմելով էլ աշխատում: Սա գրեթե մի գիտական ռեզյումե է այն ամենի վերաբերյալ, ինչ մտածում էինք, այդ թվում և սիտուացիոնիստների  կյանքի տրանսֆորմացիաների մասին  ոչ այնքան երկար մի տեքստ է ՝ ձեռքով գրված, ընդհանուր մի քանի էջ: Տպեցին և հետո կարծեցին, որ գաղափարների իրավունքն իրենց է պատկանում:

Քրիստին Ռոս. Վերադառնանք շեղման գաղափարին: Կարծում եք այն որևէ նոր բան բերե՞ց տարածության տեսության մեջ կամ էլ քաղաքի տեսության: Ինչ ձևով որ ընդգծո՞ւմ են փորձառնական խաղերը, շեղումն ավելի արդյունավետ է, քան թե քաղաքի զուտ տեսական պատկերացումը:

Անրի Լըֆեբրը. Ըստ իս, դա ավելի շատ պրակտիկա է, քան տեսություն: Այն ակներև է դարձնում քաղաքի թվացյալ ֆրագմենտացիան: Փաստ է, որ իր պատմության ընթացքում այն օրգանական հզոր միություն է: Սակայն անբարենպաստ ժամանակներից ի վեր այդ օրգանական միությունը տապալվում է, մասերի բաժանվում. այդպիսով այն օրինակ են բերում, որովհետև  արդեն իսկ քննարկում են Փարիզի Օպերայի կառուցման նոր վայրը: Բաստիլի հրապարակը պատմական Փարիզի ավարտն է, և դրանից այն կողմ արդյունաբերական Փարիզն է`  20-րդ դարի առաջին ինդուստրիալիզացիան: Վոգեզների հրապարակը  17-րդ դարի արիստոկրատ Փարիզն է, որն արդեն լայն տարածում է ստանում, բայց և մնում արիստոկրատ պատմական Փարիզը: Երբ խոսում ենք Բաստիլի մասին, մեկ այլ Փարիզ է սկսվում` բուրժուաների, արդյունաբերական ընդլայնման, առևտրի Փարիզը: Մյուս կողմից էլ այն պահին, երբ առևտրական ու արդյունաբերող բուրժուազիան գրավում է Մարեն, Փարիզի կենտրոնում  նրանք տարածվում են Բաստիլից այն կողմ՝ Ռոքետ, Ֆոբուրգ, Սենտ-Անտուան և այլ փողոցներով: Եվ քաղաքն արդեն մասնատվում է, որպեսզի իր օրգանական միաությունը լիովին մասերի բաժանվի: Հետո ծայրամասերով ու արվարձաններով մեկ նրա վրա նշանաձողեր դրեցին: Բայց այդ պահին նա դեռևս նշանաձողերով լցված չէր ու մտածում էր, որ շեղման պրակտիկան բացահայտեց քաղաքի գաղափարն իր ֆրագմենտացիայի մեջ: Բայց դա հատկապես Ամստերդամում փորձարկվեց: Փորձը ցանկանում էր սիտունիզացված դարձնել քաղաքի ասպեկտները, քաղաքի ֆրագմենտները, որոնք միայն հաջորդաբար ենք տեսնում, նույնիսկ շատ, այնպես, որ կան անգամ մարդիկ, որոնք երբեք էլ չտեսան քաղաքի այդ թաղամասերը:

Քրիստին Ռոս. Մինչդեռ շեղումը պետք է պատմողական բնույթ կրի…

Անրի Լըֆեբրը. Ճիշտ այդպես: Հանկարծակի մի քիչ տեսնում են և պատմում դրա մասին:

Քրիստին Ռոս. Բայց չեն կարող միաժամանակ շարունակել ներկայացնել:

Անրի Լըֆեբրը. Դե այո, եթե ունես ռադիոհաղորդիչ, նպատակն է հասնել գոնե ինչ-որ միաժամանակության: Դա էր նպատակը: Եվ դա միշտ չէ, որ հաջողվում էր:

Քրիստին Ռոս. Այսինքն՝  սիտուացիոնիզացված պատմության մի տեսա՞կ:

Անրի Լըֆեբրը. Այո, ճիշտ այդպես, սիտուացիոնիզացված պատմության մի տեսակ: Այդտեղ էր միասնական ուրբանիզմի իմաստը՝ միավորել այն, ինչ ամբողջական է, սակայն  կորցրած ամբողջություն, մահացած ամբողջություն:

Քրիստին Ռոս. Դա այն ժամանակ էր, երբ դուք ճանաչում էիք սիտուացիոնիստներին այն շրջանում, երբ ունիտար ուրբանիզմը կորցրեց իր ուժը:

Անրի Լըֆեբրը.  Այն պահին, երբ ուրբանիզմը իրապես դարձավ մասսայական, այսինքն՝ 1960-ական թթ. վերջին, Փարիզն ամբողջությամբ պայթեց: Գիտեք, շատ քիչ քաղաքամերձ բնակավայրեր կային Փարիզում: Կային, բայց դա ոչինչ էր: Եվ մեկ էլ հանկարծ դրանք շատանում են ծածկված տաղավարներով, շատ հեռու, նոր քաղաքներով  Սասերլը: Վերջինս մի միֆ դարձավ: Խոսում էին «սասերլիտ անվամբ» հիվանդության տեսակի մասին: Հետևաբար, Գի Դեբորի վարքը փոխվեց. ունիտար ուրբանիզմից անցավ ուրբանիստական գաղափարախոսության թեզին,  գոնե իմ հիշելով:

Քրիստին Ռոս. Իսկ ավելի կոնկրետ, ի՞նչ ասել կուզե այդ անցումը:

Անրի Լըֆեբրը.  Դա ավելին է, քան լոկ անցում. դա նշանակում է լքել մի իրավիճակ՝ ընդունելու համար լիովին հակառակ մեկը ուրբանիզմը զարգացնելու:  Համաձայն թեզի   ամբողջ ուրբանիզմը գաղափարախոսություն է, որի միջև մի շատ խորը գաղափարախոսություն է ընկած: Փաստորեն, ասելով, որ ողջ ուրբանիզմը մի գաղափարախոսություն է՝  բուրժուական գաղափարախոսություն, նրանք չլուծված էին թողնում քաղաքի խնդիրը: Մինչդեռ ես շարունակեցի դրանով հետաքրքրվել՝ մտածելով, որ պատմական քաղաքի անկումը իսկական առիթ է փնտրել քաղաքին վերաբերող մի ավելի ընդարձակ տեսություն և ոչ թե մի ենթատեսքի թողնելու ամբողջ խնդիրը: Կցանկանայի նաև ասել, որ 1968թ. դեպքերին նրանք մասնակցություն ունեցան և հետո ահռելի չափերով մեծարեցին այն: 1968թ. դեպքերի պատճառը սիտուացիոնիստները չէին: Նանտերում նրանք մի շատ փոքր խումբ ունեին՝ բաղկացած մարդկանցից, որոնց կոչում էին կատաղածներ: Նրանք նույնպես հայհոյում էին ամբողջ աշխարհը, բայց հենց նրանք սկսեցին շարժումը: Մարտի 22-ին շարժումն իրականացվեց ուսանողների կողմից, որոնց  թվում էր Դանիել Կոն-Բանդին, ով սիտուացիոնիստ չէր: Դա մի ակտիվ խումբ էր, որը ձևավորվեց իրավիճակի զարգացմանը զուգընթաց  առանց ծրագրի, նախագծի,  մի ոչ ֆորմալ խումբ, որոնց միացան Նանտերի սիտուացինիստները, բայց նրանք  չէին, որ ստեղծեցին այդ խումբը: Դա նրանցից դուրս տեղի ունեցավ: Սիտուացիոնիստները միացան մարտի 22-ի շարժմանը, ինչպես նաև մյուսները, տրոցկիստները. բոլորը կամաց-կամաց միացան: Այդ երևույթն անվանում էին «բռնել գնացքն ընթացքին»: Այսինքն՝ հնարավոր է, որ Նանտերի սիտուացիոնիստները խմբին միացած լինեին հենց սկզբից, բայց նրանք չէին առաջնորդները, կերտողները: Փաստորեն, շարժումը սկսվեց մի մեծ ամֆիթատրոնում, ուր ես դասախոսություն էի կարդում և որը քողարկված էր,և ուսանողները, որոնց ես շատ լավ էի ճանաչում ինձ հարցրին. «Կարո՞ղ եք նշանակել պատվիրակներ բողոքելու համար ադմինիստրացիայի սև ցուցակի դեմ»: Ես պատասխանեցի՝ իհարկե: Եվ դա այն հարթակն էր, ուր ես ներկա գտնվեցի, երբ տեղի էին ունենում ուսանողական ընտրությունները: Ներկա էի իբրև դելեգատ՝  առաջադրված պատվիրակությանը կից  բողոքելու սև ցուցակների գործի համար: Ադմինիստրացիան փորձում էր ստեղծել ամենաակտիվ ուսանողների մի ցուցակ նրանց դեմ պատժամիջոցներ կիրառելու համար: Եվ  այդ պատվիրակների ընտրությանը մասնակցեց ամեն տեսակ մարդ, բոլոր տեսակ ակտիվ խմբերում ՝ինչպես տրոցկիստներ, այնպես էլ սիտուացիոնիստներ:

Մարտի 22-ի խումբը ձևավորվեց այդ բանակցությունների և ադմինիստրացիայի հետ վիճաբանության արդյունքում: Հետո զբաղեցրին ադմինիստրացիայի տարածքը, ինչպես նաև՝ հրապարակը: Խթան հանդիսացող էլեմենտը «սև ցուցակի» գործն էր,  և հենց ես կազմեցի այդ սև ցուցակը: Ավելի հստակ լինելու համար ադմինիստրացիան զանգահարեց իմ բաժին՝ պահանջելու ամենաակտիվ ուսանողների անունները: Գրողի ծոցն ուղարկեցի: Բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել ասելու դեկանին, որ ոստիկան չեմ: «Սև ցուցակը» երբեք սևով սպիտակի վրա գրված չի եղել: Բայց նրանք փորձում էին դա անել: Եվ ասացի ուսանողներին. «Գիտեք, ցանկանում են ստանալ սև ցուցակի կազմը և դրա կազմման ճանապարհին են, պաշտպանվեք»: Մի քիչ ավել-պակաս խոսեցի: Մենք տեղյակ ենք նրանց փոքրիկ այլանդակություններին: Միշտ պատմում եմ այս պատմությունը: 13 մայիսի, ուրբաթ երեկո, Դանֆերտ-Ռոշըրոյի հրապարակում, Բելֆոր առյուծի շուրջ հավաքվել են 70-80.000 (միգուցե և ավել) ուսանողներ և քննարկում են, թե ինչ են պատրաստվում անել: Այն տարբերակվում է ըստ քաղաքական կարծիքների: Մաոիստականներն ասում են, որ պետք է  շարժվել քաղաքամերձ բնակավայրեր, ուր մասնակցիները պետք է շարժվեն դեպի Իվրի և այլն, արթնացնել արվարձանները, անարխիստներն ու սիտուացիոնիստները՝ պետք է աղմուկ բարձրացնել բուրժուական թաղամասերում, տրոցկիստները՝ գնալ Փարիզի պրոլետարիտի թաղամաս, ժ. 11ի մոտ: Եվ Նանտերի ուսանողներն ասում էին, որ պետք է գնալ լատինական թաղամասի ուղղությամբ: Միանգամից հայտնվեցին մի խումբ մարդիկ, որոնք գոչեցին. «Սանտեյում են մեր ընկերներն են, Սանտեյի բանտը, պետք է նրանց ողջունել»: Այդպիսով, Դանֆեր-Ռոշըրոյի երթը բռնեց Սանտեի բանտ տանող ուղղությունը: Վերստին գրավեցին Արագոն ծառուղին, անցան Սանտեի բանտի առջևով, տեսան պատուհաններից դուրս հանված ձեռքեր, գոռացին լիքը բաներ և ճեղքեցին, անցան լատինական թաղամասը: Մի միջադեպ կամ էլ անգամ բացարձակապես ոչ միջադեպ: Պետք էր մի շարժում, ձգտում վերադառանալ լատինական թաղամաս, չհեռանալ ուսանողական կյանքի կենտրոնից: Հեռուստացույցն այդտեղ էր: Կեսգիշերին մոտ այն անջատվեց: Ռադիոյով Europe 1 էր հնչում: Եվ գիշերը՝  ժամը երեքի մոտ, ոմն մեկը խոսափողը փոխանցեց Դանիել Կոն-Բանդիին, որը հանճարեղ ոգեշնչում  ուներ և պարզապես ասաց. «Համընդհանուր գործադուլ, համընդհանուր գործադուլ, համընդհանուր գործադուլ»: Եվ հենց այդտեղ էլ գործողությունը սկսվեց: Հենց նա էր, որ զարմացրեց ոստիկանին, այդտեղ էր, որ բոլորը հանկարծակիի եկան: Ուսանողները  աղմուկ էին բարձրացնում, եղավ և մի քանի ընդհարում, մի քանի վիրավոր, նռնակներ, բարիկադներ, կամրջակներ, արգելափակոցներ, ռումբեր: Բուրժուազիայի երեխաները զվարճանում էին: Ախ, այո, համատարած գործադուլ, ավաղ, բայց դա արդեն զվարճանալու բան չէր:

[1] Սիտուացիոնիզմ- 1957թ. տրոցկիզմից առանձնացման արդյունքում առաջացած արևմտյան մարքսիստական ուղղություն:

[2] Եվրոպական ավանգարդիստական շարժում, ակտիվ հատկապես 1949-1952թթ.:

[3] 1959-1974թթ. Կոնստանտ Նիվենհեյսի կողմից մտահաղացված ու մշակված որպես ապագա հակակապիտալիստական քաղաք:

[4] Նիդերլանդներում 1960-ական թթ. ծնունդ առած հակամշակութային շարժում:

[5] Գիտական հետազոտությունների ազգային կենտրոն (Centre National de la Recherche Scientifique)

[6] Ֆրանսիական ավանգարդիստական շարժում` հիմնված Փարիզում, 20-րդ դարի 40-ական թթ.ռումինացի ներգաղթյալ նկարիչ Իզիդոր Իզուի կողմից:

[7] Հալյուցինոգեն թմրանյութ:

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *