ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՈՒՐԴԻԵԻ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԱՇՏ» ԵՎ «ՀԱԲԻՏՈՒՍ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Ղար161104_SF_voting-slate.jpg.CROP.thumbnail-smallիբյան Անահիտ
anahit-gharibyan@rambler.ru

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ,
2018 Հաս, 1.2 (25),  Հասարակական և հումանիտար գիտություններ, Երևան, էջ 243-251

Հետընտրական գործընթացները Հայաստանում: Պատմական ակնարկ. Հայաստանում նախորդ երկու տարիների ընթացքում Ընտրական օրենսգրքի և ընտրական գործընթացների կազմակերպման ու անցկացման ընթացակարգերում մի շարք փոփոխություններ տեղի ունեցան, կազմակերպվեցին մի շարք ընտրություններ՝ սահմանադրական հանրաքվեից ընդհուպ ՏԻՄ ընտրություններ: Հետընտրական գործընթացները թվարկված բոլոր ընտրությունների արդյունքում նախկինում անցկացված ընտրությունների համեմատությամբ հարաբերականորեն խաղաղ անցան: Ընտրությունների արդյունքները հանրահավաքների կամ քաղաքացիական այլ շարժումների տեսքով հանրային հուզումներ չառաջացրին: Թվում է, թե խորհրդարանական վերջին՝ 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունները, Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների մեջ ամենակազմակերպվածն էին: Ընդ որում, 2017 թ. տեղի ունեցած թե՛ խորհրդարանական [1], թե՛ մայիսի 14-ի ավագանու ընտրությունների արդյունքներն [2] ընդունեց և պաշտոնապես լեգիտիմ ճանաչեց ընտրություններին մասնակցած ընդդիմադիր «Ելք» դաշինքը: Այդուհանդերձ, այս ընտրություններն էլ ուղեկցվեցին մի շարք խախտումներով՝ նախընտրական քարոզարշավի, քվեարկության և արդյունքների հաշվարկի ընթացքում [3]: Ընդհանուր առմամբ, երկրի անկախացումից ի վեր՝ սկսած 1991 թ.-ից, խորհրդարանական ընտրություններ անցկացվել են 1995, 1999, 2003, 2007, 2012 և 2017 թվականներին: Այժմ պատմական ակնարկ կատարելով՝ ներկայացնենք խորհրդարանական ընտրությունների հետընտրական զարգացումները քվեարկության արդյուքների հրապարակումից հետո: Այսպես, ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի 1995 թ. ընտրությունների արդյունքներն ընդդիմադիր քաղաքական մի շարք կուսակցություններ լեգիտիմ չհամարեցին: Բացի այդ, ընտրություններից առաջ Լևոն Տեր-Պետրոսյանն արգելել էր «Դաշնակցություն» կուսակցության գործունեությունը Հայաստանում, ինչն առաջացրել էր հանրային լայն քննարկումներ և դժգոհություն: 1995 թ. հունիսի 21-ին ընտրություններից հետո Թատերական հրապարակում կազմակերպվեց հանրահավաք, որտեղ երկրապահներն իրենց մտահոգությունն էին հայտնում անցկացված ընտրությունների արդյունքների վերաբերյալ՝ համարելով դրանք կեղծված: «Էպոխա» շաբաթաթերթը 1995 թ. հուլիսի 14-ի իր համարում հետևյալն է գրում ընտրությունների արդյունքների վերաբերյալ. «Միայն հուլիսի 10-ին ընդդիմության 244 առաջնորդները սկսեցին վրդովվել ԿԸՀ-ի կողմից հայտարարված թվերի կապակցությամբ և մեղադրել իշխանություններին «աննախադեպ կեղծարարության, բիրտ ուժի օգտագործման և անօրինական գործողությունների համար» [4]: 1999 թ. մայիսի 30-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները չնայած նախորդից համեմատաբար ավելի խաղաղ ընթացան, սակայն աչքի ընկան ընտրական ցուցակներում տեղ գտած մեծաթիվ անճշտություններով [5]: Այսուհանդերձ, 1999 թ. քաղաքական հետընտրական գործընթացների առանցքային իրադարձությունը 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն էր [6], որն ամբողջությամբ փոխեց ընտրությունների արդյունքում ձևավորված քաղաքական դաշտը և երկրի զարգացման ընդհանուր տրամաբանությունը: 2003 թ. մայիսի 25-ին ՀՀ երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների հետ մեկտեղ անցկացվում էր Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հանրաքվեն. վերջինս ժողովրդի կողմից աջակցություն չստացավ: Բացի այդ, ընտրությունների արդյունքում խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմելու համար ոչ մի կուսակցություն անհրաժեշտ քվե չստացավ, ինչով պայմանավորված էլ, երեք կուսակցություններ ձևավորեցին կոալիցիոն կառավարություն: Այս ընտրությունների հետընտրական զարգացումները նման էին 1995 թ. անցկացված ընտրություններին, քանի որ ընդդիմությունը պատրաստվում էր բոյկոտել ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանը: Ընդդիմադիր մի շարք քաղաքական գործիչներ հայտարարեցին, որ ընտրությունները կեղծվել են: «Արդարություն» կուսակցության անդամները բոյկոտեցին խորհրդարանի առաջին նիստը, սակայն չհրաժարվեցին իրենց պատգամավորական մանդատներից [7]: 2007 թ. մայիսի 25-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն աչքի չընկան հետընտրական ակտիվ իրադարձություններով՝ բողոքների, բոյկոտների և հանրահավաքների տեսքով: Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերն ընդունեցին քվեարկության արդյունքները: 2012 թ. մայիսի 6-ի հինգերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները ևս անցան առանց հետընտրական արտառոց զարգացումների: 2015 թ. դեկտեմբերի 6-ին հանրապետության ամբողջ տարածքում անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որն ուղեկցվեց բազմաթիվ ընտրախախտումներով [8]: Այդուհանդերձ, հանրաքվեի արդյունքում քաղաքացիների մեծամասնությունը կողմ քվեարկելով նախագծին՝ «այո» ասաց կիսանախագահական կառավարման մոդելից խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացին: 2017 թ. ապրիլի 2-ին առաջին անգամ Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրությունները, այսպես կոչված, վարկանիշային ընտրակարգով և էլեկտրոնային քվեարկության համակարգի կիրառմամբ: Սոցիալական տարածություն և ընտրություններ. Առհասարակ, յուրաքանչյուր քաղաքական ընտրություն և ընտրական գործընթաց իրականացվում է սոցիալական և ֆիզիկական որոշակի տարածության մեջ: Ընտրական գործընթացների ժամանակ 245 երկրի բաժանվում է տարածքային միավորների՝ ընտրատեղամասերի և ընտրատարածքների, որոնք հաշվետու են և վերահսկվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Անձի կամ սոցիալական ագենտների մակարդակում քաղաքական ընտրությունների անցկացման ընթացքում քվեարկության վայրը՝ ընտրատեղամասը, որոշվում է ընտրացուցակներով՝ ըստ ընտրողի բնակության, գրանցման և/կամ գտնվելու վայրի: Ըստ էության, ընտրական գործընթացները, ինչպես և ցանկացած հասարակական գործընթաց, տեղի են ունենում որոշակի սոցիալական տարածության մեջ: Այս տրամաբանությամբ ընտրական գործընթացները ևս դիտարկելի են սոցիալական տարածության համատեքստում, իսկ ընտրական վարքը՝ որպես սոցիալական ագենտների դրսևորած վարք, ենթադրում է այդ վարքը կառուցվածքավորող սոցիալական պրակտիկաների առկայություն: Առայժմ, ըստ Բուրդիեի տեսության, կանգ առնենք ընտրական գործընթացները սոցիալական տարածության մեջ մեկնաբանելու խնդրին: Հատկանշական է, որ Բուրդիեն սոցիոլոգիան նույնացնում էր սոցիալական տեղաբանության հետ: Ըստ Բուրդիեի, սոցիալական աշխարհը բազմաչափ տարածություն է, որը կառուցված է դիֆերենցիացիայի և տեղաբաշխման սկզբունքներով, և ձևավորվել է դիտարկվող սոցիալական հանրույթի մեջ առկա որակների կամ բնութագրիչների համախմբությամբ, որոնք ունակ են տվյալ հանրույթի ներսում իրենց հասցեատիրոջը որոշակի ուժ և իշխանություն հաղորդել: Այսպիսով, ագենտները և ագենտների խմբերը բնորոշվում են այդ տարածության ներսում իրենց զբաղեցրած հարաբերական դիրքերով: Նրանցից յուրաքանչյուրը գտնվում է որոշակի դիրքում կամ հարակից դիրքեր զբաղեցնողների դասակարգերում, և իրականում հնարավոր չէ զբաղեցնել միաժամանակ երկու հակադիր դիրքեր: Ընտրված չափանիշներով, որոնք առանձնացվել են այդ տարածությունը կառուցակցելու համար, և դրա ակտիվ ցուցիչներն են, այդ դաշտը հնարավոր է բնութագրել որպես որոշակի ուժերի հարաբերակցման դաշտ, այսինքն՝ որպես ուժերի օբյեկտիվ հարաբերակցման համախմբություն, որոնք վերագրվում և տարածվում են այդ դաշտում գտնվող բոլոր անդամների վրա և չեն հանգում անհատական ագենտների մտադրություններին կամ նրանց անուղղակի փոխազդեցություններին [9]: Ընտրությունների ժամանակ մենք արդեն գիտենք, թե որ ընտրատեղամասերում է թեժ լինելու: Ընտրություններից մի քանի օր առաջ այդ տեղամասերի հարևանությամբ ապրող, այսպես կոչված, «թաղի տղերքն» են ակտիվանում: Մեր թաղում ընտրություններից մի օր առաջ շտաբերի վրա լամպչկաներ էին կախել. ոնց որ պանիխիդա լիներ: Էդտեղի աշխատողներն ինտենսիվ ինչ-որ աշխատանքներ էին վարում: Բոլորին էլ ճանաչում ենք: Հիմնականում իրենք այդ տարածքի թաղապետարանի աշխատողներն են կամ իրանց բարեկամներն ու ընկերները. մեր մոտ, օրինակ, ամբողջ փողոցը հանրապետական թեկնածուներից մեկի բարեկամներն էին, մյուսներն էլ կա´մ համատիրության աշխատողներից էին, կա´մ էլ չգիտեմ՝ նենց մարդիկ էին, որ մի ժամանակ կարծում էինք, թե ընդդիմադիր են, բայց դե 246 երևի աշխատանք չունեն, հիմա էդպես են փող վաստակում: Մի օր տեսա, հարցրեցի, ասեցի, լսի, դու սաղ կյանքդ դրանց հայհոյում էիր, հիմա եկել, խառնվել ես դրանց, բա տենց ոնց կլինի: Ասեց, դե հիմա քանի ընտրություններ են, խնդրել են, որ օգնեմ իրենց՝ ծանոթ մարդիկ են, տղայիս ընկերներն են սաղ, հո՞ չեմ կարա տղուս ասեմ, գնա՝ ինչ ուզում ես արա (մեջբերում խորին հարցազրույցից, դիտորդ): Սոցիալական տարածության կառուցակցման համար կապիտալը, որը կարող է նյութապես դրսևորվել օբյեկտիվ վիճակում, տվյալ ժամանակահատվածում դաշտի վրա տարածվող իշխանություն է: Ընտրությունների ընթացքում կապիտալի առանձին տեսակները, ինչպես խաղի մեջ հաղթաթղթերը, օժտում են իշխանությամբ, որը որոշում է տվյալ դաշտում հաղթանակի հնարավորությունները. յուրաքանչուր դաշտին և ենթադաշտին համապատասխանում է յուրահատուկ կապիտալ, որը հասանելություն ունի տվյալ դաշտում որպես իշխանություն կամ խաղում ներկայացված խաղադրույք: Օրինակ, մշակույթային կապիտալի մեծությունը (նույնը վերաբերում է նաև տնտեսական կապիտալին) որոշում է բոլոր խաղերում հաղթանակի հնարավորությունների համախմբությունը, որտեղ գործի է դրվում մշակութային կապիտալը, իսկ սոցիալական տարածության մեջ մասնակցում է դիրքերի որոշմանը այնքանով, որքանով այդ դիրքը կախված է մշակութային դաշտում հաջողության հնարավորությունից [9]: Այսպիսով, տվյալ ագենտի կամ ընտրողի դիրքը սոցիալական տարածության մեջ կարող է տարբեր դաշտերում որոշվել իր դիրքով, ինչպես նաև յուրաքանչյուր առանձին դաշտում ընթացող իշխանության բաշխման միջոցով: Այն գլխավորապես վերաբերում է տնտեսական (իր տարատեսակներով հանդերձ), մշակութային և սոցիալական կապիտալներին, ինչպես նաև խորհրդանշական կապիտալին, որը հաճախ անվանում են հեղինակություն, վարկանիշ, անուն և այլն: Հենց այս ձևով են կապիտալի մյուս տեսակներն ընկալվում և ճանաչվում լեգիտիմ: Կարելի է կառուցել սոցիալական դաշտի պարզեցված մոդել՝ ենթադրելով յուրաքանչյուր ագենտի դիրքը տարածական բոլոր հնարավոր խաղերի դրսևորումներով: Պետք է ընդունել նաև, որ յուրաքանչյուր դաշտ ունի իր տրամաբանությունը և սեփական հիերարխիան այնպես, որ տնտեսական դաշտը ձգտում է իր կառուցվածքը փաթաթել այլ դաշտերին: Բացի այդ, սոցիալական դաշտը կարելի է նկարագրել որպես դիրքերի բազմաչափ տարածություն, որտեղ գոյություն ունեցող ցանկացած դիրք կարող է որոշվել՝ ելնելով բազմաչափ կոորդինատային համակարգից, որոնց նշանակությունները կորելացվում են տարբեր փոփոխականների հետ: Այսպիսով, ըստ կապիտալի ընդհանուր ծավալի, ագենտները դրա մեջ տեղաբաշխվում են առաջին չափման մակարդակում, իսկ չափման երկրորդ մակարդակում բաշխվում են ըստ իրենց ունեցած կապիտալների համադրության, ինչպես նաև ընդհանուր սեփականության համախմբության մեջ՝ տարբեր տեսակի կապիտալներում ունեցած հարաբերական կշռով: Տվյալ դեպքում 247 ագենտներն այդ հարաբերություններում «օբյեկտիվորեն» իրենց դիրքերով են որոշվում: Դրանք ինստիտուցիոնալացված են կայուն, սոցիալապես ընդունված կամ իրավաբանորեն երաշխավորված սոցիալական կարգավիճակով: Այդ ձևը որոշում է առկա կամ պոտենցիալ իշխանությունը տարբերը դաշտերում և հասանելությունը յուրահատուկ եկամուտներին, որոնք այն տալիս է [9]: Տվյալ տարածության մեջ ագենտների զբաղեցրած դիրքերի իմացությունը ներհատուկ հատկանիշների՝ պայմանների կամ դրանց հարաբերական հատկանիշների՝ դիրքերի մասին տեղեկատվություն է պարունակում: Իմանալով դիրքերի տարածությունը, կարելի է առանձնացնել դասակարգեր, այսինքն խմբեր՝ որպես նույն դիրքը զբաղեցնող ագենտների համախմբություն, ովքեր ներգրավվելով միևնույն պայմաններում և ենթարկվելով նույն հանգամանքներին, բոլոր հնարավորություններն ունեն ձեռք բերելու միևնույն դիսպոզիցիաները և հետաքրքրությունները, հետևաբար, վերարտադրել նաև համանման պրակտիկաներ՝ զբաղեցնելով նման դիրքեր: Այս «թղթի վրա գրված» դասակարգն ունի տեսական գոյության հնարավորություն, և թույլ է տալիս բացատրելու և կանխատեսելու դասակարգվողների պրակտիկաներն ու բնութագրիչներն ու վարքը, որը հանգեցնում է խմբի մեջ նրանց համախմբմանը: Սակայն իրականում այն «իրական» դասակարգ չէ որպես մարդկանց խումբ, ովքեր մոբիլիզացված են և պատրաստ պայքարի: Այս առումով կարելի է պնդել, որ այն միայն «հնարավոր» դասակարգ է, քանի որ իրենից ներկայացնում է ագենտների համախմբություն, ովքեր օբյեկտիվորեն ավելի քիչ կհակազդեն, եթե կարիք լինի իրենց մոբիլիզացնելու [9]: Ընտրությունների ընթացքում այս զանգվածքներն, ըստ էության, նրանք են, ովքեր ընտրում են այս կամ այն կուսակցությանը՝ ելնելով այն հանգամանքից, որ իրենք ստացել են այդ ձայնի դիմաց նյութական պարգև կամ սոցիալական կարգավիճակ, և որպես այդպիսին, համարվում են քաղաքական այս կամ այն ուժի «հնարավոր» ընտրազանգվածը, ովքեր, ամենայն հավանականությամբ, պատրաստ չեն պայքարելու այդ քաղաքական ուժի կամ թեկնածուի քաղաքական հայացքները կամ գաղափարական պայքարն իրականացնելու և պաշտպանելու համար: Ընտրական գործընթացներում այն, ինչ գոյություն ունի և ինչի մասին կարող ենք խոսել, վերաբերում է հարաբերությունների տարածությանը: Վերջինս, ըստ Բուրդիեյի, նույնքան իրական է, որքան աշխարհագրական միջավայրը, որի ներսում տեղաշարժերը վճարվում են աշխատանքով, ջանքերով և հատկապես ժամանակով (գնալ ներքևից վերև նշանակում է բարձրանալ, սողոսկել և կրել սեփական մաշկի վրա դրա հետքերը): Ըստ Բուրդիեի՝ սոցիալական իրականության բացատրման, անկողմնակալ, օբյեկտիվ տեսության մեջ պետք է հասկանալ և ընդգրկել ագենտների՝ սոցիալական իրականության մասին պատկերացումները, այսինքն՝ նրանց ներդրումն այդ հայացքը ձևավորելու գործում, ինչպես նաև պատկերացումների ստեղծման միջոցով սոցիալական իրականության ձևավորման գործընթացում ունեցած դերը, որը նրանք մշտապես ունեն` աշխարհայացքը կամ սեփական դիրքն իրենց 248 ինքնությանը վերագրելու համար: Սոցիալական իրականության ընկալումը սոցիալական կառուցվածքավորման երկակի արտադրանք է: Օբյեկտիվորեն այն կառուցվածքավորվում է սոցիալական միջավայրում, քանի որ հատկանիշները, որոնք բնորոշում են ագենտներին կամ ինստիտուտներին, ընկալվում են ոչ թե անկախ, այլ հակառակը՝ շատ անհավանական համադրություններով: Սուբյեկտիվ կողմերը դիտարկելիս՝ սոցիալական իրականության ընկալումը կառուցվածքավորվում է այնպես, որ ընկալման ու գնահատման մեխանիզմները հարմարեցվեն տվյալ պահին, և այն ամենն, ինչ ներկայացված է (մասնավորապես լեզվի մեջ), նախորդ խորհրդանշական պայքարի արդյունք է և արտահայտվում է առավել կամ պակաս ձևափոխված խորհրդանշական ուժերի բաշխման արդյունքում: Այդուհանդերձ, օբյեկտները կարող են ընկալվել և արտահայտվել տարբեր կերպ: Որպես բնական միջավայրի օբյեկտներ, դրանք միշտ ենթադրում են մասնակի անորոշություն և փոփոխականություն, քանի որ, օրինակ, առավել կայուն համադրությունները երբեք չեն հիմնվում միայն առանցքային հատկանիշների միջև առկա վիճակագրական կապերի վրա, այլ որպես պատմության օբյեկտներ, ժամանակի ընթացքում ենթարկվում են փոփոխությունների, և դրանց նշանակությունն ինքնին անհայտ է, հետաձգված և հարաբերականորեն չդետերմինացված: Այս տեսանկյունից անորոշ է, թե ինչ հիմք է ստեղծում աշխարհայեցողության պլյուրալիզիստական կողմնորոշման համար: Այն կապված է տեսանկյունների բազմազանության և ամեն տեսակ խորհրդանշական պայքարների հետ, որոնք առաջանում են սոցիալական աշխարհի լեգիտիմ հայացքների արտադրության ու այդ հայացքները փաթաթելու կամ ներազդելու հետ: Սոցիալական իրականության ընկալման կատեգորիաները համարվում են հիմնականում սոցիալական տարածության օբյեկտիվ կառուցվածքներ, որի արդյունքում դրանք ագենտներին ուղղորդում են ընկալել և ընդունել սոցիալական աշխարհն այնպիսին, ինչպիսին կա, ընդունել այն իբրև ենթադրելի մի բան, և ոչ թե ընդդիմանալ՝ հակադրելով դրան տարբեր, անգամ անտագոնիստական հնարավորություններ: Դիրքի զգացումը, ինչպես նաև այն, թե ինչ է կարելի կամ ինչ չի կարելի «քեզ թույլ տալ», իր մեջ ամփոփում է սեփական դիրքի լռելյայն ընկալում, սահմանների, այն է՝ տարածության զգացում, որը նշանակում կա´մ ընդունում են ու հարգում, կա´մ ստիպում են ուրիշներին հարգել: Եթե ուժերի օբյեկտիվ փոխհարաբերությունները ձգտում են վերարտադրել իրենց սոցիալական իրականության այն տեսանկյունից, որը մշտապես ներառված է այդ հարաբերություններում, ապա, նշանակում է, որ սկզբունքները, որոնք կառուցվածքավորում են սոցիալական իրականության այդ աշխարհայեցողությունը, ընկած են սոցիալական իրականության օբյեկտիվ կառուցվածքներում, իսկ ուժերի հարաբերակցություններն էլ այդ հարաբերությունների ընկալման կատեգորիաների ձևով ներկայացված են գիտակցության մեջ: Սոցիալական իրականության ճանաչումը, ավելի ճիշտ կատեգորիաները, որոնք դարձնում են այն հնարավոր, քաղաքական պայքարի գլխավոր խնդիրն է, պայքարի, 249 որը նույնքան տեսական է, որքան՝ պրակտիկ, որպեսզի հնարավոր լինի պահպանել կամ փոխակերպել սոցիալական աշխարհը՝ պահպանելով կամ փոխակերպելով սոցիալական իրականության ընկալման կատեգորիաները [9]: Ընտրական գործընթացներ և հաբիտուս. Ընտրական գործընթացների վրա ազդում են մի շարք ներքին և արտաքին գործոններ, որոնք պայմանավորում են ընտրությունների կազմակերպման ընթացքն ու արդյունքները: Մեր ուշադրության առարկա դարձած ընտրություններն ու դրա ընթացքում դրսևորվող ընտրական վարքը՝ որպես սոցիալական իրականության երևույթներ, կարելի է մեկնաբանել Բուդիեի «հաբիտուս» և «սոցիալական դաշտ» հասկացությունների միջոցով: Մինչ այս հասկացությունների միջոցով ընտրությունների մեկնաբանումը, հատկանշական է տեսնել, թե ինչպես է ընտրական գործընթացներում արտացոլվում Բուրդիեի տեսական հայեցակարգում նկարագրված «սկտրուկտուրալիստական կոնստրուկտիվիզմի» կամ «կոսնտրուկտիվիստական ստրուկտուրալիզմի» հակադրությունների շղթան [9]: Եթե վերլուծենք վերջին տարիներին անցկացված ընտրությունների արդյունքներն ու հետընտրական իրադարձությունները, ապա կտեսնենք, որ շատ դեպքերում ընտրությունների արդյունքները ոչ միայն լեգիտիմ են ճանաչում քաղաքական ուժերն և նրանց ընտրազանգվածները, այլև հասարակության մեջ լեգիտիմացվում է դրա արդյունքների ինքնին կանխորոշված լինելու գաղափարը: Այսինքն՝ հասարակության մեջ տարածված կարծիքը, թե առանձին քվեն ոչինչ չի կարող փոխել և ազդել ընտրությունների ելքի վրա՝ դառնալով յուրահատուկ «կառուցվածք», պայմանավորում է ընտրությունների ժամանակ քաղաքացիների ընտրական վարքի դրսևորման ու մասնակցության ամբողջ ընթացքը, մյուս կողմից էլ՝ քաղաքացիներն իրենց վարքով կառուցվածքավորում են այն հարաբերությունները, որոնց միջոցով ընդունելի են դառնում ընտրակաշառքի միջոցով քվեների գնման տեխնիկաների կիրառումը, քանզի շատերի մոտ այն համոզված են, թե իրենց ընտրությունը ոչինչ չի փոխելու: Այս հակադրությունների շղթայում կարելի է տեսնել Բուրդիեի առաջ քաշած օբյեկտիվիզմի և սուբյեկտիվիզմի դիալեկտիկական փոխկապվածությունը: Եվ իսկապես, ընտրողների դրսևորած վարքը պայմանավորում, ապա ազդում է ընտրությունների ելքի վրա, մյուս կողմից էլ շրջանառվող կառուցվածքները՝ ընտրակաշառքի ինստիտուտը և սոցիալական միջավայրի ազդեցությունները, անխուսափելիորեն ստիպում են մարդկանց դրսևորելու այն վարքը, որն օբյեկտիվորեն հանգեցնում է մի իրավիճակի, երբ ընտրությունների արդյունքներն ընդունում են բոլորը, սակայն դրանք համարվում են կեղծված, իսկ ընտրությունների ինստիտուտը՝ անարդյունավետ՝ ժողովրդի կամարտահայտման և քաղաքական մասնակցության ապահովման տեսանկյունից: «…Վերջերս մենք ընտրություններից հետո տեսնում ենք, որ բոլորը համոզված են, թե ընտրությունները կեղծ են, բայց միևնույն ժամանակ էլ իրենք իրենց «պարտականությունը» կատարում են, էսպես ասած, մնացած գործողությունները թողնելով նրա վրա, ում որ իրենք 250 քվեարկել են: Բայց այս վերջին ընտրությունների ժամանակ դա շատ հետաքրքիր էր: Քանի որ մենք զգացինք, թե ինչքան մեծ խնդիր է, երբ ընդհանրապես վստահություն չկա ընտրությունների նկատմամբ, որովհետև եթե այդ վստահությունը լիներ, նախապայմանները, որ այս ընտրությունները արդար կանցնեն, բավականին շատ էին՝ ի տարբերություն նախորդ ընտրությունների, ու եթե մարդիկ ուղղակի հավատային, որ այս մեխանիզմները հնարավոր է փորձել խուսափելու համար կեղծիքներից, ինձ թվում է՝ այդ դեպքում իրանք ավելի լավ կմասնակցեին ընտրություններին, բայց բոլորը համոզված էին, որ ընտրություններից շահ չկա, իսկ ինչպես ասում են «շնից մազ պոկելն էլ խեր ա»: Իմ օգուտը կլինի միայն էս 10-20 հազարը, որ ես ստանամ» (մեջբերում փորձագիտական հարցազրույցից, իրավապաշտպան): Բուրդիեն հետևյալ կերպ է բացատրում իր տեսության մեջ կիրառվող «ստրուկտուրալիզմ» ու «կոնստրուկտիվիզմ» եզրույթները: Ըստ նրա՝ ստրուկտուրալիզմի միջոցով փորձում է ցույց տալ, որ սոցիալական իրականության մեջ գոյություն ունեն օբյեկտիվ կառուցվածքներ` անկախ ագենտների գիտակցությունից և կամքից, որոնք ունակ են ուղղորդելու կամ ճնշելու նրանց պրակտիկաներն ու պատկերացումները: Կոնստրուկտիվիզմի միջոցով էլ փորձում է ներկայացնել, որ գոյություն ունի սոցիալական ժառանգություն՝ փորձառություն, մի կողմից՝ ընկալման, մտածողության և գործողությունների մեխանիզմների տեսքով, որոնք «հաբիտուսի» բաղկացուցիչ մասերն են, և մյուս կողմից՝ գոյություն ունեն սոցիալական կառուցվածքներ, մասնավորապես այն, ինչ ինքն անվանում է «սոցիալական դաշտեր» կամ խմբեր՝ երբեմն անվանելով դրանց նաև սոցիալական դասակարգեր [9]: Ընտրական գործընթացների և ընտրական վարքի ձևավորման առանձնահատկություններն ուսումնասիրելիս կարևոր է հասկանալ նաև այդ գործընթացներում ընդգրկված սոցիալական ագենտների վարքի փոփոխությունը՝ կախված զբաղեցրած դիրքից և ունեցած հաբիտուսից: Հաբիտուսը Բուրդիեն սահմանում է որպես աշխարհընկալման և գնահատման մեխանիզմների համակարգ՝ կոգնիտիվ և զարգացող կառուցվածքներ, որոնք ագենտները ձեռք են բերում սոցիալական իրականության մեջ որոշակի դիրք զբաղեցնելու ընթացքում շարունակական փորձ կուտակելու շնորհիվ: Հաբիտուսը միաժամանակ թե՛ պրակտիկաների վերարտադրության համակարգ է, թե՛ այդ պրակտիկաների գնահատման և ընկալման մեխանիզմների ամբողջություն: Երկու դեպքերում էլ հաբիտուսն արտացոլում է այն սոցիալական դիրքը, որն ինքը ձևավորել է: «Նախորդ ընտրություններին մենք ընտանիքով գնացել և ընդդիմադիր թեկնածուի էինք ընտրել. ոչինչ չփոխվեց: Մենք ընդհանրապես ընտանիքով ընդդիմադիր ենք, բայց այս ընտրությունների ժամանակ ես հանրապետականների շտաբում էի աշխատում: Հիմա աշխատանք է, պետք է անեի, որի դիմաց իրենք ինձ վճարեցին: Դրա միջոցով գոնե սոցիալական որոշ հարցեր հնարավորություն ունեցանք լուծելու, իսկ նախորդ 251 ընտրություններին ոչինչ չփոխվեց, արդյունքում՝ նորից, իրանք ոնց ուզում, էդպես էլ լինում է: Մենք ի՞նչ կարող ենք փոխել» (մեջբերում խորին հարցազրույցից, վստահված անձ): Ընդհանրացնելով վերոգրյալը և պրոյեկտելով այն մեր երկրում ընթացող հետընտրական գործընթացների բացատրությանը՝ կարող ենք ասել, որ յուրաքանչյուր սոցիալական ագենտ (ընտրող) կապված` տարբեր ընտրությունների ընթացքում իր ունեցած մասնակցությունից ու փորձից, ինչպես նաև այն դիրքից, որը զբաղեցնում է տվյալ պահին, տարբեր կերպ կարող է ընկալել և վերարտարդրել այն պրակտիկաները, որոնք ընդունելի են համարվում, և օբյեկտիվացվում իր համար հստակ ժամանակահատվածում: ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [1] «Ելք» դաշինքն ընդունում է խորհրդարանական ընտրությունների արդյունքները, 03.04.2017, 16:29, URL: http://www.dialogue.am/elqy-yntrutyunneri-ardyunqneri-masin/ (Accessed: 05.11.2017): [2] «Ելք» դաշինքն ընդունում է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, 15.05.2017, 18:18, URL: http://yerkirmedia.am/1political/elq-dashinq-yerevani-avagani/ (Accessed: 05.11.2017): [3] 2017 թ. ԱԺ ընտրությւոններում վարչական ռեսուրսի չարաշահման և այլ ընտրական խախտումների մոնիտորինգի արդյունքների ներկայացում: Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, URL: https://transparency.am/hy/news/view/2046 (Accessed: 05.11.2017): [4] Արարատյան Ա., «ԱԺ ընտրություններ` v1.0 – v4.0»` 1995 թ. ընտրությունները, Mediamax, 05.04.2012, 10:11, URL: http://www.mediamax.am/am/news/Elections/4576/ (Accessed: 05.11.2017): [5] Արարատյան Ա., «ԱԺ ընտրություններ` v1.0 – v 4.0»` 1999 թ. ընտրությունները, Mediamax, 13.04.2012, 09:44, URL: http://www.mediamax.am/am/news/Elections/4633/ (Accessed: 05.11.2017): [6] Расстрел парламента, журнал «Коммерсантъ Власть» № 43, 02.11.1999, с. 4, URL: https://www.kommersant.ru/doc/16112 (дата обращения: 05.11.2017). [7] Արարատյան Ա., «ԱԺ ընտրություններ` v1.0 – v 4.0»` 2003 թ. ընտրությունները, Mediamax, 20.04.2012, 12:34, URL: http://www.mediamax.am/am/news/Elections/4710/ (Accessed: 05.11.2017): [8] ՀՀ Սահմանադրական փոփոխությունների փոփոխությունների հանրաքվե, 06.12.2015, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, URL: https://transparency.am/elections/2015-12-06/map/ (Accessed: 05.11.2017): 252 [9] Бурдье П., Социология социального пространства, перевод Н. А. Шматко, Москва, Институт экспериментальной социологии, СПб, Алетейя, 2007, сc. 15-16, 18, 20, 34, 65.

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *